Մարտի 13-ը (հին տոմարով՝ 25-ը) հայ հանճարներից մեկի՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Չարենցը (Եղիշե Աբգարի Սողոմոնյան) ծնվել է ուղիղ 111 տարի առաջ (1897թ.) Ղարսում: Ձեզ եմ ներկայացնում մեծն Չարենցի ստեղծագործություններից մեկը:
ՊԱՏԳԱՄ
Նոր լույս ծագեց աշխարհին.
Ո՞վ այդ արևը բերեց:-
Ահա ոսկյա մի արև՝
ճառագումով իր հրե՝
Այգաբացի պուրպուրե
Նժույգների վրա հեգ՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում է լույս զվարթուն,
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՜վ բերեց լույսն այս արթուն,
Օ՜, ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ,
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս:-
Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընդերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում--
Քանի՜ տարի, քանի՜ դար
Վկայեցիր անհերքում…
Ափերին այն խավարտչին,
ՈՒր հայրենիքն էր մեր հին,-
Չկա՞ր արդյոք գետ մի հորդ,
Որ գերության անհաղորդ՝
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
Մթության մեջ այն համառ
Այս այգաբացն էր կրում,
Հո՜ւր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ՜, ըղձակա’ն այս հեռուն…
Կքած կյանքի բեռի տակ՝
Ոգի՜, անկոր, հո՜ւր գետակ…
Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լույսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արև՛ն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա՜ ուրիշ արև է՛լ.
Նա՛ է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արևէ՛…
Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այն արար.-
Մեր անցյալի խորամիտ
Է՛ջն այն արդար ու ռամիկ՝
Մեծահանճար ու վարար…
1933.V. 9
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Չափածո գործեր | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը