«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #80, 2012-05-03
Երկու օր անընդմեջՙ ապրիլի 27-ին եւ 28-ին, Նիդերլանդների խոշոր քաղաքներումՙ Դեն-Բոսում եւ Ամստերդամում, օգնություն հայ երեխաներին նիդերլանդական Dear Angel կազմակերպությունը նախաձեռնել էր բարեգործական համերգ-երեկոՙ իրենց մոտ հրավիրելով երիտասարդ ու խոստումնալից արտիստներ Հայաստանից:
Dear Angel կազմակերպությունը, որի 4-ամյակը լրացավ ընդամենը մեկ ամիս առաջ, աշխատանքային իր գործունեությունը ծավալում է բացառապես սեփական նախաձեռնության ու միջոցների հաշվին, նաեւ իրագործում իր նախագծերըՙ համագործակցելով Հայաստանի եւ Հոլանդիայի համանման կառույցների հետ: Այս անգամ Dear Angel-ը, լայնամասշտաբ կերպով կազմակերպելով այս միջոցառումները, տարբեր նպատակներ էր հետապնդել: Դրանցից առաջինը օգնելն էր արվեստում ինքնահաստատման քայլեր անող երիտասարդ արտիստներին, ակնկալվող Հասույթն էլ ուղղելով հայ անապահով երեխաներին:
Մյուս քայլը հայ համայնքի միասնությանն ուղղված ջանքերն են, միմյանց հետ հաճախակի հանդիպումներն ու սատարելը, հաղորդակից լինելը միմյանց հոգսերին ու կարիքներին: Բոլորին է հայտնի, որ ճանաչված մարդկանց նախաձեռնությունը շատ ավելի հեշտ ու լավ է ընդունվում հանրության կողմից, քան նրանցը, ովքեր արվեստում նոր, նոր են սկսում քայլեր անել: Բայց փաստը մնում է փաստ, որ արդյունքի հասնելու համար այնուամենայնիվ պետք է արվի առաջին քայլը:
Այսօր Dear Angel-ը թե՛ ինքն է անում այդ քայլը եւ թե՛ օգնում է այն անել մյուսներին: Դատելով երկօրյա միջոցառումերից, արդեն վստահաբար կարելի է ասել, որ Dear Angel-ի կողմից Նիդերլանդներ հրավիրված երիտասարդ խոստումնալից դերասան Զավեն Գեւորգյանը («Բանակում» կինոսերիալիցՙ Գարիկ) հումորային ժանրի արտիստ, ռեժիսոր Լեւոն Բեգլարյանը («Այո» շոու) եւ երգչուհի Գայանե Մուրադյանը գտնվում են ինքնահաստատման դժվարին, բայց եւ պատվաբեր ճանապարհին, նրանց ելույթները սիրվեցին եւ ընդունվեցին հայ եւ հոլանդացի հանդիսականների կողմիցՙ արժանանալով նրանց ջերմ վերաբերմունքին ու ծափողջյուններին: Ամենից կարեւորը նրանք հանդես եկան թարմ ասելիքով, համերգ-երեկոյի ծրագրերն էլ էապես տարբերվում էին միմյանցից:
Դեն-Բոսում Հայաստանի արտիստների հետ համագործակցում էր տեղի «Շիրակ»համույթըՙ դուդուկահար-կլարնետիստ Ռոստամ Հակոբջանյանի մասնակցությամբ, իսկ Ամստերդամումՙ սիրված դիջեյ Արման Աբրահամյանը (Արմանի): Համերգային եւ հումորային համարներին զուգահեռ հնչեցին ելույթներ, էկրանին ցուցադրվեցին կազմակերպության գործունեության եւ Հայաստանի մասին պատմող լուսանկարներ, ֆիլմեր: Կազմակերպության ղեկավար Փերի Կնյազյանը նվերներ հանձնեց ներկա բոլոր երեխաներին: Շատ քաջալերական է, որ հայ համայնքների ու կազմակերպությունների միջոցառումները միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Թեեւ դեսպանն, այդ օրը հարգելի պատճառով բացակայում էր միջոցառումից, այնուամենայնիվ Dear Angel-ի նոր սահմանված «Նիդերլանդների հայ համայնքային կյանքին ակտիվ մասնակցության եւ ցուցաբերած եռանդուն աջակցության երկամյա անվանական մրցանակ»-ը հասցեագրվեց հենց դեսպանին, ում ակտիվ աշխատանքը Նիդերլանդներում ակներեւ է: Այս լուրն արժանացավ ներկաների ծափողջուններին:
Dear Angel-ի կազմակերպած միջոցառումների իմֆորմացիոն հովանավորն էր «Շանթ» Հեռուստատաընկերությունը: Հայաստանից ժամանած երիտասարդ արտիստների 7-օրյա ուղեւորությունը հագեցված էր Dear Angel-ի կողմից կազմակերպած շրջագայություններով` Վիեննա, Փարիզ, Բրյուսել, Ամստերդամ քաղաքներ, կազմակերպությունը օժանդակեց նաեւ երիտասարդ երգչուհի Գայանե Մուրադյանի նոր երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքներին: Նրանք հայրենիք կվերադառնան թարմ լիցքերով ու տպավորություններով, շատ ընկերներ ու փորձ ձեռք բերած:
Dear Angel-ի մամուլի բաժին
Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին: