Քարուքանդ հույսեր
Ժողովուրդը հույսը կտրել էր, որ մայիսի 12-ից հետո ինչ որ մի փոփոխություն կլինի սովորական հայ մարդու կյանքում: Ու ճիշտ էլ արել էր: Փոփոխություն, իհարկե, եղավ: Այն եղավ, որ միջազգային դիտորդները հանկարծակի “կուրացան“: Ու իշխանությունը դրանից ցնծումների մեջ է, ցնցվում է հաճույքից: Երեվի մեր գիտունները տեղյակ չեն, որ հենց այնպես ոչ մի բան չի եղել: Դա դեռ հարց է՝ չեն տեսե՞լ, թե՞ համաձայնվել են լռել, փոխարենը ստանալով կոնկրետ երաշխիքներ որոշ խնդիրների հետ կապված: Հավատացած եմ, որ եթե եվրոպացիք իրենց չտեսնելու տեղ են դրել, ապա ավելի վատ Հայաստանի համար: Առաջ գոնե երեսով էին տալիս, թե՝ դուք ընտրություն անել չգիտեք: Հիմա իրենք էլ են հույսները կտրել ու իրավացիորեն մատածում են՝ դուք, Ձեր երկիրը, գնացեք, ինչ ուզում եք արեք: Ուզում եք իրար կերեք: Ուզում եք երկիրը ՏԵՑ-ի կռուգ սարքեք, կամ էլ ով Ձեր միտինգներին հանդգնի չներկայանալ, լուսամուտից ցած նետեք: Մեր կառավարությունն ու երեսփոխանները իրենց դրել էին ջայլամի տեղ, ու Եվրոպայից իրենց սկսեցին գովել, թե՝ էս ինչ սիրուն թռչուն եք:
Գուցե շատ եմ խորանում ու իրավիճակն այնքան էլ գորշ չի, որքան ինձ է թվում: Լավ, ասենք թե մտափոխված ու ուրախ-զվարթ իջնում եմ փողոց: Եվ ի՞նչ եմ տեսնում՝ հոգնած, հուսահատված ու ընկճված դեմքեր: Նույնիսկ ջահելներն են մռայլվել: Ո՞նց չմռայլվեն, եթե շուրջբոլորն անարդարություն է տիրում: Հայն իրեն ոտնահարված է զգում՝ երկաթուղայինով տուն բարձրանալիս պատերին ու ցուցանակներին տեսնելով ճարպոտ քմծիծաղող դեմքեր, ովքեր այսօր իրենց դրել են Ռասպուտինի տեղը ու փրկություն են քարոզում: Երկիրն ուզում է իրենցից փրկվել, իրենք են որոշել դառնալ փրկիչներ:
Մայիսի 12-ից հետո 2 ծանոթ ընտանիք վերջնականապես որոշել է լքել Հայաստանը: Հարցնում եմ՝ չէ՞ որ այս անգամ ավելի վատ չէր, քան նախորդ ընտրությունները: Պատասխանում են՝ համոզվեցինք, որ առաջիկա 10 տարում Հայաստանը շարունակվելու է բզկտվել տարբեր ախորժակի տեր բորենիներով, դրա համար ենք հեռանում: Ասում են՝ օտարության մեջ մեզ ավելի ապահով եվ կայուն կզգանք, քան մեր հայրենիքում: Իսկ դժվարության դեպքում կունենանք պատասխան՝ սա մեր երկիրը չէ, այնպես որ հարմարվի:
Ես էլ եմ հուսահատվել: Երեվի թե վերջնականապես: Ու չեմ պատկերացնում, թե ինչ պետք է լինի, որ դարձյալ լցվեմ հույսով: Հույսով՝ մեր ապագայի ու արդարության հանդեպ: Հույսով, որ ոնց որ մենք ենք մեր պապերին մեղադրում 20րդ դարի սկզբին հայ ազգի կոտարածը չկանխազգալու եվ կանխելու համար, այնպես էլ մեր երեխաները մեզ չեն մեղադրի 21րդ դարի սկզբի Հայաստանը միջնադարյան սուլթանություն դարձնելու համար: