Երեկ կարդում էի Հայաստանի Հանրապետություն թերթը: Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ. ես “նստած” չեմ այս գորշ թերթի վրա, պարզապես երբեմն կարդում եմ, որ տրամադրությունս բացվի՝ բառիս բուն եւ փոխաբերական իմաստով: Ընթերցում եւ հիշում եմ սովետը, երբ մեզ օտար էր ոջլոտությունը, թեեւ մանկապարտեզների ոջիլների թիվը գերազանցում էր ԽՍՀՄ-ի բնաչկության թիվը:
Եվ ահա, ուրեմն, մեր ՀՀ օրաթերթի այս հոդվածում աչքովս ընկավ հետեւյալը:
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ներկայացրեց ոլորտի ծրագրային քաղաքականությանն առնչվող ֆինանսական հատկացումները… Բժշկական անձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը նախատեսվում է 92.4 հազ. դրամ՝ 2008 թ. 77.0 հազ. դրամի դիմաց, իսկ միջին բուժանձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը՝ 59.2 հազ. դրամ՝ 2008 թ—ի 49.3 հազար դրամի դիմաց։ Լ
Հիմա ասեմ, թե ինչու այս տողը գրավեց իմ ուշադրությունը:
Ես ունեմ բարեկամներ, ովքեր աշխատում են Քուշկյանի սեփականություն հանդիսացող Էրեբունի հիվանդանոցում: Ի միջի այլոց, միայն մեզ մոտ է հնարավոր այնպիսի մի տափակ իրավիճակ, երբ առողջապահության նախարարը հանրապետությունում ունի մի շարք սեփական խոշոր բուժհիմնակներ: Կարծեմ, առաջվա “Լեչկամիսիան”, այժմյան “Նաիրի” հիվանդանոցն էլ է Քուշկյանինը: Ես նախանձ չեմ, թող Մոսկվայի Սկլիֆասովսկին էլ ու Բոստոնի բժշկական համալսարանական հիվանդանոցն էլ իրենը լինի, քավ լիցի… Բայց չեմ կարողանում պատկերացնել այն, որ մեր նախարարը երբ հիվանդանոցների ֆինանսավորման մասին է խոսք գնալու, Էրեբունին ու իր մյուս հիվանդանոցները եւ ոչ իր հիվանդանոցներին նայի “նույն աչքով”:
Լավ, շեղվեցի բուն թեմայից: Հիմա, այս մեջբերվող հոդվածում, հպարտորեն ներկայացվում է, որ մյուս տարի բուժաշխատողներն ավելի լավ են ապրելու, քան այս եւ նախորդ տարիներին: Հիշեմ դարձյալ իմ բարեկամներին, ովքեր աշխատում են Էրեբունիում:
Հիմա կասեմ մի բան, որից կարող է “գլխներիդ կապարիչները ֆռա”: Ուրեմն իմացեք, որ Էրեբունիում ոչ մի բժիշկ աշխատավարձ չի ստանում: Բառիս բուն իմաստով՝ չի ստանում: Ասեմ ավելին, մի ժամանակ ընդհանրապես չէին ստանում, իսկ հիմա՝ ստանում են, վրան էլ ավելացնում մի 7-8000 դրամ, ու տանում հանձնում իրենց ստրկատերերին:
Երեւի պարզ արտահայտվեցի, չէ՞: Դե եթե այդպես է, մնում է տրամաբանությունից ահագին հեռու լինել, որ հասկանալ, թե բժիշկների աշխատավարձի նման բարձրացմամբ ում գրպանն է վերջին հաշվով հաստանում:
Ահա եւ Ձեզ բյուջետային քննարկումներ:
Ու ամենակարեւորը: Երբ բարեկամներիս հարցնում եմ՝ ինչո՞ւ եք Ձեր փողը տալիս Ձեր ղեկավարներին: Պատասխանում են՝ նրա համար, որ նրանք թույլ տան “լեւի փող” աշխատելու: Ըստ որում, այդ “լեւի փողի” առյուծի բաժինը, դարձյալ, գնում է “վերեւ”:
Առա՜ջ, Հայաստան…
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…
Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Հասարակություն | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը