Կարծում եմ, բոլորն էլ կհամաձայնվեն, որ Հայաստանի օլիմպիական հավաքականը, Պեկինում անցկացվող ամառային օլիմպիական խաղերում, հանդես եկավ գերազանց: Էականն այստեղ վաստակած դեռեւս հինգ մեդալների գույնն ու մետաղի տեսակը չէ:

Եվս մեկ ուրախալի լուր.

Պեկինում տեղի ունեցող ամառային օլիմպիադայի մասնակից հայ բռնցքամարտիկ, 60 կգ քաշային կարգում հանդես եկող Հրաչյա Ջավախյանն ապահովել է իրեն առնվազն բրոնզե մեդալով: Բանն այն է, որ քառորդ եզրափակիչում Ջավախյանի կորեացի մրցակիցը չի ելել մարտի, քանի որ բժիշկները մարտը վտանգավոր են համարել նրա առողջության համար: Կորեացի մարզիկը նախօրեին կրծքավանդակի ցավեր է զգացել, իսկ բժշկական հետազոտությունը պարզել է, որ նախորդ մենամարտում նա ստացել է շնչառական օրգանների վնասվածք: Այդպիսով, քանի որ մեկ քառորդում Ջավախյանի մրցակիցը չի ելել ռինգ, նա մեխանիկորեն դուրս է եկել կիսաեզրափակիչ, ինչը նշանակում է, որ Օլիմպիադայի առնվազն բրոնզե մեդալ Ջավախյանի համար արդեն իսկ ապահովված է: Եթե հայ բռնցքամարտիկը ավելին չանի, այսինքն չհաղթի կիսաեզրափակիչում եւ չպայքարի ոսկու համար կամ չարժանանա արծաթի, ապա նրա նվաճած բրոնզե մեդալը Հայաստանի օլիմպական թիմի համար կլինի վեցերորդ բրոնզե մեդալը: Մեր թիմն առայժմ վաստակել է միայն այդ մետաղից ձուլված մեդալներ:
Աղբյուր`լրագիր:

Օլիմպիական խաղերի ողջ պատմության ընթացքում հայաստանցի մարզիկները երբեւէ վեց մեդալ չեն վաստակել:
Իհարկե, հիմա շատերը կասեն, որ ոսկի ու արծաթ չունենք, իսկ այ, մեր հարեւաններն ունեն: Եկե՛ք չհամեմատենք եւ ուրախանանք մեր ունեցածով: Նրանք էլ վեց մեդալ չունեն: Բացի այդ, ուրախալի է նաեւ այն փաստը, որ մեր մրցանակակիր մարզիկները, հիմնականում, դեռ երիտասարդ են եւ ապագայում, համոզված եմ, կպարգեւեն մեզ օլիմպիական ոսկիներ եւ բազում այլ հաղթանակներ:
Իրականությանը նայենք պարզ հայացքով. վերջին երկու օլիմպիական խաղերում (2000թ. Սիդնեյ, 2004թ. Աթենք) հայ մարզիկների անհաջող ելույթներից հետո, մերոնց ելույթները Պեկինում կարելի է գնահատել գերազանց:
Մեկ անգամ եւս շնորհավորենք մեր տղաներին եւ շնորհակալություն հայտնենք նրանց` մեր պետության, ազգի պատիվը բարձր պահելու համար: Կեցցե՛ք տղաներ:
Ահա՛ մեր հերոսները.
Ռոման Ամոյան, Տիգրան Մարտիրոսյան (կրտսեր), Գեւորգ Դավթյան, Յուրի Պատրիկիեւ, Տիգրան Մարտիրոսյան (ավագ) :
Բռնցքամարտիկ Հրաչյա Ջավախյանի անունը այս ցանկում դիտավորյալ չեմ նշում, հույս փայփայելով, որ նա կհաղթի ե՛ւ կիսաեզրափակիչում ե՛ւ եզրափակիչում` դառնալով օլիմպիական չեմպիոն:
Նշեմ նաեւ, որ որոշակի հույսեր կան` կապված մեր ազատ ոճի ըմբշամարտիկների հետ: