Ի՞նչ տվեց մեզ այս բանաձեւի ընդունումը. Երեվի ոչինչ. Հերթական անգամ Թուրքիան փողեր ծախսեց, հերթական անգամ պրեզիդենտը վետո կդնի եվ հերթական անգամ սփյուռքը կհասկանա, որ խոստում տալն մեկ այլ բան է ...

Դավութօղլու. Այդ բանաձևով դատավճիռ է կայացվել մի ամբողջ ժողովրդի նկատմամբ

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հրավիրել է մամուլի ասուլիս` հնչեցնելու իր գնահատականները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ:

Այս պահին Դավութօղլուն պատասխանում է լրագրողների հարցերին: Թուրքական «Հաբեր 7» (Haber 7) լրատվական կայքն առանձին-առանձին նախադասություններով մեջբերել է Դավութօղլուհի ասածները, որոնք էլ ներկայացնում ենք ստորև`

- Թուրքիան ճնշման ներքո որոշում ընդունող պետություն չէ:

- Բանաձևի ընդունումից հետո մեր և կառավարությունը, և նախագահականը հաղորդագրությունն են տարածել: Մեր դիրքորոշումը հստակ է:

- Ակնհայտ է` պատմական իրադարձությունների հետ կապված որևէ հարցի քննարկում խորհրդարանում սխալ է: Այդ բանաձևով դատավճիռ է կայացվել մի ամբողջ ժողովրդի նկատմամբ:

- 1915 թվականին տեղի ունեցածի մասին ամենալավ իմացողը ժողովուրդն է: 1915-ին հայերի տարագրություն է եղել:

- 1915-ին Բալկաններից 2 մլն թուրք է տեղահանվել: Մենք, որպես թուրք ժողովուրդ, գիտենք վշտակցել: Սովորել ենք: Քաղաքական պատմությունից մարդասիրական շատ դասեր ենք քաղել:

- Երեկվա անլուրջ և զավեշտալի կերպով արված քվեարկությունից մեկ անգամ ևս երևաց, թե որչափ սխալ է հարցն այդ կերպ լուծելը:

- Եթե մի քվե լիներ, ասենք, մյուս կողմին օգտին, ապա պատմության ընթացքն այլ էր լինելու: Այսպես կարելի° է պատմություն քննարկել:

- 10 դար մեզ հետ միասին ապրած հայերին մենք դիտում ենք որպես մեր բարեկամներ և հարևաններ: Եթե մի կողմ դնենք վերջին քառորդ դարը, ապա մնացյալում մեր հարաբերությունները հանդուրժողականության ներքո են եղել:

- Ձեր ցանկացած միջամտությունը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:

- Թուրք-ամերիկյան հարաբերությունների պատմության համագործակցության ամենածաղկուն շրջան ենք ապրում, սակայն երեկվա բանաձևի ընդունումը ցույց տվեց Ամերկայում առկա ռազմավարական տեսլականի խոտանը: Մեզ հրճվանք պատճառած 22 անդամները հենց այդ կերպ են նայել խնդրին:

- Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հարցում մենք վճռական ենք տրամադրված:

Հիշեցնենք, որ Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը: Հայոց ցեղասպանության փաստը շատ պետությունների կողմից է ճանաչվել: Առաջինը դա արել է Ուրուգվայը 1965-ին, ապա նրա օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Գերմանիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան և ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

panorama.am

---
Շնորհավորանք Կ. Մանոյանից` որոշ վերապահումներով

Արդյո՞ք կարելի է մեզ բոլորիս շնորհավորել ամերիկյան Կոնգրեսում երեկվա քվեարկությունից հետո:
Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ որոշակի վերապահումով և կոնկրետ այս հանգրվանում կարելի է, բայց դեռ վաղ է ուրախանալ: Այս մասին նա նշեց այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ` նկատելով, որ բավականին դժվար գործընթաց էր, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Սպիտակ տունը մինչև վերջին պահը լռելուց հետո հաղորդագրություն տարածեց, թե իրենց կարծիքով Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի հարցի քննարկումը լավ կլինի չքննարկվի, քանի որ դրան դրական եզրակացություն տալը կարող է խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

«Կարելի է ասել, որ դա ինչ-որ տեղ ազդեց դեմ արտահայտված պատգամավորներից ոմանց վրա»,- ասաց Կ.Մանոյանը:

Ի դեպ, դեմ արտահայտված կոնգրեսականների մեծասնությունը, ըստ բանախոսի, հիմնական երկու պատճառ ունեին. նախ, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վատթարացում և երկրորդ`Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման տապալում:

Եվ սա, ըստ նրա, չնայած այն բանի, որ նախագահ Սերժ Սարգսյանը «Ալջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, որ կողմ է բանաձևի ընդունմանը, ինչը, երևի, չէր հասել կոնգրեսականներին.

«Ավելի ճիշտ կլինի, որ նախագահի կեցվածքը ոչ թե նման հարցազրույցներում արտահայտվեր, այլ պաշտոնապես փոխանցվեր»:

Ելնելով այս տրամաբանությունից` Կ.Մանոյանը ճիշտ է համարում, որ այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալական նամակով դիմի Ներկայացուցիչների Պալատի նախագահին` ասելով, որ հայկական կողմն ակնկալում է փաստաթղթի առաջիկա քվեարկությունը:

Սակայն Կ.Մանոյանը դժվարացավ կանխատեսել, թե ե՞րբ կարելի է սպասել լիագումար նիստում բանաձևի քվեարկությունը և արդյո՞ք դա տեղի կունենա մինչև ապրիլի 24-ը:

Ինչ վերաբերում է այդ օրը նախագահ Օբամայի ելույթին և նրան, թե այս բանաձևը կարո՞ղ է հույս ներշնչել, թե նախագահը վերջապես կօգտագործի Ցեղասպանություն բառը, բանախոսը նշեց.

«Եթե այս տարի էլ Օբաման չօգտագործի Ցեղասպանություն բառը, պատճառը հայ-թուրքական բանակցային գործընթացը չի լինի. այդ գործընթացը միայն պատրվակ կլինի»:

Նշենք, որ Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը: Հայոց ցեղասպանության փաստը շատ պետությունների կողմից է ճանաչվել: Առաջինը դա արել է Ուրուգվայը 1965-ին, ապա նրա օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Գերմանիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան և ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: