Մամուլը Ալմելոյում կառուցված Հայոց Ցեղասպանության հուշհամալիրի առիթով թուրքերի բարձրացրած աղմուկի մասին Նիդերլանդների ազդեցիկ կուսակցություններից մեկի առաջնորդը թագավորին և վարչապետին խորհուրդ է տվել այցելել Ծիծեռնակաբերդ
Հուն 09

Ազիան'-ի ավատարը

image

«Տիր» հրատարակչությունը պետական աջակցությամբ լույս է ընծայել գրականագետ, քննադատ-տեսաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նաիրա Համբարձումյանի «Տեքստ և մեկնություն» վերնագրով գրականագիտական հոդվածների և ուսումնասիրությունների ժողովածուն: Գիրքում զետեղված երկու բաժիններում’ «Տեքստ և մեկնություն» , «Քննադատություն», տեղ են գտել հեղինակի վերջին տարիների ուսումնասիրություններից: Այն նոր ու թարմ խոսք է գրականագիտության ասպարեզում և պայմանավորված է «ժամանակների մեկնարկող փոփոխություններով»:
Գրքի երկրորդ ‘ «Քննադատություն» բաժնի նյութերը դրական և արժեքավոր են վերջին 20-25 տարվա գրաքննադատության երկարատև նիրհից հետո, որի տևականությունը բացասական հետևանքներ ունեցան գրականության զարգացման հեռանկարում: Մի կողմից գրական ասպարեզ հորդեցին միջակությունների բանակն ‘ իրենց գրական աղբով, մյուս կողմից էլ’ գրականության ոլորտի որոշ հնաբնակ-մեկենասներ իրենց առանձնաշնորհումներ վերապահելով, պղտոր ջրում ձուկ որսացին, առիթը բաց չթողնելով այս ֆոնին իրենք իրենց մեծարելով դափնու պսակներով ու կոչումներով’ գրական կյանքը ձգելով ճահիճը: Նաիրա Համբարձումյանի գրաքննադատություննը վերջիններիս զգոնության մարտահրավեր է’ գրականությանը ծառայելու, նրա տիրույթում մնալու գրողի ազնիվ մտահոգություն’ կոչ. «...Այս ենթատեքստում, - ինչպես գրքում գրականագետն է մատնանշել, տարօրինակ չէ, որ Այլ-ա-ժամանակի որոշակի տիրույթում գրողը ու քննադատը կարողանում են վեր կանգնել առօրյա-էկզիստենցիալ որոնումներից ‘ հայտնվելով ժամանակի (որպես ընթացք) ու Արարման միջև, ուր լինելության իրական մոդուսը գիտակցվում է Տեքստ և Մեկնություն շրջապտույտում»:
Գրականագետը Տեքստի և Մեկնության շջապտույտում ազնիվ կեցվածք է որդեգրել’ փրկելով գրականության աղավաղումը պատեհապաշտ «բախտագուշակներից» ‘ նաև հավատարիմ մնալով հայ գրաքննադատության ավանդույթներին:
Կարելի է ափսոսալ միայն, որ գիրքը լույս է տեսել սահմանափակ տպաքանակով: Այս հետաքրքրաշարժ լուծումներ առաջարկող գիրքը առայժմ հնարավոր է ձեռք բերել հայաստանյան գրախանութներից:

Քննադատությունը՝ ինքնասպան («Երկխոսություն՝ մենախոսական դրվագներով» կոնվուլսիայի առիթով)
(Հատված’ «Տեքստ և մեկնություն» գրքից)

Յուրաքանչյուր մարդկային հարաբերություն հակված եմ դիտելու որպես երկկողմանի համաձայնություն եւ, ինչպես դիվանագիտական հարաբերության դեպքում է, երբ մի կողմը խախտում է կանոնները, ապա երկրորդն իրավունք ունի չեղյալ համարել այն: Հայտնի է, որ խաբում են նրան, ով ուզում է լինել խաբված, եւ յուրաքանչյուր մարդ ունի ուրիշներին գնահատելու միայն իրեն հատուկ կերպ` ելնելով իր ստերեոտիպից: Բարեկամներս խորհուրդ տվեցին չգրել սույն հոդվածը` ասելով, որ այդպես տեղեկություններ եմ հաղորդում նաեւ իմ մասին: Սա իհարկե հարցի տեսանելի կողմն է միայն, իսկ առավել խորը դիտարկումները երեւութացնում են վերջինիս այլ, գաղտնի որակները: Կարճ՝ երբ պրոբլեմը թողնում ես չլուծված, դրան ավելանում է եւս մեկը, հետո նորից, եւ Աբրահամյան Սուրիկ անունով մեկը, քծնելով աջ ու ձախ, փորձում է զրկել քեզ իրավունքներից, ու սոցիումը մշտապես ընդունում է այն, ինչ նրան հրամցնում են, նա սիրում է կրկեսը, իսկ հացի գերխնդրի ու կրկեսի միջեւ մշտապես տուժում է մտածող անհատը:

Զավեշտով ու ցավով արձանագրում եմ, որ «Երկխոսություն՝ մենախոսական դրվագներով» («ԳԹ», 2013, 3, էջ 6-7) «սցենարի» հոգեվարքային վերապրուկները, որոնք ընդամենը ստորակարգ ու չհիմնավորված բամբասանքներ են (ոչ մի գիտական տող չկա նրանում) փոխանցվել են նաեւ սույնը գրող «սցենարիստներին»՝ Սերգեյ Սարինյան, Աբրահամյան Սուրիկ, ու վերջիններս կորցրել են իրենց ո՛չ միայն մարդկային, այլեւ տղամարդկային դիմագծերը՝ ցուցադրելով առավելապես բնազդները, քան բանական մարդուն կամ գիտնականին վայել պահվածքը:
