Երեկվա գրական գեղեցիկ երեկոն ֆ5-ում միտք առաջացրեց Չարենցին նվիրված թեմա բացել: Այս թեման էլ նվիրենք հայ մեծանուն գրողին ու նրա ստեղծագործություններին:
Շա՜տ եմ սիրում Չարենցի ահա այս ստեղծագործությունը… Խիստ արդիական է:
ՊԱՏԳԱՄ
Նոր լույս ծագեց աշխարհին.
Ո՞վ այդ արեւը բերեց:–
Ահա ոսկյա մի արեւ`
Ճառագումով իր հրե`
Այգաբացի պուրպուրե
Նժույգների վրա հեց`
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում է լույս զվարթուն:
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՜վ բերեց լույս այս արթուն,
Օ՜, ու՞մ ձեռքով վառվեց, ու՞մ
Հրակարմիր հրավարս,
Ադամանդյա լույսը այս:–
Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընդերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում–
Քանի՜ տարի, քանի՜ դար
Վկայեցիր անհերքում…
Ափերին այն խավարչտին
Ուր հայրենիքն էր մեր հին,–
Չկա՞ր արդյոք գետ մի հորդ,
Որ գերության անհաղորդ`
Լուրթ հոսելով դարից դար`
Մթության մեջ այն համառ
Այս այգաբացն էր կրում,
Հու՜ր այգաբացն այս հեռու`
Հնուց պահած իր ջրում
Օ՜, ըղձակա՛ն այս հեռուն…
Կքած կյանքի բեռի տակ`
Ո՜գի անկոր, հու՜ր գետակ…
Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լույսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արև՛ն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա՜ ուրիշ արեւ է՛լ.
Նա է միայն, որ դարեր
Անմար`պիտի արևե՛…
Լույսով վառված սակայն այդ`
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այս արար.–
Մեր անցյալի խորամիտ
Է՛ջն այն արդար ու ռամիկ`
Մեծահանճար ու վարար…
09.05.1933թ Ե. ՉԱՐԵՆՑ
Գրառման հեղինակ՝ Marat | Բաժինը՝ Չափածո գործեր | 8 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Քանի որ ֆ5-ում գերակշռում են Սևակի ստեղծագործությունների սիրահարները, տեղադրեմ Եղիշե Չարենցի մասին Պարույր Սևակի խոհերից մի քանիսը:
Շատ քիչ գրողներ կան, որոնց անունը հնչում է իբրև գրական դպրոցի հիմնադրի անուն: Չարենցը այդ քչերից է: Չարենցն ինքն էլ գիտեր, թե ինչքան կապերով և որքան ամուր է կապված իր անունը դարաշրջանին: Գիտեր, որ իր «աղմկող անունը» անբաժան կմնա իր դարից, «ինչպես օրը օրորոցից»:
*****
Բովանդակ աշխարհի վրա վառվող մի հարավային արև, բովանդակ աշխարհի վրա սփռված մի նաիրական անծայր տխրություն և բովանդակ աշխարհը իր հոգու համար հայրենիք ընտրած մի ուղեղ՝ մոսկովյան կարմիր-կարմիր հրով այրված. ահա Չարենցը:
*****
Չարենցը հեղափոխական չդարձավ, ինչպես շատ-շատերը, այլ պարզապես արթնացավ իբրև հեղափոխական, ուստի և հեղափոխությունը նրա համար ոչ թե կեցվածք էր, ինչպես շատ-շատերի համար, այլ պարզապես կեցություն:
*****
Չարենցը հեղափոխության ոչ միայն մեծատաղանդ երգիչն էր, այլ նաև մեծատաղանդ հեղափոխական էր երգի մեջ: Դա պաշտոնների համատեղություն չէր, այլ տարերքների համընկնում:
Այս մեկը որ շատ լավն է.
Չարենցյան պոեզիան այլ բան չէ, քան բանաստեղծության ավգյան ախոռների մաքրում, այն ախոռների, որոնց մեջ գարշահոտում էին գավառականությունն ու տիրացուականությունը, սեփական յուղի մեջ տապակվելու խղճուկ փիլիսոփայությունը, սեփական թանը ուրիշի մեղրից քաղցր համարելը, ինչպես նաև դատարկ աղմկարարությունն ու փքուն պոռոտախոսությունը, կարճ ասած՝ հին ու հնացածը:
Ոչ այլ ոքի, քան Չարենցին է պատկանում հնի մասին ասված առածանման այն հոյակապ խոսքը, որ պարզտավոր ենք անգիր իմանալ. «Հինը հաճախ հանճարեղ անցքեր է ճարում»:
Այդ գիտակցությունն ունեցողը, ինչ ասել կուզի, չէր կարող չլինել նորի և նորարարության մեծ ջատագով, ամեն տեսակ ավգյան ախոռների մաքրող: Եվ առերևույթ տարօրինակ է, որ այս նույն ջատագովը գնալով ավելի ու ավելի էր հիշում ու հիշեցնում հներին՝ սկսած Հոմերոսից ու Նազոնից մինչև Նարեկացի ու Դանթե և հասած Պուշկինին ու Սիամանթոյին: Որովհետև նա ոխերիմ էր հնի, բայց ոչ նաև հավերժականի, որ գալիս է հնից: Որովհետև նա ոխերիմ էր հնացածության, բայց ոչ նաև մնացածության, որ գալիս է հնությունից: Որովհետև արվեստի մեջ նորարար լինել չի նշանակում արվեստի պատմությունը դնել սև գրատախտակի տեղ, իսկ իրեն թաց սպունգն առած մի դպրոցականի և… երկու վայրկյանում ջնջել եղած-չեղածը: Եվ վերջապես, որովհետև գործում է ամեն տեսակ օրենքներից ամենաօրինականը՝ ժառանգականությունը, որը նույնքան անբեկանելի է, որքան հույների հասկացած ճակատագիրը, ինչից որքան խուսափես, այնքան մոտենում ես՝ թշվառական Էդիպ արքայի նման: Այդ ժառանգականությունը Չարենցի գրական հակառակորդների հետ վարվեց նույն դաժանությամբ՝ նրանց վերջիվերջո իրենց ծնողի հետ ամուսնացնելով: Չարենցը ոչնչով չէր բարկացրել բանաստեղծության երկնային աստվածներին, ուստի և ոչ միայն չպատժվեց արյան խառնակությամբ, այլև մնաց ու մնալու է պաշտելի որդին իր մոր՝ մի ժողովրդի, որի բազմադարյան մշակույթի ժառանգորդն էր, այնքան հարուստ ու մեծանուն ժառանգորդը:
Դու ճիշտ ես Մարատ, Չարենց մեծության մասին մենք չէ որ պետք է խոսենք, հասարակ մահկանացուներս: Ես կարծում եմ, որ ցանկացած մարդ Չարենց կարդալով ավելի հասուն է դառնում: Մեզ մնում է վայելել մեր գրականության հսկայի ստեղծագործությունները:
Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՝
Ի՜նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին:
Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՜ւշ է քո բառը, ասին:
Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:
Եվ սրտի ցավից հուսահատ՝ ես մե թաս օղի խմեցի -
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին:
Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.-
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:
Ասի` թե մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկուն, համառ է, ասին:
Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ.-
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին:
Բազմել է ցարերի գահին
Թիֆլիսցի նեղճակատ կինտոն,
Խրոմե սապոկներ հագին
Եվ գահը արել է ֆայտոն։
Նստել է, քշում է բռի,
Վարգում է, ոստնում է, անցնում,
Տիրան է, Ներոն է, բռի
Սփռում է արյուն ու արցունք։
Լռել են ձայները «ի զեն»,
Դառել են կեղծած հիացում,
Նորավոր երկիրը հյուսկեն
Ժայթքում է իր մեջ, մակածում,
Որ հետո ահավոր պարպի
Խլացնի որոտներն ամպեղեն
Եվ ինչպես հրաբուխ պայթի,
Հուրհրա լավան հրեղեն,
Շառաչի, հորդանա, հորդի
Արնաներկ գահի վրայով,
Զի բավ է արեւներ մորթի
Այդ կինտոն սարդի ճակատով։
Օ, ե՞րբ է Մսըրը եղել
Մեր հիմքում նման հոր փորող,
Մեզ ոչ ոք այսպես չի նեղել,
Ինչպես այդ հարճորդին կարող։
Սեւ կառքի կառապան լկտի,
Բազմել է ցարերի գահին,
Լափում է որձակը մեր մտքի,
Զրկում է մեզ հունտից ազգային։
Ի՞նչ անի նստվածքը ռամիկ
Կավատի դավից անտեղյակ,
Արեւ էր, դառել է մահիկ,
Աշխարհում՝ մնացել մենակ։
Օ, ո՞ւր եք, աստղեր, արեւներ,
Իջնում է ազգիս երեկոն,
Եվ եղավ չըլսված մի Նեռ
Թիֆլիսցի նեղճակատ կինտոն։
1937, բանտ
Քանի որ ֆ5-ում գերակշռում են Սևակի ստեղծագործությունների սիրահարները....
Մարատ ջան, իսկ ո՞վ ասեց, որ Սեւակ սիրողը չի կարող Չարենց սիրել…
Չարենցը հանճար է: Անխոս:
Շատ ջահել ժամանակներս, երբ մի 18-20 տարեկան էի, այն ժամանակ չէի սիրում Չարենց: Չէի սիրում, որովհետեւ շատ չէի կարդացել նրա գործերը:
Այդ ժամանակ էր, որ հորս հետ սենց, ընտանեկան բանավեճ էի անում, թե՝ մթոմ Չարենցին ինչո՞ւ են սենց պաշտում, ո՞ր առանձնահատկության վրա: Այ, Սեւակն ուրիշ բան… Նա էլ, ոչ տարավ, ոչ բերեց, թե՝ Սեւակն, ինչ խոսք, որ տաղանդավոր է, բայց Չարենցը հակճար է:
Ու բերեց, բացեց Չարենցի հատընտիրը, մի քանի էջ թերթեց, ու գտավ չարենցյան մի գործ, դրեց դեմս, թե՝ ես սենյակից դուրս եմ գալիս, դու ուշադիր կարդա:
Այսօրվա պես հիշում եմ… «Կախաղան» էր կաչվում կարծեմ այդ բանաստեղծությունը… Էն, որ կախաղան են բարձրացնում մեկին… Ի՜նչ բառեր, ի՜նչ պատկերներ…
Սաղ հեչ, բա կարդացե՞լ եք Չարենցի «Դաշնակցականներին» բանաստեղծությունը… Արծվիկը որ կարդա, կարող է իր թեկնածությունը հանի
Իհարկե, կարող է սիրել, Ադմին ջան: Ես էլ եմ Սևակ շատ սիրում:
Իսկ այս մեկն ի՜նչ գեղեցիկ է գրված: Եղել է ընդամենը տասնինը տարեկան պատանի:
Գիտեմ, որ մի օր կմեռնեմ ես էլ
Ու կվերջանա իմ կյանքի ուղին:
Մոռացած բոլոր երգերս լուսե՝
Կհանձնեն ինձ էլ արգվանդ հողին:Արևը նորից անհոգ կխնդա՝
Փռելով չորս դին լուսավոր գանձեր:
Եվ մայրս անգամ էլ չի հավատա,
Որ եղել եմ ես, ապրել ու անցել:Եվ գերեզմանս երբ փակվի ւնձ հետ-
Մեղքս կմոռնան, սիրո խոսք կասեն,-
Եվ անցած կյանքս կդառնա լեգենդ՝
Օրերիս նման անդարձ ու վսեմ…
Իսկ այս մեկը գրելիս՝ եղել է քսանմեկ տարեկան: Շա՜տ լավն է՝ տրամադրություն ստեղծող, պատկերավոր, գեղեցիկ: Այ, սա ներարկվե՛ք:
ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ
Դոփու՛մ են, դոփու՛մ են, դոփու՛մ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնու՜մ են, գնու՜մ են, գնու՜մ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-
Անհայտ է աշխարհը՝ անցնում է ու մահ…
Սա էլ՝ ադմին ջան, Արծվիկի պատվին:
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻՆ
(ներբող քաղաքական)
О чем шумите вы?..
А. ПУШКИНԼծված տերերի շառաչուն կառքին՝
Հռնդում եք դուք այդտեղ վայրահաչ.
Ժանգոտած սուսեր ձեռքներիդ պահած՝
Անկում եք կարդում իմ նոր աշխարքին:
Օ, դու՛ք. ողբալի պնակալեզնե՛ր,
Բռնակալների մի հետին քուրջում
Կծկըված՝ արդյոք կարո՞ղ եք տեսնել,
Թե ինչո՛վ ենք մենք ապրում ու շնչում:
Կարո՞ղ եք արդյոք ձեր դեղին ոգին,
Որ սնվել է լոկ հրով ու արյամբ-
Ծառս չլինի ու չբողոքի
Իմ երկրի հանդեպ, որ հավե՛տ հարյավ:
Դուք չե՞ք հրդեհով միշտ շառագունել
Ու երկիրն հանձնել սրի ու հրի,
Օ, դու՛ք, արշինի՛ երկրպագուներ:
Ասպետներ ոսկու ու մաուզերի:
Դուք չէի՞ք արդյոք, որ բախտը այս մերկ,
Բազում սրերով զարկած աշխարքի
Ձեր պիղծ ձեռքերով կապեցիք երեկ
Բռնակալների արնածոր կառքին:
Դուք չէի՞ք, որ մեր այս բազմալեզու
Երկրի առաջին այգաբացին դե՛ռ,
Գործերով ձեր պիղծ, ու ժանտ, ու քսու
Դարձաք բռնակալ ցարերին ընկեր:
Եվ ըմբոստության շունչը գեղեցիկ,
Որ հառնում էր այն դժնի օրերում-
Դուք չէի՞ք, որ ձեր ձեռքով խեղդեցիք
Այն ազգամիջյան սև նախճիրներում:
Դուք չէի՞ք, որ ողջ ժողովուրդը իմ
Այն անօրինակ փորձության ժամին
Քշեցիք դեպի դաշտերը ռազմի,
Որպես հավելյալ թնդանոթի մի՛ս:-
Անշե՛ղ է եղել ձեր ուղին միշտ է՛լ,
Դուք պատվով եք ձեր պայքարը տարել.-
Եվ դա-տերերի պայքարն է եղել
Իր երթին ելած ժողովրդի դե՛մ:
Դա չդադարող պայքա՛րն է եղել
Ձեզ կյանքի կոչած դասակարգերի,-
Եվ ձեր գործերի պսակն հրեղեն
Եղել է երկիրն՝ արցունքի հեղեղ,
Եվ ժողովուրդը՝ կրկնակի՛ գերի:-Ո՞ր դժոխքն է էլ ձեզ այդպես հեգնել
Ու լցրել այդքան անմիտ ցանկությամբ,
Որ տե՜ր եք ուզում դուք այսօր կանգնել
Դարերի՜ ավանդ մեր ժառանգության:-
Դուք տեր եք ուզում ձեզ հայտարարել
Այն հերոսական, հսկա պայքարի,
Որ ժողովու՛րդն է իմ երեկ վարել
Ընդդեմ բռնակալ սուլթանի՛, ցարի՛:
Դժգոհ է եղել իր վզին նստած
Բռնակալներից նա բազմապիսի,-
Դուք նրա վսեմ ընդվզումը այս
Ենթարկել եք միշտ ձեր մութ երազին:-
Նա ծա՜ռս է եղել տիրողների դեմ՝
Լինելով անհաց վաստակի գործիք,-
Դուք ըմբոստության այդ տենչը վսեմ
Աշխատել եք միշտ ցանցել ու լծել
Թե՛ հայ, թե՛ օտար տերերի գործին:-
Լեռնացել է նա, իր սիրտը սրբել
Արհավիրքների հրե հորձանքում-
Դուք նրան դավել, մեջքի՜ց եք խփել
Ու տարել անվերջ անկումից-անկում:-
Ձգտում եք հիմա պայքարը այդ մեծ
Ձե՛րն հայտարարել մտքերով մթին,-
Մենք չե՛նք տա սակայն այդ պսակը ձեզ,
Չի՛ սազում նա ձեր արնոտ մռութին:
Իզու՜ր եք ոռնում այդպես վայրահաչ
Դուք անկախության պայքարի մասին.-
Դա մե՜րն է հիմա, դա մե՛րն էր առաջ,
Որքան էլ դավով դուք բազմապիսի
Փորձեր եք արել, փորձում եք հիմա,
Ինչպես միշտ՝ ահա կրկի՛ն ու կրկի՛ն
Մեզ քշել դեպի կործանում ու մահ,
Մեզ լծել, ծախու գրաստի նման,
Թե՛ հայ, թե՛ օտար տերերի կառքին:Ինչպես աշխարհի ճորտերին բոլոր,
Այնպես էլ գերի աշխարհին իմ հին-
Երկինք մի մաքուր, արև մի բոսոր
Լոկ հոկտեմբերյան հողմերը տվին:
Մեզ ասին նրանք, որ կյանք մի վսեմ
Կերտելու համար հարկավոր է նախ
Ձեր դե՛մ մահացու պայքար սկսել,
Ձեզանի՛ց լինել հեռու ու անկախ:
Եվ կրում ենք մենք այդ պայքարը վեհ
Մեր երկրի անկախ արևի ներքո,
Որ Լենի՛նն է մեծ մեզ մի օր տվել՝
Պրոլետարիատի հաղթական ձեռքով:
Ոռբացե՜ք այդտեղ, որքան կամենաք,
Ու սրե՛ք մեր դեմ սուսեր ժանգոտած,-
Մենք կլնենք անհա՛ղթ, մենք կլնենք անա՛հ,
Երբ թնդանոթը մեր դեմ որոտա:-
Իսկ մինչ այդ՝ կապված ամբողջ աշխարհի
Պայքարի ելած ստրուկների հետ՝
Կերըում ենք ահա մի շենք վիթխարի,
Որ շիրիմն է ձեր լինելու հավետ:-
Մաքառում ենք մենք՝ մեր երթին լծված,
Աշխատում անդուլ, կերտում, կառուցում,-
Եվ վաղվա անմար հավատով լցված՝
Երգում է քնարն իմ պղնձաձույլ…1929. 05. Ե. Չարենց
Տնդունեք բոլորդ էլ, որ յուրաքանչյուր գրող ունի յուր առանձնահատկությունը:
Ինձ համար Չարենցը պայքարի ոգի է, առաջամարտիկ դեպի հույսը և ապագան, ում գրածները կարդում ես ու ոգեշնչվում:
Վահան Տերյանը, կրկին նվաստիս համար, արդեն հանդիսանում է մենության ուղենիշ: Իրոք, երբ գտնվում ես հոգեկան խռովքի մեջ, հաստատ Տերյան կարդալը իրապես կոգնի.
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…
Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։
Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ.
Ինձ համար անգերազանցելի է Հովհաննես Թումանյանը: Իրոք, այնքան պարզ են նրա ստեղծագործությունները, որ կարդում ես ու չես ձանձրանա: Հատկապես քառյակները.
Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ,միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես,քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից,թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիրերկու օրվան էս ճամփեդ։
Քուն թե արթուն` օրիս շատըերազ եղավ, անցկացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ,վըռազ եղավ, անցկացավ.
Վըռազ անցան երազ, մուրազ,ու չհասա ոչ մեկին,
Կյանքըս, թեթև տանուլ տված, գըրազ եղավ, անցկացավ։
Կյանքս արի հրապարակ,ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպըտուղ,անցավ առանց արդյունքի։
Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ,որ չըբուսնավ էս հողին…
Ի՜նչ պատասխան պիտի ես տամհող ու ծաղիկ տվողին…
Քանի որ թեման Եղիշե Չարենց վեհությունն է, ապա ես էլ տեղադրեմ ինձ համար Չարենցի գերազանց ստեղծագործությունը.
Մահվան Տեսիլ
Որպես լքված թավջութակի ձգված մի լար`
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն` վերջի՜ն քնար.–
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու։
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի-
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի։
Կանգնել են, լուռ իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու.
Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան-
Ու լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեց-մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշպարան, ու երկնուղեղ փայտե՛ր երկու։
Գուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ չօրհներգե ոչ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի․․․
Երթամ մարող ու մարմարող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ,-
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուշեղ
Ու օրորվեմ` եղերական ու անբասիր․․․
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,-
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա․․․
Չգիտես՝ ինչու, ինձ թվում է, որ Վարդազարն էլ է մոլի չարենցասեր:
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բու՛յրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում:Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում:Ուր է՛լ լինեմ- չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սու՜ր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր-
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան-յա՛րն եմ սիրում:Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
Աշխա՛րհ անցի՛ր՝ Արարատի նման ճերմակ գագաթ չկա.
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում:1920-1921 Ե. Չարենց
Չգիտես՝ ինչու, ինձ թվում է, որ Վարդազարն էլ է մոլի չարենցասեր
Մարատ, վերլուծական շնորհդ աստվածատուր է երևում, նույնիսկ հարգարժան Ժոժոբին ես աբգոն անում երբեմն: Բայց էդ մոլին պետք ա չասեիր:
Իսկ սա նվիրում եմ Մարիամին(կամ Դորիանին), արժանին հատուցելով նրա ներշնչանքին:
ՆԵՐՇՆՉՄԱՆ ՊԱՀԵՐԻՆ
Այս պահերին աշխարհում
Ես հարուստ եմ բոլորի՜ց:
Ես բարի եմ մանկան պես
Այս պահերին աշխարհում:
Այս պահերին թվում է՝
փակ դուռ չկա ինձ համար-
ՈՒր էլ գնամ՝ կընդունեն,
Եվ չեն մերժի՝ ինչ ուզեմ:
Այս պահերին թվում է,
Որ հողագունդը համայն
Ես կարող եմ մի խոսքով
Թախծոտ մորը սփոփել,
Իմ մի խոսքով կարող է
Սիրտը սիրով տրոփել.
Իմ մի խոսքով կարող է
Գնալ զինվորը մարտի,
Իմ մի խոսքը կարող է
Մարդ դարձնել տմարդին:
Ես կարող եմ ձեռք բերել
Իմ մի հատիկ մի խոսքով,
Ինչ չեն կարող ձեռք բերել
Ո՛չ արյունով, ո՛չ ոսկով.
Ո՛չ հրդեհով, որ տներ
ՈՒ քաղաքներ է վառում…
Ես զորեղ եմ ամենքից
Այս պահերին աշխարհում…
Պարույր Սևակ
18-04-09 • 13:10 PM
Երևի դեմ չեք լինի, եթե մի քիչ ուրախանանք Չարենցի էպիգրամներից մի քանիսով:
Գնացինք.
ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ԲԱՐԵԿԱՄԻՍ
(Ա. Հ.)
Ախ, քո բոյը քեզ ներշնչել է
Վերևից նայել ամենքին.
Մի հեգնանք կա միշտ քո դեմքին,
Որ քո բոյը քեզ ներշնչել է:-
Կարող են հասնել լոկ ճանճերը
Քո քթի բարձրերն անմեկին.
Գուցե հենց նրա՞նք քեզ ներշնչել են
Վերևից նայել ամենքին…
*****
Անհուն, Անուն և անանուն
(Հատված հեքիաթից)
…Մտերմությամբ մի անհուն
Գնում էին անհունով
Մի պատմագիր անանուն
Եվ մի պատմիչ անունով…
*****
Վարիանտ
Հ.Հ.
(Նմանություն Թումանյանին)
Գիժ Իմատրայիմ փառահեղ ափին,
Հագին սև կոստյում, օսլայած շապիկ,
Բանաստեղծորեն գլխարկը ձեռին,
Ողջույն հղելով շաչուն ջրերին
Կանգնած է ահա
Մի մեծ… հաշվապահ:-
*****
ՀԱՐՑ
Ես հարց եմ տալիս հաճախ հիմա ինձ,
Նայելով ոմանց «փառավոր» դնչին,
Թե ինչու՞ է դարն այսքան վիթխարի,
Իսկ սրանք- այսքան փոքրիկ ու չնչին…
*****
ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ
Ճանաչում եք դուք այդ մարդուն, հանճարին այդ մեր ալեհեր,
Դժվար է այսօր աշխարհում այդպիսի հանճար մի ճարել.
ՏԵսնում եք խոհը ճակատի, կեցվածքը խորոխտ, անվեհեր…
Բայց է ինչ է արդյոք նա արել:- մի փոքրիկ հոդված է գրել:
*****
N.N.
Նա մեջ է ընկնում տեղի-անտեղի,
Սխալվում է նա ու կարծիք փոխում,
Նման է նա քիչ այն ծծկեր տղին,
Որ մատն ուզում է բերանը կոխի,
Բայց միշտ անպատեհ տեղեր է կոխում:
*****
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Նա մի պոեմ պիտի գրեր
Ու մի պիես, ու մի վեպ.
Գրի առավ, թղթեր դրեց
Եվ հայացքը հառեց վեր.
Նայեց, նայեց առաստաղին,
Հանճարի տեսք ընդունեց,
Դեմքին իջավ խորը թախիծ,
Քունը տարավ… ու քնեց:
Երկա՜ր քնեց:- Եվ աչքերը
Խորը քնից բացեց երբ-
Թերթում կարդաց, որ գրել է
Նա մի պիես ու մի վեպ:-