Հայաստանում վնասազերծվել է կեղծ պլաստիկ քարտերով բանկային գործարքներ իրականացրած հանցավոր խումբ. ԱԱԾ
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. (Նովոստի-Արմենիա) ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վնասազերծվել և ձերբակալվել է միջազգային հանցավոր խումբ, որտեղ ներգրավված են Ռումինիայի 3 և Լատվիայի 1 քաղաքացի, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
«2008 թ.-ի օգոստոս ամսվա ընթացքում հանցավոր խումբը «ՎՏԲ», «Անելիք», «Յունի», «Կոնվերս» բանկերի Երևանում և մի շարք մարզկենտրոններում տեղակայված բանկոմատներից կեղծ պլաստիկ քարտերով իրականացրել է գումարի կանխիկացման գործարքներ՝ ավելի քան 80 մլն դրամի»,- նշեցին մամուլի կենտրոնում։
ԱԱԾ-ում հայտնեցին, որ խմբի անդամների հյուրանոցային համարների զննության ընթացքում հայտնաբերվել են 160 հատ բանկային կեղծ պլաստիկ քարտեր, ինչպես նաև դեռևս չծախսված մեծ քանակի արտարժույթ և դրամ։
«Պարզվել է, որ կեղծ գործարքները կատարվել են՝ օգտագործելով բրիտանական հանրահայտ «Բարկլայս» բանկի հաճախորդների բանկային հաշիվները»,- նշեցին մամուլի կենտրոնից։
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
«Ինտերպոլի և միջազգային այլ իրավապահ կառույցների հետ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցավոր խմբի գործունեությունը լիովին բացահայտելու նպատակով։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ձերբակալվածները նմանատիպ գործունեությամբ զբաղվել են նաև արտասահմանյան մի շարք երկրներում»,- ասվում է հաղորդագրությունում։ --0--
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Նորություններ | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը