«Սա Հայոց ցեղասպանության ամենամյա հիշատակման համար հիրավի ողբերգական մեկնարկ է»:
«Հիշյալ համատեղ հայտարարությունը Հայաստանի կառավարության ցայժմ կատարած ամենալուրջ ռազմավարական վրիպումներից մեկն է»,- կարծում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Հայոց ցեղասպանության հիշատակի օրվանից` ապրիլի 24-ից երկու օր առաջ, եռակողմ հայտարարություն է տարածվել Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի կառավարությունների կողմից, որում նշվում է. «Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ»:
Պարոն Կիրակոսյանը կարծում է. «Թեպետ 95 բառ պարունակող այս հակիրճ հայտարարությունը կարող է հստակորեն դրսեւորել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում իրական պատմական բեկման հնարավորություն, այնուամենայնիվ, խնդրո առարկա տեքստի ուղերձը եւ այն տարածելու ժամանակը կարեւոր մտահոգությունների տեղիք են տալիս»:
«Առավել ակնհայտ է, որ այսօրինակ հայտարարություն տարածելով Հայոց ցեղասպանության ամենամյա հիշատակի օրվա անմիջապես նախաշեմին, Հայաստանի Հանրապետությունը պարզապես ուժ է հաղորդել է եւ, կարծես թե, հավանություն է տվել թուրքական փորձերին` ամեն կերպ ճնշում գործադրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վրա, որպեսզի վերջինս ապրիլքսանչորսյան իր ավանդական ուղերձում շրջանցի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ տված նախընտրական խոստումը,- նկատում է քաղաքագետը,-
Ավելին` համաձայնելով տարածել համատեղ հայտարարություն, որն ակնհայտորեն համահունչ է Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտության ժխտման թուրքական քաղաքականությանը, եւ այն տարածելով հատկապես ապրիլի 24-ի հերթական տարելիցից անմիջապես երկու օր առաջ, Հայաստանի կառավարությունը ցուցաբերել է ապշեցուցիչ կարճատեսություն ու անպատասխանատվություն: Նմանատիպ ռազմավարական սխալը նոր հարցեր է առաջացնում Հայաստանի ղեկավարության իմաստասիրության, անկեղծության եւ լրջության մասին, հատկապես հայոց պատմության այսպիսի խոցելի հանգրվանում, երբ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու կարգավիճակի հարցերը դեռեւս մնում են չլուծված, եւ Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների ապագա ընթացքը` կասկածի տակ»:
Ռիչարդ Կիրակոսյանը շեշտում է. «Ավելի լայն համատեքստում հայկական իշխանությունների այս ռազմավարական սխալը շատ ավելին է, քան պարզապես բացթողում արտաքին քաղաքականության մեջ, եւ այն ցուցաբերում է հիրավի ողբերգական եւ, ամենայն հավանականությամբ, անշրջելի քայլ, որով Հայաստանի կառավարությունը ոչ միայն զոհաբերել է պետության արժանապատվությունը, այլեւ հրաժարվել է ե՜ւ Ցեղասպանությունից մազապուրծ սերունդների, ե՜ւ նրանց հետնորդը հանդիսացող ներկայիս սերունդների առջեւ իր ունեցած պատասխանատվությունից: Հայոց ցեղասպանության պատմական ժառանգության հանդեպ այսպիսի դատապարտելի արհամարհանքը եղել է Թուրքիայի առավել ընդհանրական բնորոշումը, սակայն Հայաստանի համար այսպիսի անպատասխանատու համագործակցությունը միմիայն խիստ դատապարտման է արժանի»:
«Սա Հայոց ցեղասպանության ամենամյա հիշատակման համար հիրավի ողբերգական մեկնարկ է»,-շեշտում է նա:
==========
«Հայաստանը ժամանակ նվիրեց Թուրքիային»
«Ստորագրված հայտարարությունը Թուրքիային ժամանակ նվիրաբերելու լավագույն ձեւն էր, հայկական կողմը ստորագրեց՝ չհասկանալով, որ Թուրքիայի սպասելիքներից եւ հետապնդած նպատակներից մեկը հենց ապրիլ 24-յան ժամկետն անցնելն էր»,-Ա1+-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով Հայաստանի, Թուրքիայի ԱԳ նախարարությունների եւ Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարությանը:
«Փոխանակ հայկական դիվանագիտությունը կարողանար ապրիլ 24-ից եւ Օբամայի ուղերձից թուրքական վախերն օգտագործեր՝ լուրջ խոստումներ կորզելու եւ լուրջ քայլերի դրդելու ուղղությամբ, ճիշտ հակառակը տեղի ունեցավ. իրենց անթույլատրելի եւ անընդունելի հայտարարություններից հետո հայկական կողմը համաձայնեց առանց արձագանքելու դրանց եւ առանց բացատրություն պահանջելու՝ ուղղակի ժամանակ նվիրաբերել Թուրքիային»,-ասում է Ստեփան Սաֆարյանը եւ պազաբանում, որ ակնհայտ է, թե ինչ նպատակներով է օգտագործվելու այս հայտարարությունը’ միջազգային հանրությանը համոզելու են, որ սկիզբ է առել լուրջ գործընթաց, նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել, լուրջ շրջանակային համաձայնագրի վրա են աշխատում, այնպես որ’ մի խանգարեք, ցեղասպանության ճանաչման ձեր քայլերով:
«Երկու օր առաջ Ալի Բաբաջանը գրեթե պարզ դարձրեց թուրքական ռազմավարություն ու մարտավարությունը՝ նշելով, որ ըստ էության, քննարկվում են բոլոր այն հրացերը, որ պիտի քննարկվեն, կամ որ ակնկալվում է, որ պետք է քննարկվեն: Դա միանշանակ սուտ է, որովհետեւ առնվազն ժամանակակից եւ պատմական բնույթի խնդիրները շրջանցված եւ մի կողմ են թողնված՝ լավագույն դեպքում ձեւավորվելիք հանձնաժողովների հույսին թողնված,-ասում է Ստեփան Սաֆարյանը,- բայց նաեւ նա նշեց, որ այդ խնդիրների քննարկումը երկար ժամանակ կպահանջի, ինչը նշանակում է՝ թուրքական կողմը եթե անգամ աստիճանաբար այդ խնդիրները ներառի օրակարգ, դրանք տարիներ են տեւելու եւ թուրքական կողմը օգտագործելու է հայկական կողմի նվերներն ու բացթողումները’ կանխելու այն հնարավոր ճնշման միջոցները, որոնք կարող էին լուրջ խթան հանդիսանալ հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու համար»:
Ստեփան Սաֆարյանի կարծիքով, այս պահին ավելի կարեւոր է լինելու ապրիլի 25-ին հայկական դիվանագիտության համար դասերը եւ արդյունքները արժեւորելու, սեփական վրիպումները ճանաչելու գործընթացը, նաեւ հասկանալու, որ իրականում պետք է շատ լուրջ վերաբերել նման բանակցություններին:
«Ես կարծում եմ, որ հայկական կողմի անելիքներից մեկը պետք է լինի այն, որ ԱՄՆ-ին եւ միջազգային հանրությանը հասկացնեն, որ իրականում ցեղասպանության չճանաչումը, ցեղասպանություն բառի չկիրառումը ոչ թե նպաստում է խնդիրների լուծմանը, ավելին՝ թույլ է տալիս, որ Թուրքիան ավելի անլուրջ մոտենա այս հարաբերություններին: Իսկ ԱՄՆ-ն շատ ավելի լուրջ կերպով կխթանի գործընթացին, եթե նախագահն արտաբերի ցեղասպանություն բառը եւ ցեղասպանության փաստը ճանաչեն բանաձեւով, որովհետեւ դրանով չի, որ թուրքական կողմի վրա ԱՄՆ-ն կորցնելու է իր ազդեցությունը, շատ ավելի լուրջ լծակներ կան, կապված փոխհատուցման եւ այլ կարգի խնդիրների հետ, ամերիկյան վարչակազմը միշտ այդ գործիքն ունենալու է Թուրքիայի վրա, մինչդեռ ցեղասպանության ճանաչումը գոնե բարոյական տեսանկյունից, խթանելու է Թուրքիային, որպեսզի մտնի ռեալ կարգավորման գործընթացի մեջ՝ առանց նախապայմանների, ու ոչ թե հայ-թուրքական հարաբերությունները դարձնի սակարկության առարկա ԼՂՀ-ի կարգավորման գործընթացի, նաեւ իր սահմանի ճանաչման հարցում, այլ սահմանի բացի, որպես վստահության ամրապնդման քայլ’ ցույց տալով, որ ՀՀ նկատմամբ իր քաղաքականությունը վերանայված է, Հայաստանի նկատմամբ մեկուսացման ու շրջափակման իր նախկին քաղաքականությունը այլեւս գոյություն չունի»:
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Նորություններ | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Մի խոսքով, ցավով պտի մեկնարկեմ, որ շուտով մենք երնեկ ենք տալու Ռ.Քոչարյանին:
երնեկ ենք տալու Ռ.Քոչարյանին
Ասեմ, որ Քոչարյանին երնեկ չես տա: Ուղղակի Քոչարյանը սպառում էր Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքակն նվաճումները 10 տարի շարունակ ու այսպիսի խնդիրների առաջ չէր կանգնում հենց նախկին պաշարը սպառելու համար:
Իսկ ներկայումս էլ նախկին պաշար չկա, առավել ևս դրան գումարած մարտի 1-ի սպանդը:
Ստորև բերում եմ մի լուր, որը ինձ ցնցեց....
Թուրքական «Սաբահ» թերթը հրապարակել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնեցված «ճանապարհային քարտեզի» մանրամասները: Այն բաղկացած է հինգ կետերից:
Ըստ այդմ` Հայաստանը պետք է ընդունի Կարսի պայմանագիրը(«բոլդերը» իմ կողմից)` ստորագրված Թուրքիայի եւ նախկին ԽՍՀՄ-ի միջեւ 1921 թ.:
Պետք է ստեղծվի պատմաբանների հանձնաժողով(«բոլդերը» իմ կողմից)` ուսումնասիրելու համար Ցեղասպանության պնդումները, եւ երրորդ պետությունները կարող են միանալ հանձնաժողովին:
Հայ-թուրքական սահմանը կբացվի եւ համապատասխան փաստաթղթեր կստորագրվեն առեւտրային հարաբերությունների համար:
Ուղղակի դիվանագիտական հարաբերություններ կստեղծվեն, երբ Հայաստանն եւ Թուրքիան Վրաստանի իրենց դեսպաններին կհավատարմագրեն Անկարայում եւ Երեւանում:Խորհրդարանը ուղղակիորեն կքննարկի «ճանապարհային քարտեզի» դրույթները, որը պետք է հաստատվի յուրաքանչյուր երկրի օրենսդիր մարմնի կողմից(«բոլդերը» իմ կողմից):
«Սաբահի» փոխանցմամբ թեեւ փաստաթղթում Ղարաբաղյան հիմնահարցն ընդգրկված չէ, հարաբերությունների կարգավորումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կընթանա հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերին զուգընթաց:
Խայտառակությունը արդեն հասել է սահմանին: Եթե մենք չենք հավատում, որ ցեղասպանություն է եղել, էլ ինչպես խիտի ստիպենք Բարակ Օբամային, որ արտասանի բաղձալի բառը:
Կարճ ասած. ոտքով-գլխով թաղված ենք կեղտի մեջ: Իսկ դրանից դուրս գալ էնքան բարդ է, որ չեմ կարողանում մտածել, թե ինչ պիտի անել:
Առաջ ենք գնում դեպի կործանում…
Իսկապես, մի հատ աթոռակի համար զոհել ամբողջ պետական շահը ու թքել ամենանվիրական սրբությունների վրա… սա արդեն պետական դավաճանություն է, ուրիշ ոչինչ...
Հ.Գ.
Այլնի մասին հետո…
Այս ողորմելիները մեկ տարի առաջ մեղադրում էին Լևոն Տեր- Պետրոսյանին թշնամիների՝ ադրբեջանցիների, թուրքերի հետ «քիրվայություն» անելու պատրաստակամության համար: «Դեբիլ» լրագրողները, բլոգերները, ինտերնետային բանավեճերին մասնակցող բազմաթիվ «արիացիներ» ու «փիդայիններ» Լևոնին անվանում էին «էֆենդի», «բեյ», «փաշա» թուրաքալեզու կոչումներով ու տիտղոսներով: Մարդիկ ինչքան են երբեմն անսկզբունքային: Դե, հիմարներ, տեսեք՝ «քիրվայություն»-ը որն է ու թե ով է այն իրականացնում:
Հիմա էլ է մեր ազգի հոգեբանությունն էականորեն չի տարբեվում դարասկզբին մեր ունեցած հոգեբանությունից: Ախր ո՞նց կարելի է հանդուրժել այդ ամենը, ո՞նց հանդուրժեցին Քոչարյանի ղեկավարած տաս տարիները: Հանդուրժել ենք, հանդուրժում ենք ու հանդուրժելու ենք, մինչև Պուտին «ձյաձյա»-ն կամ «մեր լավ ախպեր» Օբաման չհանդուրժեն: Ինչ ժողովուրդ ենք, նույնիսկ մի անհայրենիք նախագահ էլ չենք կարողանում փոխել:
24-04-09 • 15:40 PM
ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի պատասխանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հարցին
23 ապրիլ 2009թ.
Հարց. - Կարո՞ղ եք պարզաբանել երեկ երեկոյան տարածված Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների հայտարարության մեջ «ճանապարհային քարտեզ» բառակապակցությունը:
Պատասխան. - «Ճանապարհային քարտեզ» բառակապակցությունը դիվանագիտական բառապաշարում ընդունված եւ օգտագործվող հասկացություն է, որը նշանակում է ձեռնարկվելիք քայլերի ծրագիր: