Կոչ անելով նախագահին հավաստելու, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունն արտացոլում է համապատասխան ըմբռնում և զգայունություն այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին և ցեղասպանությանը, որը փաստագրված է Միացյալ Նահանգների արձանագրություններում և վերաբերում է Հայոց ցեղասպանությանը և այլ նպատակներին.
Մաս 1 ՀԱՄԱՌՈՏ ՎԵՐՆԱԳԻՐ
Այս բանաձևը կարող է մեջբերվել որպես «Միացյալ Նահանգների արձանագրությունների հաստատումը Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ»:
Մաս 2 ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ
Ներկայացուցիչների պալատը եզրակացնում է հետևյալը`
1. Հայոց ցեղասպանությունը ծրագրվել և իրականացվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ` պատճառ հանդիսանալով մոտ 2000000 հայերի բռնի տեղահանմանը, որոնցից 1500000 այր, կին և երեխա սպանվեցին, իսկ 500000 փրկված հայեր արտաքսվեցին իրենց տներից, որի արդյունքում ոչնչացվեց հայերի 2500 տարվա ներկայությունն իրենց պատմական հայրենիքում:
2. 1915թ մայիսի 24-ին Դաշնակից պետությունները` Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը միահամուռ հայտարարեցին առաջին անգամ մեղադրելով մի կառավարության, «մարդկության դեմ հանցանք» գործելու մեջ:
3. Այս միացյալ հայտարարությունը նշում էր. «Դաշնակից կառավարությունները հրապարակավ հայտարարում են Բարձր Դռանը, որ Օսմանյան կառավարության բոլոր անդամները, ինչպես նաև ջարդերն իրագործած նրանց կատարածուները պատասխանատու են այս կոտորածների համար»:
4. Առաջին համաշխարհային պատերազմից հետո թուրքական կառավարությունը մատնանշեց գլխավոր ղեկավարներին, ովքեր ներգրավված են եղել հայերի դեմ ցեղասպանության «կազմակերպման և իրագործման» և «հայերի ջարդերի և կոտորածների» մեջ:
5. Մի շարք ռազմական դատարաններում երիտթուրքերի ռեժիմի պաշտոնյաները դատապարտվեցին և մեղավոր ճանաչվեցին հայ ժողովրդի նկատմամբ ջարդեր կազմակերպելու և իրականացնելու համար:
6. Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները`ռազմական նախարար Էնվերը, ներքին գործերի նախարար Թալեաթը և ռազմածովային նախարար Ջեմալը իրենց գործած ոճիրների համար մահվան դատապարտվեցին, սակայն դատարանի դատավճիռը չիրագործվեց:
7. Հայոց ցեղասպանությունը և տեղի արդարադատության ձախողումները փաստագրված են ապացույցներով Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Վատիկանի և շատ այլ երկրների ազգային արխիվներում և այդ մեծ քանակությամբ ապացույցները վկայում են միևնույն փաստերը, միևնույն դեպքերը, միևնույն հետևանքները:
8. Միացյալ Նահանգների պետական արխիվը և Արձանագրությունների վարչությունը հայոց ցեղասպանության վերաբերյալ պարունակում են հիմնավոր փաստաթղթեր: Հատկանշական է Միացյալ նահանգների Պետական Դեպարտամենտի 59-րդ արձանագրությունների խումբը, որը ներառում է 867.00 և 867.40 թղթապանակները, որոնք բաց և հասանելի են լայն հանրությանը և շահագրգիռ հաստատություններին:
9. Հարգարժան Հենրի Մորգենթաուն, 1913-1916թթ. Միացյալ Նահանգների դեսպանը Օսմանյան կայսրությունում, Հայոց ցեղասպանության դեմ բողոքի ելույթներ է ունեցել այլ երկրների, այդ թվում Օսմանյան կայսրության դաշնակից երկրների պաշտոնյաների հետ միասին:
10. Դեսպան Մորգենթաուն պարզորոշ նկարագրում է Միացյալ Նահանգների Պետական Դեպարտամենտին Օսմանյան կայսրության կառավարության քաղաքականությունը` որպես «ցեղի ոչնչացման արշավ»: Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռոբերտ Լենսինգը 1915թ հուլիսի 16-ին կարգադրել է, որ «Դեպարտամենտը հավանություն է տալիս Ձեր գործելակերպին` դադարեցնելու հայերի հալածանքները»:
11. Սենատը 1916թ փետրվարի 9-ի համանման 12-րդ բանաձևում հաստատեց, որ «Միացյալ Նահանգների նախագահին հարգանքով խնդրվում է հատուկ օր սահմանել, որ այդ երկրի քաղաքացիները իրենց կարեկցանքն արտահայտեն հայերին օգնելու նպատակով ստեղծված ֆոնդերում նվիրատվություններ կատարելով», որոնք այդ ժամանակ մահանում էին «սովից, հիվանդություններից ու անասելի տառապանքներից»:
12. Նախագահ Վուդրոու Վիլսոնը Կոնգրեսի որոշումով արտոնված աջակցում և խրախուսում է «Մերձավոր Արևելքի օգնության ֆոնդ», կազմակերպության ստեղծումը. որը 116000000 դոլար է տրամադրել 1915-1930թթ որպես օգնություն` հայոց ցեղասպանության փրկվածներին, ներառյալ 132000 որբերին, որոնք ամերիկացի ժողովրդի հոգեզավակները դարձան:
13. 1920թ մայիսի 11-ին ընդունված Սենատի 359-րդ բանաձևը, մասամբ նշում է, «որպես ապացույց բերվում են այն լսումները, որոնք ղեկավարել է Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի ենթահանձնաժողովը»: Այն հստակորեն նշում է ջարդերի և այլ դաժանությունների վերաբերյալ զեկույցների ճշմարտությունը, որոնց պատճառով հայ ժողովուրդը տառապել է:
14. 1920թ ապրիլի 13-ի բանաձևին հետևում է Սենատին գեներալ Ջեյմս Հարբորդի ղեկավարությամբ դեպի Հայաստան կատարված ամերիկյան ռազմական առաքելության զեկույցը, որտեղ նշվում է «կտտանքները, բռնությունները, տանջանքները և մահը անջնջելի հետք են թողել հայկական բազում գեղեցիկ հովիտներում, իսկ այդ շրջանով անցնող ճանապարհորդները շատ քիչ դեպքերում ականատես չեն լինի բոլոր ժամանակների վիթխարի հանցանքի փաստերին»:
15. Ինչպես Միացյալ Նահանգների Հոլոքոստի թանգարանում է ցուցադրվում, Ադոլֆ Հիտլերը, կարգադրելով իր զորահրամանատարներին 1939թ հարձակվել Լեհաստանի վրա, առանց սադրանքների, ընդդիմանալով եղած առարկություններին, ասել է. «Ո̉վ է ի վերջո խոսում հայերի բնաջնջման մասին», այսպիսով ճանապարհ հարթելով Հոլոքոստն իրականացնելու համար:
16. Ռաֆայել Լեմկինը, ով ձևակերպեց «ցեղասպանություն» տերմինը 1944թ, և ով Միացյալ ազգերի կոնվենցիայի ցեղասպանության կանխարգելման և պատժի կողմնակիցն էր, հայկական դեպքը անվանել է 20-րդ դարի ցեղասպանության ցայտուն օրինակ:
17. Լեմկինի պնդմամբ Միացյալ ազգերի ցեղասպանության վերաբերյալ առաջին բանաձևն ընդունվել է 1946թ դեկտեմբերի 11-ին, ըստ որի Միացյալ ազգերի Գլխավոր ասամբլեայի 96-1 բանաձևը և ցեղասպանության կանխարգելման ու պատժի վերաբերյալ Միացյալ ազգերի կոնվենցիան ճանաչում են հայոց ցեղասպանությունը` որպես մի գործողություն, որը Միացյալ ազգերը նպատակադրված են կանխարգելել և պատժել` գոյություն ունեցող օրենսդրական չափանիշներով:
18. 1948թ Միացյալ ազգերի պատերազմական հանցանքների հանձնաժողովը հայոց ցեղասպանությունը անվանեց «գործողությունների տեսակ, որը համապատասխանում է ժամանակակից տերմինով “մարդկության դեմ հանցագործությունների» բնորոշմանը, հանդիսանալով Նյուրմբերգյան դատավարությունների նախադեպը:
19. Հանձնաժողովը նշում է, «1915թ Դաշնակիցների փաստաթղթի համաձայն Սևրի դաշնագրի 230 հոդվածի դրույթները ակնհայտորեն ընդգրկում են այն հանցանքները, որոնք իրագործվել են ծագումով հայ կամ հույն թուրքական քաղաքացիություն ունեցող անհատների դեմ թուրքական տարածքում»: Ուստի այս հոդվածը փոխարինում է Նյուրմբերգյան և Տոկիոյի կանոնադրությունների 5-րդ և 6-րդ հոդվածներին` որպես նախորդ, և կատեգորիաներից մեկով օրինակ է հանդիսանում`որպես «մարդկության դեմ հանցանք»:
20. 1975թ. ապրիլի 8-ին ընդունված Պալատի 148-րդ միասնական բանաձևը հաստատում է, «1915թ ապրիլի 24-ը այսուհետ նշվում է որպես «մարդու հանդեպ մարդու դաժան վերաբերմունքի հիշատակման ազգային օր», իսկ Միացյալ Նահանգների նախագահը հաստատում և պահանջում է կազմել հռչակագիր` կոչ անելով Միացյալ Նահանգների ժողովրդին համարել այդ օրը ցեղասպանության, հատկապես հայ ժողովրդի ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակման օր»:
21. Նախագահ Ռոնալդ Ռեգանը 1981թ ապրիլի 22-ի 4838 հռչակագրում մասամբ նշում է, «Հոլոքոստի դասերը չպետք է մոռացվեն, ինչպես շատ այլ ժողովուրդների բազում հալածանքները, որոնց նախորդել է հայերի ցեղասպանությունը և հաջորդել է կամբոջացիների ցեղասպանությունը»:
22. 1984թ սեպտեմբերի 10-ին ընդունված Պալատի 247 միացյալ բանաձևը հաստատում է, «1985թ ապրիլի 24-ը այսուհետ նշվում է «Մարդու հանդեպ մարդու դաժան վերաբերմունքի» հիշատակման ազգային օր, և Միացյալ Նահանգների նախագահին վերապահվում է և առաջարկվում հաստատել հռչակագիր, որը կոչ կանի Միացյալ Նահանգների ժողովրդին համարել այդ օրը, որպես ցեղասպանության զոհերի, հատկապես մեկ ու կես միլիոն հայերի հիշատակման օր...»:
23. 1985թ. օգոստոսին համակողմանի և ուշադիր ուսումնասիրությունից հետո Միացյալ Նահանգների Փոքրամասնությունների պաշտպանության և խտրականության կանխարգելման հարցերով ենթահանձնաժողովը 14 կողմ և 1 դեմ ձայնով քվեարկեց «Ցեղասպանության ոճիրի կանխարգելման և պատժի հարցերով ուսումնասիրությունը» զեկույցի օգտին, որում նշվում է. «Նացիստական հանցագործությունները 20-րդ դարի ցեղասպանության միակ դեպքը չեն: Ի թիվս այլոց նման որակում ունեցող օրինակներից է Օսմանյան հայերի ջարդերը 1915-1916թթ.»:
24. Այդ զեկույցը բացատրում է նաև, որ, «անկախ (երկրների) պաշտոնյաները և ականատեսները առնվազն 1000000, և հնարավոր է հայ բնակչության կեսից ավելին ստույգորեն հաշվվում են սպանված կամ մահվան գաղթի դատապարտված: Սա հիմնավորված է Միացյալ Նահանգների, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Օսմանյան կայսրության ժամանակակից դիվանագետների, ներառյալ դաշնակից Գերմանիայի արխիվներում գտնվող զեկույցներում»:
