Մի տնից չենք, բայց մի հալի ենք... Անկապ աժիոտաժ՝ համաներման հարցի շուրջ
Հուն 11

Օրերս հայտնի դարձավ Հայաստանի Հանրապետությանը ռուսական կես միլիարդանոց վարկի հաստատման, ինչպես նաև այդ ռեսուրսների ծախսման պլանի մասին: Մասամբ հայտնի են նաև վարկի տրամադրման պայմաները՝ մարման ժամկետը 15 տարի, տոկոսադրույքը՝ Libor (Լոնդոնի միջբանկային տոկոսադրույք) գումարած 3 տոկոս տարեկան: Չեն նշվում մարման ինտերվալները (եռամսյակային, տարեկան), ինչպես նաև, թե ի՞նչ ժամկետի սահմաններում է Լիբորը ֆիքսված (երեք ամիս, կես տարի, մեկ տարի): Սակայն իմանալով մեր կառավարության անկարողությունը, հատկապես ռուսների հետ տնտեսական բանակցություններում, գրեթե վստահ եմ, որ պարտադրվել են ամենաանբարենպաստ պայմանները (թեև արդար լինելու համար պետք է նաև նշել, որ Լիբորը այս պահի ամենահարմար տոկոսադրույքն է. Լիբոր`0,79, Եուրիբոր` 1,26):

Այնուամենայնիվ ցանկանում եմ անդրադառնալ ոչ թե վարկի մանրամասներին, այլ այդ և բազմաթիվ այլ պետական պարտքերի մարման մանրամասներին:

Երեկ Լրագրում կարդացի հետևյալ տեղեկատվությունը. «Հայաստանի արտաքին պարտքը 2008թ. վերջին կազմել է 1,577 միլիարդ դոլար: Այս տվյալը հրապարակել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը»:

Մոտ ապագայում այս գումարին կավելանա արդեն նշված կես միլիարդը, ու կունենանք մի կլորիկ գումար՝ իր տոկոսներով:

Դժվար չէ հաշվել, որ եթե 15 տարի հետո այդ ամենը պիտի մարված լինի, ու մարումները պիտի կատարվեն տարեկան չափաբաժիններով, ապա ևս մոտ մեկ միլիարդ պիտի վերադարձվի տոկոսների տեսքով: Դե դա պարզ է՝ «վայելել ենք»` պիտի վճարենք: Սակայն ի՞նչ ենք կարողացել զարգացնել այս պարտքը կուտակելով, և ինչպե՞ս ենք վերադարձնելու այն:

Տնտեսագիտական նվազագույն գիտելիք ունեցող ցանկացած ոք կարող է հաստատել, որ պարտք վերադարձնելու համար պիտի առաջին հերթին բավարարես քո անձնական կարիքները, հետո ավելացածով մարես պարտքը: Անձնական կարիքների բավարարման համար պիտի արտադրես անհրաժեշտ ապրանքները, որպեսզի դրանք ավելի անբարենպաստ պայմաններով չգնես ուրիշներից: Երբ անձնական պահանջները բավարարված են, պետք է արտադրես ավելցուկ, որով կմարես պարտքը: Այսօր ՀՀ ներմուծումը` անբարենպաստ պայմաններով անձնական կարիքների ապրանքները ուրիշներից գնելը, արտահանմանը գերազանցում է 5,5 անգամ:

Սույն թիվը ինքս չեմ հորինել, այլ կարդացել եմ հենց նույն հոդվածում. հղումը կատարված է հայտնի տնտեսագետ Աբել Աղանբեգյանին: Նա նաև նշել է. «Հայաստանի պարտքերն աճում են աղետալի չափերով, եւ պետք է մտածել տեղական արտադրության աճի հաշվին մթերքի ներմուծումը կրճատելու մասին, ասել է ակադեմիկոսը: Պետք է պաշտպանել սեփական տնտեսությունը»-, ասել է նա:

Ինչու՞ եմ առանձնացրել մթերք բառը: Քանի որ անձնական կարիքները անվադողերով ու համակարգչային ծրագրերով, բանկային ծառայություններով ու կապիտալ շինարարությամբ բավարարել հնարավոր չէ. այդ կարիքները նվազագույնն են՝ մատչելի որակյալ սնունդ:

Եթե հայաստանահայությունը և նրա ղեկավարությունը չգիտակցի սեփական մթերային անվտանգության կարևորության աստիճանը, ապա շատ մոտ ապագայում այն կբերի ավելի ու ավելի մեծ արտաքին պարտքերի: Իսկ այդ պարտքերի մարումը կձգվի տարիներ՝ աստիճանաբար ծանրանալով մեր երեխաների վրա:



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org