Տե՛ս եւ հմմտ՝
I
ա. Սերգեյ Սարինյանը գրում է՝ «Եվ ահա մտնում է անծանոթ մեկը եւ ներկայանում. «Ես Նաիրա Համբարձումյանն եմ, երեւելի անունների (՞) կարիք ունեմ, (՞) եւ այդ ամբողջը կատարել է իմ գիտական ղեկավար Սեւակ Արզումանյանը (՞)» («ԳԹ», 2013, 3, էջ 6):
ա/1. Սերգեյ Սարինյանը ստում է, քանի որ «Կանաչ կառեթներ» (2004) բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է Սեւակ Արզումանյանի մահից մոտ տասը ամիս անց (դեկտեմբերի 10-15), եւ նույնիսկ բորենիամիտ ընթերցողին էլ պարզ է, որ տվյալ ժամանակահատվածում Ս. Սարինյանը որեւէ շփում չէր կարող ունենալ Սեւակ Արզումանյանի հետ: Իսկ եթե նա իր բազմաթիվ «տաղանդների» կողքին (ինչպես՝ հրացանով գերեզմանաքարերի արանքում թաքնվելը (տե՛ս Ս. Սարինյան, Հայոց գրականության երկու դարը, // «Ի հեճուկս», 2009, հ. 5, էջ 350)) ունի նաեւ անդրշիրիմյան հաղորդակցության հնարավորություններ, դա արդեն այլ խոսակցություն է, սակայն կարծում եմ՝ չափազանց անհարմար է ու ամոթ լուսահոգի Սեւակ Արզումանյանի անունը նման կերպ շահարկելը:
բ. Սերգեյ Սարինյանը գրում է՝ «Ընդունում եմ ինչպես կարգն է, բայց բացում եմ գիրքը եւ ինչպիսի անակնկալ՝ առաջաբանը եւ խմբագրումը ??? Սերգեյ Սարինյանի» («ԳԹ», 2013, 3, էջ 6):
բ/1. Սերգեյ Սարինյանը ստում է, քանի որ «Կանաչ կառեթներ» ժողովածուի առաջաբանի հեղինակը ինքը չէ (տե՛ս Ն. Համբարձումյան, «Կանաչ կառեթներ», «Լուսակն», 2004, 86 էջ), իսկ խմբագրումը կատարել է մեծ սիրով, որից այժմ հրաժարվում է: Վերջին խմբագրման համար ներկայացրել եմ ոչ թե գիրքը, այլ բանաստեղծությունների էջադրված տարբերակը՝ սեպտեմբեր ամսին:
գ. Սերգեյ Սարինյանը գրում է՝ «Ես … վրդովմունքս արտահայտեցի Սեւակին նման արարքի համար ???» («ԳԹ», 2013, 3, էջ 6):
գ/1. Սերգեյ Սարինյանը ստում է, քանի որ իմ կողմից մակագրված ժողովածուն նա ստացել է 2005-ի փետրվարի կեսերին, հետեւաբար չէր կարող իր վրդովմունքն արտահայտել Սեւակ Արզումանյանին հայտնի պատճառներով:
դ. Սերգեյ Սարինյանը խեղաթյուրել է «Էնտրոպիա կամ +37» խորագրով բանաստեղծությունս՝ կտրատելով տողերը, աղճատելով միտքը, առվազն ոտնահարել է իմ հեղինակային իրավունքը (տե՛ս «ԳԹ», 2013, 3, էջ 6):
Տե՛ս եւ հմմտ՝ Ն. Համբարձումյան՝ Ձանձրույթ. Եվ ծառը նման չէ ծառին, Եվ քարը նման չէ քարին, Եվ հողը սերմ չի օրորում, Եվ մարդը չի պտղավորվում, Ո՛չ մուտք, ո՛չ ելք, Ո՛չ սկիզբ, ո՛չ վերջ, Ոչ էլ` պտույտ. Ձանձրույթ՝ ՏԻ-Ե-ԶԵ - ՐԱ՜ -ԿԱ՜Ն…
Վ. Հակոբյանի տողերը՝ Ծաղիկը չգիտեմ ինչ էր, բայց ծաղիկ չէր…Աղբյուրը չգիտեմ ինչ էր, բայց աղբյուր չէր…Երկինքը չգիտեմ ինչ էր, բայց երկինք չէր…
Կարծում եմ, պետք չէ գրագետ լինել՝ տեսնելու համար, որ սրանք տարբեր բանաստեղծություններ են:
ե. Սերգեյ Սարինյանը գրում է՝ «Երբ Դավիթ Հովհաննեսն ասում է, թե «ես բառ եմ դարձել», ապա դա իր խորքում ունի տաղանդի ներքին տառապանքը եւ կատարյալի ներքին ձգտումը (՞) (ո՞ւր է հիմնավորումը՝ Ն.Հ.): Բայց եթե մի դիլետանտ գրչակ նույնպես ասում է, թե՝ «բառ եմ որոնում», ապա դա իմիտացիա է ու բառագողություն ??? (ո՞ւր է հիմնավորումը՝ Ն.Հ.): Միլիտոնյանը իր արյան բջիջներով է զգում վայրկյանի հավերժությունը…» (՞) (տե՛ս «ԳԹ», 2013, 3, էջ 7):
ե/1. Սերգեյ Սարինյանը ստում է, քանզի երբեք չեմ ասել՝ «բառ եմ որոնում»», եւ ինքը հաստատ ոչ մի տեղ չի կարդացել սույն արտահայտությունը, ու գրքիս խորագիրը հետեւյալն է՝ «Ես բառ եմ դարձել» (2008), քանի՞ անգամ կարելի է կրկնել նույնը: Դավիթ Հովհաննեսին վկայակոչելու պարագան նույնպես պետք էր նշել փաստով, տարեթվով եւ ոչ թե օդում ցանել բառեր, հետո մոռանալ, թե ինչի մասին է խոսքը ու հղել Էդ. Միլիտոնյանի անունը: Սրանք նույնպես քննադատական մոտավոր - ա - պեսության վառ ապացույցներ են:
զ. Ուշագրավ մի փաստ եւս. սույն «ասույթների» քիչ սեղմ տարբերակը կարող եք ընթերցել՝ Ս. Սարինյան, Հայոց գրականության երկու դարը, (2009, հ. 5, էջ 544 - 550) գրքում: Այն գրվել է ի պատասխան Յուրա Խաչատրյանի «Ակադեմիկոսի պերճանքն ու թշվառությունը» հոդվածին, իհարկե, «Ի հեճուկս» հուշագրության 268-271 էջերը խնամքով խմբագրելուց հետո: Այս անգամ էլ ակադեմիկոսը չի խուսափել ինքնարտագրումից ու կաղապարներից՝ Յուրա Խաչատրյան-ը փոխարինելով Նաիրա Համբարձումյան անվամբ: Նշանաբանն ու բառապաշարն էլ նույնն են, քանզի բոլորիս է հայտնի` Սարինյանը սովորական բախտագուշակ չէ, այլ՝ «երեւելի»:
է. Պետք է խորապես հիասթափեցնեմ ակադեմիկոսին. «հավաքարարի կեցվածք» արտահայտությունը («ԳԹ», 2013, 3, էջ 6) սույն ենթատեքստում դիտում եմ որպես առաքելություն՝ Սուրիկին ու նրա ստեղծած քննադատական աղբը մաքրելու: Ի վերջո, շատ հավաքարարներ, պահակներ, բանջարավաճառներ կամ հանքափորներ տարրական կուլտուրա ունեն ու մարդկանց վարկաբեկելու եւ վիրավորելու գավառամիտ սնոբիզմից հաստատ բարձր են: Իսկ ամենատարբեր անմակարդակ որակումների հաստատումը կամ ժխտումը միմիայն ՄԵԾՆ Ժամանակի խնդիրն է, ու «երեւելի» բախտագուշակն այստեղ հաստատ ԱՆԶՈՐ է:
Հ. Գ. Հետաքրքիր է՝ այսքանից հետո ի՞նչ նկատի ունի Սերգեյ Սարինյանը, երբ խոսում է ճակատագրին նույնացող «գենետիկ սկզբի» մասին: Արդյոք վերոնշյալ աղավաղումները առավել տեսանելի չե՞ն դարձնում սույն երկխոսության «երեւելիի» ոչ միայն գենետիկ սկիզբը, այլեւ՝ մուտացիաները: Համենայնդեպս, պապիկս Ստալինգրադի ճակատամարտի մասնակից էր, հաշմանդամ եւ հրացանը ձեռքին չէր թաքնվել գերեզմանաքարերի արանքում…, իսկ մեծատուն նախնիներս (չեմ վախենում այդ բառը գրելուց) դեռեւս 17-րդ դարավերջին Նախիջեւանի «Ճահուկ-Շահապոնք» տեղանքում երկու եկեղեցի են կառուցել, 19-րդ դարում վերանորոգել եկեղեցիներ ու, զբաղվելով լուսավորչական ու հովանավորչական գործունեությամբ, գրել-կարդալ են սովորեցրել բոլոր սուիկանմաններին, որի համար ստացել են Փիրղալամյան (սուրբ գրիչ) ազգանունը (տե՛ս Արգամ Այվազյան, «Նախիջեւանի վիմագրական ժառանգությունը», հ. Զ, Ե., 2010):

II
Ինչ վերաբերում է հնամաշ, բայց «փիլիսոփայական քննադատությամբ» լի պորտֆելը թեւի տակ «գլոբալ հարցեր» առաջադրող ակադեմիական գրագրին, ապա սա վաղուց իրեն ու իր «հանճարեղ մտքերը» սպառած արտագրող գեներատոր է, քանզի սրա նմանները կարող են միայն մոգոնել հատկապես 1937-ին հարիր թեմաներով, ինչպես՝ «Մեր գրականության զարգացման միտումները ու դրան խանգարող հակահեղափոխական տարրերը» կամ՝ «Ո՛չ ուղեղ, ո՛չ կարծիք, ո՛չ մտածելակերպ. միայն՝ գորշություն»: Սրա նշանաբանն է՝ կողոպտել արեւմտյան տեսաբաններին: Հետեւենք սույնի «մտքի թռիչքներին»`
ա. XX դարի 60-70-ական թվականներին արեւմտյան (հատկապես՝ ամերիկյան) պահպանողական տեսաբանական կողմնորոշումը միանգամայն զգուշավորությամբ վերաբերվեց ինչպես Յուլիա Կրիստեւայի «տեսական անարխիզմին», այնպես էլ՝ թելքելականներին, բացառությամբ՝ Ռոլան Բարտի, ով հետկառուցվածքաբանության անձեռնմխելիների ցուցակում էր: Այդ պատճառով էլ Կրիստեւայի մասնակցությունը եւ ազդեցությունը հետկառուցվածքաբանության նախնական ձեւավորման փուլերում՝ յեյլական դպրոցի որդեգրած եւ ֆենոմենոլոգիական ուղղություններով, նվազագույն է: Կրիստեւայի հաղթարշավը առավելապես նկատվեց հետկառուցվածքաբանության հետագա զարգացումներում, երբ նա հեղինակեց պոստմոդեռնիստական «ինտերտեքստ» հասկացությունը, ինչպես նաեւ բարենպաստ հող ստեղծեց ֆեմինիստական շարժման ազդեցության ու քննադատության համար եւ որպես գիտնական-տեսաբան ուղղակիորեն կանգնեց հետկառուցվածքաբանության ակունքներում: Կրիստեւան քննադատեց կառուցվածքաբանության դրույթները, ձեւակերպեց ու հիմնավորեց սուբյեկտի ապակենտրոնացման ու գրական տեքստի ա-կառուցվածքայնության վերաբերյալ ըմբռնումները: Քննադատելով Դերիդային՝ արտահայտեց միտքը, թե Դերիդայի «О грамматологии» աշխատանքի քաղաքականությունը ուղղված է նախ եւ առաջ ֆենոմենոլոգիայի քննադատությանը, որն ի վերջո հանգեցնում է «նեգատիվ» քննադատության «պոզիտիվացմանը»: Սակայն սույն միտքը արտահայտելը դեռեւս չի նշանակում, թե Կրիստեւան ֆենոմենոլոգիական հայացքներ ունի, ինչպես հայտնագործում է սույնը (տե՛ս «ԳԹ», 2013, 3, էջ 7), քանզի Կրիստեւայի աշխատանքները դիտարկելի են նախ եւ առաջ ինտերտեքստուալության եւ լեզվաբանական հոգեբանության տեսանկյուններից եւ Aritmia երեւույթին (որպես այդպիսին) նույնպես չունի անդրադարձներ:
բ. Սույնը խեղաթյուրել է նաեւ իմ՝ «Ինչպես ընթերցել. Ընթերցող-տեքստ-հեղինակ» հոդվածի խորագիրը եւ նրանում ամփոփված դրույթները (տե՛ս «Գարուն», 2012, 5-6, էջ 32-38)՝ աղավաղելով ու խառնելով Aritmia էսսեին (տե՛ս «ԳԹ» հավելված, 2012, 19 հոկտ., էջ 4): Կրիստեւայից բերված մտքերի կողքին, կույրի համար էլ տեսանելիություն ապահովելով, նշել եմ նրա անունը, ինչը համապատասխանում է սահմանված նորմերին, ինչպես՝ «Ցանկացած նույնականություն հնարավոր է եւ կասկածի ենթարկել (եթե դիտենք մեզ կողքից), բայց կարող ենք եւ հասնել այն բարդ հասկացության էույթին, որը մետաֆիզիկական ապակառուցում անունն է կրում, թեպետ այդ տիրույթ, ըստ Յուլիա Կրիստեւայի, թափանցել են առայժմ միայն Նիցշեն, Հայդեգերը, Հաննա Արենդտը, մասամբ` Ֆրոյդը, ով առաջին հերթին տեսնում էր նախապաշարված մարդու ճակատագիրը» (տե՛ս «Գարուն», 2012, 5-6, էջ 32): Ի դեպ, սույնի բերած մտքերը, իբրեւ թե՝ Կրիստեւայի գործունեության ոլորտի շուրջ (մշակութային մելոս, ֆենոմենոլոգիա, պայթյուն, եւ այլն) թռցված են հենց Aritmia էսսեից, ինչի ժանրային տարբերությունը նույնիսկ չի պատկերացրել սույն տգետը (հոդվա՞ծ է, թե՞ էսսե): Սույնը ծանոթ չէ նաեւ Կրիստեւայի ուսումնասիրության ոլորտներին` 1. Жест. практика или коммуникация // Избранные труды: Разрушение поэтики, М., 2004, 2. Отвращение // Силы ужаса: эссе об отвращении, СПБ., Алетейя, 2003, 3. Душа и образ // Философская мысль Франции XX века, Томск: Водолей, 1998, եւ այլն: 4. Читая Библию // Философская мысль Франции XX века, Томск: Водолей, 1998, 5. Смерть в Византии (роман), М., 2007, 6. Ребенок с невысказанным смыслом // Философская мысль Франции XX века, Томск: Водолей, 1998 եւ այլն:
գ. «Aritmia» էսսեից եւ «Ինչպես ընթերցել. Ընթերցող-տեքստ-հեղինակ» հոդվածից քաղելով մի քանի արտահայտություններ՝ «աշխարհը մի մեծ ունիվերսում», «անձի նույնականացում», «մարդիկ տիեզերական անկշռելիության մեջ», «Ես-ը ատոմի մեջ», «տեխնոգեն հասարակություն» սույնը կցմցել է միմյանց ու անկատարության պատրանք ստեղծել: Դե արի ու սրան հասկացրու, որ ինքը նույնիսկ գրաճանաչության տարրական նորմերին չի տիրապետում, մեկ փսխվածքում տասնյակ ուղղագրական, կետադրական ու շարադասական սխալներ է կատարում, իսկ տարբեր վերնագրեր ու անուններ սխալ գրելը սրա մոտ ուղղակի օրենքի սահմաններում է՝ օրինակ՝ Զավեն Պիպեռյանի «Մրջյուններու վերջալույսը»՝ «մրջյուններու վերադարձը» (տեղի սղության պատճառով բերում եմ միայն մեկ օրինակ): Այս պայմաններում ատոմային ֆիզիկա-աստղաֆիզիկա-սոցիոլոգիա-սուբյեկտ-օբյեկտ-Ես-քաղաքագիտություն-կենսաֆիզիկա-լեզվահոգեբանություն երեւույթները սրա ուղեղին ինչպե՞ս կհասնեն, չէ՞ որ տգիտությունն ու միջակությունը զորավոր ուժեր են:
դ. Գաղտնիք չէ, որ լոտոսի աճեցման պայմաններին առնչվող նշյալ միտքը առկա է նաեւ ցանկացած հանրագիտարանում: Այն ընթերցել ու նրանից օգտվել կարող են բոլորը: Վերոնշյալը զուգահեռել եմ մշակութախեղ իրականության (որի տղմոտ ու գարշահոտ բացիլակիրն է սույնը) ու նրանում ապրող նորմալ մարդու գոյության պայմաններին (ի դեպ, դրա լիարժեք իրավունքն ունենալով)՝ «Ստացվում է՝ մարդն ապրում է լոտոսի կյանքով, որի արմատները տիղմի մեջ են, իսկ սպիտակ, կարմիր, կապույտ թերթիկները բացվում են պատրանքների փոփոխական աշխարհներում» («Գարուն», 2011, 5-6, էջ 33): Իսկ թե սույնը ի՞նչ է փնտրել բուդդիստական կրոնի դրույթները բացատրող կայքում՝ պատասխանատու է միայն ինքը, եւ ինձ մնում է սոսկ Դանիել Վարուժանի նման ձեռք թափ տալ՝ «Ո˜վ ցեխահոգի, ո՞վ պիտի սգա քու վախճանդ…», իսկ երկնքից լսվում է Ավ. Իսահակյանի մարգարեական ձայնը՝ «Ես ձեզ ասում եմ՝ կգա ոգու սով …»: Հարց՝ «ԳԹ»-ի սույն հոգեվարքային թպրտոցները ինչ-որ կերպ տարբերվո՞ւմ են վերոնշյալ տիղմից:
ե. Ակադեմիական սույն մրագրի հնչեցրած մեղադրական հետեւյալ գործը՝ « Ն. Համբարձումյանի գործը կարելի է անվանել «մեկնաբանական իմիտացիա»…» (նախ՝ «Գրակ. հանդեսում», էջ 79 եւ ապա՝ «ԳԹ» սույն կոնվուլսիայում), առավելապես 1937 թվականի անստորագիր մատնագրերի էությանն է միտում, քան թե ունի գիտական ենթատեքստ: Սրա ձգտումը՝ ճանապարհից օտարել յուրաքանչյուրին, ով գոնե փոքր-ինչ սպառնում է իր «պեղումներին», սահմաններ չի ճանաչում, քանզի բոլորին մեղադրում է հատկապես այն աղտեղություններում՝ «ենթատեքստից կտրված կեղծ փաստեր եւ մեջբերումներ, մակերեսային ու չծածկագրվող թարգմանություններ այլեւայլ տեքստերից, տարբեր տեղերից կատարված բառացի քաղվածքներ՝ առանց չակերտների, միմյանց կցմցած բառեր, կապակցություններ, արտահայտություններ», որոնց նշանավոր մասնագետն է ինքը, եւ որոնք վտանգավոր են աղանդավորության չափ ու քառակի անբարո: Ուշագրավ են հետեւյալ դիտարկումները՝
1. 2012 թ. սկզբին սույնի հետ մի բանավոր զրույցում (մասնակիցները ողջ եւ առողջ են) նշել եմ, որ եթե տվյալ հոդվածում նպատակս Սերգեյ Սարինյանի «անդարձության» փիլիսոփայությունը իմիտացիայի ենթարկելը լիներ, ապա այդքան հեռուն չէի գնա, քանի որ նույնը առկա է նախ եւ առաջ Վ. Պարտիզունու «Վահան Տերյան» մենագրության մեջ (տե՛ս Վ. Պարտիզունի, Վ. Տերյան, Ե., 1964), որն ավելի վաղ է գրվել, քան կազմվել է «Հայ գրականության պատմության» 5-րդ հատորը: Բացի այդ, ասել եմ նաեւ, որ ակադեմիկոսի «Հայոց գրականության երկու դարը» գրքի (տե՛ս հ. 1, 1988, էջ 336-430) «Վ. Տերյանի պոեզիան» հոդվածում բառացի արտագրություններ կան Տերյանից (տե՛ս «Գարուն», 2012, 9-10), եւ չակերտների լինել-չլինելն էլ ոչինչ չի որոշում, որովհետեւ հղում նույնպես չկա: Ուրեմն ի՞նչ է ստացվում երկակի այս խաղում. ամենահիմարին էլ պարզ է՝ բարի կամքով լեցուն սույն միջակության նպատակը ակադեմիկոսի գրագողությունների մասին մեկ անգամ եւս հանրությանը տեղյակ պահելն է, որպեսզի հետո «խնամքով» «փրկի» նրան ու «փրկելով»՝ կրկին նշի պլագիատի էջերը, որպեսզի անտեղյակ ընթերցողն էլ կարդա:
2. Նշել եմ նաեւ (բանավոր), որ իմ «Բանաստեղծի հայտնությունը» հոդվածի առանցքում «Բազմավեպ»-ում Կ. Վ. ստորագրությամբ տպագրված մի հոդված է, որի հեղինակը Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանաներից է, եւ որ տվյալ հոդվածը Տերյանի՝ Վեռլենից ու Բոդլերից կատարած թարգմանությունների ու դրանցից ազդվելու առիթով է: Գրչակը կարող էր ստուգել կամ գոնե մեկ անգամ կարդալ հոդվածը:
3. Վերջինս մոռանում է նաեւ, որ «Դիսմորֆոմանիայի» միջակուհու «Միֆի՞, թե՞ ապամիֆականացված բանաստեղծությունը» (տե՛ս «ԳԹ», 15 հուլիսի, 2011թ., էջ 7) հոդվածը քննադատելու խորհուրդը եւս ինքն է տվել (նկատումներս թղթին հանձնելու առումով) (տե՛ս «Գարուն», 2012, 7-8) ու հիմա սույն փսխվածքում փորձում է «փրկել» նաեւ սրան (տե՛ս «ԳԹ», 2013, 3, էջ 6-7): Այս ձեռնածուին թվում է, թե աճպարարական մի քանի գործողություններ միանգամից կատարելով կարող է մնալ անպատիժ, ու թե՝ կարեւորը արագությունն է:
զ. Այդ է վկայում նաեւ «Տեքստ եւ բնագիր » (2010) գիրքը, քանզի տգիտության այդ խրախճանքում սույնը գերազանցում է մտագողության, գրագողության, աղավաղումների ու ցինիզմի ճանաչելի ու անճանաչելի բոլոր սահմանները: Օրինակ՝ զարգացնելով բինարության գաղափարը՝ սույնը սահունորեն միավորում է այն տարբերության (diffe՛rance) ու հավելման (supplement) գաղափարներին՝ միաժամանակ չնշելով տեքստում, որ դրանք փոխառել է Դերիդայից եւ suplement բառում մեկ՝ պետք է լինի՝ supplement, իսկ diference բառում կատարելով երկու ուղղագրական սխալներ. պետք է լինի՝ diffe՛rance, քանզի եթե քվազին ուշադիր լիներ, ապա կտեսներ, որ Դերիդայի համանուն գրքի խորագիրը ոչ թե Diference է, ինչպես նշում է ծանոթագրությունների շարքում եւ ապա որպես տերմին նույն կերպ օգտագործում տեքստում (տե՛ս Տեքստ եւ բնագիր, էջ 150 եւ էջ 166, ծան. 9), այլ՝ La Diffe՛rance,1968: Անգլերեն տարբերակը՝ Differance, ռուսերենը՝ Дифферансе), եւ որ այդ երկու տերմինների միջեւ հսկայական տարբերություններ կան, որոնք էլ տեսանելի են դարձնում սխալ մեկնության հիմքերը: «La Diffe՛rance» աշխատանքում Դերիդան, ուսումնասիրելով գոյաբանության ու լինելության տարբերությունը, նկատում է, որ Հայդեգերը չի շեշտում տվյալ տարբերությունը ու վերջնականապես չի տարբաժանում լինելությունն ու գոյավորը՝ դիտարկելով որպես Լինելության բացահայտման ու ծածկագրման գործառույթների դադար, որոնք կազմավորվում են տվյալ կառույցի միջոցով: Ուստի երբ Հայդեգերը Լինելություն բառը գրում է մեծատառով, ուրեմն խոսքը հատկապես Լինելության մասին է եւ ոչ թե es gibt - ի (գոյաբանության տարբերակման): Օգտագործելով այն՝ Դերիդան մի կողմից պահպանում է ռացիոնալության նուրբ շերտերը, մյուս կողմից անջատում է լոգոցենտրիզմի հռետորականությունից՝ ներառելով տարբերակման ավանդական ձեւերը (Նիցշե, Սոսյուր, Ֆրոյդ, Լեւինաս, Հայդեգեր) ու միավորում է համաշխարհային տնտեսական համակարգին, որը ձեւավորում է հետեւյալ ըմբռնումները՝ archi-trace, supplement, dissemination, եւ այլն: «La Differance-ում», - նշում է Ժակ Դերիդան, - հայտնաբերում ենք ինչ-որ փոխհատում, այլ ոչ թե հաշվարկում-նշանակում, որն առավել համոզիչ նկարագրված է մեր սերնդի մտածություններում՝ ուժերի տարբերակումը Նիցշեի մոտ, նշանաբանական տարբերակման սկզբունքը Սոսյուրի, տարբերակումը որպես ուշացման էֆֆեկտ՝ Ֆրոյդի մոտ, տարբերակումը որպես ուրիշի հետք՝ Լեւինասի մոտ եւ գոյա-գոյաբանական հասկացության տարբերակումը Հայդեգերի մոտ (տե՛ս Derrida J., Differanse, // Margins of Philosophy // [ transl. by A. Bass] – Chicago: University of Chicago Press, 1982, p. 28): Սակայն սա երկակի դիվանագիտական խորամանկ քայլ է, որն արգելակում է ընթերցման պարզեցման եղանակները՝ ի ցույց դնելով, որ differance-ը երկխոսության կամ անտի-երկխոսության հատումից դուրս հոմոգեն գոյացություն չէ: Այն ինքնուրույն հասկացություն չէ, հետեւաբար հասկացություն չէ ընդհանրապես: Սա հանգամանք է, որ բացատրում է, թե ինչու differance-ը չի կարող համընկնել որեւէ կենտրոնական ըմբռնման՝ հակառակ տարածված կարծիքի, թե differance-ը սոսկ հիմնարար սկզբունքի հերթական երակն է (պլատոնյան էյդոսը, հեգելական դիալեկտիկան, Մարքսի դասակարգային պայքարը, Նիցշեի կամք իշխանության հանդեպ ըմբռնումները): Իրականում այն հասկացություն կամ ըմբռնում չէ, առավել եւս՝ վերջնահանգրվան կամ նպատակաուղղվածություն: Շատ դեպքերում differance-ը ուղղակիորեն նույնացվում է difference-ին, բայց այնուամենայնիվ չի կարող հասնել տարբերության ավանդական հասկացությանը երկու պատճառով՝
ա. differance-ը տարբերվում է difference-ից արտադրողական բնույթով: Այն սովորական տարբերություն չէ, այլ տարբերակման համակարգերի արտադրամաս: Շնորհիվ a հնչյունի՝ differance-ը հարաբերվում է նրան, ինչը կարելի է անվանել տարբերությունների ակունք կամ արտադրության ընթացք, տարբերությունների խաղ» (տե՛ս նույնը, p.16): Ուստի ստեղծելով differance տերմինը՝ Դերիդան փոխարինում է լատինական - ence անարտադրողական ածանցը արտադրողական - ance ածանցով, որով եւ ֆրանսերենը ձեռք է բերում նոր բայահիմք գոյականներ (այդ թվում նաեւ պոստմոդեռնիստական երկխոսության որոշ հիմնարար տերմիններ ecrivance (Ռ. Բարտ), provenance (Ժ. Դելյոզ), signifiance (Յու. Կրիստեւա)): Այսպիսով, a եւ e հնչյունների տարբերությունը ունի սկզբունքային նշանակություն, որը տեսանելի է դարձնում differnace-ի արտադրողականությունը: 
բ. Differance-ը տրամաբանորեն չի համընկնում difference-ին, քանի որ առաջին տերմինը երկու արմատական մասնիկների արհեստական միակցումն է, որոնցից մեկը կապված է differer բային (տարբերակել, տարբերվել), երկրորդը՝ defer բային (հետաձգում ժամանակի ընթացքում): Հետեւաբար, differance-ը ներառում է եւ՛ difference-ը (տարբերություն) եւ՛ deferment-ը (հետաձգում ժամանակի տիրույթում): Այսուհանդերձ, differance-ը այս երկու տարրերի սովորական միակցումը չէ, այլ առավել նախնական (սկզբնական) է, քան տարբերությունը եւ հետաձգումը առանձին-առանձին: Այդ պատճառով էլ այն նախորդում է տարբերության ու հետաձգման անջատմանը (Деррида Ж., Голос и феномен: введение в проблематику знаков в феноменологии Гуссерля // [ пер. Ц. Англ. С. Г.  Калинина]. – СПБ.: Алетейя, 1999, ст.116):
Այս կարգի անհեթեթություններով ուղղակի լի են սույն տգետի վերոնշյալ «գրքի» անհոդաբաշխ փսխվածքները, քանզի նրանցում տարբերակելի չեն փիլիսոփայական հասկացությունները, շարահյուսական համակարգը, ձեւաբանական ու պատճառահետեւանքային միավորները, մեթոդը կամ մեթոդները, որոնցով առաջնորդվել է տգետը, մի խոսքով այն ամենը, ինչ առնչվում է քննադատական կամ ավելի ճիշտ՝ գրականագիտական (լայն առումով) տեքստի կառուցմանը: Սա է պատճառը, որ դրանք ընկալվում են որպես չմարսված տեքստեր ու չեն ապահովում մտքի (այստեղ՝ հոդվածների) կառուցման տարրական կանոնները, ընթեռնելիությունն ու ըմբռնելիությունը: Փսխվածքներով լի ոչ գիտական այս աղբակույտը արժանացել է նաեւ «Նիկոլ Աղբալյան» մրցանակի: Հետաքրքիր է, ո՞ր «երեւելին» է միջնորդել եւ ի՞նչ նկրտումներով:
է. Սույնը «նշանակալի երեւույթ» է համարում սոսկ «Գրականագիտական հանդեսը» (որի պատասխանատու մրագիրն է ինքը), քանզի իր անգրագետ փսխվածքները տպագրվում է միայն այստեղ՝ առանց գրաքննության, մարդկանց աչքերից հեռու՝ իր անունից առաջ գրելով նախ Սերգեյ Սարինյանի անունը, հետեւաբար, ո՞վ կհամարձակվի այլեւս սույնի անհոդաբաշխ փսխվածքները չտպագրել: Օրինակ՝ ««Ասեմ կրկին՝ Սարինյանի մտաբանական (…՞) ապորիան է, ուր «առաջ են ընկնում» (…՞) (երբեմն) միմյանցից անհատը եւ հասարակությունը, (…՞) բայց չեն ուշանում… գալիքից, (…՞) կրիան չի ուշանում…??? Աքիլլեսի նետի (…՞) արագաթռիչ սլացքից՝ (…՞) ապրելով նախաստեղծ տիեզերական իր կյանքը, (…՞) որն իր ամբողջությունն ունի (միայն իրենը)…» (…՞) («Գրակ. հանդես», 2012, էջ 40: Ընդգծ.՝ Ն. Հ.):
Վերոբերյալի առիթով տե՛ս՝
1. ա. Զենոնի ապորիան առավել ուշադիր ընթերցելու դեպքում կտեսնենք, որ իրականում նրա առաջադրած խնդրի էությունը ոչ թե կրիայի տեղ հասնելու կամ չհասնելու պարագան է, ինչպես որ քննադատական - փիլիսոփայական էմպիրիկ էքստազի մեջ ընթերցողին մոլորեցնում է սույն գրչակը, այլ Աքիլլեսի` կրիային հասնելու եւ անցնելու հանգամանքը:
բ. Զենոնի «Աքիլլեսն ու կրիան», ինչպես նաեւ «Նետը» տարբեր ապորիաներ են, եւ Աքիլլեսն ամենեւին էլ նետ չուներ՝ «արագաթռիչ սլացքով»: Խեղաթյուրել Զենոնի հանրահայտ ապորիան այդ կերպ, մեղմ ասած, տգիտություն է:
2. ա. Սերգեյ Սարինյանը «մտաբանական» ??? այդ ապորիան անհատի ու հասարակության առիթով չի ասել, այլ գրողի՝ անհատ ու հասարակության լիիրավ անդամ լինելու, քանի որ ամեն անհատ չէ, որ գրող է, բայց ամեն գրող ԱՆՀԱՏ է:
բ. Արեւմտյան տեսաբանության մեջ դեռեւս 1960-ական թթ. բազմաթիվ անդրադարձներ կան Զենոնի հայտնի ապորիային (տե՛ս Դելյոզի ու Գվատտարիի, Դերիդայի, Լականի եւ վերջապես Օքսֆորդի համալսարանի գիտնականների հայտնի աշխատությունները), ուստի այս ուշացած «տեսաքննաբանական» արիայի միջոցով ոչ մի նոր հայտնագործություն չի կատարել, այլ ուղղակի անուններ չտալով՝ վաղուց անտի ծեծված սույն «գյուտը» վերագրել է Ս. Սարինյանին:
3. «Գրականագիտական հանդեսի» վերոնշյալ անհոդաբաշխ փսխվածքը լի է նման խեղաթյուրումներով՝ (տե՛ս Հ. Մովսեսին, Հ. Էդոյանին, Վ. Եփրեմյանին, Թ. Տոնոյանին, Վ. Այվազյանին վերաբերվող հատվածները): Արտագրություններ եւ իմիտացիաներ Ա. Հարությունյանի պոեզիայի առիթով (տե՛ս Ա. Հարությունյան, «Հեռուստապոեմներ…», Ե., 2010, էջ 547-563 եւ «Գրակ. հանդես», Ե., MMXII, էջ 68-69):
ը. Պարզվում է նաեւ, որ սույնը ոչ միայն «մտքերը» վերարտադրել, այլեւ կարդալ չգիտի, քանի որ «Պատմության պատմությունը վերլուծություն է, բայց՝ մասնավոր» միտքը իմը չէ, այլ Կարլ Մարքսինը, ում անունը նշել եմ մեջբերման կողքին՝ փակագծերում, միաժամանակ ոչ թե «Լույս - ա - Պտույտ», ինչպես նշում է սույնը, այլ «P.s – D. Memory traces» քննադատական հոդվածում (տե՛ս «Գարուն», 2012, 9-10):
թ. «Ուրացո՞ւմն է սա, թե՞ Հերոստրատն է արթնացել խմբագրի էության մեջ» հարցը առաջադրելով՝ փորձում է միավորներ հավաքել Այվազյանի հաշվին: «Բնագիր եւ տեքստ»-ում ինչպես նաեւ «Գրականագիտական հանդես»-ում (ԺԳ, 2012) տպագրված աղավաղումները համարելով «խոր լրջությամբ վերլուծություն տարբեր տեսանկյուններից»՝ սույնը մոռանում է, որ ակադեմիկոսից գլուխը պրծացնելու համար «Քննադատական մտորումներ եւ գրառումներ»-ում (էջ 78) գրել էր, թե Այվազյանն «անկարեւոր» է համարել «Գաղտնի անունը» էսսեն, այդ պատճառով էլ չի ընդգրկել «Անհենարան ու անխարիսխ՝ երկրի նման» (2007) գրքում: Այնինչ Այվազյանը վերոնշյալ ժողովածուի տպագրության օրերին եղել է հիվանդանոցում եւ էսսեն այդ ընթացքում է գրել, այդ պատճառով էլ այն դուրս է մնացել գրքից: Իսկ հարցը, թե սույն տգետը գարունակա՞ն է, թե՞ եղել է սոսկ գարունականների մանկլավիկը, ի՞նքն է Այվազյանի անունն օգտագործելով դարձել քննադատիկ, թե՞ Այվազյանը՝ իրենով գրող, շատ վիճելի է, քանզի կրկին դիմառնում ենք այսօր գրականության մեջ տիրող աղանդավոր բարքերին: Երեւույթ, որ միշտ էլ կարելի է շրջել դիմացինի դեմ՝ ինչպես կամենաս: Այսքանից հետո ինչ-որ կեղծ փաստերից ու մեջբերումներից է խոսում տգետը, ինչ-որ սխալներ ճանաչելու կամ չճանաչելու կեղծ հարցեր է բարձրացնում՝ կրկնակիորեն մոլորեցնելով ընթերցողին ու միաժամանակ մոռանալով նշել, որ «Գարունում» տպագրված «անքննադատ հոդվածիկներից» ??? շատերի գիտական ղեկավարը իր նման տգետն է:
ժ. Պարզվում է՝ սույնը մինչ այժմ ջրից չոր է դուրս եկել տարբեր խմբագրություններում համապատասխան մարդիկ ունենալու շնորհիվ: Նա մշտապես տեղեկացվել է իր փսխվածքների դեմ գրված քննադատական հոդվածների մասին ու նախապես կանխել դրանց տպագրությունը: Ինչպես ասում են, կարողացել է՝ արել է: Լավ է դա թե վատ՝ միայն Աստծուն է հայտնի, բայց սույնը դրանով չի բավարարվում՝ փորձելով վերահսկել ողջ տպագրական նյութը՝ նույնիսկ հոդվածներ թռցնելու պայմանով: Ասվածի հավաստումը 2012 թվականի հուլիսին «Գարուն» ամսագրի խմբագրությունից դեռեւս չտպագրված «Դիսմորֆոմանիա» հոդվածը թռցնելն էր: Ու երբ զանգում եմ եւ ասում, թե դա տպագրական էթիկայի խախտում է, նա ինձ կարգի է հրավիրում, թե՝ պետք է ճակատագրից գոհ լինեմ, որ իր նմանը բարեհաճել է ընթերցել հոդվածս ու անջատում է հեռախոսը:
ի. Աղավաղել է նաեւ դիսմորֆոմանիա բառի բառարանային իմաստը` <Дисморфомания [греч. morphe-форма, mania-безумие] бред физического недостатка. Развитию дисморфомании могут предшествовать навязчивые идеи физического недостатка. Если оно на самом деле нет, а человек при этом убежден в собственном уродстве, ходит по врачам и даже оперируется у пластических хирургов, либо же впадает в анорексию, то тут речь идет о дисморфомании [бредовой уровень расстройств] [տե՛ս Жмуров В. А., Большая энциклопедия по психиатрии, 2-ое изд., 2012 г.]>. Հոդվածն ուշադիր ընթերցողը լավ էլ կպատկերացնի՝ ինչի մասին է խոսքը: Կարծում եմ, ամենեւին էլ պետք չէ վկայակոչել «Հին Թեբեն»՝ (հին-ն էլ մեծատառով են գրել՝ Ն. Հ.) տգիտության չտեսած արձանի մասին «հուշեր» պատմելով. այն ազգովի կարող ենք պատվիրել ու կանգնեցնել Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ «Գրականագիտության քանքար եւ ռահվիրա Աբրահամյան Սուրիկ» փորագրությամբ:
Հ. Գ.
Ծնվում են պատասխաններ ակնկալող անխուսափելի հարցեր՝ արդյոք մեր պորտալարը կտրվե՞լ է նախամարդու քարանձավից կամ՝ որքան էլ ավստրալիական արագավազ ջայլամի պես վտանգի դեպքում թաքցնենք մեր գլուխը թփերում՝ որպես զգուշավոր, բայց գորշ մի զանգված, արդյոք դարձե՞լ ենք այնքան քաղաքակիրթ, որ կարող ենք գավառը խաղաղությամբ անվանել քաղաք, իսկ գավառամտությունը՝ անթերի ճաշակի օրենսդիր, եւ արդյոք «ԳԹ»-ում տեղ գտած սույն երկխոսություն - հոգեվարքը քննադատության ինքնասպանության լավագույն օրինակ չէ՞: Կամ՝ հնարավո՞ր է գրական - քննադատական բանավեճի քողի ներքո տպագրել 1937-ականներին հարիր մատնագրեր՝ չկողմնորոշվելով նույնիսկ երկխոսությո՞ւն է դա, թե՞ զառանցանք՝ մենախոսական թպրտոցներով: Պարզվում է՝ հնարավոր է, որովհետեւ քարանձավն էլ է մերը, կոլխոզն էլ է մերը, կոլեկտիվ անգիտակցությունն էլ է մերը, «ազատությունն» էլ է մերը ու բոլորի… Ուստի պարտավոր եմ գիտական էլիտային ուղղել հետեւյալ հարցը. ո՞վ է սույն բախտախնդիր տգետը, որ անգրագիտության, հոգեբանական ու մարդկային նման ախտածին տվյալներով փորձում է իրեն վերագրել որոշողի կամ գնահատողի կարգավիճակներ՝ սահմանելու «գրական արդի զարգացման միտումները եւ ուղղությունները» ու աղավաղելու գրականության ու քննադատության դեմքը (Աստված հեռու պահի «երեւելի» բախտագուշակներց ու ակադեմիական միջակությունների ագրեսիայից), եւ վերջապես, ի՞նչ խեղկատակություն է սա: 

Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org