Գեներալ-պատգամավորի անպատժելի որդին
Մարտի 13-ին Էջմիածնում դաժան ծեծի ու խոշտանգումների ենթարկվելուց հետո սպանվեց 23-ամյա Սեպուհ Կարապետյանը: Նրա «մեղքն» այն էր, որ «հանդգնել» էր պաշտպանել թաղի աղջկան` նրան անհանգստացնողից: Իսկ անհանգստացնողը գեներալ, ԱԺ պատգամավոր Սերյան Սարոյանի որդին էր` Զարզանդ Սարոյանը:
«Բացատրելու համար, որ իր հարեւանի աղջկան ցանկալի չեն Զարզանդի հետապնդումները, Սեպուհը, եղբայրն ու էլի մեկ հոգի գեներալի որդուն կանչել են պարզաբանման»,- պատմում է սպանված երիտասարդի բարեկամը (անունը, հասկանալի պատճառներով, չենք նշում): Ըստ նրա` պարզաբանումն ընթացել է ծեծ ու ջարդով, անգամ` սառը զենքի գործադրմամբ: Ինքնապաշտպանության նապատակով Սեպուհի ընկերներից մեկը կտրող գործիքով հարվածել եւ վնասվածք է հասցրել Զարզանդին` գեներալի որդուն: Իրավիճակն ավելի չթեժացնելու համար նրանք դիմել են փախուստի: Փաստի առթիվ Սեպուհ Կարապետյանի եղբոր նկատմամբ Էջմիածնի ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:
Միջադեպի մասին հեռախոսով տեղեկացվել է այդ օրը Մոսկվայում գտնվող գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը: Նա հեռախոսով տվել է գեներալական իր հրահանգը:
Գոտեպնդված Սարոյանի հրահանգից` կրտսեր Սարոյանը հոր թիկնազորի տղաների հետ սկսում է տակնուվրա անել քաղաքը` իր վրա ձեռք բարձրացնողներին հայտնաբերելու եւ հաշվեհարդար տեսնելու նպատակով: Կարապետյան եղբայրներից ձեռքն է ընկնում Սեպուհը` երկու ընկերների հետ: Իր ութ պաշտպանների հետ Զարզանդը երեք երիտասարդներին տանում է արյունոտ դաս տալու…
«Սեպուհի դիակը գտել են խոշտանգված ու բարբարոսաբար ծեծված: Կոշիկներն ու գուլպաները հանել էին ու բաց ոտքերին այնքան էին հարվածել, որ ծնկներից ներքեւ դրանք բամբակի պես փափկել էին: Ձեռքերը ծակել էին սուր գործիքով, ինչպես Հիսուսին` մեխերով: Իսկ գլխին ու պարանոցին ստացած վերքերին անհնար էր նայել. սիրտ էր պետք, որ դիմանար»,- ասում է սպանվածի բարեկամներից մեկը, ում անունը նույնպես չենք կարող նշել:
Համաձայն հարազատների` Սեպուհի երկու ընկերները նույնպես դաժան ծեծի են ենթարկվել: Դեպքից հետո նրանք թաքնված են. «Հաշվեհարդարից են վախենում»,- ասաց բարեկամներից մեկը:
23-ամյա երիտասարդի դիակը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել Երեւանում: «Որքան էլ փորձել էին դիակն այնպես մշակել, որ բռնության ու ծեծի հետքերը կոծկեին, չէր ստացվել. դրանք շատ ավելի խորն էին քողարկվելու համար»,- պատմում է հուղարկավորության մասնակիցներից մեկը: Վերջինիս փոխանցմամբ` Սեպուհի ազգականները, ի նշան բողոքի ու ընդդեմ անպատժելիության, որոշել էին հանգուցյալի մարմինը դնել Էջմիածնի հրապարակում: «Բայց ինչ-որ զանգ կանխեց այդ քայլը»,- ասաց հուղարկավորության մասնակիցը: Նա ցավով նշեց, որ սպանվածի ծնողները, միջնեկ տղային հողին հանձնելով, անհանգստացած են ավագ որդու ճակատագրով: Քանի որ այսօր նրան փնտրում են եւ ոստիկանները, եւ Զարզանդի թիմի անդամները, որոնք դեռեւս ազատության մեջ են:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ գեներալ Սարոյանի նույն որդին վրաերթի ենթարկեց 10-ամյա երկու տղաների, որոնցից մեկը մահացավ տեղում, իսկ մյուսը դարձավ հաշմանդամ: