Հայաստան 2020 Մենք «մեռյալ» կետում ենք
Մար 18

«Արտակարգ իրավիճակը պետք է չեղյալ հայտարարվի Հայաստանում, և անկախ, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննություն սկսվի՝ պարզաբանելու, թե ինչ է իսկապես տեղի ունեցել Երևանում մարտի 1-ին ոստիկանության և ընդդիմադիր ցուցարարների միջև առճակատման ընթացքում»-ասել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը Հայաստան կատարած եռօրյա այցից հետո։ Այս մասին հայտնեցին ԵԽ մամուլի բաժնից:

«Գրաքննությունը, որը ներմուծվել է արտակարգ իրավիճակի հետ միասին, նպաստել է բնակչության շրջանում կատարվածի շուրջ ասեկոսներին և անհանգստությանը այն ժամանակ, երբ վստահության վերականգնման միջոցառումների խթանման կարիք կար»,-ասել է Թոմաս Համմարբերգը։ Նա առաջարկել է, որ չեղյալ հայտարարվեն լրատվամիջոցների և խոսքի ազատության նկատմամբ առկա բոլոր սահմանափակումները։ Նրա համոզմամբ, անհրաժեշտություն կա պարզաբանել, թե ի՞նչ է կատարվել իրականում և ի՞նչն է հրահրել բռնության պոռթկումը։

Հանձնակատարը կարծիք է հայտնել, որ նման հետաքննության իրականացումը Հայաստանում դյուրին չի լինի ներկա բևեռացված միջավայրում։ «Միջազգային համայնքը պատրաստակամություն է հայտնել մասնակցություն կամ այլ օժանդակություն ցուցաբերել մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությանը՝ փորձառությանը, արհեստավարժությանը և արժանահավատությանը նպաստելու նպատակով»,-հիշեցրել է նա:

«Ցուցարարները, ովքեր բռնի գործողություններ են իրականացրել, պետք է պատասխանատվության կանչվեն, ինչպես պետք է պատասխանատվության կանչվեն ոստիկանները, ովքեր թույլատրելի մակարդակը գերազանցող ուժ են կիրառել։ Սակայն, ձերբակալություններ և հետապնդումներ չպետք է իրականացվեն մարդկանց նկատմամբ զուտ ցույցերին մասնակցելու կամ կառավարության դեմ ուղղված կարծիքներ արտահայտելու համար»,ասել է նա, կոչ անելով ազատ արձակել ձերբակալված 18 տարեկանից ցածր բոլոր երեխաներին այս կապակցությամբ։

«Պարզվում է, որ մեղադրող կողմը լայնորեն է մեկնաբանում Քրեական օրենսգրքի որոշ հոդվածներ՝ գործնականում արգելելով կառավարության դեմ ողջ ուժեղ քննադատությունը և քարոզչությունը։ Սա հակասում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիային»,-նշված է հանձնակատարի հայտարարության մեջ:

Հանձնակատար Համմարբերգը նաև շեշտել է ձերբակալվածների նկատմամբ ցանկացած անպատշաճ վերաբերմունքի դրսևորում կանխելու անհրաժեշտությունը։ «Մարտի 1-ին հաջորդել են դեպքեր, երբ ձերբակալվածներն իրենց ընտանիքների անդամների հետ կապվելու կամ փաստաբան ունենալու հետ կապված դժվարություններ են ունեցել։ Բացի այդ, նրանց ձերբակալման գրանցումը որոշ դեպքերում չի իրականացվել ներպետական օրենսդրությանը համապատասխան»,-արձանագրել է նա։

Հանձնակատարը նաև տեղեկացրել է ձերբակալությունների և մի քանի դեպքերում ոստիկանության բաժանմունք տեղափոխման ընթացքում վատ վերաբերմունքի վերաբերյալ։ Աղբյուրի հաղորդմամբ, նա ողջունում է Գլխավոր դատախազի մարտի 1-ին ցուցարարների և անցորդ քաղաքացիների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից իրականացված բռնության բոլոր գործողությունների ի պաշտոնե հետաքննություն իրականացնելու որոշումը։ Հանձնակատարը ընդգծում է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման սահմանված երաշխիքների, ինչպես նաև մեղադրվողների ընթացակարգային իրավունքների պաշտպանության ապահովման նկատմամբ հարգանքի բացարձակ կարևորությունը։

Հանձնակատարը ողջունել է Նախագահի այն հայտարարությունը, որ մարդու իրավունքների ներկա սահմանափակումներն աստիճանաբար կվերանայվեն և չեղյալ կհայտարարվեն։ Նա շեշտել է այժմ արտակարգ իրավիճակին վերջ դնելու կարևորությունը։

Աղբյուր

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org