A.S. Հաստ տառատեսակով նշվել են այն նախադասությունները, արտահայտությունները, որոնք մեր հեռուստաընկերությունները «մոռացել են» տեղեկացնել՝ ներկայացնելով ստորեւ հայտարարությունը
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
20 Փետրվարի, 2008
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2008 Թ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԵՒ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների՝ Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը (ԸՄԴԱ) հանդիսանում է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) եւ Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) համատեղ նախաձեռնությունը:
Ընտրությունները գնահատվում են ելնելով ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորություններից, ինչպես նաեւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման չափանիշներից եւ ազգային օրենսդրությունից: Նախնական հայտնաբերումների եւ եզրակացությունների վերաբերյալ սույն հայտարարությունը ներկայացվում է նախքան ընտրական գործընթացի ավարտը, այդ թվում՝ վերջնական արդյունքների ամփոփումը եւ հայտարարումը, ընտրությունների օրվան հաջորդող հնարավոր բողոքների եւ բողոքարկումների վարույթը եւ նորընտիր Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումը: Ընտրությունների վերջնական գնահատականը մասամբ կախված կլինի ընտրական գործընթացի մնացած փուլերի անցկացումից, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ ժողովրդավարական գործընթացին վերաբերող պարտավորությունների իրականացման գործում ընտրությունների մասնակիցների ընդհանուր ներգրավվածությունից: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կներկայացնի համակողմանի ամփոփիչ զեկույց՝ ներառյալ հնարավոր բարեփոխումների առաջարկությունները, ընտրական գործընթացի ավարտից մոտ երկու ամիս անց: ԵԱՀԿ ԽՎ-ն իր զեկույցը կներկայացնի 2008 թվականի փետրվարի 21-ին՝ մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ եւ ԵԽ ԽՎ-ն՝ 2008 թվականի ապրիլ ամսվա իր Լիակազմ նիստի ժամանակ:
ԸՄԴԱ-ում ներկայացված հաստատությունները շնորհակալություն են հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին եւ հայտնում պատրաստակամություն շարունակել աջակցել նրանց եւ քաղաքացիական հասարակությանը Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացման հարցում:
ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Հանրապետության նախագահի փետրվարի 19-ի ընտրությունները մեծապես անցկացվեցին ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների եւ չափանիշների համաձայն: Բարձրաստիճան պետական պաշտոնյաները իրական ջանքեր են գործադրել նախորդ ընտրություններում նշված թերությունները վերացնելու ուղղությամբ՝ ներառյալ օրենսդրական դաշտը, եւ պարբերաբար հայտնել են ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու իրենց մտադրության մասին: Այդուհանդերձ, հետագա բարելավումներ եւ համարժեք քաղաքական կամք է պահանջվում մնացյալ մարտահրավերներին անդրադառնալու համար, այն է՝ պետության եւ կուսակցության գործառույթների միջեւ հստակ տարբերակման բացակայություն, ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության պակաս եւ ընտրությունում մրցողների նկատմամբ հավասար վերաբերմունքի ապահովում: Քվեների հաշվարկի գործընթացը չնվազեցրեց ընտրությունների մասնակիցների ունեցած կասկածները:
ԿԸՀ-ն ապահովել է թափանցիկության բարձր մակարդակ՝ բացառությամբ բողոքների քննությանը, որոնց մեծ մասամբ անդրադառնում էին ոչ պաշտոնական նիստերում: Չնայած համապատասխանությանը Ընտրական օրենսգրքին՝ այս գործընթացին ներկա չէին թեկնածուների վստահված անձինք, դիտորդներ եւ լրատվամիջոցներ, ինչը սասանում էր վստահությունը: Ինը թեկնածուների գոյությունն ընտրողներին տալիս էր իրական ընտրության հնարավորություն: Շատ թեկնածուներ ակտիվ քարոզարշավ են ծավալել, եւ հնարավորություն են ունեցել քննարկել իրենց ծրագրերը ընտրողների հետ: Իշխանությունները ջանքեր են գործադրել քարոզարշավի համար անարգել մթնոլորտ ապահովելու համար:
Հանրահավաքների, միավորումների եւ արտահայտման ազատությունը ընդհանուր առմամբ հարգվել է, սակայն մի քանի դեպքերում խոչընդոտվել է քաղաքացիների՝ քարոզարշավի միջոցառումներին մասնակցության իրավունքի իրագործումը: Վարչապետը շարունակել է պաշտոնավարումը՝ նախագահական քարոզչություն իրականացնելիս, ինչը նրան շնորհել է քարոզչական առավելություններ:
Հունվարի 21-ին մեկնարկած պաշտոնական քարոզարշավի ընթացքում լրատվամիջոցները հիմնականում արդարացի վերաբերմունք են դրսեւորել բոլոր թեկնածուների նկատմամբ: Թեկնածուների լուսաբանումը մեծամասամբ եղել է դրական կամ չեզոք, մինչ մեկ թեկնածուի լուսաբանումը հեռարձակվող լրատվամիջոցներով եղել է մեծապես բացասական՝ ներառյալ հանրային լրատվամիջոցներով: Լրատվական թողարկումները մեծապես զուրկ էին գործող իշխանությունների նկատմամբ քննադատական տեսակետերից:
Նախընտրական գործընթացի դրական կողմերը ներառեցին ՝
Ընդհանուր առմամբ բազմակարծությունը ապահովվում էր: Բարելավված իրավական դաշտի ներքո թեկնածուների գրանցումը ներառական էր եւ առանց խտրականության:
Թեկնածուներն իրենց տեսակետները կարող էին ազատ կերպով արտահայտել հանրային հանդիպումների ժամանակ եւ ակտիվ քարոզարշավ էին վարում:
Ընտրական մարմինները լավ կազմակերպված եւ պատրաստված էին եւ իրագործում էին փոփոխված օրենսդրական դրույթները:
Համակողմանի դասընթացների ծրագիր է իրականացվել Տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ-ների) համար՝ շեշտադրելով քվեների հաշվարկի ճիշտ կարգը:
2007 թվականի դեկտեմբերի օրենսդրական փոփոխություններով հստակեցվել է դատարանների իրավասությունների տարաբաժանումը:
Լրատվամիջոցները հեռարձակել են սոցիալական գովազդներ, եւ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ ընդգծել են ընտրողների ընտրության ազատության, քվեի գաղտնիության եւ քվեաթերթիկի անվտանգության համար առկա երաշխիքները, այդպիսով նպաստելով հանրության վստահությանը:
Ընտրողների ազգային ռեգիստրի որակի եւ ճշտության ավելացման ուղղությամբ ջանքերի գործադրումը շարունակվել է:
Ընտրությունների դիտորդական տեղական խմբերի մեծ թիվ է գրանցվել՝ հանդիսանալով ակտիվ եւ ներգրավված հասարակական սեկտորի ցուցանիշ:
Այդուհանդերձ, հետեւյալ հարցերը մտահոգության տեղիք են տվել՝
Ընտրական հանձնաժողովների ղեկավար «եռյակների» (նախագահ, փոխնախագահ, քարտուղար) մեծամասնության կազմը մտահոգություն է առաջացրել մեկ քաղաքական շահի կողմից ընտրությունների կազմակերպման վրա հնարավոր վերահսկողության կապակցությամբ:
Նախընտրական միջավայրի լարվածությունը գնալով սաստկանում էր՝ ներառյալ հասարակական կարգի խախտման դեպքեր քարոզարշավային միջոցառումների ժամանակ եւ մի քանի հարձակումներ նախընտրական գրասենյակների եւ ակտիվիստների վրա:
Մտահոգություն կա, որ հանրային սեկտորի աշխատողների՝ ճնշման առումով հասարակության խոցելի զանգվածի ընտրությունը կարող է հետեւանքներ ունենալ նրանց անձնական կենսամակարդակի համար: Սա հարց էր առաջացնում քաղաքացիների՝ առանց պատժվելու վախի կարծիք ունենալու հնարավորության վերաբերյալ:
Քաղաքացիների անձնագրային տվյալների զուր հավաքագրումը ստեղծեց հանրության մեջ անհանգստություն հնարավոր ընտրակեղծիքների վերաբերյալ: Սա բարդացվել էր նաեւ հնարավոր ընտրակաշառքների, քվեի գաղտնիության պակասության եւ այլ մարդկանց փոխարեն քվեարկելու մասին չհիմնավորված հայտարարությունների շարունակական բնույթով:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) ադեկվատ կերպով չի իրականացրել իրավական դրույթներին լրատվամիջոցների համապատասխանության վերահսկման իր լիազորությունները:
Ընտրությունների օրը այցելած ընտրատեղամասերի գերակշիռ մեծամասնությունում տեղամասի բացումն ու քվեարկությունը ընդհանուր առմամբ գնահատվել են որպես դրական: Քվեարկությունն ընթացել է հարաբերականորեն հանգիստ մթնոլորտում, չնայած լարվածություն կամ անկարգություններ են նկատվել այցելած տեղամասերի մոտ 6 տոկոսում, որոնց հետեւանքով երբեմն եղել են բռնության դեպքեր: Ոչ լիազորված անձանց ներկայություն է գրանցվել այցելած տեղամասերի ավելի քան 10 տոկոսում: Այցելված տեղամասերի մոտ 3 տոկոսում նկատվել է միջամտություն ընտրական գործընթացին՝ մեծ մասամբ թեկնածուների վստահված անձանց կողմից: Բարելավվել էր քվեի գաղտնիությունը, սակայն պահանջվում է հետագա առաջընթաց, հատկապես զինվորականների քվեարկության մասով:
Չնայած նվազող բնույթ ունենալուն՝ խմբակային քվեարկությունը շարունակում էր խնդիր հանդիսանալ: Առանձին դեպքերում լուրջ խնդիրներ են նկատվել, այդ թվում՝ քարոզելու, ընտրողների ընտրության վրա ազդելու փորձեր, ընտրողների ահաբեկում, «վերահսկվող քվեարկությունե, քվեների առք ու վաճառք եւ ընտրողների տեղափոխում մեկ տեղամասից մյուսը: Շատ փոքր թվով այցելած տեղամասերում է, որ պաշտոնական բողոքներ են արձանագրվել: Ձայների հաշվարկի ընթացքը գնահատվել է որպես «վատե կամ «շատ վատե այցելած տեղամասերի մոտ 16 տոկոսում:
Նշված խնդիրների թվում էին՝ յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված քվեների թվի բարձրաձայն չհայտարարելը, վավեր քվեների ոչ հետեւողական տարբերակելը, բջջային հեռախոսների օգտագործումը եւ արդյունքների արձանագրությունների հանրային ցուցադրման հաճախակի ձախողումը: ԸՄԴԱ դիտորդները զեկուցել են արձանագրության մեջ գրանցվող տվյալների միտումնավոր կեղծման մասին այցելած ընտրատեղամասերից մի քանիսում:
ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄՆԵՐ
Նախապատմություն
2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները հինգերորդն էին անկախացումից ի վեր: Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտոնավարել է երկու հաջորդական ժամկետներում եւ, համաձայն Սահմանադրության, այլեւս չէր կարող մասնակցել ընտրություններին որպես թեկնածու: Եթե առաջին փուլում թեկնածուներից որեւէ մեկը չստանա ձայների բացարձակ մեծամասնությունը, ապա առաջին փուլից 14 օր հետո ձայների առավել քանակ ստացած երկու թեկնածուների միջեւ կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ:
2007 թվականի խորհրդարանական ընտրությունները գնատահվել են որպես ընտրություններ, որոնք «բարելավում ցուցաբերեցին եւ մեծամասամբ անցկացվեցին ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար ԵԱՀԿ եւ այլ միջազգային չափանիշների համաձայն», մինչդեռ 2003 թվականի նախագահական ընտրությունները չեն համապատասխանել այս չափանիշներին:
Այս ընտրությունների շրջանում մի շարք առիթներով բարձրաստիճան պետական պաշտոնյաներ հայտնել էին ԵԱՀԿ եւ Եվրոպայի Խորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորություններին ու չափանիշներին համապատասխան ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու իրենց մտադրության մասին: Համաձայն իշխանությունների՝ այս մտադրությունը նաեւ փոխանցվել էր պետական կառավարման ստորին օղակներին:
Նախընտրական շրջանում նկատելի էր ընտրական գործընթացի նկատմամբ վստահության պակաս: Արվում էին լայնատարած հայտարարություններ, այդ թվում նաեւ «քվեների գնման», բազմակի քվեարկության հնարավորությունների, հավելյալ քվեաթերթիկների տպագրման, ընտրակեղծիքներ կատարելու համար անձը հաստատող փաստաթղթերի թողարկման եւ ընտրողներին ստիպելու մասին: Դրանց մեծ մասը հնարավոր չեղավ հիմնավորել եւ, որոշ դեպքերում, դրանք չափազանցված էին:
Հանրության վստահությունը բարձրացնելու նպատակով պետական պաշտոնյաների (այդ թվում Մարդու իրավունքների պաշտպանի, Գլխավոր դատախազի եւ ԿԸՀ նախագահի կողմից) եւ ընտրությունների մասնակիցների կողմից արվել են մի շարք հանրային հայտարարություններ, որոնցում ընտրողները վստահեցվում էին ընտրության ազատության, քվեի գաղտնիության, ընտրախախտումների համար նախատեսված իրավական պատիժների եւ ընտրական գործընթացի արդարացիության մասին:
Վարչապետ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում փետրվարի 16-ի հեռուստատեսային հարցազրույցում արժանացել է Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավաստմանը, ինչպես նաեւ նրա Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր Բարգավաճ Հայաստանի աջակցությանը: Ընդդիմադիր Ժառանգություն կուսակցությունը սատարում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը:
Իրավական դաշտը
Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է քաղաքացիական եւ քաղաքական իրավունքներ եւ հիմնարար ազատություններ: Ընտրական օրենսգիրքը՝ բարեխիղճ իրագործման դեպքում լավ հիմքեր է ապահովում ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար: Որոշ թույլ կողմեր, այնուամենայնիվ, դեռ մնում են: 2007 թվականի նոյեմբեր/դեկտեմբեր ամիսներին արված օրենսդրական փոփոխությունները անդրադարձել են նախկինում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Եվրախորհրդի Վենետիկյան հանձնաժողովի կողմից արված մի շարք առաջարկություններին:
Ամենանշանակալի փոփոխություններից են՝ ինքնաառաջադրվելու իրավունքի ներմուծումը, հնարավոր թեկնածուների կողմից աջակցական ստորագրությունների հավաքման անհրաժեշտության վերացումը, թեկնածուներից պահանջվող գրավի չափի ավելացումը մինչեւ 8 միլիոն դրամ (մոտ 17,000 եվրո), քաղաքացիներին «փաստացի» բնակության վայրում՝ հաշվառման վայրի փոխարեն քվեարկելու հնարավորության ընձեռումը, քվեարկության ժամանակ ընտրողների անձը հաստատող փաստաթղթի ստուգումն ու կնքումը (բազմակի քվեարկությունը կանխելու նպատակով) եւ մեկ անձի կողմից միայն մեկ այլ ընտրողին օժանդակություն ցույց տալու հնարավորությունը:
Ընտրությունների կազմակերպումը
Ընտրությունները կազմակերպվել են ԿԸՀ-ի, 41 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) ու 1,923 Տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) կողմից: ԿԸՀ-ն եւ ԸԸՀ-ները հիմնական մարմիններ են, մինչդեռ ՏԸՀ-ները նշանակվում են ժամանակավորապես: ԿԸՀ-ն ունի ութ անդամ, որից հինգը նշանակվում են Ազգային Ժողովում ներկայացված կուսակցությունների խմբակցությունների կողմից, մեկ անդամ նշանակվում է Նախագահի կողմից, իսկ ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը նշանակում է երկու «դատական ծառայող»:
ԿԸՀ յուրաքանչյուր անդամ առաջադրել է մեկ ԸԸՀ անդամ, որն, իր հերթին, առաջադրել է մեկական անդամ յուրաքանչյուր ՏԸՀ-ում (այսուհետ՝ «առաջադրման շղթա» ): Յուրաքանչյուր հանձնաժողով ունի նախագահ, փոխնախագահ եւ քարտուղար («եռյակը» ), ովքեր ընտրվել են յուրաքանչյուր հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ: Համաձայն օրենքի ընտրական հանձնաժողովների բոլոր անդամները պետք է որակավորում անցած լինեն:
ԸԸՀ եռյակների եւ ՏԸՀ նախագահների գերակշիռ մեծամասնությունն ընտրվել է Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստանի եւ Նախագահի առաջադրման շղթաներով նշանակված անձանցից: Սա մտահոգություն է առաջացնում մեկ քաղաքական շահի կողմից ընտրությունների կազմակերպման վրա հնարավոր վերահսկողության կապակցությամբ:
ԿԸՀ-ն եւ ԸԸՀ-ների մեծ մասը լավ էին կազմակերպված եւ նախապատրաստված ընտրությունների անցկացման համար: Նրանց նախապատրաստական աշխատանքները կատարվել են օրենքով սահմանված ժամկետներում: Համակողմանի ջանքեր են գործադրվել մինչ ընտրությունները ՏԸՀ անդամներին ուսուցանելու ուղղությամբ, կազմակերպվել են մոտ 164 ՏԸՀ դասընթացներ: ՏԸՀ եռյակները հավելյալ դասընթացներ են անցել քվեների հաշվարկի եւ արձանագրությունների կազմման ընթացակարգերի մասին: ԿԸՀ-ի եւ ոստիկանության, որ պատասխանատու է ընտրողների գրանցման համար, նախաձեռնությամբ կազմակերպվել էր սոցիալական գովազդների հեռարձակում հեռուստատեսությամբ:
ԿԸՀ-ն ընտրական գործընթացը կազմակերպել է, ընդհանուր առմամբ, թափանցիկ կերպով, ի թիվս այլոց, թողարկելով որոշումներ եւ տեղեկատվություն, անցկացնելով մամլո ասուլիսներ եւ կազմակերպելով արդյունքների հրապարակումը ՏԸՀ մակարդակով: ԿԸՀ-ն միայն մի քանի նիստ է ունեցել, բայց դրանց մասնակցել են դիտորդներ, թեկնածուների ներկայացուցիչներ եւ լրատվամիջոցներ: Այն ընդունել է Ընտրական օրենսգիրքը համալրող բազմաթիվ որոշումներ՝ ներառյալ քվեաթերթիկի անվտանգությունն ապահովող լրացուցիչ գործոնների ներմուծման մասին որոշումը:
Թեկնածուների գրանցումը
Բոլոր ինը նախագահական հնարավոր թեկնածուները գրանցվեցին իրավական հստակ դրույթների համաձայն, որոնք կիրառվեցին ներառական կերպով եւ առանց խտրականության: Թեկնածուների ընտրանին հնարավորություն էր ընձեռում քաղաքական բարձր մրցակցություն ունենալու համար եւ ընտրողներին տալիս էր իրական ընտրության տարբերակներ: Թեկնածուներն էին՝ Արթուր Բաղդասարյան (Ազգային Ժողովի նախկին խոսնակ եւ Օրինաց երկիր կուսակցության առաջնորդ), Արտաշես Գեղամյան (Ազգային միաբանություն կուսակցության առաջնորդ), Տիգրան Կարապետյան (Ժողովրդական կուսակցության առաջնորդ), Արամ Հարությունյան (Ազգային համաձայնություն կուսակցության առաջնորդ), Վահան Հովհաննիսյան (Խորհրդարանի փոխխոսնակ եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության թեկնածու), Վազգեն Մանուկյան (նախկին վարչապետ եւ Ազգային ժողովրդավարական կուսակցության առաջնորդ), Արման Մելիքյան (ինքնաառաջադրված թեկնածու), Սերժ Սարգսյան (գործող վարչապետ եւ իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու) եւ Լեւոն Տեր-Պետրոսյան (նախկին Նախագահ եւ ինքնաառաջադրված թեկնածու):
Ընտրական օրենսգիրքը յուրաքանչյուր թեկնածուի իրավունք է տալիս նշանակել վստահված անձանց եւ նրանց շնորհում է իրավունքների լայն բազմազանություն՝ այդ թվում նաեւ ընտրական հանձնաժողովների որոշումների բողոքարկման իրավունքը: Թեկնածուներից ոմանք օգտվել են այս դրույթից եւ գրանցել մեծաթիվ վստահված անձանց:
Ընտրողների գրանցումը
Համաձայն օրենքի՝ ոստիկանությունն է (անձնագրերի եւ վիզաների վարչությունը՝ «ՕՎԻՌ» ) պատասխանատու Ընտրողների ազգային ռեգիստրի վարման համար, որը թարմացվում է շարունակական հիմունքներով: Շարունակում էին գործադրվել ջանքեր ընտրացուցակների ճշտության եւ որակի բարելավման ուղղությամբ: Կիրառվել են մի շարք միջոցներ, ներառյալ ոստիկանության կողմից դռնից դուռ ճշգրտման այցերը, ԿԸՀ կայքում եւ ընտրական տեղամասերում հանրային հրապարակումը, ինչպես նաեւ ընտրացուցակում իրենց ներգրավումը ստուգելու համար գործող թեժ գիծը: Ըստ փետրվարի 17-ի տվյալների՝ գրանցվել էին 2,328,320 ընտրող: ՕՎԻՌ-ի համաձայն՝ փետրվարի 18 ի դրությամբ 19,024 անձինք են գրանցվել իրենց փաստացի բնակության հասցեում քվեարկելու համար:
Համաձայն ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված տվյալների՝ իրենց փաստացի բնակության հասցեում քվեարկման համար գրանցված անձինք հեռացվել են ընտրացուցակից, որում գրանցված են եղել իրենց հաշվառման հասցեով:
Նախընտրական քարոզարշավ
Թեկնածուների մեծ մասը ակտիվ քարոզարշավ էին իրականացնում, սակայն միայն պարոն Հովհաննիսյանը, պարոն Սարգսյանն ու պարոն Տեր-Պետրոսյանն էին, որ իրականացնում էին իրենց քարոզարշավը ամբողջ երկրով մեկ: Ընդհանուր առմամբ, թեկնածուները հնարավորություն ունեին արտահայտել իրենց քարոզարշավի ուղերձը առանց միջամտության, եւ տեղաշարժման ու հավաքների ազատությունը հիմնականում չի խախտվել: Սակայն, գրանցվել է վեց դեպք, երբ ստեղծվել են անհիմն խոչընդոտներ քարոզչական միջոցառումներին քաղաքացիների մասնակցելուն` երբեմն գյուղապետերի, տրանսպորտային ընկերությունների սեփականատերերի կամ ոստիկանների հրամանով:
Այս դեպքերը կապված էին գործող իշխանություններին ընդդիմադիր երկու թեկնածուների՝ պարոն Բաղդասարյանի եւ պարոն Տեր-Պետրոսյանի քարոզչական միջոցառումների հետ: Որպես քարոզչական միջոց, թեկնածուները օգտագործում էին պաստառներ եւ գովազդային վահանակներ՝ պարոն Սարգսյանի քարոզչական նյութերի մեծ տեսանելիությամբ Երեւանում եւ մարզային կենտրոնների մեծ մասում:
Օրենքով, համայնքային ղեկավարները պարտավոր էին հատկացնել յուրաքանչյուր տեղամասի տարածքում առնվազն մեկ տեղ, որտեղ թեկնածուները կարող էին փակցնել քարոզչական նյութեր: Օրենքի այս դրույթը ոչ հետեւողական կերպով է կիրառվել՝ որոշ քաղաքապետեր հատկացրել էին այդ տեղերը, իսկ ոմանք՝ ոչ:
Պաստառները հաճախ փակցվում էին «չհատկացված» տեղերում, եւ, ի տարբերություն 2007 թ. խորհրդարանական ընտրությունների, պարբերաբար հեռացվում էին անհայտ անձանց կողմից: Պարոն Սարգսյանի քարոզչական նյութերը նույնպես փակցվում էին չհատկացված տեղերում՝ հանրային շենքերի ներսում եւ դրանց վրա եւ չէին հեռացվում:
Քարոզարշավի ընթացքի հետ քարոզչության լեզուն դարձավ ավելի բարկ: Լեւոն Տեր-Պետրոսյանը հաճախ ուղղում էր նսեմացնող արտահայտություններ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հասցեին, իսկ վերջիններս սուր քննադատում էին պարոն Տեր-Պետրոսյանի նախագահությունը ու նրա ընթացիկ քարոզարշավը: Նախընտրական միջավայրի աճող լարվածությունն ավելացվեց պարոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի չորս ակտիվիստների նկատմամբ բռնության եւ երեք թեկնածուների (պարոն Բաղդասարյանի, պարոն Սարգսյանի եւ պարոն Տեր-Պետրոսյանի) նախընտրական շտաբերի վրա ութ հարձակումների դեպքերով:
Իրավական դաշտը ապահովում է հավասար քարոզչության հնարավորություններ: Այն արգելում է «պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար»: Այն արգելում է ազգային եւ տեղական ինքնակառավարման պաշտոնյաներին իրենց դիրքն օգտագործել քաղաքացիների կամքի ազատ արտահայտության վրա ազդեցություն գործելու համար անհավասար պայմաններ ստեղծելով կամ կողմնակալություն ցուցաբերելով: Այն չի սահմանում, թե երբ եւ ինչ պայմաններով կարող են պետական եւ տեղական ինքնակառավարման պաշտոնյաները մասնակցել թեկնածուի քարոզչությանը:
Տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների կողմից մեկ թեկնածուի նկատմամբ ավելի բարենպաստ մոտեցումը բերեց պետության եւ քաղաքական կուսակցության գործառույթների միջեւ բաժանման աղոտացմանը: Սա, օրենքի մեջ պարզության պակասության հետ մեկտեղ, ստեղծեց փաստացի անհավասար քարոզչության պայմաններ: Քաղաքի համայնքների ղեկավարներից եւ քաղաքապետերից շատերը ակտիվ քարոզում էին պարոն Սարգսյանի օգտին: Մինչ նրանցից ոմանք արձակուրդ էին վերցրել, մյուսները դա չէին արել:
Հանրապետական կուսակցությունը որպես նախընտրական շտաբեր օգտագործում էր մի շարք կուսակցության գրասենյակներ, որոնք գտնվում էին տեղական ինքնակառավարման շենքերում: Պարոն Սարգսյանի քարոզչական միջոցառումներից մեկի ընթացքում, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ դիտորդները ականատես են եղել համազգեստով ոստիկանների, որոնք բաժանում էին Հանրապետական կուսակցության դրոշներ: Մեկ այլ միջոցառման ժամանակ, պարոն Սարգսյանի ոստիկանական կորտեժը կրում էր նմանատիպ դրոշներ:
Հակասություն էր առաջանում նրա վերաբերյալ, որ Սերժ Սարգսյանը ակտիվորեն քարոզում էր՝ շարունակելով գործել որպես վարչապետ: ԿԸՀ-ն պարզաբանեց, որ վարչապետը կարող է քարոզչություն իրականացնել առանց պաշտոնը թողնելու: Պարոն Սարգսյանը իր պաշտոնեական դիրքի շնորհիվ ստացավ լրացուցիչ լուսաբանում եւ քարոզարշավի առավելություն:
Մտահոգություն կա, որ հանրային սեկտորի աշխատողների՝ ճնշման առումով հասարակության խոցելի զանգվածի ընտրությունը կարող է հետեւանքներ ունենալ նրանց անձնական կենսամակարդակի համար: Սա հարց էր առաջացնում քաղաքացիների՝ առանց պատժվելու վախի կարծիք ունենալու հնարավորության վերաբերյալ:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն ստացել է երեք անմիջական վկայություն հանրային աշխատողների կողմից, ում նրանց վերադասները կարգադրել էին մասնակցել պարոն Սարգսյանի նախընտրական միջոցառումներին: Եւս երկու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին ասել էին, որ նրանք կարող են թողնել աշխատանքը, որպեսզի մասնակցեն նրա հանրահավաքներին: Հանրային սեկտորի եւ տեղական ինքնակառավարման աշխատողները, հատկապես դպրոցական ուսուցիչները, մեծ թվով մասնակցել են պարոն Սարգսյանի հանրահավաքներին՝ հաճախ աշխատանքային ժամերին:
Քաղաքացիների անձնագրային տվյալների զուր հավաքագրումը ստեղծեց հանրության մեջ անհանգստություն հնարավոր ընտրակեղծիքների վերաբերյալ: Մեկ դեպքում, ուսուցիչները խնդրել էին դպրոցականներին դպրոց բերել իրենց ծնողների անձնագրային տվյալները: Մեկ այլ դեպքում, նման տվյալներ հավաքագրելու համար նախատեսված թերթիկը պարունակում էր «Հանրապետական կուսակցություն» անվանմամբ աղյուսակ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հավաքագրվող տվյալները օգտագործվել են այդ կուսակցության կարիքների համար:
Հնարավոր ընտրակաշառքների, քվեի գաղտնիության պակասության եւ այլ մարդկանց փոխարեն քվեարկելու մասին չհիմնավորված հայտարարությունները շարունակական բնույթ էին կրում քարոզարշավի ընթացքում եւ ազդում էին հանրային վստահության վրա:
Լրատվամիջոցները
Հեռուստատեսությունը տեղեկատվության ամենաազդեցիկ աղբյուրն է հանդիսանում, սակայն Լրատվամիջոցների ազատության գծով ԵԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ հեռարձակման բնագավառում սահմանափակ բազմակարծությունը շարունակում է մեծ խնդիր հանդիսանալ: Մինչ կարեւոր առաջընթաց է գրանցվել օրենսդրության բարելավման ուղղությամբ, 2007 թվականի դեկտեմբերին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը նշել է, որ «հայկական լրատվամիջոցների ներկա իրավիճակը ընդհանուր առմամբ չի համապատասխանում Եվրոպայի խորհուրդի չափանիշներիներին»:
Գրաքննությունն արգելվում է օրենքով: Այդուհանդերձ, Քրեական օրենսգիրքը պարունակում է դրույթներ, որոնք ազատազրկում կամ տուգանք են նախատեսում զրպարտության եւ վիրավորանքների համար: Համաձայն Ընտրական օրենսգրքի հանրային եւ մասնավոր լրատվամիջոցները պարտավոր են «անկողմնակալ եւ գնահատականներից զերծ» տեղեկատվություն ներկայացնել թեկնածուների քարոզարշավների մասին, ինչպես նաեւ «հավասար պայմաններ երաշխավորել զանգվածային լրատվամիջոցների մատչելիության առումով»:
Քարոզարշավի պաշտոնական ժամանակահատվածում ընտրություններին առնչվող միջոցառումների լայնածավալ լուսաբանում էր իրականացվում, այդ թվում նաեւ Նախագահի ելույթները, հեռարձակվող լրատվամիջոցների նորությունների, անվճար եւ վճարովի գովազդների եւ բազմապիսի թոք շոուների միջոցով:
Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է հայտնվել վերջիններիս եթերում, իսկ Սերժ Սարգսյանը մասնակցության իր իրավունքն իրականացրել է միայն մեկ անգամ: Թեկնածուների միջեւ հեռուստաբանավեճեր տեղի չեն ունեցել:
Թեկնածուները կարող էին իրենց ուղերձները փոխանցել Հ1-ով (մինչեւ 60 րոպե յուրաքանչյուր թեկնածուի համար) եւ Հանրային ռադիոյով (մինչեւ 120 րոպե յուրաքանչյուր թեկնածուի համար) տրամադրվող անվճար եթերաժամում: Այս առումով հանրային լրատվամիջոցները համապատասխանել են իրենց իրավական պարտավորություններին, այդուհանդերձ Հանրային հեռուստատեսությունը անվճար եւ վճարովի հեռարձակումն իրականացրել է ժամը 17:15-ից սկսած, ինչը կրկին անգամ դուրս է ամենամեծ հեռուստալսարանն ապահովող հեռուստաժամից (primetime-ից)՝ չնայած նախկին քննադատությանը:
