Մեծարգո պարոն Վարչապետ,
Ըստ ԶԼՄ-ների, ՀՀ վարչապետ նշանակվելուց ի վեր, մեր երկրի տնտեսության կառավարման համակարգումը թողած՝ առավոտից-երեկո զբաղված եք մանկավարժական-լուսավորչական աշխատանքներով՝ ինչպես Ձեր անմիջական ենթակաների, այնպես էլ նրանց տեղակալների ու վարչության պետերի շրջանում: Նրանց սովորեցնում եք, թե ի՞նչ է համակարգիչը եւ ի՞նչ է ինտերնետը, թե՝ ինչո՞ւ է պետք է լրագրողներին տեղեկատվություն տրամադրել, թե ի՞նչ գործառույթներ պետք է իրականացնի այս կամ այն կառույցների ղեկավարը եւ ինչ չպետք է անի, եւ այլն...: Ասում եք՝ կաշառք չվերցնե՛ք, սովորե՛ք նորմալ (մարդավարի) աշխատել եւ այլն…
Տպավորությունս այնպիսին է, որ դուք Ձեր նախարարների հետ վերաբերվում եք որպես Ձեր ուսանողների, որոնց մի քանի անգամ քննությունից կտրել են ու հիմա «ռեպետիտորի» կարիք ունեն՝ իրենց անբավարար գնահատականները շտկելու:
Հարց. իսկ չէր կարելի՞ այդ պաշտոններին նշանակել մարդկանց, ովքեր հմուտ են իրենց գործում եւ լավ կազմակերպիչներ են, որոնք վաղուց եւ տարբեր ԲՈՒՀ-երում ստացել են համարժեք կրթություն եւ չեն բավարարվել այդ կրթությամբ, ովքեր առաջնորդներ են իրենց բնագավոռում եւ գիտակներ, ում պետք չէ դասախոսել, այլ՝ վերահսկել եւ համակարգել նրանց միջեւ ընթացող աշխատանքները: Մարդիկ, ովքեր կախված չեն իրենց կուսակցապետերից եւ ուղղակիորեն կախված են միայն Ձեզնից:
Դրանով դուք կլուծեիք մի քանի խնդիր.
1. Ավելի շատ ժամանակ կհատկացնեիք Ձեր՝ որպես վարչապետի բուն գործունեության վրա, եւ ոչ թե կզբաղվեիք տառաճանաչություն սովորեցնելով (խոսքս ղեկավար բարձր պաշտոնում աշխատելու այբուբենի մասին է):
2. Մեր երկրի ապագայով խիստ մտահոգված կուսակցություններին եւ կուսակցապետերին կհասկացնեիք, որ իրենց հնարավորություն եք տալիս ժողովրդին ապացուցելու, որ այդ կուսակցությունների մտահոգությունն իրականում Հայաստանի ապագան էր, այլ ոչ թե պաշտոն ստանալ-չստանալը: Չէ՞ որ կոալիցիոն կողմերը հոգնեցին հայտարարելով, որ իրենց համաձայնագրում պաշտոնների բաժանման մասին խոսք չկար: Ինչո՞ւ եք գնում նրանց կամքին հակառակ:
3. Մեծապես կօգնեիք Ձեր Նախագահին՝ մեկ օր շուտ մեղմացնելու տնտեսական խնդիրները: Ներկա պարագայում, նախարարները պարզապես մեկ օր շուտ կհարստացնեն իրենց կուսակցության «բյուջեները»:
4. Մեծապես կօգնեիք ընդդիմադիր կուսակցություններին՝ հավատալու, որ իրականում Ձեր թիմի նպատակը հանրապետության զարգացումն է, այլ ոչ թե մի քանի կուսակցությունների «բերանները փակելը»:
Ինքս հավատում եմ, որ Ձեզնով լիներ՝ այդպես էլ կանեիք, սակայն, ավելի լավ է հնարավորինս շուտ այս հարցերը բարձրացնել Նախագահի առաջ, քան թե դառնալ իշխանամետ կուսակցությունների ախորժակի համար «ֆիշկա»:
Չգիտեմ, կհասնի այս գրառումը ձեզ, թե ոչ, այնուամենայնիվ, շնորհակալություն ուշադրության համար:
Հ.Գ. հոդվածի հղումը ուղարկել եմ http://www.gov.am/armversion/feed_back.htm էջից:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Բաց նամակներ | 5 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ցավոտ հարց: Մարդիկ քնելուց առաջ մտածում են ոչ թե երկրի մասին, այլ այն բանի, թե ինչպես իրենց «ցեխից» փող աշխատեն: Տեսնում են, չէ՞, թե ինչպես իրենց նախորդները «դամա են ելել», իրենք ումի՞ց են պակաս:
Ցավը այն է, որ սա վարակ է, չումա՝ համազգային մակարդակով:
Ինչ վերաբերվում է այբուբենին: Նրանցից շատերը հայերեն չգիտեն: Տ.Սարգսյանը ճիշտ է անում. մեկը պետք է, չէ՞, սովորեցնի…
Ամատունի.
>>>Տ.Սարգսյանը ճիշտ է անում. մեկը պետք է, չէ՞, սովորեցնի...
Բարեկամ, իրո՞ք հավատում ես, թե Հայաստանը այս դարում իրավունք ունի այսպիսի դանդաղ տեմպերով առաջ գնալ` զարգանալ: Այժմ ոչ թե ժամանակն է սովորեցնելու, այլ՝ աշխատելու: Եթե նախարարը նույնիսկ այբուբենը չգիտե գրել, ոչ թե պետք է նրան սովորեցնել (որի համար կան հատուկ դպրոցներ), այլ նրա փոխարեն նշանակել մի այնպիսի մասնագետի, որը կարող է աշխատել եւ, որն արդեն սովորած է:
Իսկ Տիգրան Սարգսյանը սովորեցնում է, բայց դոլլար-դրամ կուրսը, կարծես, մոռանում է, թե ո՞վ ...
Է, թող սովորեցնելու գործը հանձնարարի մեկ ուրիշին կամ էլ ստեղծի նոր նախարարություն, որ կկոչվի «Նախարարներին նախարար սովորեցնող նախարարություն»:
Երեւի մեր կառավարության անդամների մեծ մասը(այբուբեն չիմացողները) համեմատաբար ընդունելի են:Վերջիվերջո,այն մարմինը,որտեղից նրանք նախարար են դառնում,իր ինտելեկտուալ հնարավորություններով կարող է մրցել միայն համար չգիտեմ որ դպրոցի 7"Դ" դասարանի հետ:Մարդ կա`պատգամավոր դառնալուց հետո է ԲՈՒՀ-ում սովորել:
08-06-08 • 03:12 AM
ինչո՞ւ ես հեռու գնում, վերջերս Սպարտակ Սեյրանյանը ՀՅԴ-ի կողմից նշանակվեց կրթության եւ գիտության նախարար: Նայում եմ կենսագրությունը. ունի պատմաբանի կրթություն, աշխատել է իր կուսակցական թերթում, գիտակրթական ֆոնդում եւ ես մի քանի տեղ:
Այս մարդը երբեւէ ՉԻ ԱՇԽԱՏԵԼ կրթության ոլորտում, նկատի ունեմ՝ պետական ոլորտում, ոչ ուսուցիչ է, ոչ էլ մանկավարժ, ոչ մի պաշտոն չի զբաղեցրել կրթության նախարարությունում, դե, իրենց թերթում էլ գրել է ոչ անկեղծ՝ այն, ինչ ձեռք է տվել իր կուսակցությանը (այլ կերպ ասած՝ դեպքերը դիտել է դաշնակցականի աչքերով):
Հիմա Սպարտակից ի՞նչ սպասենք, որ իրեն վստահված նախարարությունը ոտքի՞ կհանի: Կասկածում եմ:
Նախորդ դաշնակցական նախարարը՝ Լեւոն Մկրտչկանը, իր նախարար ժամանակ հասցրեց ձեռք բերել Վալեմ համալիրը: Չեմ էլ կարողանում պատկերացնել, թե ոնց կարող է կրթության նախարարը օբյեկտ ձեռք բերի, մշակույթի պալատ լիներ, գրադարան լիներ, էլի մի քիչ կըմբռնեի:
Իմ համոզմունքն է, որ Սպարտակը ինչպես նշել ես քո նամակում, աշխատելու է առաջին հերթին իր կուսակցության համար, եթե ժամանակ մնաց, մի քիչ էլ մեր երկրի համար: