Վերացնել մեր միջի ստրուկին
Հասկանալի են այն մարդկանց հայացքները, ովքեր դժգոհում են այսօրվա իրականությունից:
Մարդիկ ուզում են տեսնել արմատական բարեփոխումներ, իդեալական իրավիճակ: Սպասվածը կտրվի՞ միանգամից: Դա հեշտ գործ չէ՛:
Հիշենք՝ ի՞նչ ճանապարհ ենք անցել: Բարգավաճ սոցիալիզմի կազմաքանդումից խավարի տարիներ (պատերազմը հովհարաձև անջատման հետ կապ չուներ, ոչ էլ ատոմակայանի ու «նաիրիտի» փակման հետ) ու հետո մինչև մեր օրերը… Պետք է տեսնել նաև մյուս երկրների կարգավիճակը՝ համակարգի փլուզմանը նախորդող տարիներին: Անցումը բարդ էր անգամ նախկին սոցերկրների համար (Լեհաստան), որոնք այդ ուղին ավելի վաղ բռնեցին: Մենք արդեն ունեինք Եվրոպայի երկրների փորձը, բայց, ցավոք, իշխանության անցած ապիկարների մեղքով անտեսվեց:
Այդ առավելությունը ի չիք դարձավ, արմատներ ձգեց մենատիրային, կոռումպցիոն կլանային համակարգը, որի արմատները հզորացան և հասան մեր օրերը:
Այսօր արդեն սխալ է փոխել մարդկանց (այդ 2-ին, հա՞, ինչպես անընդհատ սիրում են ասել), բայց համակարգը նույնը թողնել: Ավելին, դատապարտելի է համակարգը փոխանցելու փորձերը նախկին տերերին: Սա ավելի քան հիշողության կորուստ է: Հիմա ունենք այն, ինչ ունենք: Հեղաշրջմամբ մարդկանց հեռացնելով, եղածը փոշիացնելով կկանգնենք անդունդի եզրին: Այստեղ է, որ պետք է փոխելով համակարգը՝ պահպանել հավասարակշռություն: Կտրելով գլուխը՝ մենք չենք կարող վիրահատել մարմինը…
Ես ոչ մի բռնարարք չեմ արդարացնում, բայց և դե՛մ եմ հեղափոխությանն ու անկարգությանը: Մեր տան մեջ պետք է բացառել վեճը: Պետությունն էլ մի ընտանիք է: Ընտանիքին անդորր ու խաղաղություն է պետք:
Ի՞նչ է նշանակում հեղափոխություն ու… ոստիկանական բիրտ ուժեր: Հուզականությունը դնենք մի կողմ ու նայենք պատմությանը:
Հեղափոխությունը ենթադրում է երկրի սահմանադրության դեմ ոտնձգություն, հետևաբար՝ ուժի կիրառում իշխանության կողմից: Արդյունքում՝ անհամերաշխ ընտանիք ու պարզ է, թե ուր կգլորվի երկիրը: Միայն մի նկատառում. նույնիսկ հաջողված (կայացած) հեղափոխությունից հետո տասնամյակներ են հարկավոր դրա հետևանքների վերացման համար (դա ևս ապացուցված է):
Հիմա հարց. ունեն՞ք մեզ այդ ժամանակը, երբ առկա է արտաքին անկայուն իրավիճակ և մեր թիկունքին գաղտագողի պատրաստ սպասում է թշնամին: Երբեմն ստացվում է այնպես, որ կուրացած չենք նայում մի փոքր առաջ… Խախտեցինք հավասարակշռությունը, վիճեցինք մեր տան մեջ ու ցավալի զոհեր… Հեղափոխությունը զոհե՛ր է պահանջում: Մի գին, որ մեզ պետք չէր վճարել:
Հաճախ են հարցնում. «Ումի՞ց պահանջենք, որ օրենքն աշխատի: Մեկ էլ հուշեք, թե ինչպե՞ս պահանջենք»: Դեղատոմս չկա, բայց և պետք չէ մեքենաներ շրջելով պահանջենք: Պետք է կարողանալ փոխել մեր մենթալիտետը՝ դառնանք մեր իրավունքի պահանջատերը, երկրում գործող իրավունքների պահանջատերը: Հիշում ե՞ք՝ ԽՍՀՄ-ը փլուզվեց նրա թերությունները բարձրաձայնելուց: Եկե՛ք բարձրաձայնենք թերությունները: Այս ամենը, իրոք, մեզ բոլորիս ՄՏԱՀՈԳԵԼՈՒ տեղիք է տալիս, իշխանություններին պետք չէ գլխատել, այլ ՍՏԻՊԵԼ, հասկացնել: Վերցրել ես բեռը՝ տա՛ր, ա՛յս ուղղությամբ աշխատի: Ոչ թե մենք ինքներս մեր գործերի համար կաշառք առաջարկենք չինովնիկներին ու մանր մունր քյոխվաներին, այլ նրանց մատնացո՛ւյց անել: «Զտում» պետք է սկսել ներքևից ու պահանջել վերևներից:
Ինչպե՞ս պահանջենք: Օրինակ, բարձրաձայնենք, որ այս շուկան տեղի համար բարձր գումար է դրել կամ անձնագրային սեղանը անձնագրի վավերացման համար գումար է շորթում կամ դա անում են օդանավակայանում: Ո՞րը ասես… Թող Սաշիկին «ընտրած» տեղամասի ժողովուրդը ոտքի կանգնի ու ասի, որ նրան չի ընտրել ու ապացուցի, նույնը՝ գյումրեցիք
Վարդանիկի համար անեն, նույնը… ԵԹԵ ոչ, ուրեմն ընտրյալները համարժե՛ք են ընտրողներին:
ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ենք՝ ուրեմն թող այդպես էլ ապրենք, էլ ումի՞ց ենք բողոքում:
ՄԵԶԱՆԻՑ ո՞վ է այդ երևույթների համար պայքարել, ոտքի կանգնել. ոչ ոք կամ քչերը: Հակառակը, մենք ու մեր ընկերները առիթը բաց չենք թողնում, եթե դրա հնարավորությունը ունենում ենք (ծանոթի միջոցով)…
Այս ամենը համարել ենք մանրուք ու աչքաթող արել, մինչդեռ մանրուքներ չեն լինում…
Մի հետաքրքիր հատկություն էլ ունենք. գոռում ենք մարդու հիմնարար առաջնային իրավունքների և ազատությունների մասին ու ինքներս էլ խախտում: Եթե մեկն ունի այլ հայացք՝ դատապարտվում է հենց մեր կողմից («Ով մեզ հետ չէ,մեր դեմ է»: Մի՞թե դա կարելի է: Աջ ու ձախ ծայրահեղականները դատապարտում են հավասարակշիռ մոտեցումը: Իր ազատությունների ու իրավունքների համար պայքարողը բռնապետի ոգի չի ունենում, ոչ մի տուն չի քանդում ու ոչ մեկին հրապարակայնորեն չի կախում, վերջապես Սուրբ Գիրքը Կայենի, Սոդոմ Գոմորի, Համաշխարհային ջրհեղեղի,
այս և նման բազում օրինակների միջոցով բացահայտում է, որ մարդիկ իրե՛նք են իրենց նման վիճակի առջև դնում և միայն բարին է, որ հաղթելու է չարին:
Ավելի շատ ՍԵՐ ու հավասարակշռվածություն պետք է լինի մեր մեջ և ոչ հակառակը:
Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին: