Երեկվա «Առավոտը» մեր կոալիցիոն գործընկերներին բնութագրող հետաքրքիր հիշեցումներ է ներկայացրել:

Ուրեմն, տեսեք, թե ինչ է ստացվում. այսօր (ինչպես մի քանի տարի առաջ էր) ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը, իսկ այսօր նաեւ՝ բարգավաճը դարձել են գործընկերներ: Մեկմեկու ձեռք են սեղմել, 40-օրյա տեւողության «քֆուր» են կերել, որ իրար ոտք չեն տրորի, ու տոգորվել են մեր հանրապետության ծաղկեցման միայն գովասանքի արժանի առաքելությամբ:

Իսկ ահա «Առավոտը» հիշեցնում է, թե այսօրվա դաշնակիցները ինչ կարծիք ունեին մեկմեկու հանդեպ ընդամենը մի քանի ամիս առաջ:

Եկեք մենք էլ հիշենք. սա մեզ գոնե կօգնի եւս մեկ անգամ համոզվելու, թե ովքեր են տոգորվել մեր ու մեր երեխաների ապագայի կառուցման հայրենանվեր գործով:

«Պոպուլիստ»,- այսպես էր բնութագրել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 31-ին «Ազդակ» ակումբում, երբ նրան խնդրել էին մեկ բառով բնութագրել նախագահի թեկնածուներին:

Փետրվարի 5, ԱԺ

ՀՀԿ փոխնախագահն ԱԺ ամբիոնից մի շարք հարցեր էր ուղղել Արթուր Բաղդասարյանին՝ ակնկալելով նրա պատասխանը. «Ինչո՞ւ իր պաշտոնավարության 3 տարիների ընթացքում երբեւիցե Ազգային ժողովի ֆինանսական գործունեությունը չի ստուգվել։ Ինչպե՞ս է պատահում, որ այդ տարիներին տարեկան 50-60, 100 տոննա բենզին ավել է ծախսվել։ Ինչպե՞ս է պատահել, որ 20 մլն գումար է փոխանցվում, չար լեզուներն են ասում, իր իսկ գլխավորած հասարակական կազմակերպությանն Ազգային ժողովի բյուջեից։ Ինչպե՞ս է պատահում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների մեկ այցի ժամանակ 20 մլն է ծախսվում։ Այսօր մոտ 350 մլն տնտեսում ունի Ազգային ժողովը, որը գնացել է պետբյուջե, դեռ ավելին՝ 20 միլիոն էլ Ղարաբաղի Ազգային ժողովին է օգնել»։

Սակայն երեկ տրված մեր հարցին, թե մտադիր չէ՞ արդյոք այժմ ստանալ իր հարցերի պատասխանը՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա: Քանի որ քաղաքական փոխադարձ համաձայնությամբ՝ նույն ճանապարհով ենք գնում»: Մեր հարցին՝ փաստորեն էլի կոալիցիա մտնելը փաստացի համաներո՞ւմ է իր թվարկած զանցանքների համար՝ ՀՀԿ փոխնախագահն այսպես արձագանքեց. «Ո՛չ: Եթե կա նման խնդիր՝ թող ուրիշներն անեն»:

Փետրվարի 3, ԱԺ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարարեց. «Բոլորը բոլորին փնովում են, բոլորը բոլորին ամեն ինչ խոստանում, ալյանսներ են կազմում, հանրահավաքներ անում, օդ կրակում, քամի բարձրացնում ու հետո թաքուն բանակցում իշխանությունների հետ՝ իրենց գարշահոտ երախներն իշխանական պատառով փակելու համար… Նախագահական ընտրություններին հաղթելու զրոյական շանսեր ունեցող Բաղդասարյանի՝ Տեր-Պետրոսյանին միանալու դեպքում հիշողության մեջ անմիջապես արթնանում են աստվածաշնչյան երկու դրվագներ, քաղաքական առումով՝ դա անառակ որդու վերադարձն է։ Տեր-Պետրոսյանի ծոցում մեծացած ու տաքացած օձը, որը Տեր-Պետրոսյանից հետո ներկայիս իշխանությունների ծոցից ծոց է անցել, նորից վերադառնում է Տեր-Պետրոսյանի ծերացած կրծքին, փիլիսոփայական առումով՝ հող էիր, հող էլ կդառնաս՝ իմաստնության ականատեսն ենք լինելու»։

Արմեն Աշոտյանին հիշեցրինք իր այդ հայտարարությունը՝ փորձելով պարզել, թե արդյոք այժմ է՞լ նույն տեսակետներն ունի իրենց հետ կոալիցիայում գտնվող գործչի մասին, եւ նա ասաց. «Նախընտրական գործընթացները մի տրամաբանություն ունեն, հետընտրական գործընթացները՝ մեկ այլ»:

Նաիրա Զոհրաբյան, «Բարգավաճ Հայաստան»

«Ինչ վերաբերում է հայրենիքի համար կյանքը զոհելուն, ապա խիստ կասկածում եմ, որ հայրենիքը կոնկրետ այդ զոհողության կարիքն ունի։ Այնպես որ, քարոզչական խարակիրիներ պետք չեն, եւ մի խորացրեք ձեր վիճակի ողջ զավեշտը, եթե, իհարկե, չեք որոշել փետրվարի 19-ից հետո ձեր ուժերը փորձել այս անգամ արդեն շոու բիզնեսում, հաշվի առնելով քարոզարշավի ընթացքում ձեռք բերած ձեր խիստ պրակտիկ գիտելիքները»:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!