Ուզում ես լավ քնել՝ կողակցիդ ճիշտ ընտրիր
«Հայաստանում մարդիկ քնի խանգարումներին լուրջ չեն վերաբերվում: Որեւէ մեկի մտքով չի էլ անցնի, որ անքնությունը կամ չափից շատ քնելը հիվանդություն է եւ կարելի է բժշկի դիմել: Շատերը մտածում են, որ մարդը էմոցիոնալ է կամ բնավորությամբ անհանգիստ, դրա համար էլ անկողնում անընդհատ շուռումուռ է գալիս ու չի կարողանում քնել: Սակայն քնաբանները պարզել են, որ քնի խանգարում ունեցող մարդկանց կյանքի տեւողությունը շատ ավելի կարճ է, քան նորմալ քնող մարդունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց հանրապետության միակ քնաբան Սամսոն Խաչատրյանը: Պարզվում է, քնի խանգարումների հետեւանքով մարդիկ կարող են գիրանալ, նյարդային խանգարումներ ունենալ, ընդհուպ հիվանդանալ շաքարային դիաբետով:
Ս. Խաչատրյանի պնդմամբ, անքնությունը հատկապես վտանգավոր է տղամարդու համար, քանի որ այն կարող է ազդել նրա սեքսուալ ակտիվության եւ պոտենցիայի վրա: Քնաբանի տվյալներով, քնի խանգարումների հետեւանքով մեր բնակչության զգալի մասը առողջական տարբեր խնդիրներ ունի, միայն խրոնիկ անքնությամբ Հայաստանում տառապում է 100 մարդուց մոտ 10-ը. «Այսինքն՝ այս մարդիկ ամսվա մեջ 15 օրից ավելի օր ու գիշեր ոչ մի րոպե չեն կարողանում քնել: Սակայն պետք է նկատի ունենալ նաեւ, որ սթրեսների հետեւանքով առաջանում է քնի ժամանակավոր խանգարում, ինչը եւս հիվանդությունների պատճառ է դառնում»:
Իսկ թե ինչու է մարդկանց նորմալ քունը խանգարվում, պարոն Խաչատրյանի մեկնաբանմամբ, պատճառները բազմազան են: Օրինակ, անքնությամբ տառապող մարդկանցից շատերը չեն քնում շարժուն ոտքեր ունենալու պատճառով: Այդպիսի մարդիկ կազմում են բնակչության շուրջ 8%-ը: Այս հիվանդությամբ տառապողները մեկ գիշերվա մեջ արթնանում են նույնիսկ 30 անգամ, իսկ բժշկությունը, ըստ Ս. Խաչատրյանի, մինչ օրս չի պարզել, թե քնած ժամանակ ոտքերը շարժելն ինչի հետեւանք է:
Ս. Խաչատրյանի ներկայացմամբ. «Քնի խանգարումների պատճառ կարող է դառնալ նաեւ խռմփոցը, որը վտանգավոր է ոչ միայն խռմփացնողի, այլ նաեւ նրա կողակցի կամ նույն սենյակում գտնվողների համար: Բացի նրանից, որ այն անհանգստացնում է կողքինին ու նրա քունն էլ է խանգարում, որոշ խռմփացնողներ քնած ժամանակ կարող են նույնիսկ շնչառական կանգ ունենալ: Սա վտանգավոր է հատկապես գեր մարդկանց համար, սակայն նրանցից շատերն անգամ հանուն իրենց առողջության մի քանի ուտեստներից չեն կարողանում հրաժարվել»: Բժիշկը վստահեցնում է, որ գիշերային քնի խանգարումը միայն մի դեպքում կարող է դրականորեն անդրադառնալ մարդու առողջության վրա, երբ մարդիկ գիշերը քնելու փոխարեն սեքսով են զբաղվում: Նրա խոսքերով. «Անքնությամբ տառապող շատ հիվանդների խորհուրդ ենք տալիս երեկոյան քնելուց առաջ որեւէ թեթեւ ֆիզիկական աշխատանք կատարել: Սեքսը եւս թեթեւ ֆիզիկական աշխատանք է, եթե, իհարկե, զույգերը միմյանց ճանաչում են եւ մշտական կողակիցներ են: Սեքսից հետո նրանք ավելի լավ են քնում»: Այդուհանդերձ, քնաբանը չի բացառում, որ գիշերային սեքսը կարող է նաեւ բացասական հետեւանքներ ունենալ եւ զույգերի քնի խանգարման պատճառ դառնալ. «Եթե զույգերը միասին անկողնում առաջին անգամ են, հնարավոր է, որ նրանց սեքսը շատ բուռն լինի եւ զույգերից մեծ էներգիա խլի, ինչն էլ արդեն ոչ թե թեթեւ, այլ ծանր ֆիզիկական աշխատանք է»: Նա անդրադարձավ նաեւ այսօր գիշերն աշխատող մարդկանց խնդրին: Նրա մեկնաբանմամբ. «Եթե անգամ մարդու օրգանիզմը հարմարվում է գիշերային ռեժիմով աշխատելուն, միեւնույն է, դա մարդու նորմալ, բնականոն ապրելակերպի արհեստական շեղում է, ինչն էլ տարիների ընթացքում տարբեր հիվանդությունների պատճառ է դառնում»:
Ս. Խաչատրյանը հուսով է, որ մարդիկ վերջապես կգիտակցեն քնաբանի ծառայություններից օգտվելու անհրաժեշտությունը: Հայաստանում դեռեւս քնի խանգարումների հետազոտման կենտրոններ չկան: Հանրապետության միակ քնաբանը ծրագրել է մի քանի ամսից նման կենտրոն հիմնադրել, որտեղ բժիշկների եւ հիվանդների համար կբացվի նաեւ «քնի» դպրոց: Այնտեղ բժիշկները համապատասխան գիտելիքներ ձեռք կբերեն: Իսկ թե քնի կենտրոնի ծառայությունները հիվանդների համար որքանով մատչելի կլինեն, ըստ Ս. Խաչատրյանի, կախված կլինի քնի խանգարման տեսակից: Նրա խոսքերով. «Եթե տվյալ հիվանդության բուժման համար պետք է հիվանդի գիշերային քնի հետազոտություն անցկացնել, ապա այն հիվանդին թանկ կարժենա, իսկ զուտ դեղորայքային եւ ոչ դեղորայքային բուժումը կլինի համեմատաբար մատչելի»:
Աղբյուրը՝ «Առավոտ» օրաթերթ
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Նորություններ | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ցանկանում եմ անդրադառնալ այս մտքին՝ “Ուզում ես լավ քնել՝ կողակցիդ ճիշտ ընտրիր”: Այն ամեն ինչ ասում է: Դե եթե կողակիցդ, մի դեպքում կինդ, մյուս դեպքում էլ՝ ամուսինդ, համապատասխան չէ քեզ, ուրեմն էլ ինչ նորմալ սեքսի կամ քնի մասին կարող է խոսք լինել: Իսկ մնացածը, բուռն կլինի սեքսը թե չէ, կախված է հանգամանքներից: Դժվար թե ամեն մի հերթական հարաբերությունը կարող է բուռն լինել: Իսկ որ շատ-շատերի քունը խանգարվել է, դա հանրահայտ փաստ է: Եթե մենք այսպես կոչված ժամանցի վայրեր ենք մտնում գիշերվա ժամերին, պարզ չի, որ մեր քունը պիտի խանգարված լինի, ու առավոտն էլ պիտի դժվարությամբ արթնանանք:
Ես անձամբ, շատ լուրջ եմ վերաբերվում իմ քնին ու երբեք այն չեմ փոխարինի որևէ մեկ այլ բանի հետ: Իմ օրեկան 8 ժամ քունը ամենաթանկ բաներից է, որ ես ունեմ, ու վստահ եմ որ երբ ես այն կորցնեմ, ապա կկորցնեմ նաև այլ ամեն բան` սկսած ընտանիքից, վերջացրած աշխատանքով: Մի քիչ կոպիտ ասեցի, բայց ուզում էի շա՜տ շեշտել քնի կարևորությունը:
Դե ինչ ասեմ, մեզ բոլորիս ցանկանում եմ այնքան իմաստություն, որ քնի հաշվին, ուրիշ այլ «հաճույքներով» չզբաղվենք
05-08-07 • 01:47 AM
Կարծում եմ այնպիսի երեւույթներին, ինչպիսին է անքնությունը այսուհետեւվ հարկավոր է բավականին լուրջ վերաբերվել, քանի որ այն բավականին լուրջ հետեւանքներ կարող է իր ետեւից թողնել: Ինքս նախորդ գրառումը կարդալուց հետո միայն տեեկացա, որ իրականում գոյություն ունի «քնաբան» հասկացությունը, էլ ո՜ւր մնաց իմանայի Հայաստանի Հանրապետությունում միակ քնաբան՝ Ս. Խաչատրյանի մասին:
Ինքս արդեն բավականին երկա՜ր ժամանակ է, ինչ ադապտացվել էմ ուշ քնելուն,հետեւաբար՝ ուշ արթնանալուն:
Եւ այդ բնականոն ապրելակերպի արհեստական շեղումը այժմ փորձում եմ փոքր-ինչ կարգավորել, որպեսզի խուսափեմ տարիների ընթացքում տարբեր հիվանդությունների առաջացումից
Հուսանք, որ անքնությամբ տառապող մարդիկ վերջապես կգիտակցեն քնաբանների ծառայություններից օգտվելու անհրաժեշտությունը: