Այսօր ընթերցեցի մի կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանի, մյուս կողմից՝ Արտաշես Գեղամյանի կարծիքները օրերս Մոսկվայում ստորագրված հայտնի համաձայնագրի մասին: Առանց որեւէ մեկնաբանություններ կատարելու, պարզապես մեջբերեմ այս իրարմերժ տեսակետները: Կարծում եմ, դուք կունենաք Ձեր սեփական տեսակետները:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը «-Ա1+»-ին

Պարոն Նախագահ, հոկտեմբերի 17-ի Ձեր ելույթում Դուք խոստացել էիք հասարակությանը մշտապես իրազեկ պահել Ղարաբաղյան կարգավորման զարգացումներին: Արդյոք Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահներ Մեդվեդեւի, Սարգսյանի եւ Ալիեւի նոյեմբերի 2-ի համատեղ հռչակագիրը կարելի՞ է դիտել որպես այդ զարգացումներից մեկը:

Նախ՝ ես չեմ մոռացել իմ խոստումը: Ավելին, այս զրույցն առարկայական դարձնելու նկատառումով, ավելորդ չեմ համարում ընթերցողին հիշեցնել ելույթիս համապատասխան հատվածը,- «Մոտակա ամիսներին մեզ սպասում են Ղարաբաղի եւ հայոց պետականության ճակատագրի հետ կապված կարեւորագույն իրադարձություններ, որոնք այս հանգրվանում երկրորդական են դարձնում ներքաղաքական խնդիրները: Մենք ուշի‑ուշով հետեւելու ենք այդ իրադարձությունների զարգացմանը, գնահա­տելու Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի համարժեքությունը իրա­վիճակի պահանջներին, հասարակությանը մշտապես իրազեկ պահելու Ղարաբաղ­յան կարգավորման ընթացքի մասին եւ փորձելու կանխել կամ նվազագույնի հասցնել հայկական կողմի շահերին սպառնացող վտանգները»: Ինչ վերաբերում է Ձեր բուն հարցին, ապա, անշուշտ, մոսկովյան հռչակագիրը գործընթացի կարեւորագույն զարգացումներից մեկը պետք է դիտել:

Շատերի մոտ տպավորություն է առաջացել, որ այդ հռչակագիրը ձեւական բնույթ է կրում եւ զուրկ է կոնկրետ բովանդակությունից: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Այդպիսի թյուր տպավորություն կարող է առաջանալ Ղարաբաղյան կարգավոր­ման գործընթացի ծալքերին անծանոթ մարդկանց մոտ: Մինչդեռ փորձագետների համար հռչակագիրն, ընդհակառակը, չափազանց պերճախոս է, քանի որ նրանում հստակեցված են մի քանի սկզբունքային եւ կոնկրետ պահեր: Պետք է նկատի ունենալ նաեւ, որ այդ փաստաթուղթն ընդամենը այսբերգի գագաթն է, եւ նրա տակ ընկած է շատ ավելի հանգամանալից մի արձանագրություն, որի բովանդակությունը դժվար չէ գուշակել:

Որո՞նք են Ձեր ակնարկած սկզբունքային եւ կոնկրետ պահերը:

1. Հռչակագրի առաջին իսկ կետը պարունակում է մի մտահոգիչ ձեւակերպում, որի համաձայն՝ «Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվելու է միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ինչպես նաեւ դրանց շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա»: Մտահոգիչը ոչ այնքան «միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին» վերաբերող դիվանագիտական նրբասացությունն է, որքան «դրանց շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթե­րի» հիշատակումը: Վերջիններիս տակ, անկասկած Ադրբեջանի պահանջով, նկատի են առնված ՄԱԿ‑ի Գլխավոր Ասամբլեայի 62/243 եւ Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի 1614 բանաձեւերը, որոնցում ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պահանջվում հայկական զորքերի անվերապահ դուրսբերումը Ղարաբաղին հարակից ադրբեջանական տարածքներից:

2. Մոսկովյան հռչակագրի 2‑րդ կետում միանշանակորեն արձանագրված է, որ Ղարաբաղյան կարգավորման հիմքում ընկած է լինելու Մինսկի խմբի համանախագահության 2007 թ. նոյեմբերի 29‑ի Մադրիդյան առաջարկը: Քանի որ այդ առաջարկի բո­վանդակությունը ես մանրամասնորեն ներկայացրել եմ հոկտեմբերի 17‑ի իմ ելույթում, հարկ չեմ համարում վերստին անդրադառնալ դրան: Հիշեցնեմ միայն, որ Մադրիդյան առաջարկի գաղափարախոսությունը միջազգային իրավունքի երկու սկզբունքների՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման ներդաշնակումն է:

3. Հռչակագրի նախաբանում եւ 4‑րդ կետում, որոնցում խոսվում է Ղարաբաղյան խնդիրը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող ուղղակի երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտության մասին, փաստորեն սահմանվում է հակամարտության կողմերի նոր ձեւաչափ: Հռչակագիրն, այսպիսով, վերջնականապես թաղում է ԵԱՀԿ‑ի 1994 թ. Բուդապեշտյան գագաթնաժողովի ընդունած որոշումը, որով Լեռնային Ղարա­բաղի հանրապետությունը ճանաչվել էր որպես հակամարտության երրորդ լիիրավ կողմ: Իսկ դա նշանակում է, որ ԼՂՀ‑ն որեւէ դերակատարություն չի ունենալու իր բախտը վճռող բանակցությունների հետագա գործընթացում:

4.Մոսկովյան հռչակագրի ամենակարեւոր արդյունքը, սակայն, պետք է համարել այն, որ նոր ձեւաչափով սահմանված հակամարտող երկու կողմերը՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, ստորագրելով այդ փաստաթուղթը, պաշտոնապես իրենց համաձայնու­թյունն են տվել Մադրիդյան առաջարկին, ինչը աննախադեպ իրադարձություն է Ղարա­բաղյան կարգավորման ողջ գործընթացում: Խնդիրն այն է, որ Մինսկի խմբի համանա­խագահության նախորդ երեք պաշտոնական առաջարկները, այսինքն՝ «Փաթեթային», «Փուլային» եւ «Ընդհանուր պետության» տարբերակները, չեն արժանացել հակամար­տող կողմերի միահամուռ հավանությանը եւ այդ պատճառով հանվել օրակարգից: «Փաթեթային» եւ «Փուլային» տարբերակները մերժվել են Ղարաբաղի, իսկ ՚Ընդհանուր պետությանՙ տարբերակը՝ Ադրբեջանի կողմից: Մոսկովյան հռչակագրի տակ դրված Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ստորագրությամբ, այսպիսով, ազդարարված է Ղարաբաղյան կարգավորման ավարտական փուլի սկիզբը:

Դուք չմոռացա՞ք, արդյոք, նշել նաեւ Քի-Վեստյան տարբերակը:

Քի‑Վեստյան տարբերակը Մինսկի խմբի համանախագահության պաշտոնական առաջարկ չի եղել: Ամեն պարագայում, այդ տարբերակը եւս չի ընդունվել հակամարտող կողմերից մեկի, այն է՝ Ադրբեջանի կողմից:

Ռուսաստանի նախաձեռնությունն արդյոք, չի՞ հակասում Ձեր վերջին ելույթում արտահայտված այն մտքին, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ վճռական դեր է խաղալու Արեւմուտքը:

Ամենեւին ոչ: Մոսկովյան հանդիպումը, թեեւ իսկապես շրջադարձային, սակայն կարգավորման գործընթացի սոսկ սկիզբն է: Այժմ այդ գործընթացը շարունակվում է Եվրոպայում, իսկ ավարտվելու է, ամենայն հավանականությամբ, դեկտեմբեր ամսին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այսինքն, թեեւ կարգավորման սկզբնավորման պատիվն առերեւույթ մատուցվել է Ռուսաստանին, սակայն նրա վերջակետը դնելու մենաշնորհը պատկանելու է Արեւմուտքին: Թե՜ Սարգսյանը, թե՜ Ալիեւը մոսկովյան հանդիպմանը մասնակցել են, եթե ոչ հարկադրաբար, ապա անթաքույց դժկամությամբ, եւ միեւնույն է, թեեւ տարբեր նկատառումներով, նրանք վերջիվերջո նախընտրելու են Արեւմուտքի միջնորդությունը:

Այդ դեպքում ի՞նչ դեր է վերապահված ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի գործունեության շարունակման անհրաժեշտությունը ընդգծված է հռչակագրում:

Որքան շատ է ընդգծվում Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը եւ որքան շատ հաճոյախոսություններ են շռայլվում նրա հասցեին, այնքան ավելի խորա­նում են նրա ներսում առկա տարաձայնությունների մասին կասկածները: Մինսկի խումբը, օգտակար աշխատանքային գործիք լինելով հանդերձ, սոսկ արտաքին քողածածկույթ է՝ միջնորդ‑երկրների հետապնդած նպատակների դիվանագիտական պատշաճությունն ապահովելու համար:

Համոզիզ պատասխան ՀՀՇ-ական կասադրաների եւ դելֆյան մարգարեների տարբեր տեսակի մտավարժանքներին

Վերջին ամիսներին հայ հասարակությունը բազմիցս կարդացել է զանազան «հմայումներ» Արցախի վաճառքի թեմայով, ցնորամիտ արտահայտություններ Ռուսաստանի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից դուրս մղվելու մասին, Թուրքիայի՝ առաջիկայում ակնկալվող գերակա միջնորդական առաքելության վերաբերյալ եւ այլն, եւ այլն: Մտահոգիչ էին հնչում նաեւ կասկածները, որոնք հայտնում էին Հայաստանում հավատարմագրված բարձրաստիճան դիվանագիտական պաշտոնյաները (ընդ որում, որքան էլ տարօրինակ է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները), թե կարգավորման այս ֆորմատը թերեւս անարդյունավետ է… Մի խոսքով, հոռետեսության պակաս չկար:

Այս տարվա նոյեմբերի 2-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նստավայրում՝ Մայենդորֆի պալատում, ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հռչակագիրը: Ծանոթանալով Հռչակագրի տեքստի հետ՝ կարելի է արձանագրել հետեւյալ անհերքելի փաստը. հակամարտության տարածքում մարտական գործողությունների դադարեցումից հետո 14 տարվա ընթացքում առաջին անգամ փաստաթուղթ է ստորագրվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից: Ուշադիր ընթերցելով Հռչակագրի յուրաքանչյուր կետը՝ ակամա հիշում ես դասականի հայտնի արտահայտությունը՝ հակիրճությունը տաղանդի քույրն է: Արդ՝ ինչո՞ւմն է ընդունված Հռչակագրի ներքին ուժը:

Առաջինը: Ռուսաստանն՝ ի դեմս նախագահ Դ. Մեդվեդեւի, եւս մեկ անգամ հաստատեց իր վճռականությունը՝ հասնել Հարավային Կովկասում ցանկացած կոնֆլիկտի լուծմանը՝ բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքների սկզբունքի հիման վրա: Կարծում եմ, ընդունված Հռչակագրի հիմքում ընկած այդ հիմնարար սկզբունքը կսառեցնի ապշերոնյան ռազմատենչ գործիչների «ավյունը», եւ նրանք կդադարեն մի քանի անգամ մեծացնել իրենց ռազմական բյուջեն: Այդ սկզբունքը նաեւ իր էական շտկումները կմտցնի ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գաղափարախոսական հենքի մեջ, որը հանգում էր ռազմատենչ ռիտորիկայի:

Երկրորդ: Միջազգային իրավունքի հիման վրա հակամարտության կարգավորումն, անշուշտ, ենթադրում է, որ գերակա նշանակությունը տրվելու է հիմնարար իրավունքի, որն է՝ մարդու կյանքի իրավունքը: Հիշեցնենք, որ Կյանքի իրավունքը հիմնարար սկզբունք է՝ դրված 1970 թվականի ՄԱԿ-ի Միջազգային իրավունքների մասին հռչակագրի հիմքում, որն ամրապնդվել է նաեւ ԵԱՀԽ 1975 թվականի հելսինկյան եզրափակիչ ակտով: Այստեղ արժե հիշատակել, որ 1970-ի Հռչակագրում ընդգծվում է, որ պետությունը (մեր դեպքում՝ Ադրբեջանը) օժտված է տարածքային ամբողջականությամբ, եթե այն հարգում է այդ տարածքում ապրող ժողովուրդների իրավունքները եւ չի դիմում այդ իրավունքները խախտող գործողությունների: Իսկ Ադրբեջանի ղեկավարները բազմիցս փորձեր են ձեռնարկել ենթարկեցնել Լեռնային Ղարաբաղը. հայ բնակչությանը ենթարկում էին խտրականության բոլոր ձեւերի, ընդհուպ մինչեւ զանգվածային սպանությունները թե’ Ղարաբաղում եւ թե’ Ադրբեջանում (Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը):

Երրորդ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությունը Հռչակագրի ստորագրման արարողությանը հստակ վերջակետ դրեց տարբեր տեսակի կոնյունկտուրային շահարկումներին՝ Մինսկի խմբի մոտալուտ «վախճանի» վերաբերյալ: Այժմ պարզ է դարձել, որ նրա «մահվան» մասին շրջանառվող լուրերը «խիստ չափազանցված են»: Ռուսաստանի կողմից բարի կամքի դրսեւորումը կարեւոր էր եւ միաժամանակ՝ խորհրդանշական: Ռուսաստանը ոչ միայն նախաձեռնեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, այլեւ եզրափակիչ փուլում Հռչակագրի ստորագրմանը մասնակից դարձրեց Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համանախագահներին՝ այդպիսով հաստատելով իր հավատարմությունը միջազգային հարաբերությունների նոր ճարտարապետության կերտմանը, որի սկզբունքային մոտեցումները ձեւակերպվել էին ՌԴ նախագահի կողմից հոկտեմբերի 8-ին՝ Էվիանում կայացած Միջազգային քաղաքականությանը նվիրված համաժողովում: Մասնավորապես, Ղարաբաղի հարցով Հռչակագրի կատարումը հիմնված է միջազգային հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության, հավասար անվտանգության ապահովման երաշխիքների վրա: Հենց այդ մոտեցումն էր ներկայացված Էվիանում Դ. Ա. Մեդվեդեւի կողմից: Հրավիրելով ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահներին Մոսկվա՝ նախագահ Դ. Ա. Մեդվեդեւը գործնականում հաստատեց իր հավատարմությունը Էվիանում հնչեցված մեկ այլ գաղափարին. «Ոչ մի պետություն, ոչ մի միջազգային կազմակերպություն չի կարող ունենալ բացառիկ իրավունքներ Եվրոպայում խաղաղության եւ կայունության պահպանման հարցում: Դա ամբողջությամբ վերաբերվում է նաեւ Ռուսաստանին»:

Չորրորդ: Հռչակագրի ընդունումը, կարծում եմ, կհանդարտեցնի վերին ատյանի ճշմարտության հավակնություն ունեցող այն տնաբույծ քաղաքական գործիչներին, որոնք վերջին երկու ամիսների ընթացքում վախեցնում էին մեր քաղաքացիներին այն «սարսափազդու պատմություններով», իբր Թուրքիան անմիջականորեն ներգրավված է կոնֆլիկտի կարգավորման միջնորդական առաքելության մեջ՝ դրանից բխող բոլոր անցանկալի հետեւանքներով՝ ընդհուպ մինչեւ ռազմական գործողությունների վերսկսում: ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես հայտարարվել է Մայենդորֆում, շարունակում է մնալ գլխավոր լեգիտիմ միջնորդը բանակցային գործընթացում:

Հինգերորդ: Հայ դիվանագիտության համար Հռչակագրի հինգերորդ կետը (Վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների համար պայմանների ստեղծման խրախուսումը) գործունեության լայն դաշտ է բացում: Անշուշտ, վստահության միջոցների ամրապնդումը ենթադրում է նախ՝ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած տեղեկատվական պատերազմի մեղմացում, երկրորդ՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների ապաշրջափակում: Եվ պատահական չէ, որ ներկայացնելով Հռչակագիրը, Դ.Ա. Մեդվեդեւը կարդաց. «Ադրբեջանական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները հայտարարում են. կետ առաջին, որ նպաստելու են Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը եւ տարածաշրջանում կայունության ու անվտանգության մթնոլորտի ապահովմանը՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի քաղաքական կարգավորման ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, ինչպես նաեւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման եւ բազմակողմանի համագործակցության համար» («Վեստի», 2 նոյեմբերի 2008 թ.): Եվ հիմա, երբ Հռչակագիրը ստորագրված է, կարծում եմ, որ թե Եվրամիության երկրների, թե, բնականաբար, նույն Թուրքիայի եւ թե ԱՄՆ-ի համար (որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի) լայն հնարավորություններ են ստեղծվում մանրակրկիտ մոնիտորինգ անցկացնելու՝ հետեւելով, թե ինչպես են կոնֆլիկտի կողմերը կատարում այս պարտավորությունը:

Վեցերորդ: Հռչակագրի երկրորդ կետը (Քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակում) միանշանակորեն ցույց է տալիս, որ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման՝ ՀՀՇ-ական մամուլում շրջանառվող երեք (ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Ռուսաստանի) տարբերակներ իրականում գոյություն չունեին, կար միայն բանակցային գործընթաց, որը մայենդորֆյան Հռչակագրից հետո դուրս բերեց բանակցող կողմերին համագործակցության նոր մակարդակի, ինչը ճանապարհ է բացում ԽՍՀՄ փլուզումից հետո մնացած բարդագույն աշխարհաքաղաքական խնդիրների վերջնական կարգավորման համար:

Իմաստավորելով «մայենդորֆյան ճեղքման» արդյունքները, ակամա հիշում եմ մեր երիտասարդության հրաշալի ֆիմը՝ «Հավատացեք ինձ, մարդիկ»: Կիրիլ Յուրեւիչ Լավրովի փայլուն խաղը կամ գուցե կրկնակի չափանիշների եւ մեծ, նավթի մեջ տարրալուծված ստի մեջ պահպանված ցանկությունն է՝ հավատալ, որ 2008-ի նոյեմբերի 2-ին Մայենդորֆյան պալատում դրվել է Հարավային Կովկասի բազմաչարչար ժողովուրդների բարգավաճման հուսալի հիմքը:

Վերջաբանի փոխարեն: Այժմ, երբ Հռչակագիրն արդեն կյանքի ուղեգիր է ստացել, հիշվում են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների վերջին տարիների ելույթները: Ռուսաստանը, տարածաշրջանում զինադադարի հաստատման պահից ի վեր, հավատարիմ մնաց իր սկզբունքային դիրքորոշմանը, որը կրկին հաստատվեց նոյեմբերի 2-ին. այն է՝ Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում կայանում է դրսից որեւէ դեղատոմսի չպարտադրման մեջ: Ընդ որում, Ռուսաստանի սկզբունքային մոտեցումը, որը ելնում է նրանից, որ վերջնական ընտրության համար գլխավոր պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանցիների եւ հայերի վրա, անփոփոխ է մնում: Դա, իհարկե, հուսադրող է:

Հիշենք նաեւ, որ Ադրբեջանի առաջնորդն իր նախագահական պարտականությունները ստանձնելու առաջին իսկ օրվանից զբաղված էր բացառապես ռազմատենչ ռիտորիկայով եւ ընդսմին, հնարավորինս նսեմացնում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը եւ իր հայտարարություններում հույսը դնում է միայն կոնֆլիկտի ռազմական լուծման վրա: Մեզ համար նպաստավոր է, որ Ադրբեջանի ղեկավարությանը հատուկ ոգին իսպառ բացակայում է ընդունված Հռչակագրում:

Հայաստանի նախագահը նույնպես հավատարիմ է ղարաբաղյան խաղաղ կարգավորման իր մոտեցումներին, որոնք հիմնված էին միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի վրա: Ուշադիր ծանոթության դեպքում կարելի է նկատել. որ ՀՀ նախագահի առաջարկությունները, որոնք հնչեցվել են վերջերս ՄԱԿ-ի 63-րդ Գլխավոր վեհաժողովի ժամանակ, իրենց արտացոլումը գտան Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի՝ ղարաբաղյան կարգավորմանը նվիրված հռչակագրում: Այդ փաստի արձանագրումը գուցե թե մանրուք է, այնուամենայնիվ, հաճելի է:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