Հ1-ը ողջամիտ արդարացիություն է ցուցաբերել բոլոր ինը թեկնածուների լուսաբանմանը հատկացված ժամանակի առումով: Թեկնածուները ստացել են բոլոր ինը թեկնածուներին հատկացված ընդհանուր ժամանակի հետեւյալ տոկոսները՝ 21 տոկոս (պարոն Տեր-Պետրոսյան), 19 տոկոս (պարոն Սարգսյան), 14 եւ 13 տոկոս (պարոն Բաղդասարյան եւ պարոն Գեղամյան): Մինչ պարոն Տեր-Պետրոսյանի լուսաբանման տոնը հիմնականում պարունակում էր բացասական ակնարկներ, մյուս ութ թեկնածուները ներկայացվում էին ընդհանուր առմամբ դրական կամ չեզոք կերպով:
Մոնիթորինգի ենթարկված վեց մասնավոր հեռուստաալիքներից հինգը Սերժ Սարգսյանին հատկացրել են ամենամեծ ծավալի լուսաբանումը՝ հիմնականում նախագահական թեկնածուի կարգավիճակում: Մասնավորապես, Արմենիա հեռուստատեսությունը նրան է հատկացրել որեւէ այլ թեկնածուի լուսաբանման ծավալի մոտ կրկնակի չափը: Նրա լուսաբանումն ավելի դրական էր, քան մյուս թեկնածուներինը, եւ լուրերի հեռարձակումները հազվադեպ էին թողարկում նրան կամ կառավարության քաղաքականությանն ուղղված քննադատական ակնարկներ: Նրա հանրահավաքները հետեւողական կերպով ցուցադրվում էին մեկօրյա ուշացումով եւ պարունակում էին նմանատիպ կադրեր: Սա ստեղծում էր տպավորություն, որ կիրառվում էին հատուկ խմբագրական քաղաքականություններ եւ հարցերի տեղիք տալիս լրատվամիջոցների խմբագրական անկախության վերաբերյալ: Մոնիթորինգի ենթարկված հեռուստաալիքները մեծ առումով զերծ էին մնում մյուս ութ թեկնածուներից յոթի հասցեին քննադատական ակնարկներ անելուց:
Թեկնածուներից մեկը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, մոնիթորինգի ենթարկված հեռուստակայաններով ստացել է լայնատարած բացասական լուսաբանում, հատկապես Հ1, Հ2, ԱԼՄ, Կենտրոն եւ Երկիր Մեդիա հեռուստատեսությունների կողմից:
Մասամբ, այս լուսաբանումն առաջացավ, քանզի Նախագահ Քոչարյանը եւ թեկնածուներից ոմանք՝ մասնավորապես Արտաշես Գեղամյանը, հաճախակի քննադատում էին նրան: Ի հակառակ դրան, գրեթե բոլոր հեռարձակվող լրատվամիջոցներն իրենց լրատվական հաղորդումներում անտեսում էին պարոն Տեր-Պետրոսյանի՝ գործող իշխանություններին քննադատող մեկնաբանությունները:
Հ1-ը, իր լրատվական թողարկումներում ցուցադրում էր նրա քարոզարշավի ուղերձների ընտրովի լուսաբանում՝ խեղաթյուրված կադրերով, ստեղծելով անտարբեր եւ փոքրաթիվ քարոզարշավի լսարանների տպավորություն: Պարոն Տեր-Պետրոսյանի կողմից անվճար եւ վճարովի եթերաժամում ցուցադրված կադրերը պատկերում էին ոգեշնչված աջակցություն՝ մեծաթիվ մասնակցությամբ հանրահավաքների ժամանակ: Մինչ լրատվամիջոցները ջանքեր էին գործադրում բոլոր թեկնածուներին արդարացիորեն վերաբերվելու ուղղությամբ, այս գործոնները որոշակի մտահոգությունների տեղիք են տալիս լրատվամիջոցների՝ քաղաքացիներին լավ իրազեկված ընտրություն կատարելու համար անկողմնակալ տեղեկատվություն տրամադրելու ԵԱՀԿ պարտավորության հանդեպ լիակատար իրականացման առումով:
Տպագիր մամուլն ավելի բազմակարծ եւ անկախ է, բայց սահմանափակ դեր է խաղում հանրության իրազեկման գործում՝ փոքր տպաքանակի պատճառով: Մյուս թեկնածուներին հատկացվել է ժամանակի հետեւյալ չափաբաժինը՝ Վահան Հովհաննիսյան եւ պարոն Մանուկյան՝ 11 տոկոս, Արամ Հարությունյան եւ Տիգրան Կարապետյան՝ 4 տոկոս ու Արման Մելիքյան՝ 3 տոկոս: Պետական ֆինանսավորում ունեցող Հայաստանի Հանրապետությունը պարոն Սարգսյանին տրամադրել է բոլոր թեկնածուներին հատկացված մակերեսի 45 տոկոսը, որտեղ նա ներկայացվել է ընդհանուր առմամբ դրական լույսի ներքո: Մասնավոր սեփականություն հանդիսացող Հայկական Ժամանակը Լեւոն Տեր-Պետրոսյանին է հատկացրել թեկնածուներին տրամադրված տպագրական մակերեսի 56 տոկոսը՝ հիմնականում դրական լուսաբանմամբ:
Դիմումներ եւ բողոքներ
Վերջերս արված օրենքի փոփոխությունները պարզեցրել են դիմումներին եւ բողոքներին վերաբերող դրույթները եւ դրանով լուծել 2007 թ. ընտրություններից հետո Սահմանադրական դատարանի կողմից բարձրացված իրավասության հետ կապված հարցերը: Փոփոխված օրենսդրությունը նախատեսում է, որ նորաստեղծ Վարչական դատարանները, եւ ոչ թե Առաջին ատյանի դատարաններն են, պատասխանատու ընտրություններին վերաբերող բողոքների եւ բողոքարկումների քննության համար, բացառությամբ ընտրացուցակներին առնչվող դեպքերի: Այսպիսով, քաղաքացիները վարչական որոշումների, ընտրական խախտումների եւ իրենց իրավունքների սահմանափակումների դեմ կարող են իրավական պաշտպանություն փնտրել մի շարք մարմիններում: Սակայն, Ընտրական օրենսգիրքը հստակ չի սահմանում, որ ընտրական հանձնաժողովները պետք է պաշտոնական որոշումներ ընդունեն ստացված բողոքների վերաբերյալ: Նրանից նույնպես պարզ չէ, թե որ ընտրական իրավախախտումներն են քրեական, որոնք վարչական, եւ, հետեւաբար, թե որ դատարանն ունի դրանք քննելու իրավասություն:
Չնայած, որ ԿԸՀ-ն պատասխանատու է հետեւել քարոզարշավի համապատասխանությանը դրան վերաբերող դրույթներին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) պետք է հետեւի ԶԼՄ-ների համապատասխանությանը: Գլխավոր դատախազը պատասխանատու է Քրեական օրենսգրքով նախատեսված ընտրական խախտումները քննելու համար: Գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ ընտրություններին առնչվող քրեական բողոքներին հետեւելու համար: Նրանք ստացել են ընդհանուր առմամբ 61 բողոք, որոնցից 22-ը ստացվել են լրատվամիջոցների նյութերի վերանայումից, իսկ մնացածը՝ քաղաքացիներից, թեկնածուներից, ԿԸՀ-ից ու կուսակցություններից: 19 գործ գտնվում են քրեական հետաքննության մեջ:
Նախընտրական ժամանակաշրջանում ԿԸՀ-ն ստացել է 55 բողոք՝ դրանց մեծ մասը Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանցից: Հիմնականում ԿԸՀ-ը չի քննարկել բողոքներ իր պաշտոնական նիստերում, սակայն, փետրվարի 17-ին սեղմ ժամկետում հրավիրել է արտահերթ նիստ, որում քննարկել է բողոքների վերաբերյալ որոշումների նախագծերը: Մեկ որոշումով, ԿԸՀ-ն որոշեց, որ 25 բողոքներից ոչ մեկը չէր պարունակում քարոզարշավի ընթացակարգերի խախտում: Տեղի ունեցավ քիչ քննարկում կամ հղումներ բողոքներում նշված փաստերին, եւ բողոքատուները ներկա չէին: ԿԸՀ-ն նշեց, որ փորձել է տեղեկացնել բողոքատուներին: Սա հարցի տակ է դնում բողոքատուի համար այս իրավական պաշտպանության արդյունավետությունը:
Սահմանադրական դատարանը քննել է թեկնածուների դիմումներով երկու գործ: Առաջինում այն որոշեց, որ Արման Մելիքյանը, որպես նախագահի թեկնածու իրավունք չուներ սահմանադրական դրույթների հիման վրա դիմել Հայաստանից դուրս քվեարկություն չլինելու մասին դրույթի սահմանադրականությունը հարցի տակ դնելուն համարժեք բողոքով: Փետրվարի 11-ին դատարանը քննեց երկրորդ գործը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի բողոքի հիման վրա: Թեկնածուն պնդում էր, որ կանգնած է «անհաղթահարելի խոչընդոտներիե առաջ՝ իր խոսքերով՝ հանրային հեռուստատեսության կողմից անհավասար պայմանների տրամադրման պատճառով: Դատարանը գտավ, որ այդ հանգամանքը Սահմանադրությամբ նախատեսված իմաստով «անհաղթահարելի խոչընդոտ» չի հանդիսանում, սակայն նշեց, որ այն կարող էր ընկնել այլ մարմինների իրավասության ներքո:
Փետրվարի 6-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը բողոք ներկայացրեց ԿԸՀ՝ իր ընտրական քարոզարշավի Հ1-ի կողմից լուսաբանման վերաբերյալ, որում խնդրում էր հեռուստաալիքին բոլոր թեկնածուներին տալ հավասար հնարավորություններ: ԿԸՀ-ն բողոքը փոխանցել է ՀՌԱՀ-ին, որը փետրվարի 11-ին ֆորմալ հիմունքներով մերժել է բողոքը, նշելով, որ տրամադրված ապացույցները վերաբերում էին միայն մինչեւ քարոզարշավի մեկնարկն ընկած ժամանակահատվածին:
Կանանց մասնակցությունը
Նախագահական թեկնածուներից ոչ մեկը կին չէ: Արթուր Բաղդասարյանի քարոզարշավը ղեկավարվում էր կնոջ կողմից: Ազգային Ժողովի տասներկու անդամ եւ մեկ նախարար կին են: Չնայած որ ԿԸՀ-ի ութ անդամներից երկուսը կին են, ԸԸՀ-ների անդամներից միայն 36-ն են կին (մոտ 18 տոկոս): Վեց ԸԸՀ-ներ ամբողջովին բաղկացած են տղամարդկանցից եւ միայն երեք ԸԸՀ նախագահն են կին: Այցեած տեղամասերի 75 տոկոսում ՏԸՀ-ների նախագահները մեծ մասամբ տղամարդիկ էին եւ միայն յուրաքանչյուր չորս նախագահներից մեկն էր կին:
Տեղական եւ միջազգային դիտորդներ
Օրենքը նախատեսում է միջազգային եւ տեղական ընտրությունների դիտորդներ: ԿԸՀ-ն հավատարմագրել էր դիտորդներ վեց միջազգային կազմակերպություններից եւ ավելի քան 12,000 դիտորդ 39 հայկական ՀԿ-ներից, ներառյալ «Ընտրությունը քոնն է» (որը նախատեսում էր գործուղել մոտ 4,000 դիտորդ) եւ «Ազատ հասարակության ինստիտուտ» (որը նախատեսում էր գործուղել մոտ 1,600 դիտորդ) ՀԿ-ները: Տեղական դիտորդները ներկա էին այցելած ընտրական տեղամասերի 85 տոկոսում: Ընտրությունների օրը եւ քվեների հաշվարկը ԿԸՀ-ն հայտարարել է ընտրողների մասնակցության մոտ 69 տոկոս: Այցելած ընտրատեղամասերի գերակշիռ մեծամասնությունում տեղամասի բացումն ու քվեարկությունը (97 եւ 95 տոկոս համապատասխանաբար) ընդհանուր առմամբ գնահատվել են որպես դրական: Այս թվերը գրեթե նույնն են 2007 թվականին գրանցվածին:
Քվեարկությունն ընթացել է հարաբերականորեն հանգիստ մթնոլորտում, չնայած լարվածություն կամ անկարգություններ են նկատվել այցելած տեղամասերի ավելի քան 6 տոկոսում, որոնց պատճառ են, մասամբ, կարծես հանդիսացել վիճաբանությունները վստահված անձանց եւ ՏԸՀ անդամների միջեւ, ինչպես նաեւ կուտակումները (15 տոկոս): Մի քանի առանձին բռնության դեպքեր են զեկուցվել, այդ թվում՝ կրակոցներ Կոտայքի մարզի 27/30 տեղամասի տարածքում, որտեղ ներկա էին ԸՄԴԱ դիտորդները: Դիտորդները ստացել են երկու վստահված անձանց անմիջական վկայությունները, որոնք հարձակման են ենթարկվել Կոտայքի մարզի 28/07 տեղամասում եւ Ավան թաղամասում (Երեւան) եւ չորս ակտիվիստներից՝ Աբովյանից եւ Դավիթաշենից, որոնք պնդում էին, որ հարձակման են ենթարկվել եւ կրել ֆիզիկական վնասվածքներ: Երեւանի 07/05 տեղամասից անհայտ անձինք բռնի կերպով դուրս են հանել ՏԸՀ երեք անդամների: Ոչ լիազորված անձինք են նկատվել այցելած տեղամասերի ավելի քան 10 տոկոսում, այդ թվում նաեւ ոստիկանության աշխատակիցներ (մոտ 6 տոկոս) եւ տեղական կառավարման պաշտոնյաներ: Այցելած տեղամասերի մոտ 3 տոկոսում նկատվել է միջամտություն ընտրական գործընթացին՝ հիմնականում թեկնածուների վստահված անձանց կողմից:
2007 թվականի ընտրությունների համեմատությամբ ընդհանուր առմամբ բարելավվել էր քվեի գաղտնիությունը, մասամբ քվեախցիկների տեղակայման նոր կանոնների արդյունքում: Հետագա առաջընթաց է պահանջվում հատկապես զինծառայողների քվեարկության մասով: Չնայած նվազող բնույթ ունենալուն՝ խմբակային քվեարկությունը շարունակում էր խնդիր հանդիսանալ այցելած տեղամասերի մոտ 9 տոկոսում եւ մոտ 2 տոկոսում որոշ ընտրողներ նշումներով քվեաթերթիկները ցույց են տվել այլ անձանց: Ընտրությունների օրը ՏԸՀ-ներն ունեին մինչեւ վեց ընտրացուցակ, այդ թվում նաեւ ընտրությունների օրը քվեարկելու համար գրանցված անձանց «լրացուցիչ ցուցակը»: Ընտրությունների օրը գրանցված անձանց թիվը հրապարակայնորեն չի հայտարարվել: Համաձայն օրենքի վերջին փոփոխությունների՝ ՏԸՀ պաշտոնական արդյունքների արձանագրությունը չի պարունակում տեղեկատվություն գրանցված ընտրողների թվի մասին, ինչը միայն թույլ է տալիս ընտրողներին ՏԸՀ-ներում ընտրողների մասնակցությունը իմանալ բացարձակ թվերով, այլ ոչ տոկոսային արտահայտությամբ, ինչը նվազեցնում է թափանցիկությունը:
Մի քանի առանձին դեպքերում լուրջ խնդիրներ են նկատվել որոշ այցելած տեղամասերում, այդ թվում՝ քարոզչություն (32 դեպք), ընտրողների ընտրության վրա ազդելու փորձեր (18 դեպք), ընտրողների ահաբեկում (22 դեպք), մեկ անձի կողմից բազմաթիվ ընտրողներին «օժանդակության» ցուցաբերում, ընտրողի հետ ուղարկում անհարիր պատճառներով (13 դեպք) եւ նախապես նշում ունեցող քվեաթերթիկով քվեարկություն (4 դեպք): Դիտարկվել է ավտոբուսի մեկ վարորդ 35/28 ընտրատեղամասի տարածքում (Շիրակի մարզ), որի ձեռքում կային բազմաթիվ անձնագրեր, եւ երկու միջադեպերում ԸՄԴԱ դիտորդները տեսել են ձեռքներում անձնագրեր ունեցող անձանց, որոնց հավաքում էին Երեւանի շուկաներից մեկի մոտ:
Դիտորդները զեկուցել են ինը դեպքերի մասին, երբ անձանց տեղափոխել են մեկ ընտրատեղամասից մյուսը: ԸՄԴԱ-ն հաստատել է քվեների գնման մասին մի շարք հայտարարություններ: Փետրվարի 18-ին Վարդաբլուր գյուղում (ԸԸՀ թիվ 31, Լոռու մարզ) դիտորդները զրուցել են գյուղաբնակների հետ, ովքեր հաստատել են, որ իրենց առաջարկել են 5,000 դրամ (11 եվրո) իրենց քվեների դիմաց: Քվեների գնման նմանատիպ տարբերակ է նաեւ նկատվել Բազումում (Լոռու մարզ): Երեւանի մի ընտրատեղամասի տարածքում դիտորդները տեսել են, ինչպես են ընտրողները գումար ստանում մեկ մարդուց, ով նշումներ էր անում անուններով ցուցակի մեջ: Մի քանի զեկույց նշել են հնարավոր վերահսկվող քվեարկության դեպք, օրինակ՝ զինծառայողներին բաժանում էին տարբերվող թանաքով գրիչներ, քվեաթերթիկում նշում անելու համար: «Քվեատուփերի լցոնմանե մեկ դեպքի են ականատես եղել թիվ 23/24 ընտրատեղամասում (Գեղարքունիքի մարզ), որտեղ թեկնածուի վստահված անձը մոտ 15 քվեաթերթիկ է գցել քվեատուփի մեջ՝ ՏԸՀ անդամի կողմից դրանք կնքելուց հետո:
Վստահված անձինք ներկա էին գրեթե բոլոր այցելած տեղամասերում: Չնայած թեկնածուներից մեկի վստահված անձինք բազմաթիվ բողոքներ են ներկայացրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ, պաշտոնական բողոքներ գրանցվել են այցելած տեղամասերի միայն մոտ 2 տոկոսում: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փորձել է ճշտել իր կողմից ստացված բողոքների փաստացի հիմքերը, եւ փոխանցել է մանրամասնեը համապատասխան մարմիններին, այդ թվում՝ Ժառանգություն կուսակցությունից խորհրդարանի երկու անդամների նկատմամբ Երեւանի 13/16 տեղամասում տեղի ունեցած հարձակման մասին տեղեկատվությունը: Գլխավոր դատախազը հարուցել է յոթ ընտրություններին վերաբերող Քրեական գործ:
Քվեների հաշվարկի ընթացքը գնահատվել է որպես «վատ» կամ «շատ վատ» այցելած տեղամասերի մոտ 16 տոկոսում: ԸՄԴԱ դիտորդների մոտ 18 տոկոսը զեկուցել են «նշանակալի ընթացակարգային սխալների» մասին, ինչը նշանակում է, որ դեռ մնում են որոշ զգալի խնդիրներ: Նշված խնդիրների թվում էին՝ յուրաքանչյուր թեկնածուի օգտին եղած քվեների թվի բարձրաձայն չհայտարարելը (մոտ 22 տոկոս), վավեր քվեների ոչ հետեւողական տարբերակելը (մոտ 10 տոկոս) եւ բջջային հեռախոսների օգտագործումը: Վստահված անձինք եւ տեղական դիտորդները ընդհանուր առմամբ իրենց աշխատանքում չեն հանդիպել խոչընդոտների եւ կարողացել են դիտարկել քվեների հաշվարկման գործընթացները: Չնայած ՏԸՀ-ների մոտ 15 տոկոսը դեռ դժվարություններ է ունեցել արդյունքների արձանագրությունների լրացման գործում, սա բարելավում է 2007 թվականի ընտրություններից հետո՝ վերագրելի բարելավված ուսուցանման ջանքերին: Մի քանի ընտրատեղամասերում ԸՄԴԱ դիտորդները զեկուցել են արձանագրության մեջ գրանցվող տվյալների միտումնավոր կեղծման մասին եւ մի քանի ընտրատեղամասերում արձանագրությունները չեն լրացվել թանաքով: Այցելած ընտրատեղամասերի մոտ 27 տոկոսում արդյունքները չեն ցուցադրվել հրապարակայնորեն՝ ինչպես որ պահանջվում է օրենքով:
ԸՄԴԱ-ն դիտարկել է արդյունքների ամփոփման գործընթացը բոլոր 41 ԸԸՀ-ներում: Արդյունքների ամփոփման գործընթացն ընդհանուր առմամբ գնահատվել է որպես դրական: Այնուամենայնիվ, գործընթացի կազմակերպմանն առնչվող խնդիրներ են նկատվել որոշ դեպքերում: Թվում էր, թե շփոթմունք կար Երեւանի ԸԸՀ-ներում (ԸԸՀ-ներ 1-13) ՏԸՀ արձանագրությունների ամփոփման գործընթացի վերաբերյալ: Սա բարդացվում էր նրանով, որ խնդրի վերաբերյալ չկար ԿԸՀ ցուցում: Օրինակ՝ թիվ 2 ԸԸՀ-ից 35 ՏԸՀ արձանագրություններ ԿԸՀ են հասել
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
22-02-08 • 04:34 AM
Հարգարժան Ադմին, դուք մոռացել եք նշել ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԸ.
Ընթերցել եմ Առավոտում: