«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը ընտրական հանձնաժողովների շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու պարոն Սերժ Սարգսյանի աջակիցների կողմից փորձեր են արվել բոլոր մակարդակի ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» անդամների վրա ազդեցություն գործել` հանձնաժողովներում կուսակցությանը հասանելիք տեղերին տիրանալու համար: Ի պատիվ կուսակցության անդամների, գրեթե ամենուրեք արժանի հակահարված են ստացել կաշառքի ամեն տեսակի առաջարկները, սպառնալիքները, հակաօրինական մյուս գործողությունները:
Սակայն ափսոսանքով արձանագրում ենք, որ 41 ընտրատարածքներից մեկում իշխանական թեկնածուի համախոհներին, այնուամենայնիվ, հաջողվել է հասնել իրենց անբարո նպատակին: Թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողովում «Ժառանգության» ներկայացուցիչ Առնակ Սահակյանը, տակավին չպարզված հանգամանքներում, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ է նշանակել կուսակցության հետ չհամաձայնեցված անձանց: Նրանցից շատերը, ըստ տեղեկությունների, իշխանական ուժերի ներկայացուցիչներ կամ համակիրներ են եղել: Այդ փաստի հիմքով «Ժառանգության» վարչությունը հունվարի 29-ին որոշում ընդունեց իր շարքերից Առնակ Սահակյանին հեռացնելու եւ նրան անվստահություն հայտնելու` որպես ԸԸՀ անդամ: Առնակ Սահակյանը հրաժարական է տվել թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողովի անդամի պաշտոնից:
Հաշվի առնելով հանգամանքը, որ կուսակցության արդեն նախկին անդամի արատավոր արարքի հետեւանքով էապես նվազել է թիվ 23 ընտրատարածքում (Սեւան, Ճամբարակ, Վարդենիս) ընտրությունների օրինականության վերահսկման եւ արդարության ապահովման հնարավորությունը, «Ժառանգությունը» պատրաստ է իր կուսանդամներին տրամադրել` հանդես գալու որպես նշված ընտրատարածքում ընդդիմադիր թեկնածուների վստահված անձինք: Նմանատիպ փորձ արվել է նաեւ թիվ 38 ընտրատարածքում, որը ժամանակին կանխվել է: Ուստի կուսակցության կենտրոնական գրասենյակը ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին իրազեկել է արտաքին ազդեցության փորձերը շարունակվելու դեպքում օրենքի շրջանակներում ձեռնարկվելիք անհրաժեշտ գործողությունների մասին:
Բացի վերոնշյալից, «Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է, որ ՀՀ նախագահի թեկնածուների միջեւ օրենքով երաշխավորված հավասար պայմանների սկզբունքը խախտվում է իշխանությունների կողմից. մասնավորապես անհավասար մուտք հեռուստա- եւ ռադիոեթեր, արտաքին քարոզչամիջոցներով (վահանակներ եւ այլն) անհամաչափ ապահովում, նախընտրական շտաբերի փակում, բնակչության հետ հանդիպումների համար անհրաժեշտ տարածքների մերժում կամ դրանց գործունեության խոչընդոտում, քաղաքացիների ահաբեկում` ընդդիմադիր թեկնածուների հանրահավաքներին չմասնակցելու պահանջով եւ այլն: Իշխանությունների այս աշխատաոճը հիշեցնում է թե՛ 2007թ. խորհրդարանական ընտրություններին նախորդած քարոզչաշրջանը, թե՛ 2005-2006թթ. «Ժառանգության» հանդեպ իրականացված հետապնդումները:
«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու պարոն Սերժ Սարգսյանի աջակիցների նման գործելակերպը` համարելով, որ այն չի բխում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի մինչ այդ արած հայտարարությունների ոգուց: Պետք է քաջ գիտակցել, որ այդօրինակ վարքագիծը ստվերում է նախընտրական ողջ գործընթացի օրինականությունը, ինչպեսեւ Հայաստանի Հանրապետության առանց այն էլ անբարենպաստ վիճակում գտնվող արտաքին քաղաքական վարկը, ինչը մեր երկրի առջեւ կանգնած մարտահրավերների առկայության պարագայում ուղղակիորեն անդրադառնալու է նաեւ Հայաստանի անվտանգության եւ զարգացման հեռանկարի վրա:
«Ժառանգություն» կուսակցության վարչություն
31 հունվարի 2008թ.
Երեւան