Առանց օտարների միջամտության ու մասնակցության
Միանգամից ասեմ, որ միջազգային հանրությունը Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին համապատասխան գնահատական չի տալիս և չի էլ տալու, այնպես որ, հայ ժողովուրդը թող հույս չկապի Եվրոպայի և եվրոպական չինովնիկերի հետ:
Հայաստանն իր ներքին խնդիրները պետք է լուծի միայնակ և առանց որևէ մեկի թելադրանքի կամ պարտադրանքի: Հայաստանը պետք է կախում չունենա որևէ երկրից, անմիջականորեն չգտնվի նրա ազդեցության և կառավարման ներքո, եւ անի այն, ինչ ինքը գտնում է ճիշտ:
Այնինչ, այսօր բոլորին էլ պարզ է, որ Հայաստանը ուղղակի թե անուղղակի կախված է Ռուսաստանից, և որ բոլոր հրամաններն և կարևոր խնդիրների լուծումը տալիս է հենց պաշտոնական Մոսկվան: Հայաստանի ամբողջ տնտեսությունը, առանց չափազանցության, կախված է Ռուսաստանից: Օրինակ՝ գազը ներկրվում է Ռուսաաստանից, շատ ապրանքներ և տարբեր իրեր նույնպես ներկրվում են Ռուսաստանից՝ սկսած օղիներից, վերջացրած քաղցրավենիքով: Ուրեմն, մեր պետություն գոյատևումը գրեթե հարյուր տոկոսով կախված է Ռուսաստանից:
Շատ պարզ է, որ Ռուսաստանը չէր կարող 2008թ. նախագահական ընտրություններում պաշտպանել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, դրա համար նա ուներ շատ լուրջ հիմքեր` այդ հիմքերից ամենակարևորն այն էր, որ նա չէր կարող կառավարել Տեր-Պետրոսյանին այնպես, ինչպես այսօր կառավարում է Սերժ Սարգսյանին:
Նույնը նաև կարելի է ասել եվրոպական ընտանիքի մասին, բացառությամբ մի քանի կետերի, որ նրանք «ամեն ինչ» անում են, որպեսզի բացահայտվեն մարտի 1-ի խաղաղ ցուցարարների դեմ զենք կիրառելու հրաման տվողները և անհիմն փաստերով և սահմանադրության կոպիտ խախտումով հայտարարած 20-օրյա արտակարգ դրության անօրինականությունը: Բոլորի համար էլ պարզ է դարձել, որ Սերժ Սարգսյանին իր իսկ իշխանությանը պահելու գործում օգնել է հենց Ռուսաստանը, և ինչու չէ, նաև հենց Ռուսաստանն էլ օժանդակել է մարտի 1-ի արյունալի սպանդի իրականացումը: Որովհետև Սերժ Սարգսյանը անում է այն, ինչ իրեն հրամայում են Մոսկվայում նստած մարդիկ:
Հայ ժողովուրդը, լինելով հնագույն ժողովուրդներից մեկը, համարյա միշտ եղել է գերտերությունների լծի տակ, հենց անցյալից եկած «ադաթով» էլ շարունակում է անել նույն բանը այսօր: Այսօր նա Ռուսաստանի Դաշնության լծի տակ է: Ես համոզված եմ, որ եթե Հայաստանը ունենա նորմալ իշխանություն` այսինքն լեգիտիմ, արդար ընտրություններով իշխանության եկած մարդիկ, Ռուսաստանը չի կարողանա իր ազդեցությունը տարածել այդ իշխանության վրա, որովհետև նա չէ, որ օգնել է այդ քաղաքական ուժին գալ իշխանության, նրանք եկել են միմիայն ժողովրդի վստահության քվեն ձեռք բերելով:
Ամփոփելով՝ ուզում եմ նորից կրկնել, որ մենք մեր երկրում առկա ներքին լարվածությունը պետք է հաղթահարենք միմիայն նորմալ ազատ ու թափանցիկ արտահերթ նախագահական ընտրություններով և առանց ինչ-որ եվրոպաներին և ռուսաստաններին ապավինելու: Ստեղծված իրավիճակից այլ ելք չի նշմարվում:
ՍՄԲԱՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Գրառման հեղինակ՝ Smbat | Բաժինը՝ Քաղաքականություն | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Մենք այնքան չկանք, որ մեր հարցերը մենք լուծենք: Ու իզուր մի՛ հրապուրվեք նման մտքերով: Մեր երկրին պետք է ընդամենը լավ դիվանագիտություն:
03-05-09 • 23:58 PM
Մասամբ համամիտ լինելով Սմբատի սույն նյութի մտքի հետ, այդուհանդերձ, ունեմ վերապահումներ:
Վերապահումները հիմնականում առնչվում են այն խնդրի հետ, թե՝ արդյոք մեզ պետք են «եվրոպաները», թե ոչ: Ասեմ մեկ բան. այո՛, մեզ պետք են «եվրոպաները»: Սակայն մենք չպետք է նստենք ու սպասենք «եվրոպաների» օգնությանը, որը այսպես, թե այնպես, չի էլ գալու: Կամ գալու է այնպես, ինչպես եկավ 1890-ականներին…
Մեզ «եվրոպաները» հիմնականում պետք են միայն արտաքին աշխարհի հետ կապի համար: Առանց միջազգային կազմակերպություններին ընդգրկվելու որեւէ երկիր չի կարող զարգանալ՝ որպես ազատ ու անկախ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ:
«Եվրոպաները» մեզ չեն գալու օգնության որեւէ բնագավառում, այլ միայն խաղեր են հյուսելու, որոնք էլ մենք պիտի խաղանք:
Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի ազդեցությանը, ապա այստեղ այլ կերպ չէր էլ լինելու: Հետխորհրդային երկրներում ՊԱԿ-ը (ԿԳԲ) այնպիսի մի ցանց է ստեղծել, որը վերացնելը շատ բարդ գործ է: Այդպես փորձեց վարվել Տեր-Պետրոսյանը, որին, սակայն, դա չհաջողվեց. կրկին ներքին թշնամին գլուխ էր բարձրացրել (դաժան է պատմությունը. միշտ պետության հանգրվանային ու կարեւոր ժամանակներում ներքին թշնամին կերավ ամբողջ ներքին ռեսուրսը՝ երկիրը կանգնեցնելով աղետի առաջ): Տեր-Պետրոսյանը կրկին փորձեց 2008 թվականին: Այս անգամ արդեն, ի տարբերություն 1998 թվականի, առկա էր ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը, ինչը ստիպեց ուժ կիրառել ժողովրդի դեմ ու գնդակահարել նրան:
Չկարծեք, թե սա սոսկ պայքար է Սերժ-Ռոբերտ-Դաշնակցություն խմբավորման դեմ: Սա իրոք ազգային պայքար է, ինչին ակներեւաբար ժողովուրդը մոտենում է թեթեւամտորեն: Սա հիմնականում չտեղեկացվածության ու անգիտության արդյունք:
Տեր-Պետրոսյանը, փորձելով ստեղծել քաղաքացիական հասարակություն, անտեսեց պատմությունը, որտեղ ժողովուրդը դեգրադացել է ու նվաստացել՝ վերածվելով խոտի մի դեզի, ոչխարի մի հոտի, որին կասեն՝ «գյադեք էս յան, գյադեք էն յան»…
Առայժմ այսքանը. արձագանքներ....