Այս ժամերին Երեւանի փողոցներով շրջող տուրիստի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Լեւոն-Տեր Պետրոսյանի թիմի կողմից կազմակերպված սգո եւ բողոքի լուռ ակցիան իրականացվում է, միայն թե իրենց սգո տուրքը արտահայտել ցանկացող մարդկանց փոխարեն Օպերայի հրապարակից մինչեւ Մյասնիկյանի հրապարակ ձգվող փողոցների մայթերում իրարից 1 մետր հեռավորության վրա կանգնած են… մահակավոր ներքին զորքերի մարտիկները:
Կարդում ենք Լրագիր.ամ-ում:
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐ
Երեւանի Կենտրոնական փողոցներում այս պահին կանգնած են Ոստիկանության զորքերը, վահաններով եւ ռետինե մահակներով: Նրանք տեղակայված են Ազատության հրապարակից մինչեւ Մյասնիկյանի արձան ձգվող մայթերին, Կառավարության եւ Ֆրանսիայի դեսպանատան շենքերի մոտ: Ըստ ԱՌԿԱ գործակալության, մի քանի հարյուր մարդիկ հավաքվել են Ազատության հրապարակի մատույցներում` հարգելով մարտի 1-ի դեպքերի զոհերի հիշատակը, ձեռքներին սեւ ժապավեններ եւ մոմեր:
16:36:13 - 21/03/2008
Ստեղծված ներքաղաքական իրավիճակը շատ դիպուկ նկարագրում է Լ.Ալավերդյանը «Ժառանգությունից» - «Հայաստանը դարձավ մշտապես արտակարգ դրության պայմաններում ապրող երկիր»:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Հետընտրակայն Հայաստան | 7 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
ՍԳՈ ԵՐԹԸ ԿԱՅԱՑԱՎ
Ազատության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Հանրապետության եւ Շահումյան հրապարակներով Մյասնիկյանի հրապարակ: Մարտի 21-ին այդ երթուղով տեղի ունեցավ սգո երթը, որը կազմակերպվել էր էլեկտրոնային փոստերի միջոցով տարածված նամակներով ու բջջային հաղորդագրություններով: Մոտ երեք հազար մարդ, մոմերով ու մարտի 1-ի իրադարձություններից հետո եւ դրանից առաջ ձերբակալված անձանց լուսանկարներով, Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձան, ուր եւ տեղի էին ունեցել ողբերգական իրադարձությունները:
Սակայն երթը, որի եզրափակիչ մասն անցավ առանց միջադեպերի, սկսվեց ոստիկանների հետ քաղաքացիների հրմշտոցով, Ազատության հրապարակում: Ժամը 15-ի մոտակայքում արդեն հրապարակի մատույցներում մոմերով ու նկարներով հավաքված կանանց ոստիկանները թույլ չտվեցին մուտք գործել Ազատության հրապարակ ու այնտեղ մոմավառություն իրականացնել: Ազատության հրապարակը լի էր ոստիկանության զորքերով: Մարդկանց թիվն ավելանալու հետ մեկտեղ ավելանում էր նաեւ աղմուկը եւ ոստիկանները քաղաքացիներին արդեն ոչ միայն չեն թողել Ազատության հրապարակ, այլ հեռացրել են հրապարակից Հյուսիսային պողոտայի ուղղությամբ: Այդ ընթացքում ոստիկանությունը, ականատեսների վկայությամբ, կիրառել է էլեկտրահարիչներ:
Դրանից հետո քաղաքացիներն արդեն Հյուսիսային պողոտայով շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձան: Շատերը մոմերով ու բանտարկյալների նկարներով կանգնել էին Հանրապետության հրապարակից մինչեւ Մյասնիկյանի արձան, իսկ քաղաքացիների հիմնական մասը երթով անցնում էր այդ տարածությունը, հասնում ոստիկաններով շրջապատված Մյասնիկյանի արձանի մոտ, քիչ կանգ առնում, եւ հեռանում, կուտակումներ չառաջացնելու համար: Այդ ամենը տեղի էր ունենում առանց երթեւեկությունը խոչընդոտելու: Ոստիկանական զորքերի հետ կանգնած սպաներն էլ ընթացքում մոտենում էին եւ քաղաքացիներին պարզապես խորհուրդ տալիս չմնալ մայթին եւ կուտակում ու լարվածություն չստեղծել:
19:22:42 - 21/03/2008
lragir.am
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 21-ին` արտակարգ դրության վերացման առաջին օրը, ինչպես եւ նախատեսվում էր, ընդդիմությունը կազմակերպեց զանգվածային միջոցառում: Հյուսիսային պողոտայի Տերյան փողոցին հարող հատվածում հավաքված մի քանի տասնյակ մարդ փորձեցին վառվող մոմեր դնել Առնո Բաբաջանյանի արձանի հարեւանությամբ` ի հիշատակ մարտի 1-ի հայտնի դեպքերի ժամանակ զոհվածների: Սակայն ոստիկանությունը, որը շրջափակել էր Ազատության հրապարակը, ետ մղեց մարդկանց` խոչընդոտելով մոմավառությունը: Ժամը 17-ի դրությամբ Հյուսիսային պողոտայում հավաքված Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ 2000 կողմնակիցներ դանդաղ երթով ուղղվեցին դեպի Մյասնիկյանի անվան հրապարակ: Հանրապետության հրապարակին հարող հատվածում կանգնած է մի քանի հարյուր մարդկանցից կազմված «սգո շղթա»: Մարդիկ բերել էին ձերբակալվածների լուսանկարները եւ վառված մոմեր:
Շահումյանի եւ Մյասնիկյանի հրապարակները շրջափակված էին մահակներով եւ վահաններով զինված ոստիկաններով: Հասնելով Մյասնիկյանի հրապարակ եւ տեսնելով, որ այնտեղ կանգնելը վտանգավոր է, երթի մասնակիցները թեքվեցին դեպի Մաշտոցի պողոտա` դանդաղ քայլելով Ազատության հրապարակի ուղղությամբ: Սակայն, ծննդատան մոտակայքում հայտնվեցին ոստիկանական մեքենաներ, որոնք մի քանի անգամ երթի մասնակիցներին զգուշացրին, որ միջոցառումն անօրինական է եւ կոչ արեցին նրանց ցրվել: Այնուհետեւ ոստիկանությունը փակեց Մաշտոցի պողոտան` թույլ չտալով երթի մասնակիցների հետագա շարժը: Միջոցառման մասնակիցների փորձերը` ճեղքել շրջափակումը, արդյունք չտվեցին: Տեղ-տեղ երթի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բռնկված վեճերի արդյունքում ոստիկանությունը կիրառեց էլեկտրաշոկ, մի քանի հոգի ձերբակալվեցին, ոմանք էլ խուսափեցին ձերբակալությունից երթին մասնակցող կանանց շնորհիվ: Այս պահին հավաքվածների մի մասը հեռացել է Սարյան փողոցով, իսկ մյուս մասին ոստիկանությունը ետ է մղում դեպի Մաշտոցի պողոտայի վրա գտնվող փակ շուկա: ժամը 18:30-ին Մաշտոցի պողոտայի նշված հատվածներում կան մեծ թվով ոստիկաններ:
nt.am
Տարերային երթ Երեւանում
Երեւանում այսօր տարերային երթ է տեղի ունեցել՝ Ազատության հրապարակի մերձակայքում հավաքված հարյուրավոր մարդիկ Հյուսիսային պողոտայով շարժվել են դեպի քաղաքապետարան, այնուհետեւ Մաշտոցի պողոտայով փորձել են վերադառնալ օպերային թատրոնի մոտ:
Ժամը 15-ի սահմաններում արդեն Օպերայի շենքը շրջապատված էր ոստիկանական մի քանի տասնյակ մեքենաներով եւ ոստիկանության զորքերով: Մահակներով եւ վահաններով զինված մարդիկ թույլ չէին տալիս մարդկանց մոտենալ Օպերայի տարածքին:
Մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին մոմավառությանը մասնակցել ցանկացողները ասում էին, որ պարզապես ուզում են մոմ վառել եւ հեռանալ:
«Եթե արտակարգ իրավիճակը դուրս է եկել: Մենք էլ Սահմանադրույթան ոչ մի կետով խախտում չենք անում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մոմավառությանը մասնակցել ցանկացող միջին տարիքի մի կին:
Ոստիկանները, մինչդեռ, հակադարձում էին, թե մարդկանց կուտակումները կարող են վերածվել չարտոնված հանրահավաքի:
Հավաքված մի քանի տասնյակ կանայք, այդուհանդերձ, վառեցին մոմերը եւ ոստիկանների հորդորների ներքո, Օպերային տարածքից շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա: Այստեղ հավաքված հարյուրավոր մարդիկ, մոտ մեկ ժամ կանգնելուց հետո, երթով շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձանին հարակից տարածքը, որտեղ նույնպես շատ էին ոստիկանության ներկայացուցիչները: Այստեղ եւս մոտ մեկ ժամ մնալուց հետո, մարդիկ փորձեցին Մաշտոցի պողոտայով բարձրանալ դեպի Ազատության հրապարակ:
Ոստիկանները արգելափակել էին Մաշտոցի պողոտան` հայտարարելով, թե երթն ատոնված չէ, եւ պահանջում էին ցրվել: Երթի մասնակիցները ստիպված են եղել օգտվել հարակից փողոցներից:
Միաժամանակ Ազատության հրապարակի շրջակայքում տեղի են ունեցել առանձին բախումներ հավաքվածների եւ ոստիկանների միջեւ: Մասնավորապես, ոստիկանները ծեծի են ենթարկել մի երիտասարդի:
Տուժածը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ իրեն հարվածներ են հասցրել էլեկտրաշոկով եւ միայն հավաքվածների ջանքերով հնարավոր է եղել փրկվել:
Քաղաքի որոշ մասերում կազմակերպվել է «կենդանի շղթա»՝ մարդիկ շարք են կազմել վառված մոմերով:
Երեկոյան Կենտրոն համայնքի ոստիկանություն է բերվել Օնիկ Հակոբյանը, որին ոստիկանները բռնել են Մաշտոցի պողոտայում` Մարգարյանի անվան հիվանդանոցի մոտ: Հայտնի չէ, թե ինչն է բերման ենթարկելու պատճառը: Ինքը` Հակոբյանը պնդեց, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել:
ուշադիր նայեք ազգի հերոսներին՝ իմաստության եվ բարության չափանիշը
Իմաստուն
Բարության մարմնավորում
Առնո Բաբաջանյանի արձանի մոտ հավաքված կանայք եւ երիտասարդները մոմեր վառեցին ու ծաղիկներ դրեցին: Սակայն ոստիկանները սկսեցին առաջանալ ու վահաններով ետ մղել ժողովրդին: Ժողովուրդը քաշվեց հանդիպակաց մայթերը: Թումանյան փողոցի կողմից անցան դեպի Հյուսիսային կոչվող պողոտա ու հավաքվեցին Սերժ Սարգսյանի փեսայի ռեստորանի՝ «Հին Էրիվանի» մայթին: Սակայն ոստիկաններն անցան այդ մայթն ու նորից կանգնեցին ժողովրդի դիմաց: Մթնոլորտը լարվեց, ընդ որում՝ ոստիկանական շարքերում շրջող սպաների պատճառով, որոնք մտնում էին ժողովրդի մեջ ու տափակ դիտողություններ անում: Նպատակն արդարացավ, երբ նրանցից մեկը կատաղությունից պրկված այտամկաններով ու անողոք հայացքով դիմեց նորակառույց առեւտրի կենտրոնի մայթին կանգնած մի երիտասարդի ու հրամայեց չկանգնել գազոնին: Սա նման էր հին անեկդոտին, երբ մեկը մոտենում է մի խեղճ մարդու եւ ուզում է նրա վրա պարպել իր կատաղությունը եւ ասում է. ինչո՞ւ գլխարկ չես դրել, ու տուր թե կտաս: Որպես ականատես, կարող եմ ասել, որ տղայի կանգնած տեղում ոչ թե գազոն էր, այլ մի անխնամ հողաթումբ: Բայց էական չէր, եւ մի քանի ոստիկան հարձակվեցին վրան ու սկսեցին մահակահարել:
Կանանց հաջողվեց ոստիկանների ձեռքից պրծացնել անմեղ երիտասարդին ու հորդորել նրան գնալ տուն: Մոտավորապես մեկ ժամ անց տեղեկացանք, որ տղային հետեւել են ու տան մոտ ձերբակալել: Ժամը 17-ին մոտ ժողովուրդը ինչպես եւ որոշել էր, մարտի 1-ի ողբերգության էպիկենտրոնից մինչեւ երեկոյան ջարդերի վայրը՝ Ֆրանսիայի դեսպանատան մոտ գտնվող Ալեքսանդր Մյասնիկյանի արձան միմյանցից մեկ մետր հեռավորությամբ շղթա կազմեց, ձեռքներին քաղբանտարկյալների լուսանկարներ, մոմեր, ծաղիկներ: Քանի որ շատ մարդ կար, շղթայի երկայնքով քայլերթ գոյացավ, հասավ Մյասնիկյանի արձանի մոտ, շուռ եկավ Տիգրան Մեծ փողոց, հետո Մաշտոցի պողոտայով դեպի պաշարված Ազատության հրապարակ: Մաշտոցի պողոտայում՝ Մարգարյան ծննդատան դիմաց տեղակայված Կարեն Դեմիրճյանի հուշաքարի մոտ մարդիկ հավաքվեցին, որ հարգանք մատուցեն սպանված առաջնորդին: Այստեղ նույնպես ոստիկանությունը փորձեց ճնշել մարդկանց ու հարձակվեց նրանց վրա, էլեկտրաշոկերով զինված: Ըստ երեւույթին դա պլանավորված էր, որովհետեւ նախապես ոստիկանական մեքենաներ էին մոտեցրել Եղիշե Չարենցի տուն-թանգարանի մայթին եւ տեղում մի քանի հոգու որսացին, բռնությամբ ու ծեծով մտցրին այդ մեքենաներն ու տարան դեպի ներքեւ, ծածկած շուկայի ուղղությամբ: Մինչեւ ուշ երեկո քաղաքում շարունակվում էր մարդաորսը, եւ մեզ չհաջողվեց ճշտել, թե քանի-քանիսին տարավ 37 թվականից հառնած «սեւ ագռավը»:
Թեպետ ոստիկանության հրահրած սադրանքն ակնհայտորեն չհաջողվեց այն պարզ պատճառով, որ ժողովուրդը առավել գիտակից ու կամային է, քան այդ սադրանքը ծրագրավորող ավազակախումբը, բայց ենթադրելի է, որ արտակարգ դրությունը եթե ոչ «դե յուրե», ապա «դե ֆակտո» պահելու հստակ միտում կա: Ենթադրվում է նաեւ, որ այդ նույն ժողովուրդն դիմադրելու է մինչ վերջ, մինչեւ հաստատի իր՝ ժողովրդավարական իշխանությունը:
Էնքան պիտի դուրս գանք փողոց, որ սրանք հոգնեն:
21-03-08 • 20:10 PM
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԵԾԱՔԱՆԱԿ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԶՈՐՔ Է
Մարտի 21-ին, Երեւանում արտակարգ դրության ավարտից հետո քաղաքի փողոցներում աստիճանաբար նվազած ոստիկանության քանակը նկատելիորեն ավելացել է: Այդ հանգամանքը թերեւս պայմանավորված է այն երթի սպասումով, որի մասին քաղաքացիների շրջանում տեղեկություններ էին տարածվել բջջային հեռախոսների եւ էլփոստերի հաղորդագրությունների տեսքով: Դրանցով տարածվել էին Ազատության հրապարակում հանրահավաքի հրավեր եւ նաեւ ի հիշատակ մարտի 1-ի իրադարձությունների զոհերի, կազմակերպված սգո երթ:
Թերեւս այդ միջոցառումների սպասումով էլ ոստիկանական զորքերը մարտի 21-ի կեսօրից շրջապատել են Ազատության հրապարակը, ընդ որում շրջապատել են ոչ միայն բուն հրապարակը, այլ նրան հարող փողոցների մայթերը, թույլ չտալով քաղաքացիների կուտակումներ: Ոստիկանության զորքեր էին տեղակայվել նաեւ Հանրապետության հրապարակում, Շահումյան եւ Մյասնիկյան հրապարակներում: Մյասնիկյան հրապարակում զորքերը շրջապատել էին Մյասնիկյանի արձանը, դեպի ուր եւ ուղղվելու էր, ըստ էլփոստերով տարածված հաղորդագրությունների, սգո երթը:
17:51:09 - 21/03/2008