25. Միացյալ նահանգների Հոլոքոստի հիշատակման խորհուրդը, որը անկախ դաշնային գործակալություն է, 1981թ ապրիլի 30-ին միահամուռ կերպով հաստատում է, որ Միացյալ Նահանգների Հոլոքոստի թանգարանը ներառելու է նաև հայոց ցեղասպանությունը և այդպես էլ արվեց:
26. Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի հաստատած 1982թ խոտորված արտահայտության վերանայումը (ավելի ուշ չեղյալ հայտարարվեց), հաստատում էր, որ հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերը կասկած են հարուցում: 1993 թ Միացյալ Նահանգների Կոլումբիայի շրջանի Բողոքների դատարանը Միացյալ Նահանգների քաղաքականության արձանագրությանը պատկանող փաստաթղթերի վերանայումից հետո նշեց, որ հայոց ցեղասպանության կասկած հարուցող արձանագրությունը «հակազդում է Միացյալ Նահանգների վաղեմի քաղաքականությանը և ի վերջո չեղյալ հայտարարվեց»:
27. 1996թ հունիսի 5-ին Ներկայացուցիչների պալատը լրացում մտցրեց Պալատի 3540 օրինագծում` (արտաքին գործողություններ, արտահանման ֆինանսավորում, գումարհատկացման առընթեր ծրագրերի ակտ, 1997), որպեսզի նվազեցնի Թուրքիային հատկացվելիք 3000000 դոլարի օգնությունը, (այն Միացյալ նահանգների լոբբիստական ծախսերի նախահաշիվն էր), մինչև թուրքական կառավարությունը ճանաչի հայոց ցեղասպանությունը և քայլեր ձեռնարկի հարգելու զոհերի հիշատակը:
28. Նախագահ Վիլյամ Ջեֆերսոն Քլինթընը 1998թ ապրիլի 24-ին նշեց, «Այս տարի, ինչպես անցյալում, մենք միանում ենք ամերիկահայերին` հիշատակելու համար այս դարի պատմության ամենատխուր իրադարձությունը, Օսմանյան կայսրությունում մեկ ու կես միլիոն հայերի բռնի տեղահանություններն ու ջարդերը 1915-1923թթ. ընթացքում»:
29. Նախագահ Ջորջ Բուշը 2004թ ապրիլի 24-ին նշեց, «Այս օրը մենք հիշում ենք 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկը` ավելի քան 1500000 հայերի բնաջնջումը Օսմանյան կայսրությունում` բռնագաղթի և սպանությունների միջոցով»:
30. Չնայած հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հաստատմանը, տեղական և օտարերկրյա իշխանությունների անկարողությունը պատժելու հայոց ցեղասպանության պատասխանատուներին, պատճառ հանդիսացավ համանման ցեղասպանությունների իրագործման, նաև ապագայում դրանց կրկնման համար, հետևաբար նման արդար բանաձևը կօգնի կանխարգելել ապագա ցեղասպանությունները:
Մաս 3 ՀՌՉԱԿԱԳՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ներկայացուցիչների պալատը
1. Կոչ է անում նախագահին հավաստելու, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը արտացոլի համապատասխան ըմբռնում և զգայունություն այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին և ապացուցված ցեղասպանություններին, որոնց թվում է հայոց ցեղասպանությունը, գիտակցի այս արդար բանաձևի ձախողման հետևանքները և,
2. Կոչ է անում նախագահին իր ապրիլի 24-ի նախագահական ամենամյա ուղերձում հիշատակել հայոց ցեղասպանությունը` ճշգրտորեն բնութագրելով 1500000 հայերի սիստեմատիկ և կանխամտածված բնաջնջումը` որպես ցեղասպանություն` վերականգնելով Միացյալ Նահանգների միջամտության պատվաբեր պատմությունն ընդդեմ Հայոց ցեղասպանության:
Ոչ պաշտոնական թարգմանություն
Աղբյուր. genocide-museum.am
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!