Ապրիլի մեկ... Նիկոլ Փաշինյան. «Ձոն գարնանամուտի»
Ապր 02

imageԵրբևէ ձեզնից որևէ մեկի մտքով անցե՞լ է, որ Հայաստանի ներկայիս իրավիճակը նման է մի սովորական սոցիալական էքսպերիմենտի: Հավանաբար, ձեզնից շատերը տեսած կլինեն հոլիվուդյան այն ֆիլմերը, որի հերոսները մի դեպքում իրենց կամքով, իսկ մեկ այլ դեպքում՝ իրենց կամքից անկախ, դառնում են սոցիալական փորձարկումների թիրախ: Հաճախ այդ հերոսները հայտնվում են մի այնպիսի իրավիճակում, որտեղից ելք չկա` կղզի, բանտ կամ զմռսված դռներով տուն: Եվ մի դեպքում գիտնականների մի խումբ կամ «մի չարագործ» սկսում են «խաղեր խաղալ» ֆիլմի հերոսների հետ` նրանց ենթարկելով տարբեր փորձությունների և հետևելով այդ փորձությունների կողմից դրդված վարքագծային փոփոխություններին:

Իսկ այժմ, գալով հայկական իրականությանը, եկեք պարզենք, թե ի՞նչ էքսպերիմենտի ենք ենթարկվում մենք: Առաջին իսկ հայացքից Հայաստանը «աստծու կողմից մոռացված» մի փոքրիկ ասիական երկիր է հիշեցնում, որը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանվածության առումով շատ քիչ է տարբերվում, օրինակ, Իրանից, Սիրիայից, կամ էլ Ուզբեկստանից: Բայց արի ու տես, որ աշխարհի վերաբերմունքը մեզ այդ հարցերում այդքան էլ նման չէ նրանց` վերոնշյալ երկրների նկատմամբ ունեցած վերաբերմունքին:

Եթե դիտարկենք Արևմուտքի վերաբերմունքը մեզ, ապա այն կարծես թե նմանվում է ժողովրդավարական բարեփոխումների մեջ գտնվող երկրների նկատմամբ ունեցած վերաբերմունքին, ինչպիսին էին, օրինակ, նախկին սոցիալիստական ճամբարի երկրները 90-ականների սկզբներին: Այդպիսի վերաբերմունքի բաղադրիչներից է լայնածավալ ֆինանսական օգնությունը, որը մասամբ անհատույց և մասամբ էլ վարկերի տեսքով տրվում է Հայաստանին: Այդ միջոցները ուղղվում են հիմնականում, այսպես կոչված, ենթակառուցվածքների զարգացմանը և ժողովրդավարական ինստիտուտների կայացման ծրագրերին: Եթե օրինակներով խոսենք, ապա նման ծրագրերից են եղել ՀՀ անշարժ գույքի կադաստրի ստեղծման ծրագիրը, որը ֆինանսավորվել է ԱՄՆ կառավարության կողմից, ինչպես նաև Երևան քաղաքի ջրամատակարարման բարելավման ծրագիրը, որը ֆինանսավորվել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներից:

Հիմա մի պահ «աբստրակտվենք» ու հիշենք կոռուպցիայի վերաբերյալ անցկացված մի հարցախույզ, որը փորձել էր պարզել, թե որոնք են հայկական ամենակոռումպացված կառույցները: Ի զարմանս երևի թե ԱՄՆ կառավարության, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն եղել է ամենակոռումպացված պետական կառույցների ցանկի առաջատար դիրքերում: Հիմա եկեք մենք մեզ հարց տանք, թե՝ արդյո՞ք ԱՄՆ կառավարությունը այդ նպատակն էր հետապնդում, երբ ֆինանսավորում էր այդ ծրագիրը: Ըստ բարձրաձայնվող տեսանկյունի, նրանց նպատակը տրամագծորեն հակառակն էր, այսինքն՝ ստեղծել մի կառույց, որը կկանոնակարգեր անշարժ գույքի գործարքները, որի շնորհիվ էլ կնվազեին կոռուպցիոն ռիսկերը: Բայց արի ու տես, որ ճիշտ է` դաշտը ավելի կանոնակարգված է, սակայն կոռուպցիան այդ ոլորտում նվազելու փոխարեն աճում է: Փաստորեն, այս պարագայում ԱՄՆ-ի լռելը կարող է նշանակել ընդամենը մեկ բան. որ նրանք գոհ են այդ արդյունքից: Եվ, հետևաբար, սա մեզ առիթ է տալիս մտածելու, որ վերոնշյալ ամերիկյան օժանդակությունն ընդամենը մի փորձարկո՛ւմ էր, էքսպերիմենտ, որն ուղղված էր կոնկրետ խնդիրներ ուսումնասիրելուն: Փորձ, որը բավականին թանկ արժեր, բայց միևնույն ժամանակ բավականին թանկարժեք տեղեկատվություն տրամադրեց ԱՄՆ-ին:

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ վերը բերված երկրորդ օրինակի դեպքում: Դրա մասին շատ է խոսվել. միլիոնավոր դոլարների յուրացումներ, ծրագրի նախնական նպատակների տապալում, բայց, միևնույն է, Համաշխարհային բանկը մեծ հաշվով լռում է: Ոչ ոք այս գործով չի՛ պատժվել մինչ օրս և յուրացված գումարները չե՛ն վերադարձվել: Կրկին առիթ ենք ունենում մտածելու ևս մեկ փորձարկման մասին` միայն մի տարբերությամբ. այս մեկը կատարվեց մեր պետության հաշվին, քանի որ սա վարկային ծրագիր էր:

Մեկ օրինակ էլ բերենք Եվրոպական ծրագրերից: Արդեն քանի տարի է Եվրոպական կառույցները, մասնավորապես ԵԱՀԿ-ն բավականին մեծ ջանքեր է թափում` ուղղված ՀՀ ընտրական օրենսգիրքը և ընդհանրապես ընտրական գործընթացները կատարելագործելուն: Թղթի մեջ մենք ունենք տարեց տարի ավելի ու ավելի «կանոնակարգված» ընտրական օրենսգիրք և գործընթացներ, բայց, միևնույն ժամանակ, իրականության մեջ` ավելի ու ավելի վատ և ոչ մի ստանդարտի չհամապատասխանող ընտրություններ: Ինչու՞ են այս պարագայում լռում Եվրոպացիները: Դեռ ավելին, ինչու՞ են նրանք ամեն անգամ նշում, թե այս ընտրությունները մեկ քայլ առաջ են նախորդից: Մի՞թե նրանք չգիտեն, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Ինչի՞ է այս պարագայում ուզում հասնել Եվրոպան: Եթե ոչ բարելավման, ապա՝ ինչի՞: Այստեղ մենք նորից հանդիպում ենք ևս մեկ էքսպերիմենտի, այլ կերպ սա անվանել հնարավոր չէ, երբ նրանք ջանքեր են թափում ինչ-որ բան փոխելու ուղղությամբ, այդ ջանքերը մեծամասամբ չեն հաջողվում, բայց նրանք «խաբում» են մեզ և փաստում, թե մեզ մոտ առաջընթաց կա այդ ոլորոտում: Սա կրկին մի փորձարկում է, որը նրանց բավականին հետաքրքիր հետևություննների առիթ է տալիս:

Մի փոքր էլ դիտարկենք Ռուսաստանի վերաբերմունքը: Նա մեզ ուղղակի տեսնում է իր «շատ փոքր եղբոր» դերում, որին այդքան էլ չի սիրում և սահմանափակվում է միայն նրան «օգտագործելով»: Այսինքն, նա հայտարարում է, որ մենք իրենց ռազամավարական գործընկերն ենք տարածաշրջանում, բայց անում է գրեթե ամեն ինչ, որպեսզի այդ գործընկերոջ գոյատևելու շանսերը օր օրի նվազեն: Դրա վառ օրինակն էին Վերին Լարսի ճանապարհի փակումը, բնական գազի գնի թանկացումը, Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երկաթգծի թողարկումը և Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը: Ռուսաստանը նույնպես փորձարկումներ է կատարում` պարզելու, թե ինչքա՞ն կարող են Հայաստանի նման երկրները դիմանալ տնտեսական ճգնաժամերին և շրջափակմանը:

Մեկ այլ վառ օրինակ էլ Ռուսաստանի կողմից Հայաստանում իրականացվող էքսպերիմենտներից որոշ ներքաղաքական գործընթացների հրահրումն է: Դրանցից կարելի է նշել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծումը, Ռոբերտ Քոչարյանի կողմից Սերժ Սարգսյանին որպես ՀՀ նախագահի իր համար նախընտրելի թեկնածուի աջակցությունը, ընդդիմադիր կուսակցությունների ու գոործիչների «առ ու ծախը», նախագահի կեղծ թեկնածուների առաջադրումը, և այլն:

Կարելի է նաև առանձնացնել «ներքին սոցիալական էքսպերիմենտներ», որոնք ծրագրվում և իրագործվում են Հայաստանի իշխանությունների կողմից (միգուցե՝ արտաքին աջակցությամբ): Երբևէ մտածե՞լ եք, թե ինչո՞ւ են որոշակի կենսական նշանակություն ապրանքների գները շատ հաճախակի բարձրանում, կամ, ինչո՞ւ է ԱՄՆ դոլարը վերջին 4 տարվա մեջ անընդհատ արժեզրկվում, կամ էլ, ինչո՞ւ են Երևանի 10 խոշորագույն փողոցները միանգամից քանդվում (և ոչ թե հերթով, որն, ըստ իս, ավելի տրամաբանական և արդյունավետ կլիներ): Իմ պատասխանը այս հարցերին մեկն է. այս ամենից որոշ անհատներ և կազմակերպություններ աստղաբաշխական շահույթներ են ստանում և միևնույն ժամանակ չափվում է հայ ժողովրդի դիմադրողականության մակարդակը: Որոշվում է մի կարևոր բան, թե, ի վերջո, որքա՞ն ենք մենք ընդունակ դիմանալու տարատեսակ տնտեսական և հոգեբանական ճնշումներին:

Հոդվածս կարող եք լուրջ չընդունել, ես պարզապես փորձել եմ համառոտ շարադրել այն, ինչ արդեն մոտ մեկ տարի է, որ մի փոքր այլ տեսանկյունից մտածում եմ Հայաստանում տեղի ունեցող երևույթների մասին` փորձելով կտրվել առօրյա թոհուբոհից:

Քաղաքացի-ի ստորագրությունը

Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու’ ես...

http://www.himaam.info



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org