Ապրիլի 9 ին, «քաղաքակիրթ» աշխարհի օրհնությամբ, Հայաստանում հաստատված ավազակապետական վարչախմբի մի պարագլխին փոխարինեց մեկ ուրիշը: Փոխարինեց զանգվածային ընտրակեղծիքների, աննախադեպ բռնությունների, քաղաքական հալածանքների եւ խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպված սահմռկեցուցիչ սպանդի միջոցով:
Արեւմուտքը բավարարվեց հայաստանյան իրադարձություններին վերաբերող արտաքուստ խիստ, բայց իրականում դատարկ ու անպատասխանատու հայտարարություններով, կամա թե ակամա նպաստելով հանցագործ իշխանությունների վերարտադրությանը:
Եւրոպական կազմակերպությունները, առաջնորդվելով քաղաքական նկատտառումներով եւ կրկնակի ստանդարտներով, բռնեցին ոչ թե ժողովրդավարության, ազատության եւ իրավական պետության գաղափարներով տոգորված Հայաստանի նոր քաղաքացիական հասարակության, այլ անօրինական վարչախմբի կողմը:
Առերեւույթ կայունության ապահովման շահագրգռությամբ, բայց ծածկաբար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերը թուլացնելու նպատակով, Արեւմուտքը նախընտրեց մեր երկրում ունենալ խոցելի լեգիտիմությամբ օժտված բռնապետություն, քան ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն:
Անկախ, սակայն, միջազգային հանրության այս վրդովեցուցիչ վերաբերմունքից, ակնհայտ է, որ հայ ժողովուրդը, հավատարիմ մնալով ազատության եւ ժողովրդավարության գաղափարներին, չի համակերպվել եւ երբեւէ չի համակերպվելու իր կամքի բռնի ոտնահարման նմանօրինակ փաստի հետ:
Պատահական չէ, որ նորընծա բռնազավթչի երդման արարողությունը տեղի ունեցավ մի կողմից՝ ոստիկանության եւ բանակի ստվարախումբ գումարտակների սվինների ներքո, մյուս կողմից՝ համաժողովրդական ցասման ու բողոքի զանգվածային միջոցառումների ուղեկցությամբ: Այդ միջոցառումների շարքում կարեւոր տեղ էր զբաղեցնում նաեւ բանտերում եւ ազատության մեջ գտնվող բազմաթիվ քաղաքական գործիչների ու ազատամարտիկների հայտարարած հացադուլը:
Գիտակցելով հանդերձ քաղաքական պայքարի այդ ծայրահեղ միջոցի կարեւորությունը եւ խորապես գնահատելով հացադուլավորների սխրանքը, ես այնուամենայնիվ կոչ եմ անում՝ այս պահից դադարեցնել հացադուլը: Ձեր առողջությունը, անկոտրում կամքը եւ վճռականությունը անհրաժեշտ են համաժողովրդական պայքարի հետագա հանգրվաններում ավելի արդյունավետ ներդրվելու համար:
Ապրիլի 9 ը ոչ թե վերջը, այլ սկիզբն է այդ սրբազան պայքարի, որի դրսեւորման քաղաքական եղանակներն առաջիկայում հասանելի կլինեն մեր հասարակությանը: Կասկած չունեմ, որ համաժողովրդական շարժման հարատեւությունը կստիպի նաեւ միջազգային հանրությանը՝ փոխելու իր վերաբերմունքը մեր պետության նկատմամբ:
10 ապրիլի, 2008 թ. Լեւոն Տեր Պետրոսյան
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