Մի երազ տեսա:
Երազիս մեջ կույր էի: Կույր ու բախտավոր: Բախտավոր, քանզի չէի տեսնում կոտորածներ ու բռնագաղթ, այրված գյուղեր ու խարխլված ճակատագրեր, գանգերի բլուրներ ու չորացած մարդիկ: Չէի տեսնում հայրենազուրկ ուրվականներ, որդեկորույս կիսամեռներ ու հոգեդարձ հալածյալներ:
Չէի տեսնում մահվան մահճում հանգչողի մարող հույսը, ու Ավետարանի էջերում «ինչո՞ւ»-ի պատասխանը փնտրողի անվերջ արտասուքը չէի տեսնում:
Երազիս մեջ խուլ էի: Խուլ էի ու էլի բախտավոր: Բախտավոր էի, քանզի չէի լսում սպանվողի անիմաստ «փրկեա»-ն, մազապուրծի ուշացած «մեղա»-ն ու խենթացածի խռպոտ «ախ»-ը: Չէի լսում սրտերի մեջ մխրճվող յաթաղանի սուլոցը, ու կարմիր գետերի քչքչոցը չէի լսում:
Չէի լսում զանգակատան զանգի ու նրա պարանից կախված ժամկոչի սրտի վերջին զարկերը, ու գյավուրի «գյավուր»-ը չէի լսում: Ու չէի լսում «քելե Լաո»-ն, չէի լսում ուրացողների քար լռությունը, ոչինչ չէի լսում…
Երազիս մեջ անթև էի: Ու չէի կարող բռնել այն անիրավ ձեռքը, որ գլխատում էր, վառում էր, քանդում ու թալանում էր…
Անոտք էի երազիս մեջ: Ու չէի կարող վազել-փակել այն փամփուշտի ճանապարհը, որ պիտի մխրճվեր վախեցած մանկիկի դատարկ փորիկի մեջ…
Երազիս մեջ, կույր ու խուլ, անթև ու անոտք՝ բայց խոսում էի: Խոսում էի ու հարցնում՝ ինչո՞ւ… Ինչո՞ւ հայը, ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ այսպես, ինչո՞ւ: Հարցնում էի ու գոռում՝ իսկ ինչո՞ւ հրեայի համար կար Մովսեսը, իսկ հայի համար չկար: Հրեայի համար Դավիթը, Հակոբը, Հովսեփը կային, հայի համար՝ ոչ: Ինչու՞ Աբրահամին բաշխեցիր իր միակ Իսահակին, իսկ հայի միակ Կոմիտասին կտրեցիր-տարար:
Ինչո՞ւ Արարատը Նոյի ու մնացածի համար նոր սկիզբ է, հայի համար՝ միայն հեռավոր կարոտ: Ինչո՞ւ անշահ ու անհատույց քեզ նվիրված հային մատաղ արեցիր անհավատների ու կեղծ հավատավորների զոհասեղանին:
Ինչո՞ւ…
Դու՝ հուսասպան ու հավատատյաց… Չեմ հավատում,- գոռում էի երազիս մեջ:
Աչքերս բացեցի, ու տեսա որ գրում եմ: Գրում եմ՝ «Մի երազ տեսա...»
Գրառման հեղինակ՝ Phenomen | Բաժինը՝ Արձակ գործեր | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
24-04-09 • 22:29 PM
Տխուր էր, բայց լավն էր…
Իսկ հատկապես այս տողը շա՜տ սիրեցի.