Խաղաղ ցուցարարների նկատմամբ մարտիմեկյան ոճրագործությունից հետո ապօրինի մտցված արտակարգ դրությունը լուծեց միայն Սահմանադրական դատարանի` հանցավոր վարչախմբի համար ցանկալի որոշումը կորզելու հարցը, ասված է մարտի 28-ին տարածած մի հայտարարության մեջ, որը ստորագրել են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված քաղաքական ուժերը:

Հայտարարության հեղինակները կարծում են, որ արտակարգ դրության հանելը ձեւական էր եւ իրականում միջազգային հանրության աչքին թոզ փչելու միջոց:

«Իրականում դրանից հետո էլ բռնությունները, մարդու իրավունքների ու ազատությունների նկատմամբ ոտնձգությունները շարունակվում են, նույնիսկ ավելի հզոր թափով եւ ցինիզմով:

Օրենսդրական աճպարարությամբ ընդհանրապես արգելվել է հանրահավաքների եւ ցույցերի իրավունքից օգտվելը: Ոչ միայն Երեւանում, այլեւ հանրապետության տարբեր բնակավայրերում բռնի ուժով ցրվում են ապօրինի ձերբակալությունների հետեւանքով տեղի ունեցող բողոքի խաղաղ հավաքները: Նույն թափով շարունակվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, նախըտրական շտաբների անդամների եւ ղեկավարների ձերբակալությունները: Երեւանցիների համար սիրված վայրերը պաշարված են ոստիկանական ստորաբաժանումներով: Չափազանց վտանգավոր է դարձել փողոցներում մարդկանց պարզ զբոսանքը: Սեփական ժողովրդի անգամ խաղաղ զբոսնելուց սարսափած իշխանությունների հրահանգով ոստիկանական խմբերը հարձակվում են մարդկանց վրա, ծեծում, առեւանգում: Միայն մարտի 26-ին, օրինակ, Հյուսիսային պողոտայից եւ հարակից զբոսայգիներից բռնության գործադրմամբ ոստիկանական բաժիններ են տարվել ավելի քան 60 հոգի: Փողոցներում 24 ժամ կազմ ու պատրաստ պահվում է մի քանի հազար սպառազեն ոստիկան:

Այս ամենը ցույց է տալիս, որ ապօրինի ու հանցագործ ռեժիմը, հասկանալով, որ ժողովրդի մեջ չունի դույզն իսկ սոցիալական եւ քաղաքական հենարան, ահաբեկված, որպես վերջին հնարավորություն կառչել է դեռեւս ձեռքի տակ եղած միակ` բռնության միջոցին: Ակնհայտ է նաեւ, որ այսօրինակ ջղաձգումները ավելի են խորացնում ու համատարած դարձնում հասարակական ատելությունն ու զայրույթը, ամրապնդում այս վարչախմբի հետ անհամատեղելիության գիտակցությունը, հեղինակազրկում պետական կարեւորագույն կառույցները` ոստիկանությանը, ԱԱԾ-ն, բանակը եւ այլն:

Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը ներքին քաղաքական իրավիճակի կարգավորման ծրագրին` հիմնված Եվրամիության Նախագահության մարտի 4-ի հայտարարության մեջ արված սկզբունքային առաջարկներին. այն է` ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, ապահովել տեղեկատվության հավասար հնարավորություններ, իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն եւ միայն դրանից հետո երկխոսություն սկսել իշխանության հետ:

Ժողովրդավարության եւ ազատության համար պայքարում միեւնույն է` հաղթելու ենք»,- ասված է Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող կուսակցությունների հայտարարության մեջ:

Այն ստորագրել են`

“Ազատություն” կուսակցություն
Ազգային արժեքների պահպանման կուսակցություն
“Ազգային վերածնունդ” կուսակցություն
“Այլընտրանք” հասարակական-քաղաքական նախաձեռնություն
“Երրորդ Հանրապետություն” կուսակցություն
“Ժառանգություն” կուսակցություն
“Ժողովրդավարական ուղի” կուսակցություն
“Ժողովրդավարական հայրենիք” կուսակցություն
Հայաստանի առաջադիմական ազատական կուսակցություն
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն
Հայաստանի ժողովրդական կուսակցությունը
Հայաստանի մարքսիստական կուսակցություն
“Հայոց հայրենիք” կուսակցություն
Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը
“Հայրենիք և Պատիվ” կուսակցություն
“Հանրապետություն” կուսակցությունը
“Մարդու իրավունքներ – 96” կուսակցություն
“Նոր Ժամանակներ” կուսակցություն
Պահպանողական կուսակցություն
Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցություն
Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ կուսակցություն

lragir.am

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!