Կար չկար, մի փոքրիկ գյուղ կար: Այս գյուղի տղերքը կռվի մեջ էին հարևան թշնամի քաղաքի տղերքի հետ: Ու ամեն անգամ, երբ քաղաքի տղերքից գալիս էին գյուղի վրա կռիվ, գյուղի տղերքից մի քանի հոգի կարողանում էին կազմակերպվել ու դիմադրություն ցույց տալ: Ամեն կռվից առաջ աղոթում էին գյուղից պարզ երևացող վիթխարի ժայռի Աստվածներին: Այսպես թշնամի քաղաքի տղերքը հասկացան, որ սրանց դեմ դեռ հաղթելու հնար չկա, ու հետ քաշվեցին:
Գյուղում կյանք սկսվեց. մարդիկ այլևս նկուղներում չէին ապրում` կռիվ չկար, վտանգ չկար, սկսեցին գործով զբաղվել` հող էին մշակում, բերքի հույսով ամեն օր բարկ արևի տակ վառվում, խաշվում, բայց ուզում էին վերջապես իրենց աշխատանքի արդյունքը տեսնել: Ու մի օր մեր գյուղի տղերքը, որոնք կռվել ու պաշտպանել էին գյուղը, զգացին, որ իրենք բացի կռվելուց` ուրիշ բան չեն կարող անել: Աղոթում էին ժայռին, բայց նրանց խոսքը տեղ չէր հասնում: Իսկ հիմա կռիվ չկա, այսինքն իրենց գյուղի պաշտպանության համար իր ապրուստը տվող չկա: Ինչ անել… Որտեղից ապրուստ ճարել… Ու գնացին տղերքը գյուղացիների մոտ` իրենց ճակատագիրը որոշելու: Գյուղացիները ցույց տվեցին, որ իրենք աշխատում են, ու արդյունք են ակնկալում, իսկ տղերքը քանի որ չեն աշխատում, մեծ սպասելիքներ պիտի չունենան: Ու տղերքը նստեցին մտածելու: Եթե գյուղացիների ձեռքից խլեն նրանց ունեցվածքը` գործիքները, ապա գյուղացիները չեն կարողանա իրենց բերքն ստանալ, ու բոլորը սովի կմատնվեն: Իսկ այլ բան գյուղացիները չունեն: Ու որոշեցին տղերքը…
Մի օր գյուղի աշխատավորները դուրս եկան իրենց հողերը ջրելու, ու այ քեզ բան` առվակը չոր է: Միանգամից մտքներով թշնամի քաղաքի տղերքն անցան` մեր գյուղին վատություն անողը միայն նրանք են: Հավաքվեցին, գնացին գյուղի տղերքի մոտ` բա, տղերք, մեր ջուրը կտրել են: Տղերքն էլ ասին` մենք ձեր պաշտպաններն ենք, ձեր ջուրը կվերադարձնենք, բայց դուք մեզ դրա փոխարեն վարձ պիտի տաք` կռվի գործիքներ պիտի առնենք, մեր անձնական կարիքները պիտի հոգանք, մենք էլ մարդ ենք չէ: Ու քանի որ աշխատավորները ուրիշ փրկություն չունեին, համաձայնեցին: Մի երկու ժամից առվակը քչքչում էր:
Մի քանի օր հետո նույն պատմությունը. տղերքն էլի առվակը բացեցին, ու բոլորը երջանիկ էին: Բայց «քաղաքի չար տղերքը» ամեն շաբաթ փակում էին առվակը: Ու ամեն շաբաթ գյուղացիները իրենց նորահաս բերքից բաժին էին հանում գյուղի տղերքին` առվակը ազատելու համար: Գյուղի տղերքը աշխատավորներին ցույց էին տալիս կռվի գործիքներն ու ասում` թշնամի քաղաքի տղերքը վախենում են մեր կռվի գործիքներից: Ու աշխատավոր գյուղացին փաստացի դարձել էր գյուղի տղերքին ու նրանց կռվի գործիքներին պարտական. քանի որ ամեն վայրկյան կարող էւ ԿՌԻՎ սկսել թշնամի քաղաքի տղերքի հետ…
Օրերից մի օր մեր գյուղի բարեկամ քաղաքից լուր եկավ, որ քաղաքի ամենահզոր առաջնորդը մահամերձ է: Ու քանի որ բարեկամ քաղաքը թշնամի քաղաքի հետ նույնպես թշնամի էր, գյուղի տղերքը որոշեցին` մենք մեր գյուղը պահել ենք, բարեկամ քաղաքն էլ կպահենք: Ու դա ասեցին բարեկամ քաղաքի ժողովրդին: Բարեկամ քաղաքի հզոր տղերքն էլ ասեցին` եկեք միասին պահենք, մեր առաջնորդը մեռնում է: Ու երբ առաջնորդը մեռավ, գյուղի տղերքը եկան քաղաք:
Սկզբում գյուղի տղերքը հետաքրքրվեցին, թե որտեղ է քաղաքի առվակի ակունքը: Բայց քաղաքի տղերքը արդեն ակունքի տերն էին, ու նրանց չասացին: Գյուղի տղերքը տարակուսեցին, բայց լռեցին, ինչպես որ լռել էին գյուղում, երբ ապրուստի միջոց չունեին: Ու երեկոները գյուղի տղերքը գնում էին դեպի վիթխարի ժայռը, առավոտյան վերադառնում: Մի օր նրանք քաղաքի տղերքին համոզեցին իրենց հետ գնալ դեպի ժայռը: Քաղաքի տղերքը ասեցին, որ այլևս չեն հավատում ժայռի Աստվածներին, որ ժայռի Աստվածները նենգ են ու խարդախ: Սակայն գյուղի տղերքը վստահեցրին, որ ցույց կտան ժայռի Աստվածներին, ու որ այդ Աստվածները միշտ օգնության են հասել գյուղը պաշտպանելիս: Ու քաղաքի տղերքը գնացին նրանց հետ:
Առավոտյան գյուղի տղերքը վերադարձան: Ու քաղաքի ժողովուրդը տեսավ, որ նրանց ձեռքերն արյունոտ են, իսկ քաղաքի տղերքը չեն վերադարձել: - Ուր են մեր առաջնորդ տղաները, քաղաքի տղաները,- ասաց քաղաքի ժողովուրդը: Գյուղի տղերքը ասացին, որ նրանց տարել են չարքերը, ու արգելեցին խոսել քաղաքի տղերքի կորստյան մասին, այլապես չարքերը կտանեն բոլորին: Հետո գյուղի տղերքը ջուր ուզեցին` լվացվելու: Սակայն ջուրը քիչ էր, ու չմաքրեց արյունը: Նրանք փորձեցին ու փորձեցին, իսկ արյունը մնաց: Իսկ մարդիկ կասկածով էին նայում գյուղի տղերքին, ու հիշում էին քաղաքի տղերքի միամիտ խոսքերը` սրանք մեր ընկերներն են…
Անցան տարիներ: Գյուղի տղերքը գտել էին քաղաքի բոլոր առուների ակունքները, ու արդեն բոլորն էլ պատկանում էին իրենց: Ու քաղաքի ժողովուրդը ջուր չուներ, ավելի ու ավելի էր դժգոհում, ավելի կասկածով էր նայում նրանց վրա: Գյուղի տղերքը ապարդյուն աղոթում էին ժայռի Աստվածներին, իսկ ժայռի գլխին օրեցօր մութ ամպեր էին հավաքվում: Գյուղի տղերքը քաղաքի լավագույն աղջիկներին նվիրաբերեցին ժայռի Աստվածներին, սակայն Աստվածները երես էին թեքել գյուղի տղերքից` ամպերը օր օրի վրա ավելի էին ահագնանում, ու Աստվածները գյուղի տղերքին մոռացել էին: Ու մի օր, երբ գյուղի տղերքը աղոթում էին ժայռի Աստվածներին, մի ձայն ասաց – Հայր մեր, որ հերկինս ես… Գյուղի տղերքը փորձեցին գտնել ասողին, բայց հանկարծ մեկ այլ ձայն ասաց – սուրբ եղիցի Անուն քո… ու մի երրորդ ձայն ասաց – եկեզցե Արքայություն քո…
Ու մի այլ ձայն ասաց` ես կգտնեմ քաղաքի առուների ակունքները, ու կբացեմ նրանք: Մեկ այլ ձայն ասաց` ես կբացեմ քաղաքի առուների ակունքները, ու երրորդը կրկնեց, կրկնեց չորրորդը, հինգերորդը, հազարերորդը… Գյուղի տղերքը ասացին` ժողովուրդ, ԿՌԻՎ կսկսվի մեր թշնամի քաղաքի տղերքի հետ, սակայն ժողովուրդը չլսեց նրանց: Քաղաքի նոր տղերքը դուրս եկան տներից ու ասացին` մենք կբացենք ակունքները, ու մի տղա ասաց` հեռացեք քաղաքից, գյուղի տղերք, մեզ տվեք մեր ակունքները: Գյուղի տղերքը ստիպեցին քաղաքի նոր տղերքին իրենց հետ գնալ դեպի Ժայռը: Ու երբ գյուղի տղերքը վերադարձան, նրանց ետևից եկան նաև քաղաքի նոր տղերքը: Ու ասացին` ժողովուրդ, ակունքները բաց են, շուտով ջուրը կհասնի ձեզ: Գյուղի տղերքը իրենց գյուղից բերեցին կռվի գործիքները, որ կռվեն քաղաքի ժողովրդի դեմ: Սակայն ժողովուրդը ջուր ուներ, ու նրան այլևս ոչինչ չէր կարող հաղթել: Գյուղի տղերքի կռվի գործիքները ջրից ժանգոտեցին, ու գյուղի տղերքը մնացին անզեն:
Քաղաքի ժողովուրդը չտվեց իր ջրից գյուղի տղերքին, ու նրանց ձեռքերի արյունը չմաքրվեց: Սակայն քաղաքի ժողովուրդը նաև չպատժեց գյուղի տղերքին, քանի որ ժամանակ չկար` ջրի ծարավ հողը սպասում էր: Ժողովուրդը սկսեց ջրել հողն ու մոռացավ գյուղի տղերքին: Եվ երբ գյուղի տղերքը վերադարձան գյուղ և գնացին դեպի առվի ակունքը, աշխատավոր ժողովուրդը, որ պահպանում էր իր ջուրը, ասաց` մեր ջուրը բոլորինն է:
Ու այնժամ, երբ գյուղի տղերքը ջուր վերցրին առվից, հասկացան, որ ջուրն է ամեն ինչի սկիզբը, ու ջուրը պետք է բոլորին, ու ապրուստ ունենալու համար պետք էր ոչ թե փակել ակունքը, այլ ակունքի ջուրը հասցնել բոլորին:
Գրառման հեղինակ՝ Phenomen | Բաժինը՝ Արձակ գործեր | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
чтож, от правды не убежишь.
ամեն ինչի մեջ տաղանդ փնտրել չարժէ,
համ էլ էքսպրոմտ չի, դեռ 2004-ին մտքումս ձևավորվել է: Ուղղակի հիմա եմ գրել:
14-03-08 • 19:19 PM
հարց գեղցի տղերքի ուրավունքների պաշպանին՞
Ով է այս հանճարեղ էքսպրոմտի հեղինակը՞
ախր շատ անտաղանդ է, որ մտածեմ, թե դու ես՞