Just a little update on f5blog.com ՊՈԵՄՆԵՐ ԵՎ ԲԱԼԼԱԴՆԵՐ
Փետ 27

Alik'-ի ավատարը

Ես անիծում եմ իմ նախահորը,
Որ կերավ դրախտի անպետք խնձորը,
Ես այդ խնձորի համն էլ չեմ տեսել,
Բայց քիչ դժբախտ չեմ, քան այն ուտողը…

***

Վարդի մոտ բուսած փուշը ինքնագոհ
Կարծում է իրեն նրան համախոհ.
Մարդու հետ ապրող գոռոզ տմարդը
Կարծում է նույնն է իրենց արմատը…

***

Ես ուզում եմ սերը երգել,
Շա՜տ եմ ուզում կյանքը երգել…
Ուզում`թքել վատի վրա
Ու աշխարհի լավը երգել:

***

Ոտքերն կեղտոտ գահավորը
Ազգի գլխին փորձանք է,
Ձեռքն արյունած թագավորը
Ազգին տխուր դաջվածք է…

***

Շոգ է գլխումս, տոթ է ու տապ է,
Քամի փնտրելը խիստ հրատապ է,
Ոտքերս կապ է, կապ կա ձեռքերիս,
Փախած մի զով է հեռվից ձայն տալիս…

***

Իմ վերքին կույր աչքեր են պետք,
Որ ցույց տամ հանկարծ չլացի,
Իմ դարդին խուլ ականջ է պետք,
Որ պատմեմ` աչքը չթացի…

***

Գառը գայլին դարդը պատմեց,
Գայլը գառին խորհուրդ տվեց.
«Լաց ու կոծով չես նորոգի,
Արցունքներով չես ոռոգի:»…

***

Ճանճը սարդոստայնում սարդին ձայն է տալիս .
«Խնամի ջան բարև, մի տես ով է գալիս...»,
«Զբաղված եմ խնամի, էսօր մի արի,
Վաղը ինքս կգամ ու կտամ քեզ բարի...»

***

Շունը հաչի է տալիս, կատուն՝ մլավում,
Խոզը խռի է տալիս, հավը՝ կչկչում…
Ամեն մեկը լավ գիտի իր գործ ու անուն,
Մարդու տղեն չգիտի թե ի՞նչ է անում…

***

Եզը երդիկից պիտի դուրս ելներ,
Գողը տանից է, որ պետք է լիներ,
Բայց ոչ եզը կա ու ոչ էլ գողը,
Այսպես է դատում մեր «մտածողը»…

***

Աշխարհը մասնիկի մեջ է,
Մասնիկը աշխարհից էլ մեծ է…
Դե ասա հիմա տխմարին,
Որ Մարդը կյանքից էլ մեծ է…

***

Սխալմամբ եթե մի բուռ սև ցանես,
Հար սպիտակին սևատակ կանես.
Մի փոքր անգամ տմարդությունը
Կարող է ծածկել ողջ մարդկությունը…

***

Ամեն ցավ սրտիդ դու մոտիկ մի առ,
Ցավերը շատ են, իսկ սիրտդ մեկ հատ,
Ուրիշի ցավով դու քիչ տապակվիր,
Մի լեզու ունես, քո վերքը լիզիր…

***

Ճնճուղն օձին երբ տեսնում է
Կորցրած ձուն է հիշում.
Օձը միշտ էլ զարմանում է.
«Ետ եմ տվել ես քո ձուն...»

***

Առնետները ժողով արին,
Ժողովն պիտի «ջոջ» ընտրեր.
Ընտրվելու չափանիշը`
Երկար պոչ, երկար բեղեր…

***

«Խոպանչու» կնգան ասին.
«Մարդդ տվեց սիրածին»,
«Սիրածն ես եմ, այ կնանիք,
Թող կնիկը մտածի...»

***

Ուզո՞ւմ ես տեսնել մարդուս աշխարհը՝
Մտցրու նրան ոսկու կարասը,
Ուզո՞ւմ հասկանալ նրա երազը`
Վերցրու ձեռքից վերջին փալասը…

***

Քարի տակ պահվող ժանտ ու չար օձը
Կրկնում է իր թռչելու փորձը.
Մարդ-տգիտության գոռոզ համբակը
Վայելում է իր «փառքի պսակը»…

***

Գիտունն անգետի ճամփեն է հարթում,
Նրա համար է անդադար ճգնում,
Փշե պսակը իր գլխին առած
Դափնիներով է նրան զարդարում…

***

Պատմությունը խեղկատակ է,
Ժամանակը խայտառակ է,
Չարի ծամը հերարձակ է,
Մարդու տղեն սանձարցակ է…

***

Քո սև աչքերը ծոցս եմ պահել,
Ոչ մի օտար աչք նրանց չի տեսել,
Քո լույս երեսը սրտիս պահ տվել`
Ոչ մի օտարի այն ցուց չեմ տվել…

***

Ծամերը հյուսել է, երեսը զարթել է,
Իմ աչքի ճամփեն էլի զավթել է,
Ցնորքը մոտն է, անուրջը հետն է
Իմ կարոտ հոգին նորից թացել է…

***

Սարերի գլխին դեռ ձյուն կա
Քամին սառույց է փչում,
Գլխումս՝ վառվող կրակներ,
Բերանս հուր է փնչում…

***

Դժվար է լինել անպետք մի անբան,
Կամ լինել ոչինչ, լինել ոչ մի բան,
Կուզեի լինել գոնե մոմի լույս,
Մի քանի վարկյան ինչ որ մեկի հույս…

***

Դաժան է կյանքը, մարդը` առավել,
Ու չկա ոչինչ նրանից ավել,
Նույնիսկ չարք կոչված «անմեղ» սատանան
Վերը նշվածից մնում է զարման…

***

Խոնավ ուղեղս արդեն բորոտ է,
Վաղուց արևի, քամու կարոտ է,
Շուրջս մեծ ստի ահեղ որոտ է,
Եթերը նույնիսկ կարծես մրոտ է…

***

Մեղքը շատ հին է ու արմատացած,
Ամենուր նա է մեր դեմ ծառացած,
Դիմավորում մեզ, ճամփու է դնում
Ինքը մնում է է՛լ ջահելացած…

***

Ոչ մի մարդու էլ չպիտի հարգել
Եթե սրով է նա քո տուն մտել.
Ու ոչ մի օրենք չպիտի գործի,
Եթե այն ներսից քեզ պիտի կրծի…

***

«Բռունցքը» հպարտ է ման գալիս
Իր արժեքը բարձրացավ,
Էլ ի՞նչ էր պետք երազողին
«Գլխագին» էլ ունեցավ…

***

Դատավորը շատ լավ գիտի
Համ օրենքը, համ տառը,
Գիտի նաև՝ ի՞նչ է ուզում
Իր հագի մութ աստառը…

***

Ճիշտը թլոշ է, ճարտար չի խոսում,
Մ՛ի լսիր երբ որ ճկուն է լեզուն,
Ճիշտն ամբիոն չունի, մի՛ նայիր իզուր,
Նա հենց քո մեջ է, փնտրիր քո ներսում…

***

Ուրախ ու մեծ հարսանիքում
«Սուրբ» է այսօր մեր թամադեն.
Կարելի է… համաձայն եմ,
Բայց յոթ տարի՞ ու յոթ գիշե՞ր…

***

Գայլն է ջրել էն սարը,
Գայլն է տնկել անտառը,
Թողեք մտնի արոտը
Առնի գառան կարոտը…

***

Հաղթանակն է տոնում հիմա «հոյ ու զոռը»,
Արտասվում է մենակ թաքուն խեղճ անզորը,
Սուգը որպես սուգ չի տանում էս սգվորը,
Սպառնում նրան «վանքի կայազորը»…

***

Թե կյանքը քեզ չի հասցրել դեռ դրան
Դա շատ ուրախ, երևելի մի փաստ է,
Իսկ թե մի օր հանդիպեցրեց դեմ-դռան
Օրենք հիշելն այստեղ արդեն անիմաստ է…

***

Ստի մասին իմ կարծիքը
Չեմ թաքցրել ես երբեք,
Խելացի է, գեղեցիկ է…
Այն`ինչ մարդուն է հենց պետք…

***

Թոկից փախած գահակալը
Արձակեց իր դնչակալը,
Զգույշ կացեք. խելոք մարդիկ,
Դա չգիտի հեչ ձեր հալը…

***

Բռնաբարված է օդը,
Երկինքը կապն է կտրել,
Բերել է քամին բոթը
Մարդը շիվար է կտրել…

***

Ասում են թե վատատես եմ,
Չեմ նկատում մեր լավը,
Լրիվ զուրկ եմ բերնի համից
Չեմ հավանում փլավը…

***

Շատ մեծ հանցանք էր այդ խեղճը գործել,
Սովածությունից ձու էր գողացել,
Հետևելով հին, էն ճիշտ ասույթին
Դատեցին ինչպես ձի գողացողին…

***

Նայում են ինձ ու տեսնում են ուրիշի,
Ուրիշ պահանջ, ուրիշ է նրանց ուզածը…
Նայում եմ ինձ և չեմ տեսնում ուրիշին
Զարմանում եմ. «ի՞նչ է սրանց ուզածը»…

***

Ստի այս ահեղ հորձանուտի մեջ
Կեղտոտ է արդեն մեր խիղճն ու հոգին…
Եվ ճշմարտության ուրվականն անգամ
Դառնում է ոմանց սարսափ անմեկին…

***

Ախ այսպես էլ անիմաստ կյանք…
Ժամի համար մուծենք փրկանք,
Օրվա մեջ էլ միայն զրկանք,
Կանցնի տարին, մեկ էլ՝ չկանք…

***

Ոտքի տեղ գլուխ, գլխի տեղ ոտք է,
Ոնց դասավորենք, էլի անպետք է,
Տան տեղը գոմ է, գոմի տեղը տուն
Ներսում ապրողը՝ ասուն անասուն…

***

Ճառել է պետք՝ խոսք չունեմ,
Փայլել է պետք՝ բոց չունեմ,
Սիրտս լի է արցունքով,
Դրանք թափելու տեղ չունեմ…

***

Ցավը լալիս է, ցավը ճչում է,
Խեղճը շարունակ անվերջ տնքում է,
Արցունք չմնաց անհատակ ծովում,
Բայց ցավը էլի, էլի ձգվում է…

***

Ո՞ւր է թռչում ժամանակը,
Ո՞ւր է անվերջ շտապում…
Ինչպե՞ս անենք, որ նրա հետ
Լինենք միշտ նույն կանգառում…

***

Կյանքը երկու երես ունի,
Մեկը մյուսի հետ, ախ, հեչ չունի,
Մեկի լավը, մեկի բարին, ուրախը,
Էն մյուսին` գայլը մտավ փարախը…



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org