Հայկ Խանումյան'-ի ավատարը

2005 թվականն էր, ես դեռ բանակային ծառայության մեջ էի: Ընկերներս, որ միշտ ինձ էին հաղորդում թարմ նորությունները համալսարանական կյանքից, հաղորդեցին, որ Հակոբ Վահանիչն այլևս դաս չի տալիս համալսարանում` առողջական վատ դրության պատճառով: Թեև արդեն ավելի քան 1 տարվա զինծառայող էի, դա բանակում իմ առաջին սթրեսն էր: Հակոբ Հակոբյանին մենք ոչ միայն սիրում էինք, այլև մեջբերում գրեթե բոլոր զրույցների ժամանակ, քննարկում նրա մեկնաբանությունները այս կամ այն պատմական իրադարձության շուրջ: Ես խիստ ափսոսում էի, որ մեզ հաջորդող սերունդները այլևս չեն լսելու նրա դասախոսությունները: Միևնույն ժամանակ տեսնելով, թե ով է հաջորդում պարոն Հակոբյանին ֆակուլտետում, ցավում էի, որ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը մեռնում է, դադարում կադրերի դպրոց լինելուց և վերջնականապես վեր է ածվում շահույթ հետապնդող ցեխային մակարդակ ունեցող մարմնի: 

Ազատ արձակումների ժամանակ, կիրակի օրերին, Հակոբ Հակոբյանի տարբեր տարիների ուսանողների հետ գնում էինք նրա տուն` վայելելու նրա «արտաժամյա դասախոսությունները», տեղեկանալու նրա նոր նախաձեռնություններին, լսելու նրա նոր ստեղծագործությունները: Չնայած վատառողջությանն ու անկողնուն գամված լինելուն պրն. Հակոբյանը մնում էր նույն ռոմանտիկը` գրում էր քնքուշ բանաստեղծություններ, բալադներ սիրո մասին, կատարում թարգմանություններ, և բնականաբար, զբաղվում գիտական գործունեությամբ: Խմբագրում էր Վահագն Տատրյանի գրքի ռուսերեն թարգմանությունը, գրում գիտական հոդվածներ, «Գլաձոր» համալսարանի ուսանողների մագիստրական ու թեկնածուական թեզերի գիտական ղեկավարն էր: Թեզերի գիտական ղեկավար էր նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, սակայն նորընտիր ռեկտորը Արամ Սիմոնյանը որոշել էր, որ բազմավաստակ ու եզակի դասախոսի գիտելիքներն ու փորձն այլևս պետք չեն ուսանողներին և Հակոբ Վահանիչին հեռացրել էր նաև ամբիոնի խորհրդականի պաշտոնից: Վիրավորված էր պարոն Հակոբյանը, չէր կարողանում հասկանալ ինչու են իրեն զրկում ուսանողների հետ աշխատելու հաճույքից: Իսկ մենք, այն ուսանողներս, որ հաճախ շփվում էինք մեր դասախոսի հետ, ուղղակի զարմանում էինք համալսարանի ու ֆակուլտետի ղեկավարության վրա, որ ուսանողությանը զրկում էին Հակոբ Հակոբյանի հետ շփվելու պատեհությունից: Սակայն զարմանալ պետք չէր. թևակոխել էինք միջակություններից ցածր մակարդակ ունեցողների դարաշրջան:

Եզակի դասխոս էր:Միջազգային հարաբերությունների պատմության փնտրված մասնագետ: Հրաշալի գիտեր անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն: Ի դեպ լեզուն տիրապետում էր ոչ միայն գիտական աշխատանք կատարելու մակարդակով, այլ հրաշալի գիտեր անգլիական, ամերիկյան, ֆրանսիական, ռուսական գրականությունը, թարգմանում էր տարբեր հեղինակների բնագրերից, գիտեր ժողովուրդների բանահյուսությունը` մի խոսքով լեզվի «ուղն ու ծուծը» գիտեր և այդ ամենին նպաստում էր նրա բանաստեղծական խառնվածքը նաև, երաժշտության ու մշակույթների, արվեստների /փայտի վրա փորագրություններ էր անում/ նկատմամբ նրա սերը, տարիների ընթացքում տարբեր բնագավառներում ձեռք բերած գիտելիքները, որը նա այնպես շռայլորեն կիսվում էր իր ուսանողների հետ: Դասախոսությունը պատրաստելիս պարտադիր օգատգործում էր բազմալեզու բազմաթիվ աղբյուրներ, կատարում վերլուծություններ, իրադարձությունը ներկայացնում ժամանակի կոնտեքստի մեջ` հնարավորություն տալով մտածել, դասգրքային կաղապարները հաղթահարել, նյութը ճիշտ հասկանալ: Նոր շրջանի դիվանագիտության ու միջազգային հարաբերությունների պատմության նրա դասախոսությունները դեռ մնում են ձեռագիր վիճակում:

Սովետական տարիներին լինելով քաղաքական մեկնաբան, հրապարակախոս, թարգմանիչ, համալսարանական տարբեր պաշտոններ զբաղեցնելով /եղել է ԵՊՀ գրադարանի տնօրեն, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի պրոռեկտոր և այլն/ եղել էր տարբեր իրադարձությունների կենտրոնում, դրանց մասնակիցը: Երրորդ աշխարհի երկրների գծով հազվագյուտ մասնագետ էր, աշխատել է աֆրիկյան տարբեր երկրներում, նույնիսկ աֆրիկյան տարբեր ժողովուրդների համար սեփական լեզու ստեղծելու նպատակով կազմված միջազգային խմբերի անդամ է եղել:

Ղարաբաղյան շարժման սկզբնավորման շրջանում Հակոբ Հակոբյանը գիտնականի և քաղաքագետի իր ջանքներն է ներդնում` հանդես գալով հանրապետական, միութենական և միջազգային ԶԼՄ-ներում: Կոմունիստական կուսակցությունից Դեմոկրատական կուսակցություն անցում կատարելու նախաձեռնողներից մեկն էր, և Սիլվա Կապուտիկյանի, Արամ Սարգսյանի հետ միասին Դեմկուսի հիմնադիրներից: Անմնացորդ նվիրված էր Հայկական հարցին: Բազմաթիվ հոդվածները և աշխատություններն այդ են վկայում: Ստվարածավալ աշխատության մեջ խոսում է միջազգային իրավունքի մեջ հայրենիքի դերի, կորսված հայրենիքի հասկացության մասին:

Անուղղելի իդեալիստ էր: Միջազգային հարաբերությունների բարոյականությունը չափում էր միջազգային իրավունքի նորմերին դրանց համապատասխանության մեջ:
Չգիտեմ, համալսարանում կգտնվի այլևս այս մասշտաբի մի այլ մասնագետ միջազգային հարաբերությունների պատմության բնագավառում, որ կարողանա այսպիսի ազդեցություն ունենա սերունդների վրա: Դժվարանում եմ գուշակել: Հատկապես, որ նորագույն պատմության փայլուն մասնագետներից մեկը` Վահրամ Պետրոսյանը, այսօր համալսարանի գիտքարտուղարն է և տարված է վարչական թղթերով` փոխարեն ավելի շատ լսարան մտնելու:

2 օր առաջ Պրահայից զանգեց ընկերս` Համլետը Մազմանյանը և գուժեց Վահանիչի մահվան լուրը: Գրիգորյան Անին էր ասել, Անին, որ վերջին 4-5 տարին դարձել էր Վահանիչի հարազատը, հաճախ լինում էր նրա տանը, մեքենայագրում շատ գործեր: Համլետն ասաց, որ հեռագիր տամ. իսկ ես տանից դուրս գալ չէի ուզում. հեռագիրն այնպես հասարակ էր թվում… փորձեցի ընկերներիս հետ կիսվել և Facebook-ի էջիս վերևում ցավակցական խոսքեր գրեցի ընկերներիս, Հակոբ Հակոբյանի ուսանողներին: Մեկնաբանություն, պատասխան չեղավ. երևի այդ օրերին ընկերներս զբաղված էին եղել: Եվ ես որոշեցի այս փոքրիկ նյութը գրել, համոզված, որ դեռ պետք է լրացնեմ:

Որպես վերջաբան: Facebook-ում տպած հոդվածներիցս մեկում նշել էի, որ 3-4 դասախոս զգալիորեն ազդել են իմ աշխարհահայցքի, արժեքային համակարգի ձևավորման վրա, սովորեցրել են մտածել: Նրանցից մեկը Հակոբ Վահանի Հակոբյանն է:

12/06/2009
Ստրասբուրգ

Հայկ Խանումյան