Երեկ «Հայկական Ժամանակ» թերթը, ի հակադրություն «մոնտաժելու եւ ստեր ցուցադրելու «Հայլուրի» ու մնացած «հայլուրիկների» հնարավորությունների», որոշել էր ներկայացնել իր տարբերակը Նիկոլ Փաշինյանի մարտի 1-ին արտասանած ճառերից, որտեղ, ըստ խմբագրության, չկան բռնության կոչեր:
Եվ այսպես, ըստ «Հայկական Ժամանակի» մեջբերումների, որ «վերցվել են մարտի 1-ին քաղաքապետարանի մերձակա հրապարակում արված տեսաձայնագրությունից», Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ.
«ոչ մի վնաս չպետք է հասցվի հրապարակում կանգնած մասնավոր մեքենաներին», սա թերեւս ամենաանմեղ հայտարարությունն է, որը սակայն քրեական տարրեր է պարունակում, քանի որ հարձակման հիմնական թիրախ, ինչպես հիշում ենք, սկզբնական շրջանում դարձան ոստիկանության, այսինքն` պետական սեփականության մեքենաները եւ այնուհետեւ՝ հանրային տրանսպորտային միջոցները: «Այդ 50 հոգի տղաների շնորհքն է, նրանք հերոսներ են, որովհետեւ նրանք ոչ միայն հետ մղեցին ոստիկաններին, այլեւ պատսպարվեցին», ոստիկանությանը դիմադրություն ցույց տված անձանց ոգեւորելը նույնպես քրեորեն պատժելի արարք է: Փաշինյանի ելույթի հաջորդ հատվածների մեջբերումն էլ ավելի է խորացնում ու ապացուցում, ոչ միայն վերջինիս կատարածը, այլեւ այս ամենում Լեւոն Տեր-Պետրոսյանի ներգրավվածությունը: «Առաջին նախագահը վերլուծելով իրավիճակը հասկացավ, որ սա ամենահարմար տեղն է մնալու, մանավանդ որ իմացավ, որ տրոլեյբուսներ կան, պատնեշներ կան...», ըստ այս մեջբերման, փաստորեն առաջին նախագահը իմացել է ստեղծված իրավիճակը եւ ոստիկանությանը հակահարված տալու հավաքվածների վճռականությունը եւ խրախուսել այն: Հաջորդիվ, կարող ենք ասել, քրեական հանցանքն էլ ավելի ապացուցելի է դառնում, մեջբերենք «Հայկական Ժամանակից». «ստեղծել պաշտպանական դիրքեր, որպեսզի չկարողանան տեխնիկա մտցնել, ջրցան մեքենաներ, «ԲՏՌ»-ներ եւ այլն», այսինքն` Փաշինյանը ուղղակի դիմադրական գործողությունների ցուցումներ էր տալիս հավաքվածներին, ինչը նույնպես հանցակազմ է պարունակում:
Նման մեջբերումների շարքը դեռ կարելի է շարունակել, թերեւս ավարտենք սրանով` «ուստի ես ձեզանից յուրաքանչյուրին կոչ եմ անում ունենալ ձեռքին ինչ-որ բան` ինքնապաշտպանություն կազմակերպելու համար, կլինի փայտ, կլինի քար, չգիտեմ ինչ: Տղեք, չեք պատկերացնի, թե հոգիս ոնց էր փառավորվել, երբ իմացա, որ ոստիկանների ձեռից վահաններ եւ մահակներ եք խլել, ապրեք դուք»:
Եթե այս սղագրությունը ներկայացնելով «Հայկական Ժամանակը» ցանկանում էր ապացուցել, որ «հայլուրիկները» ստահոդ լուրեր են տարածում եւ որ Փաշինյանը բռնության կոչեր չի արել, ապա պարզ է, որ դա նրան հաջողվեց 180 աստիճան հակառակ իմաստով: Այսինքն` այսօր արդեն դատախազությունը կարող է նաեւ օգտագործել թերթի այս մեջբերումները Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված գործի շրջանակներում: Այստեղ, իհարկե, բնական հարց է առաջանում, մի՞թե «Հայկական Ժամանակում» չէին հասկանում, որ մեջբերումներ են կատարում գլխավոր խմբագրի արտասանած ոչ լավագույն հատվածներից եւ փաստորեն հերթական անգամ «քաշում» են իրենց խմբագրին: Սա կա՛մ միամիտ անմեղության, կա՛մ էլ մտածված քայլ էր, որով ցանկանում են ավարտել թերթի խմբագրի թափուր տեղի համար ընթացող պայքարը:
Մ. Ա.
Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին: