Մարտի 13-ը Չարենցի ծննդյան օրն էր ՀԿ-ները արձագանքում են
Մար 16

Հեռահաղորդակցման միջազգային միության տվյալներով` 2007 թվականի օգոստոսի դրությամբ Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիվը 172 800 է (բնակչության 5.9 տոկոսը), իսկ հայաստանյան .am տիրույթում գրանցված դոմեյնների` ենթատիրույթների թիվը, 2007 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` 9300:

Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 1-ի հրամանագրով հայտարարված արտակարգ դրությունից հետո լրատվամիջոցների գործունեությանը զուգահեռ մտցվեցին նաեւ ինտերնետային սահմանափակումներ, հայաստանյան մի շարք կայքէջեր, այդ թվում եւ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության կայքէջը` azatutyun.am-ը, դարձան անմատչելի:

«Հայաստանում ինտերնետը լրատվության աղբյուր է ծառայում ինտերնետից օգտվողների ոչ ավել, քան 5 տոկոսի համար, մոտ 5 տարի առաջ, ըստ հարցման, այդ ցուցանիշը 1 տոկոս էր: Հետեւաբար ինտերնետային սահմանափակումները հիմնավորված եւ ողջամիտ չեմ համարում: Իրաքյան պատերազմի ընթացքում ԱՄՆ-ում եւս լրատվամիջոցներին կոչ արվեց լինել զուսպ եւ խուսափել կտրուկ, միակողմ հայտարարություններից, ոչ ստուգված տեղեկությունների հրապարակումից, սակայն ոչ ոք ինտերնետային զտում չէր իրականացնում, վերջինս ավելի բնորոշ է տոտալիտար երկրներին»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց «Տեղեկատվական իրավունքի եւ քաղաքականության կենտրոն»-ի տնօրեն, Հայաստանի ինտերնետ մատակարարող ընկերությունների միության խորհրդի անդամ Դավիթ Սանդուխչյանը:

«Ինտերնետ միություն» հասարակական կազմակերպությունը, որը տնօրինում է երկրի տեղային` am տիրույթների ցանցը եւ ենթատիրույթների գրանցումը, մի քանի օր «լռությունից» հետո կայքում տեղադրել է հաղորդագրություն այն մասին, որ ԱԱԾ-ի պահանջով կասեցվել է որոշ ենթատիրույթների սպասարկումը: Իրենց բաժանորդներին որեւէ կերպ չեն տեղեկացրել նաեւ ինտերնետ մատակարարող ընկերությունները, որոնք թեեւ չեն տնօրինում ենթատիրույթները, սակայն, ըստ Դավիթ Սանդուխչյանի, կատարում են կայքէջերի բովանդակության զտում:

«Ենթադրաբար ինտերնետ մատակարարող ընկերություններն են ֆիլտրացիա կատարում, այսինքն` զտում են այն բովանդակությունը, որն ինչ-ինչ պատճառներով համարում են արտակարգ դրությանը «հակասող»: Իրենք իրենց բաժանորդներին որեւէ տեղեկություն չեն տրամադրում, այս ամենը պարզաբանվում է բամբասանքների մակարդակով: Այսօր մենք ոչ թե տեղեկատվության, այլ բամբասանքների հասարակություն ենք, քանի որ Հայաստանում, թերեւս, հիմնական լրատվամիջոցն այսօր բամբասանքն է»,- նշեց Դավիթ Սանդուխչյանը:

Հայաստանում ինտերնետ մատակարարող ընկերություններից մեկի` «Վեբ» ընկերության ղեկավար Ալբերտ Տոնեյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ «արտակարգ իրավիճակի հետ կապված կայքերի որոշակի սահմանափակումներ կան» եւ «որոշակի ցանկեր գոյություն ունեն»:

«Արմինկո» հայկական տեղեկատական ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի խոսքով էլ, նախագահի հրամանագրից բխող սահմանափակումների մասին «տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը` գրեթե ամենօրյա պարբերականությամբ»:

«Տեղեկատվական իրավունքի եւ քաղաքականության կենտրոն»-ի տնօրեն Դավիթ Սանդուխչյանը փաստեց, որ այս ամենը բացասաբար է անդրադառնում ինտերնետ -շուկայի վրա, սակայն ինտերնետ մատակարարող ընկերությունները չեն պայքարում սպառողների իրավունքների համար եւ իրենց բիզնեսի կրած վնասների դեմ:

«Հայաստանում բիզնեսը աշխատում է չվիճել, բախումներ չունենալ իշխանությունների հետ: Իր իրավունքները պաշտպանել փորձող ցանկացած ընկերություն ի վերջո պարտվում է: Հետեւաբար, նման քայլի դիմելու համար պետք է ունենանք անկախ դատական համակարգեւ օրինապաշտ հասարակություն, ինչը մենք այսօր չունենք,- եզրափակեց Դավիթ Սանդուխչյանը:

azatutyun.net

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org