Կապույտ ճնճղուկների արահետը
Հեքիաթ շարքից
Ի՞նչն էր ինձ խանգարում գնալ Կապույտ ճնճղուկների արահետ: Ես գիտեի դրա տեղն ու քանիցս եղել էի այնտեղ:
Դա մի տեղ էր, որտեղ իմ լրջությունն ինձնից օտարվելով` վերածվում էր պատումի:
Մի տեղ, որտեղ ծղոտից խրճիթ կար ու շաքարից լուսամուտ:
Տեղ, որտեղ անտառը թավ էր, օդը` համեղ, քարը` փափուկ:
Այնտեղ ժայռից կաթ ու մեղր չի բխում, որովհետև ես չեմ սիրում կաթ: Փոխարենը շոկոլադի գետեր կան, որոնք հոսում են խրճիթիդ կողքով:
***
Ես քանիցս եղել եմ Կապույտ ճնճղուկների արահետում ու գիտեմ դրա տեղը: Դա մի տեղ է, որտեղ իմ լրջությունն ինձնից օտարվելով վերածվում է Արահետի:
Տեղ, որտեղ կարող է հայտնվել յուրաքանչյուրը, եթե հրաժարվի սահմանումից, որ ժամանակը գծային է, իսկ սեփական անձի ընկալումն էլ այլոց աչքերում` մտացածին է:
Կապույտ ճնճղուկների արահետում խրճիթը կարող է դառնալ պալատ ու դու` արքայադուստր: Քեզ կշրջապատեն փոքր ժամանակ կարդացածդ հեքիաթի հերոսներն, իսկ դու` նուրբ ժանյակներով եզերված կերպասե փքուն զգեստի մեջ կսավառնես օդերում ու կհասնես ամպերին:
-Ո՞ւր ես տանում ինձ, ամպի՜կ,- հնարավոր է հարցնես դու:
-Կապույտ թռչունների արահետ,- հաստատ կպատասխանի նա` չկասկածելով, որ ինքը հենց Կապույտ թռչունների արահետում է:
***
Շատ հեշտ է լինել Կապույտ ճնղուկների արահետում ու կրծել շաքարի լուսամուտը: Այնտեղ ինձ սպասում են իմ հեքիաթի հերոսները: Այն հեքիաթների, որոնք կարդացել եմ փոքր ժամանակ, բայց հիմա ոչինչ էլ չեմ հիշում: Դրանք բոլորը ես կորցրի, երբ պատահմամբ դուրս թռա Կապույտ ճնճղուկների արահետից:
Պատահարը պատահական չէր բնավ: Այն նույնիսկ չափազանց էլ օրինաչափ էր:
Բոլորն էլ առնվազն մի անգամ եղել են Կապույտ ճնճղուկների արահետում, սակայն կորցրել են դրա մասին հիշողությունն ու դրա մասին խոսում են որպես հեքիաթի: Այդ մասին գրված բազմաթիվ հորինվածքներ կան, որոնք որակված են որպես հեքիաթներ ու հենց եզրաբառն ինքը` մարդու գիտակցությանը հասցնում է երևույթի չգոյության մասին վիճահարույց տեղեկույթ:
Ո՞վ կարող է ասել, թե ինչ է հեքիաթը:
«Հեքիաթը հորինվածք է, որն իրականության հետ ոչ մի կապ չունի,- ասել են ինձ փոքր ժամանակ,- դա պատմություն է այն մասին, որն իրականում գոյություն չունի»:
Ես երբեք էլ չեմ հավատացել հեքիաթի ընկալման տարածված սահմանմանն ու հենց այդ սահմանումը որակել եմ որպես հեքիաթ:
***
Հնարավոր է, որ այս պահին ինչ-որ մի տեղ մարդ է մեռնում: Հնարավոր է, որ նա մեռավ արդեն, երբ ես գրեցի նրա հնարավոր մահվան մասին կասկածներս: Բազմությունը նրան կուղեկցի դեպի գերեզման: Մարդիկ կնայեն դագաղի մեջ պառկած չմարդուն ու մտքի մեջ կժպտան: «Խաղից դուրս թռավ»,- կմտածի դագաղի հետևից գնացող մի մարդ` բնավ չմտահոգվելով, որ շատ շուտով, ավելի շուտով, քան ինքը կարծում էր, նա ևս կպառկի նույնանման մեկ այլ դագաղի մեջ:
Հնարավոր է, որ այս պահին ինչ-որ մի տեղ մարդ ծնվի: Նույնքան հնարավոր է, որ նա ծնվեց արդեն, երբ ես գրեցի նրա հնարավոր ծնունդի մասին կասկածներս: Մայրը սիրագորով կնայի մանկիկին ու կգգվի նորածնի փոքրիկ թաթիկները: Մարդկային նույնպիսի մի բազմություն նրանց կուղեկցի տուն: «Ես էլ եմ ուզում երեխա ունենալ»,- քնքշորեն շոյելով մանկիկին կմտածի բազմության աղջիկ-կանանցից մեկը:
Միևնույն ժամանակ մեր հարևանններից ինչ-որ մեկը հնարավոր է մյուսի հետ նստած սուրճ է խմում ու քննարկում այդ երկու դեպքերի համադրությունը: Հնարավոր է, որ նրանք այդ մասին չեն էլ քննարկում, ինչպես նաև այն, որ նրանք դեռևս սուրճ չեն խմում կամ նրանք պարզապես իրենց տանն են:
***
Ժամանակի ընկալման սեփական մեկնաբանությունը մի մարդու մոտ առաջացրել էր գծայնության զգացողություն և համաձայն այդ մեկնաբանության` մարդ մի օր ծնվում և մի օր էլ մեռնում է: Դրանց արանքում ինչ ասես կարող է լինել:
Մեկ ուրիշ մարդ երկար մտածելուց հետո որոշեց, որ ժամանակն այնքան էլ գծային չէ, քանի որ գծայնության մոդելը չէր տալիս բացատրությունն այն պատահարի, թե ինչպես մարդը կարող է հայտնվել Կապույտ ճնճղուկների արահետում:
«Ժամանակը դիսկրետ է«,- մտածեց նա ու մեռավ: Մինչ այդ արդեն մեռել էր ժամանակին գծային որակներ տվող մարդը:
***
Մեր հարևանի աղջիկը չի սիրում ամուսնու հետ քնել: Ինքը սիրում է ուրիշ երիտասարդի: Այդ երիտասարդը սիրում է նրա ընկերուհուն, իսկ ընկերուհին` ինձ:
Այդ պահին ես տեսա օրգազմից աղճատված նրա դեմքը, երբ նա տքնում էր վրաս: Ես կիսաանտարբեր պառկած էի:
Իմ միտքը թևածում էր Կապույտ ճնճղուկների արահետում: Ես գիտեի դրա տեղն ու քանիցս եղել էի այնտեղ: