Հայաստանյան քաղաքական կյանքը վերջերս այնքան էլ աշխույժ չէ, ու մեր բլոգը ինչ-որ չափով շեղվել է քաղաքական թեմաներից: Այս հունը համաչափ պահելու համար բացում եմ հետևյալ թեման՝ խնդրելով բոլորիս, այդ թվում նաև ինձ, հնարավորինս հեռու մնալ քաղաքական մեկնաբանություններից (առայժմ, որպես սկիզբ) ու գնահատել «չոր, թվային» փաստեր:
Մտքովս անցած թեման երկրի տնտեսությունն է, ավելի ճիշտ՝ փակ տնտեսական համակարգի (ինչպես դա անվանում են մակրոտնտեսության առաջավոր հեղինակները) զարգացման հեռանկարները:
Ինչու եմ այս թեման ընտրել. ելնելով մեր Հայաստանի վերջին տարիների արտաքին քաղաքական վայրիվերումներից, ենթադրում եմ, որ Հայաստանը դեռևս երկար ժամանակ կմնա որպես հարաբերականորեն փակ տնտեսական համակարգ, նույնիսկ որոշ սահմանների բացման դեպքում (բաց սահման դեռևս չի նշանակում բաց շուկա):
Կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին. գրե՛ք ձեր կարծիքները՝ ի՞նչ է հարկավոր փակ տնտեսական համակարգին՝ զարգացում ապահովելու համար:
Գրեք ձեր պատկերացմամբ առաջին քայլերից, անկախ նրանից, ի՞նչ քաղաքական համակարգ է, ի՞նչ դրամային համակարգ է, ելնելով մի քանի «ելման կետերից»,– առկա է իքս քանակի բնակչություն, առկա է իքս տարածքով հող, առկա է ցանկություն՝ ապրել նաև վաղը, ու մյուս շաբաթ, ու ապրել մի քիչ ավելի լավ, քան այսօր: Նորից եմ խնդրում՝ գրեք միայն տնտեսական բաղադրիչի մասին:
Ես ինքս (ու անկեղծորեն նշեմ, ոչ միայն ես) իմ հոր գրած հոդվածներից համոզվել եմ, որ նա իր վերջին տարիների վերլուծություններում գտել է մի շարք զարգացած երկրների տնտեսական հաջողությունների հիմնաքարերից մեկը, միգուցե ամենակարևորը: Հիմա այս հոդվածի մեկնաբանություններով կուզեի պարզել նաև առնվազն մի տասնյակ խելամիտ հայերի տեսակետները, ու գտնել նրանց ընդհանուր մի սեգմենտ, գուցե ընդհամենը կետ, որը բոլորիս մտքում հանդիսանում է տնտեսական զարգացման ամենաճիշտ սկզբնակետը:
Խնդրում եմ մոտենալ լրջորեն, ու լինել ակտիվ: