Արմենչիկ-Տիմաթի 10:0
A1+ում հետաքրքիր մի հոդված տեսա: Ինձ ավելի շատ հետքաքրեց ոչ թե այն, որ համերգասրահը Տիմատիի, Նաստյա Կամենսկիի եւ Պոտապի համերգի ընթացքում եղել է կիսադատարկ, այլ այդ համերգի կազմակերպիչ «Արտաս» ՍՊԸ-ի տնօրեն Սոնա Տանանյանի վերլուծությունը.
Անհարմար չի՞: Այդ կարգի աստղերը, որ գալիս են, տեսնեն 50-60 տոկոսը լցված չի, բեմ չեն բարձրանում, ինչը կարող է մեր բիզնեսին ազդել, որովհետեւ մենք այդքան գումարներ ենք վճարել…
Կամ, ավելի գրգռիչ այս խոսքը
… Բայց չվաճառվեց [խոսքը համերգի տոմսերի մասին է], որովհետեւ ազգի մակարդակը բավականին իջած է. ավելի շատ կգնա Արմենչիկ կլսի, քան կգա Տիմատի եւ Նաստյա Կամենսկի ու Պոտապ
Բիզնեսում տուժված Սոնան բողոքում է ազգի մակարդակից, մոռանալով, որ իր «Տանանյան» ազգանունը, ի տարբերություն Դ’արտանյան-ի, կամա թե ակամա, ուզի թե չուզի, դարձնում է անմակարդակ ազգի ներկայացուցիչներից մեկը: Կարիք կա երեւի հիշեցնելու, որ անմակարդակ է այն ազգը, որը կազմված է անմակարդակ քաղաքացիներից, որոնցից մեկն էլ, իմ համոզմամբ, նույն Սոնան է:
Այդ ինչպե՞ս եղավ, որ Տիմատին, Նաստյա Կամենսկին ու Պոտապը դարձան աստեր ու մակարդակի տեր երգիչներ, իսկ Արմենչիկ սիրող ազգը՝ անմակարդակ: Միգուցե, մինչեւ մակարդակների վերաբերյալ քննարկումներն ազգի մակարդակ հասցնելու փոխարեն մի պահ խորհեինք, թե ինչքան մակարդակով է եղել «Արտաս» ՍՊԸ-ի բիզնես-կանխատեսումները: Ու, գիտեն իրենք արդյոք, որ բիզնեսը միայն «աստղերին» բերելը չէ ու հեռուստաեթերով էլ ուղեղներս սղոցելը, կամ էլ՝ սկզբից 1 դնելը ու հետո 10-ի ակնկալիք ունենալը: Բիզնեսը նախ եւ առաջ կանխատեսում է ու հաշվարկ: Կանխատեսում՝ ոչ թե սուրճի դատարկված բաժակի պատերը «պեղելը», այլ հանրային կարծիքների վրա հիմնված: «Արտաս» ՍՊԸ-ի տնօրենը փորձե՞լ էր արդյոք մի հատ հետազոտել երիտասարդների կարծիքները ու մոտեցումները տիմատիների, կամենսկիների ու պոտապների վերաբերյալ, նախասիրություններն՝ ընդհանուր առմամբ: Թե՞, իրեն թվում էր, թե մի քանի անգամ ուղեղներս թիվի-ով խզարելուց, բոլորս կդառնանք այս աստղային երրորդության երկրպագուները: Ու, ի վերջո, պատրա՞ստ է արդյոք այսօրվա երիտասարդը (ումից վերջերս կրթաթոշակն էլ խլեցին) վճարել 3000-20000 դրամ՝ գնալու համալիր ու «տռճիկ» տալու… Սա է մակարդակը, եւ ոչ թե Արմենչիկ լսելը:
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…