Հունիսի 1-ին մարդու իրավունքների պաշտպան Գրիգորի Սարկիսովի գրասենյակում նախատեսված էր հանդիպում ԵԱՀԽ ՄՎ պատվիրակության հետ: Ընդունարանում զննման արդյունքում պարզվել է, որ պատվիրակության բոլոր անդամները զինված են եղել «Parker» և «Stanley» տիպի տարբեր տրամաչափի գրիչներով: Նրանցից առգրավվել են նաև կտրող գործիքներ՝ սրիչ և շվեցարական արտադրության բազմաֆունկցիոնալ դանակ՝ 6,5 սմ երկարությամբ: Մարդու իրավունքների պաշտպանը նամակ է հղել ԵԱՀԽ ՄՎ գործող նախագահին՝ պատվիրակության անդամներին դիվանագիտական աստիճանից զրկելու և ՀՀ արդարադատության մարմիններին հանձնելու պահանջով:
Հայաստանի մշակույթի գործիչների տանը կայացել է ՀՀ նոր հիմնի առաջարկների քննարկում: Միաձայն հավանության է արժանացել ՀՀ ժողովրդական արտիստ, մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Աշոտյանի «Առաջ, առաջ, առաջ» ստեղծագործությունը: Աշոտյանը վստահեցրել է, որ երգի բառերը կգրի մինչև տարեվերջ, իսկ երաժշտությունը պատրաստ կլինի առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում:
Հանրապետության նորանշանակ ոստիկանապետ Տիգրան Թորոսյանի հանդիսավոր երդման արարողության ժամանակ գրանցվել է ցավալի միջադեպ: Ներքին զորքերի երեք գումարտակների զինվորները, որոնք ներկա են եղել արարողությանը, ոստիկանապետի «Երդվում եմ» բացականչությունից հետո «Ուռռա» գոռալու փոխարեն տրվել են հիստերիկ ծիծաղի պոռթկումներին: Արարողությունը հայտարարվել է չեղյալ. նոր երդման արարողությանը ներկա կլինեն մայրաքաղաքի մի շարք դպրոցների տարրական դասարանների աշակերտները:
Պաշտոնաթող նախագահների պաշտպանության մասին օրենքում փոփոխություն մտցնելու համար ԼՂ ներկայացուցչությանն է ներկայացվել նոր նախագիծ, ըստ որի նախագահների պաշտոնաթողությունից հետո ամենահուսալի պաշտպանություն իրականացնելու համար առաջարկվում է նախկին նախագահներին բանտարկել: Ներկայումս կատարվում են քննչական որոնողական աշխատանքներ՝ նախագիծը ներկայացնող անձի ինքնությունը պարզելու համար:
Գրառման հեղինակ՝ Phenomen | Բաժինը՝ «Հայաստան 2020» | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը