Պարո՛ն Գեղամյան:
(Ես կանխամտածված չեմ նամակս սկսել «Հարգելի» որոշիչով, քանի որ դուք վաղուց արդեն Ձեր իսկ պահվածքով կորցրել եք հարգված լինելու իմ չափանիշները):
Նախ սկսեմ նրանից, որ դուք շատ վատ քաղաքականագետ եք, ուստի ճիշտ կլիներ, որ այս ընտրություններից հետո վերցնեիք Ձեր հասանելիք հերթական կաշառքը եւ այլեւս անհետանայիք մեր կյանքից: Ձեր դեմքը պատռվել էր դեռեւս Ստեփան Դեմիրճյանին դավաճանելու պահին, սակայն այն ժամանակ ես ինչ-որ մի տեղ փորձում էի «հասկանալ» Ձեզ եւ «ընդունել» Ձեր փաստարկների մեծ մասը: Դեռ այն ժամանակ, բնավ չլինելով Ձեր կուսակցության երկրպագուն, ինչ-որ մի տեղ պաշտպանում էի Ձեր նման պահվածքը: Ես էլ էի կարծում, որ պ.Դեմիրճյանը պետք է միանար Ձեզ, եւ ոչ թե դուք՝ նրան: Դե, ես էլ կարող եմ սխալվել…
Այնուհետեւ, այսօրվա պես հիշում եմ Ձեր եւ իմ թեկնածուի՝ Արթուր Բաղդասարյանի հեռուստաբանավեճը, որտեղ իբր թե «դոմինանտը» դուք էիք: Այնպես էիք ոգեւորվել մեր կուսակցության ճգնաժամի համար, որ կարծես դուք էիք պլանավորել եւ իրականացրել: Ցնծության աստիճան տոն էր այդ դեպքը եւ այդ օրը Ձեզ համար: Եռակի ուրախություն էիք ապրում: Մի կողմից հնարավորություն էր ստեղծվել ժողովրդին ներկայանալու Ձեր ճարտասանությամբ, երկրորդը՝ Ձեզ էլ էին անմիջականորեն ներգրավվել ՕԵԿ-ի «կործանման» բուն գործընթացին, այսինքն՝ «բանի էին դրել» «վերեւներում», եւ, վերջապես, «փող էր կպել»: Ւմանալով, թե այդ օրերին Արթուր Բաղդասարյանը ինչ հոգեկան ընկճված պահեր է ապրում, «դանակավորվել էիք» եւ ընկել «մեյդան»: Այդքան է, հա՞, Ձեր մակարդակը, այդ են, հա՞, պապերդ ու ծնողներդ քեզ սովորացրել: Իսկ չեք լսե՞լ երբեւէ այսպիսի բառեր՝ «կարեկցանք», «օժանդակություն», «օգնության ձեռք»: Եթե քաղաքականությունից մի քիչ հասկանայիք, ոչ թե նյութապաշտ լինեիք, այդ հաղորդումը կօգտագործեիք ու կշնորհավորեիք Արթուրին՝ ինքնամաքրվելու կապակցությամբ:
Հիմա, անցյալը թողնենք մեր գալիք սերունդների դատին ու վերադառնանք մեր ներկան, իսկ ավելի կոնկրետ՝ փետրվարի 19-ի ընտրությունները: Լավ, մի՞թե Ձեզ փողը կամ Ձեր իսկ բառապարաշարով ասած՝ «քաղաքական կարճատեսությունը» այսքան պրիմիտիվացրել է Ձեզ: Ինքներդ Ձեզ հռչակել էիք մի ժամանակ՝ «փրկիչ», հիմա էլ՝ «արարիչ», բայց Ձեզ պահում եք, Ձեր իսկ շեֆի խոսքերով ասած՝ ամենավերջին «լաչառ» կնգա պես (ոչ թե կնոջ, այլ հենց՝ կնգա): Ի՞նչ պիտի անեիք, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը իր թեկնածությունը չդներ: Կամ, ո՞նց եք դիմանում, որ Արթուր Բաղդասարյանին տասնյակ հազարավոր մարդիկ էին եկել լսելու երեկ՝ Ազատության հրապարակում: Հոգե-բարոյական պարապուրդի կենեթարկվեի՞ք, թե՞ կշարունակեիք տնտեսագիտություն սերտել: Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյանին սիրում եք, հասկացանք, ամեն մարդ էլ թուլություն ունի, սակայն մի՞թե մի քանի կոպեկը հերիք է, որ դառնաք նրա գործիքը («գործիք»՝ հենց ըստ Ռոբերտ Քոչարյանի ընկալման ու պատկերացման):
Դուք չափազանց մեծամիտ եք, որովհետեւ համոզված եք, որ Ձեզնից բացի մյուսները բոլորը պառակտիչ են: Ձեզ դրել եք մարգարեի տեղ եւ նախօրոք մեծ ճշգրտությամբ կանխատեսում եք, թե ով եւ երբ պետք է մեր հայրենքը պառակտի ու սադրիչ գործողություններ նախաձեռնի: Մի քիչ շատ չի՞ մեկ հոգու համար՝ փրկիչ, արարիչ, ու դրանց էլ վրադիր՝ մարգարե: Կարծում եմ, դուք մեծ հաջողությամբ կարող էիք նաեւ սուրճի բաժակ նայել:
Դուք չդիմացաք եւ Ձեր «քարտերը» բացեցիք այս ընտրարշավի ընթացքում: Ես Ձեզ շնորհակալություն եմ հայտնում այդ կապակցությամբ եւ ցանկանում՝ օճառ (Ձեր ուղեղի ծալքերում իր ուրույն տեղը գտած «սեւ ու մութ» տարիների սեւ օճառներից՝ որ Ձեր ներքնաշխարհի հետ համահունչ լինի) եւ շատ-շատ փող, այնքան փող, որ ընդհանրապես չքվեք քաղաքականությունից:
Հայաստան առանց աղքատության, Մատչելի բնակարան յուրաքանչյուրին, Աշխատանք և արժանապատվություն, Մրցունակ և զարգացած Հայաստան, Վերադարձ Հայրենիք...
Գրառման հեղինակ՝ FRIEND | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը