Մեզ լրիվ հիմարի տեղ են դրել Հայաստան-Լեհաստան 1:0
Հուն 06

Առաջին հայացքից ժողովրդավարությունը (դեմոկրատիա) շատերիս, համոզված եմ, նաեւ F5 բլոգի այցելուների համար թվում է պարզից էլ պարզ արտահայտություն, սակայն համոզված եմ նաեւ, որ ոչ բոլորն են հասկանում այս տերմինը այնպես, ինչպես որ հարկն է: Որոշ գրառումներ էլ ընթերցելով, ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ բլոգի անդամներից ոմանք (այդ թվում նաեւ F5-admin-ը) «ժողովրդավարության» ներքո առաջին հերթին մտաբերում են մեր մշակույթին ոչ հատուկ սեռական ազատության հիմնահարցերը եւ այլ մանրամասնություններ՝ «մոռանալով» հիմնական սկզբունքները: Ուստի ես հարկ եմ համարում բոլորիս մեկ անգամ էլ վերհիշել, թե ինչ ասել է «ժողովրդավարություն»: Ես կօգտվեմ մի շարք հիմնարար, հիմնականում՝ անգլալեզու աղբյուրներից:

Բառարաններում «ժողովրդավարություը» բնորոշվում է որպես «ժողովրդի իշխանություն, երբ իշխանությունը բացառապես պատկանում է ժողովրդին եւ այդ իշխանությունը կյանքի է կոչվում կամ ուղղակիորեն նրա միջոցով, կամ էլ ազատ ընտրական համակարգի օգնությամբ՝ այդ ժողովրդից ընտրված ներկայացուցիչների միջոցով»: Աբրահամ Լինկոլնի դիպուկ է խոսքերով, ժողովրդավարությունը ժողովրդի իշխանությունն է, որն իրականացվում է ժողովրդի կողմից՝ ժողովրդի համար (of the people, by the people, and for the people):

«Ազատությունը» եւ «ժողովրդավարությունը» հաճախ օգտագործվում են որպես իրար փոխարինող հասկացություններ, սակայն իրականում այս երկու տերմինները հոմանիշներ չեն: «ժողովրդավարությունն», իհարկե, ազատության վերաբերյալ գաղափարների եւ սկզբունքների ամբողջական մի համակարգ է, որն իր մեջ նաեւ ներառում է նաեւ երկարատեւ տարիների ընթացքում հղկված գործառնություններ եւ միջոցառումներ: Այլ կերպ ասած, «ժողովրդավարությունը» համակարգված (ինստիտուցիոնալիզացված) «ազատությունն» է: Այս իմաստով, կարելի է առանձնացնել պատմական ժամանակագրությամբ ապացուցված ժողովրդավարության հիմնարար սկզբունքները՝ սահմանադրական իշխանություն, մարդու իրավունքներ եւ հավասարություն:

Վերոհիշյալ սահմանումից բխում է, որ գոյություն ունի ժողովրդավարության երկու հիմնական տարբերակ՝ ուղղակի եւ ներկայացուցչական: Առաջինը բնորոշ է Հին Հունաստանին, երբ ժողովուրդն անմիջականորեն մասնակցում էր հանրային որոշումների կայացմանը: Սակայն պատմությունը ցույց տվեց, որ ժողովուրդը բառիս լայն իմաստով չի կարող մշտապես ուղղակիորեն մասնակից դառնալ պետական որոշումների կայացմանը: Ժամանակակից ժողովրդավարությունը բնութագրվում է իշխանության ձեւավորման եւ իրականացման մեջ ժողովրդի միջնորդավորված կամ ներկայացուցչական մասնակցությամբ: Սա նշանալում է, որ ժողովուրդն իր միջից ընտրում է մարդկանց՝ ներկայացուցիչների, որոնց էլ լիազորում է կայացնելու քաղաքական որոշումներ, ձեւակերպել օրենքներ եւ ղեկավարել ու իրականացնել ծրագրեր՝ հանուն նույն ժողովրդի բարօրության: Ինչպիսի՞ն պետք է լինեն ժողովրդի ներկայացուցիչների ընտրությունները. ամենատարբեր՝ կախված այդ ընտրութուննների նպատակից, «շառավիղից» եւ նշանակությունից: 

Ժողովրդավար հասարակությունը բնորոշվում է նաեւ «մեծամասնության օրենքների» եւ «փոքրամասնության իրավունքների» պահպանմամբ: Սա նշանակում է, որ ընդունված ցանկացած որոշում կամ օրենք պետք է արտահայտի ժողովրդի մեծ մասի կամքը, ցանկությունները եւ շահերը (բնական է, որ 100%-ով բավարարել բոլորի պահանջը նույնիսկ տեսականորեն է անհնար): Միեւնույն ժամանակ, այդ որոշումները եւ օրենքները պետք է արտացոլեն նաեւ փոքրամասնության իրավունքները: Այսինքն, իսկական ժողովրդավարական հասարակությունում պետք է պաշտպանված լինեն բոլոր անդամների իրավունքները:

Սակայն ժողովրդավարությունը միայն իշխանության իրականացման վերաբերյալ սահմանադրական օրենքների եւ միջոցառումների հավաքածու չէ: Ժողովրդավար համակարգերում իշանությունը հանրային դերակատարներից մեկն է միայն. որոշիչ նշանակություն ունեն նաեւ տարբեր կառույցները, քաղաքական կուսակցությունները, կազմակերպությունները, միությունները եւ այլն: Դերակատարների նման բազմազանությունը կոչվում է բազմակարծություն (պլուրալիզմ), երբ հասարակության տարբեր կազմակերպված խմբերն իրենց գոյության եւ գործունեության իմաստով կախված չեն իշխանությունից եւ կարող են արտահայտել տրամագծորեն հակադիր դիրքորոշումներ: Որոշ իմաստով, նման կազմակերպությունները միջնորդավորում են անհատների եւ հասարակական եւ իշխանական կառուցվածների միջեւ բարդ եւ բազմազան փոխհարաբերությունները: Օրինակ, հասարակական կազմակերպությունը կարող է իշխանությունների եւ հանրության այլ խմբերի առջեւ բարձրացնել որեւէ «թիրախ»-խմբի (ասենք, ծնողազուրկ երեխաների) իրավունքների պաշտպանության կամ սոցիալական բնույթի ամենատարբեր հարցեր: Ժողովրդավար պետությունում իշխանության իրավունքները եւ պարտականությունները սահմանված են հնարավորիս հստակ, որը եւ հանդիսանում է վերոնշյալ կազմակերպությունների ազատ գործունեության երախշիքը:

Կարծում եմ, սկզբի համար այսքանը բավական է:

Հ.Գ. F5 բլոգի հարգելի ադմին եւ խմբագիրներ, խնդրում եմ հնարավորինս ուղղել սխալներս: Նախապես շնորհակալ եմ: F5 բլոգի մյուս անդամներ, խնդրում եմ օգտնել ինձ եւ տարմադրել այլ նյութեր եւ link-եր:

Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org