Այսօր մասնակցեցի ՀԱԿ-ի նախաձեռնած միտինգին: Անկեղծ ասած՝ մի քիչ թերահավատությամբ: Երեւի հասկացել էիք իմ նախորրդ գրառումներից: Սակայն, գնացի ու չեմ փոշմանել իմ մասնակցության համար: Տեսա մարդկանց, շփվեցի նրանց հետ, լսեցի Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, եկա տուն, մի անգամ էլ Ա1-ում ընթերցեցի ուշադրությամբ (համ էլ իմ կանգնած տեղում՝ պոնչիկանոցի մոտ, մեկ մեկ հռետորի ձայնը խլացնում էին մեքենաների ձայնը), եւ ստացա իմ մեջ հասունացած տարբեր հարցերի պատասխանները: Ուրախությամբ պետք է նշեմ, որ դա միայն իմ հարցերի պատասխանը չէր, այլ՝ մեր քաղաքացիներից շատերի:
Նախ՝ միանում եմ մարտի 1-2-ի բոլոր զոհերի հիշատակի խոսքերին: Նրանք զոհվեցին, սակայն այդ զոհը կարող էի լինել ես, իմ ընտանիքի անդամները, իմ ընկերները, նրանց ընտանիքի անդամները: Ժոժոբայի հետ մարտի 1-2-ին մի քանի անգամ եղել ենք Մյասնիկյանի հրապարակում, տեսել ինչպես մարդկանց ոգեւորությունը, այնպես էլ խուճապը:
Իսկ հիմա՝ իմ մի քանի մեկնաբանությունները՝ այսօրվա ելույթի վերաբերյալ:
Նախ, այս անգամ, ի տարբերություն մյուս միտինգների, ես հանդիպեցի տեսակարար կշիռ ներկայացնող երիտասարդների՝ թվաքանակով եւ «դուխով»: Շատ քիչ էին ուղղակի, սենց, կողքից մասնակցողները: Ինչ խոսք, քաղաքացիական հագուստով ոստիկաններ ու անվտանգության աշխատակիցներ էր կային, որը զարմանալի չէ:
Ինչ վերաբերվում է բուն ելույթին, ապա ես ինձ համար կարող եմ առանձնացնել հետեւյալ մտքերը.
• իշխանությունների ամպագորգոռ ու իբր թե կայունացնող խոսքերը ու որոշ մանր-մունր քայլերը շուտով հօդս են ցնդելու օրեցօր սաստկացող սոցիալ-տնտեսական ճգնաժամի դիմաց
• նույնքան սին են այն կարծիքները, թե շարժումը հապաղում է կամ արդեն իսկ կորցրել է իշխանափոխության պատմական պահը
• հասարակությունը դեռ պատրաստ չէ հրաժարվելու առկա իշխանություններից, ուստի եւ ՀԱԿ-ն էլ չի կարող ինքնակամ անպատասխանատու կերպով սրել իրավիճակը: Այլ կերպ ասած՝ պահանջարկը դեռ չի հասունացել, որ ՀԱԿ-ն էլ համարժեք առաջարկով հանդես գա:
• ՀԱԿ-ի անդամները կամ նրան հարող մարդիկ պետք է հասկանան, որ «մի ծաղկով գարուն չի գա», եւ որ, ինչպես Լեւոնը շատ պատկերավոր ասաց, կարեւորը ոտքի կանգնելը չէ, այլ ոտի վրա կանգնած մնալը
• ՀԱԿ-ը ոչ թե ձգտում է իրականացնել միանգամյա կտրուկ գործողություններ, այլ գործելու է է շարունակական երկարատեւ ու համբերատար շախմատային պարտիայի մեթոդաբանությամբ: Այս ճանապարհին շատերի նյարդերը տեղի են տալիս, շատերն անհամբեր ջղաձգվում են, սակայն իրականությունն այն է, որ իշխանափոխությունը պետք է կատարվի միայն ու միայն օրենքի սահմաններում:
Երեւի թե այսքանը: Սպասում եմ Ձեր խոսքին ու մեկնաբանություններին:
Հ.Գ. Այս գրառումը զետեղում եմ «Հասարակություն» բաժնում, քանի որ, իմ խորին համոզմամբ, ամեն ինչ կախված է հասարակությունից, այլ ոչ թե քաղաքականությունից:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!