Ողջույն, բարեկամներս…
Կներեք, որ վաղուց է չէի երեւում: Ինչպես միշտ՝ մտահոգված եմ: Ու ասեմ, թե ինչու:
Նախ, ինձ մտահոգում է այն անկենդանությունը, որ պատել է ամբողջ հայությանը: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ ընտրվելու է ոչ թե Հայաստանի, այլ, չեմ իմանում, ասենք, Տանզանիայի նախագահը: Անկենդանություն՝ բոլոր իմաստներով: Ինչ-որ շոու է հիշեցնում այս ամենը: Շենքում ակտիվացել են մարդիկ, ովքեր մինչ հիմա սկի չէին էլ երեւում: Հարցնում եմ՝ ի՞նչ խաբար է, պատասխանում են՝ բա մեր լավ օրից հո չի՞: Նրանք ոչ թե երկրի մասին են ասում, այլ իրենց: Մեղմ ասած՝ ակնկալիքներ ունեն: Անձնական ակնկալիքներ: Ու ինչ, սա կենդանության նշա՞ն է:
Ում հարցնում ես՝ կողմնորոշվե՞լ ես, պատասխանում է՝ իմ կողմնորոշվելը քանի՞ կոպեկի արժեք ունի: Որոշողը հո մե՞նք չենք, իրենք արդեն վերեւներում որոշել են: Ու կողմոնորշվել են դեպի Սերժ Սարգսյանը: Ու ի՞նչ կապ ունի՝ ես Արթուրին կընտրեմ, թե Պողոսին:
Դիմակավորվել են բոլորը: Սերժ Սարգսյանից սկսած, Արտաշից պրծած: Ընդդիմությունը կարծես թե մեկ-երկու հոգուց բացի, իրենց թեկնածությունը դրել են՝ միայն իրենք գիտեն, թե ինչի համար: Պառլամենտական ուժ ներկայացնող Րաֆֆին էլ բան ու գործ թողել գնացել է արտասահմանյան դասախոսությունների, կարծես 2008-ի փետրվարին հենց այդ դասախոսություններն էին Հայաստանի համար կարեւոր: Կարապետիչը դարձել է պոետ: Լեւոնը ժողովրդի հետ խոսում է ակադեմիական ու ոչ այնքան հասկանալի լեզվով: Վազգենն էլ, չես հասկանում, գիտի, որ 1-2%-ից ավելի չի հավաքելու, բայց “նա-վսյակի” կամ “վսյակի” դրել է իր թեկնածությունը: Վահանն էլ, հեսա, ընտրությունները ավարտվեն, էլի կանցնի իր պետական գործին ու կմոռանա, որ աշխատելու է մարդկանց հետ, ում արդեն մի շաբաթ է, անխնա քննադատում է: Բա սա դիմակահանդես չի՞:
Սերժ Սարգսյանը ոգեւորվել է, իսկ Քոչարյանը իրար խառնվել: Լավ, չեմ հասկանում, մի՞թե այս ամենը կոմեդիայի նման չէ: Ասենք, Ս.Սարգսյանը ընդհանրապես տեղյակ չի՞, որ իր հանրահավաքներին մարդիկ ոչ թե գալիս են, այլ այդ մարդկանց պարտադրված բերում են հանդիպման վայր: Կամ Քոչարյանը չի՞ հասկանում, որ ինքն ինչքան խոսում է, էդքան Սերժի գործին խփում է: Մի՞թե կարող է նախագահը այդքան պրիմիտիվանալ: Չունի՞ իմիջ-մեյքեր, որ կողքից ասի՝ պարոն նախագահ, մի՛ խոսեք, հերի՛ք է, չի՛ կարելի այդ աստիճան իջնել: Կամ էլ ասի՝ հասել ենք, իջե՛ք ու էլ մի խոսեք…
Նույն հանձնաժողովի նախագահներն ու անդամների մեծ մասը, ովքեր ոգեւորվել են, չե՞ն հասկանում, որ եթե մի քանի կոպեկ փախցրեցին էս մի քանի օրվա ընթացում, դրանով իրենց վիճակը բնավ չի նորմալանալու:
Մի խոսքով, այս ամենն ինձ խիստ մտահոգում է: Արդեն չեմ էլ հավատում՝ արժի՞ 7 անգամ չափել:
Գրառման հեղինակ՝ Մտահոգ | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը