Այսօր Modus Vivendi-ից (չգիտեմ էլ, թե ինչ կազմակերպություն է) ստացա մի նամակ, որտեղ ներկայացված էր «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի տեսակետը Արցախում պատերազմի հնարավորության մասին: Քանի որ կարճ էր, ընթերցեցի մինչեւ վերջ, ու, չթաքցնեմ, բավարարվեցի պարոն Պապյանի վերլուծությունից: Ու որոշեցի Ձեզ էլ ներկայացնեմ ու լսեմ Ձեր կարծիքը:
Արցախում պատերազմի հնարավորության մասին
Ես համաձայն եմ բազմիցս արտահայտված այն տեսակետին, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Իլհամ Ալիևի քաղաքականությունն առավելապես պայմանավորված է ներքին գործոններով: Իլհամը, ինչպես նրա հայրը, պատկանում է քաղաքական այն գործիչների թվին, որոնց համար միակ սրբությունն իշխանությունն է՝ այդ կարգավիճակից ածանցվող հսկայական գումարներ գրպանելու հնարավորությամբ: Հետևաբար, այդ տեսանկյունից էլ պետք է քննենք Արցախի ճակատում Ալիևի կողմից պատերազմ սանձազերծելու հնարավորությունը:
Յուրաքանչյուր պատերազմ լուրջ և անկանխատեսելի հետևանքներ է պարունակում ցանկացած իշխանության համար: Իլհամ Ալիևը, կարծում եմ, չի մոռացել, որ Ադրբեջանում իշխանափոխությունները միշտ էլ տեղի են ունեցել Արցախում կրած ռազմական պարտությունների պատճառով: Արդյո՞ք ներկայումս Ալիևն ունի պատերազմում հայկական կողմին ջախջախիչ պարտության մատնելու երաշխիք: Համոզված եմ, որ ոչ: Ավելին, հավանականությունը, որ պատերազմի դեպքում Ադրբեջանը տարածքային նոր կորուստներ կունենա, շատ ավելի մեծ է:
Փորձենք նաև հասկանալ՝ ի՞նչ գին է վճարելու Ադրբեջանը Արցախի ճակատում ենթադրյալ հաղթանակի դեպքում: Եթե մինչևիսկ պատկերացնենք անհնարինը՝ ասենք ադրբեջանական զինուժին հաջողվի ոչնչացնել հայկական բանակը (անհնարին մի բան պաշտպանական դիրքերում գտնվող բանակի դեպքում) և տեղահանել արցախաբնակ ողջ հայությանը (իրողություն է, որ այս պատերազմը ոչ միայն բանակների միջև է, այլև ժողովուրդների), ի՞նչ վիճակում է հայտնվելու Ադրբեջանը: Ի լրումն տասնյակ հազարավոր նոր զոհերին, Ադրբեջանը հայտնվելու է տնտեսական բացարձակ կործանման եզրին: Ադրբեջանը որպես պետություն այսօր գոյատևում է զուտ նավթի և գազի արտահանման շնորհիվ: Դրանց գումարներով է, որ այսօր Ադրբեջանը զինվում է և պարբերաբար հոխորտում է Արցախի և Հայաստանի դեմ: Այսինքն, նավթահանքերը, նավթամուղերը, գազատարները և նման այլ ենթակառույցները, ռազմական նշանակության օբյեկտներ են, հետևաբար՝ միանգամայն օրինական թիրախներ: Միթե՞ պարզ չէ, որ պատերազմի առաջին իսկ ժամերի ընթացքում դրանցից միայն ծխացող մետաղակույտեր կմնան: Պետք է նաև ընդգծել, որ Ադրբեջանը չի կարող ձեռնարկել համարժեք քայլեր, քանի որ Հայաստանի տնտեսությունն իր բոլոր թերություններով հանդերձ, անհամեմատ պակաս խոցելի է, քանի որ մենք չունենք 2-3 օբյեկտ, որոնց ոչնչացումը կհանգեցնի արտահանության, հետևաբար բուն եկամուտի, 90%-ի ոչնչացմանը: Բացի այդ, Ալիևը ոչ միայն սեփական ժողովրդի, այլև արտասահմանյան այն բոլոր ընկերությունների առջև է պատասխանատվություն կրում, որոնք հսկայական ներդրումներ են կատարել վերոնշյալ ոլորտում և որոնցից շատերը դեռևս հետ չեն բերել իրենց ներդրած գումարները: Ալիևի ինչի՞ն է պետք պատերազմը: Բաքվի էմիրն իր համար նստած կթում է մի ողջ երկրի ընդերքը և նույն այդ երկրի ժողովրդի մեծ մասին, որն է այդ երկրի հսկայական հարստության իրավական սեփականատերը, պահում է հետին աղքատության մեջ: Մոլագար հայատյացությունը Ալիևին պետք է գողացած իշխանությունը պահելու և գողոնը պահպանելու համար:
Քանի որ Ալիևը գող է, որովհետև իշխանության գողն էլ գողն է, ապա նրա սիրտը միշտ էլ դող է: Հետևաբար, պատերազմը խիստ անհավանական համարելով հանդերձ, լիովին այն չեմ բացառում: Լարված իրավիճակում պատերազմները կարող են ծագել նաև ինքնաբերաբար: Սակայն որպես մտածված քաղաքականություն կարծում եմ, որ Ալիևը միայն մի դեպքում կգնա արկածախնդրության (ուրիշ բառով դա հնարավոր չէ կոչել), երբ Ալիևի դիրքերն Ադրբեջանում այնքան թուլացած լինեն, որ կասկածի տակ դրվի կեղծիքի և խաբեության ճանապարհով հերթական անգամ իշխանությունը զավթելու Ալիևի հնարավորությունը: Այսինքն, Բաքվի էմիրությունում բոլոր քաղաքական զարգացումները պետք է դիտարկել Ալիևների հարստությունը (այս բառի երկու իմաստով) պահպանելու տեսանկյունից:
Երբ պատերազմն Իլհամ Ալիևի համար դառնա իշխանությունը պահելու միակ ճանապարհը, նա կգնա դրան: Սակայն, քանի որ ներկայումս Ադրբեջանում գրեթե իսպառ բացակայում է որևէ ընդդիմություն, ապա չեմ կարծում, որ էմիրը որևէ մեկից դյուզն իսկ վտանգ է զգում: Այսօր Իլհամ Ալիևն ինքը շահագրգռված չէ ադրբեջանական բանակի ո՜չ հաղթանակով և ո՜չ էլ պարտությամբ: Արևելքում չեն ներում պարտված էմիրներին, միևնույն ժամանակ Արևելքում ոչինչ այնքան վտանգավոր չէ բռնակալի համար, որքան հաղթանակ տեսած բանակի զինվորն ու զորավարը:
Արա Պապյան
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար
21 հունիսի, 2010թ.
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Վերլուծականներ | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Modus vivendi is a Latin phrase signifying an agreement between those whose opinions differ, such that they agree to disagree.
Արա Պապյանը /ինչքան հասկացա/ դիվանագետ է, ով սկսած 2009թ-ից սկսել է ակտիվանալ - /հավանաբար դժվար է երկար ժամանակ մնալ առանց պետական աշխատանքի/
Դրա վառ օրինակ է նրա բաց նամակները Նալբանդյանին եվ Դավիդօղլուն, հիմա էլ սպամը ուղղված մեր Ադմին-ին
25-06-10 • 00:45 AM
Ara Papian
Head, “Modus Vivendi” Center
Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia to Canada 2000-2006