F5 բլոգ

Թարմ մտքեր եւ կարծիքներ

Հարգելիներս, հայ ֆուտբոլիստները հաճելիորեն զարմացնում են:

Ղազախստանի հավաքականին «դրսում» հաղթելուց մի քանի օր չանցած (1:2), այսօր, ընդամենը մի ժամ առաջ մերոնք սեփական հարկի տակ պարտության մատնեցին լեհերին (խմբի առաջատարներին): Մեր հավաքականի միակ հաղթական գոլը 66-րդ րոպեին տուգանային հարվածով խփեց Համլետ Մխիթարյանը: Գեղեցիկ գոլ էր. Սուրեն Բաղդասարյանը կասեր՝ հիասքանչ կամ զարմանահրաշ:

Մերոնք լավ խաղացին եւ ամենակարեւորը՝ ԳՆԴԱԿՒՑ ՈՒ ՄՐՑԱԿՑԻՑ ՉԷԻՆ ՎԱԽԵՆՈՒՄ:

Այսպես էլ շարունակեք, տղե՛րք:


Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Մարզաշխարհ | 7 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Առաջին հայացքից ժողովրդավարությունը (դեմոկրատիա) շատերիս, համոզված եմ, նաեւ F5 բլոգի այցելուների համար թվում է պարզից էլ պարզ արտահայտություն, սակայն համոզված եմ նաեւ, որ ոչ բոլորն են հասկանում այս տերմինը այնպես, ինչպես որ հարկն է: Որոշ գրառումներ էլ ընթերցելով, ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ բլոգի անդամներից ոմանք (այդ թվում նաեւ F5-admin-ը) «ժողովրդավարության» ներքո առաջին հերթին մտաբերում են մեր մշակույթին ոչ հատուկ սեռական ազատության հիմնահարցերը եւ այլ մանրամասնություններ՝ «մոռանալով» հիմնական սկզբունքները: Ուստի ես հարկ եմ համարում բոլորիս մեկ անգամ էլ վերհիշել, թե ինչ ասել է «ժողովրդավարություն»: Ես կօգտվեմ մի շարք հիմնարար, հիմնականում՝ անգլալեզու աղբյուրներից:

Բառարաններում «ժողովրդավարություը» բնորոշվում է որպես «ժողովրդի իշխանություն, երբ իշխանությունը բացառապես պատկանում է ժողովրդին եւ այդ իշխանությունը կյանքի է կոչվում կամ ուղղակիորեն նրա միջոցով, կամ էլ ազատ ընտրական համակարգի օգնությամբ՝ այդ ժողովրդից ընտրված ներկայացուցիչների միջոցով»: Աբրահամ Լինկոլնի դիպուկ է խոսքերով, ժողովրդավարությունը ժողովրդի իշխանությունն է, որն իրականացվում է ժողովրդի կողմից՝ ժողովրդի համար (of the people, by the people, and for the people):


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Հասարակություն | 4 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Մեջբերում «Ժամանակ» օրաթերթի ինտերնետային էջից.

... Երեւանում էր ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսը:
...
Պարոն Անխել Մորատինոսը չմոռացավ Հայաստանի «շատ հաջող» ընտրությունների առթիվ շնորհավորել հայ ժողովրդին՝ հիշեցնելով, որ ընտրություններն արժանացել են ԵԱՀԿ-ի դրական գնահատականին: «Մենք վստահ ենք, որ հաջորդ՝ նախագահական ընտրությունները նույն ոգով տեղի կունենան այստեղ», - հայտարարեց Մորատինոսը:

Զգո՞ւմ եք գոնե, թե ինչ է կատարվում: Ելնելով մեր հարգարժան եվրոպացու (ավելի ճիշտ՝ Եվրոպայի կողմից ԵԱՀԿ-ի «գործող պապա» գործուղած դիվանագետի) խոսքերից, ապա Եվրոպան շատ բարձր գնահատականի կարժանացնի հաջորդ տարի սպասվող ՀՀ նախագահի ընտրություններին, եթե.

  • Ընտրություններց մի քանի ամիս առաջ մի հատ օլիգարխ պարտադրված, սակայն չուզելով ստեղծի կուսակցություն, էդ կուսակցությունը լցնի «աութ-սայդ» վիճակում հայտնված խառը մասսայով եւ իր օբյեկտներից մեկի ամբողջ գերշահույթն ուղղելով իր ստեղծած կառույցի բարգավաճմանը, ժողովրդին համոզի կամ պարտադրի «համբուրել» իրենց որոշած թեկնածուի «խաչը» (կամ «աջը»)
  • Ամբողջ ժողովրդի դեպրեսիան փոխակերպվի ֆիզիկական հաշմանդամության, եւ թեկնածուական շտաբի աշխատողներին էլ ստիպված լինեն քաղաքապետարանի երկաթուղայինների գծերի բոլոր մեքենաներն ուղղել էդ մարդկանց դեպի ընտրատեղամասեր «ազատ» տեղափոխմանը
  • Ընդդիմությունը վերջնականապես պառակտվի (կամ պառակտեն) եւ սկսեն պաշտպանել իշխանությունների կողմից առաջադրված թեկնածուին
  • Հասարակական կազմակերպությունները վերածվեն հասարակական կուսակցությունների եւ, իրենց կույսի տեղ դրած, կանոնադրություններում ավելացնեն իշխող ուժերին սատարելու կամ քծնելու (ըստ հնարավորությունների) կետը
  • Բաժանվեն նոր անձնագրեր, որոնց վրա նշված կլինի՝ «միայն ընրություններին մասնակցելու համար», բարձրացվի նման անձնագրերի թղթի որակը
  • Գյուղապետերը ընտրությունից առաջ եւ հետո վարձատրվեն ավելի շատ՝ «за вредность», ավելացվի յուրաքանչյուր քվեի գինը եւ այն մնա դրամով եւ ոչ թե արժեզրկվող դոլարով
  • Մարդիկ ընտրությունից հետո վերջնականապես թքեն ամեն ինչի ու իրենց անցյալի վրա ու հավաքեն ճամպրուկները՝ դեպի օտարին ծառայելու (գոնե կիմանան, որ իրենց տերը հայ չի եւ հարեւաններն էլ շատ չեն իմանա, թե ում վարտիքը եւ ինչով են լվանում)
  • Օպերայի շենքի մերձակայքում ընդհանրապես մարդ չհավաքվի՝ ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո: Կամ էլ՝ հավաքվեն, գնան ընտրվածի «խաչը» (կամ «աջը») համբուրելու
  • Հասարակության գորշ, անճար, կամ, կներեք, «ոչխար» մասսային դեպի միտինգ տանեն ոչ թե «ՊԱԶ»-երով կամ «ԼԱԶ»-երով, այլ վազելով
  • Երբ այլեւս խնդիր չի լինի, թե կեղծումները «ներսում» անե՞ն, թե՞ «դրսում»
  • … (ու էլի լիքը կետեր)

Ինչպես ասում է Վարդան Պետրոսյանը՝ է՞ս էիք ուզում…


Գրառման հեղինակ՝ Մտահոգ | Բաժինը՝ Քաղաքականություն | 4 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հարգելի F5-բլոգի անդամներ, Ջիվանու այս երկը այնքան խորիմաստ է, որ կարելի էր միանգամից տեղադրել բոլոր բաժիններում (հատկապես՝ Քաղաքականությունում եւ Հասարակությունում):

Կարդացեք ու զգացեք, թե ավելի քան 120 տարվա վաղեմիության Ջիվանու այս երգն ինչպիսի ճշգրտությամբ է համապատասխանում այսօրվա իրականությանը:

ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ

Նվեր ալեքսանդրապոլցի
Պ. Հովհաննես Խոջայանցին

Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից
Ուզում Է որս խլել, խելքի՛ աշեցեք,
Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից,
Պատերազմ է մտել, խելքի’ աշեցեք։

Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան.
Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
Ուզում է ձու ածել, խելքի՛ աշեցեք։

Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,
Երիվարը լուծ է քաշում էշի հետ.
Երկու տարվա հորթը ցուլ-գոմեշի հետ
Բերել կամ են լծել, խելքի՛ աշեցեք:

Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած.
Աքլորը քարոզչի վերարկու հագած
Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք:

Ուղտը մետաքսագործ, եզը նավավար,
Գայլը հովիվ դառած կարածե ոչխար.
Աղվեսը հավնոցի ղռանն հուշարար,
Ի՞նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք։


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ ՎաՎա | Բաժինը՝ Չափածո գործեր | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Մեջբերում Ա1+ -ի ինտերնետային կայքից
(http://a1plus.am/amu/?page=issue&iid=50135)

“Առանց ԼՂՀ կարգավիճակի հստակեցման չի կարող խնդրի կարգավորման մասին խոսք լինել” - հերթական անգամ այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսի, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գորան Լեն Մարկերի եւ պատվիրակության մյուս ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:

Կարծում եմ, մեր ղեկավարությունը ճիշտ դիրքորոշում է բռնել, մնում է էդ դիրքորոշումը նյութական հիմք ունենա, նկատի ունեմ ամուր եւ մարտունակ բանակ, իրոք զարգացող տնտեսություն (եւ ոչ թե մի քանի տասնյակ կամ հարյուր տնտեսություններ ունեցող եւ պետությանը հարկային պարտքերի մեջ խրված տնտեսվարող սուբյեկտներ), եւ որ ամենակարեւորն եմ համարում - հնարավոր պատերազմի դեպքում իր հայրենիքը պաշտպանելուն պատրաստ հասարակություն: Էս վերջին հարցն ինձ ահավոր հուզում է, բոլորը կողքից ասում են, որ սա 92 թիվը չի այլեւս, որ մարդիկ կամովին զենք վերցնեն ու գնան մարտի դաշտ: Ու շատերից եմ լսել, թե “ում համար գնամ զոհվեմ?, տեսնում եմ, թե ով զոհվեց կամ վիրավորվեց, եւ ով տիրացավ ամեն ինչին”:

Լավ, ասենք, մեր ժողովուրդը պատերազմին պատրաստ չէ, այդ դեպքում խաղաղության գին ունեցող փոխզիջումներին գոնե պիտի՞ պատրաստ լինի: Երկու երնեկ մի տեղ չի լինում: Համ հողերը մնան մեզ, համ էլ Ղարաբաղի անկախությունը ճանչվի միջազգայնորեն: Ասում են, թե հաղթողներին չեն դատում, դե էսքան տարի չեն դատել, գոնե հիմի չարժի՞, ըստ Ձեզ, նաեւ դիմացի կողմին հասկանալ: Չեմ կարծում, որ ազերիները ամեն ինչից մի օր կհոգնեն ու կհայտարարն՝ “Ղարաբաղն էլ ձեզ, անկախությունն էլ վրադիր”: Ազերիները կհոգնեն էս ամեն ինչից, բայց սա կլինի ի վնաս մեզ: Կհոգնեն ու կասեն՝ “դե հերիք եղավ, բոլ եղավ...”


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Մտահոգ | Բաժինը՝ Քաղաքականություն | 3 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

F5-բլոգի հարգելի անդամներ,

1. Մենք ստիպված ենք եղել արգելափակել F5-բլոգի մեկնաբան հանդիսացող Jojoba-ի հաշիվը՝ F5-բլոգում հայերեն չգրելու, նաեւ բլոգի մյուս անդամների հանդեպ վիրավորական արտահայտություններ իրեն թույլ տալու պատճառով: Նա այդ մասին նախազգուշացվել էր նախապես եւ հրապարակայնորեն (տես http://www.f5blog.com/site/posts/a5/ գրառման 6-րդ մեկնաբանությունը):

Jojoba-ն արգելափակված կմնա 24 ժամվա ընթացքում: Կրկնվելու դեպքում մենք ստիպված ենք լինելու ավելացնել Jojoba-ի արգելափակման ժամանակը կամ կասեցնել վերջինիս անդամակցությունը F5-բլոգին:

Հուսով եմ, որ այս ժամանակը Jojoba-ն կօգտագործի ըմբռնումով:

2. F5-բլոգի ամենաակտիվ հեղինակի՝ Քաղաքացու խնդրանքով, F5-բլոգում ավելացվում է նոր բաժին՝ «Հասարակություն»:

3. Սույն կետը վերաբերվում է F5-բլոգի որոշ այցելուների, որոնց գրանցումը մնացել է անավարտ (ըստ առկա տվյալների, գրանցման փուլում իրենց կողմից նշված E-mail-ները չստուգելու (կամ գուցեեւ սխալ E-mail-ներ նշած լինելու պատճառով), եւ չեն կարողանում ակտիվացնել իրենց անդամակցությունը: Սույն անձանց առաջարկում ենք կրկնել գրանցման փուլը՝ նշելով գործող ճիշտ E-mail հասցեներ:

Շնորհակալություն


Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Հայտարարություններ | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ի ԶԵ՛Ն

«Եթե տաս միլիոն հայերի սրտերը բաբախեին միասին...»։

Մի քանի օր առաջ հրավեր էի ստացել ընկերոջիցս` գնալ Կամերային թատրոն «Ի զե՛ն» անվանումով ներկայացումը դիտելու: Մինչ այդ ինձ բախտ վիճակվել էր ներկա լինել Կամերային թատրոնի ներկայացումներից որոշներին և ես կանխազգում էի, որ այս մեկն էլ է լավը լիենլու: Սակայն տպավորությունս ոչ թե լավն էր, այլ՝ հոգեցունց և սահմռկեցուցիչ՝ և՛ լավ և՛ վատ իմաստներով:

Լավն այն էր, որ պիեսն ինքնին, ինչպես նաև բեմադրությունը կատարյալ էին, իսկ վատը` որ այդ կատարյալ ներկայացումը ըստ արժանվույնս ներկայացրեց ՄԵԶ` մեր ազգին, հայ ազգին:

Մինչ այդ ներկայացումը ես ինձ համարում էի ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻ, որը մտահոգ և հոգատար էր իր եկրի և ազգի ապագայով և իր գործունեության մեջ շատ հաճախ առաջնորդվում էր մտքում պահելով այդ մտահոգությունը և հոգատարությունը: Սակայն, ի զարմանս ինձ, ես հասկացա, որ ես մտածում և անում եմ ազգիս համար շատ չնչին բան այն ամենից ինչ որ կարելի ու ՊԵՏՔ Է անել:

Ես հասկացա, որ ես Նարեկացի չեմ կարդացել, Խորենացի, Քուչակ ու Խաչատուր Աբովյան էլ չեմ կարդացել: Ես հասկացա, որ ես անշնորհակալ եմ, քանի որ չեմ ուսումնասիրել նաև իմ համար գրված մեր նախնիների պատգամները, դրանցից դասեր չեմ քաղել և շնորհակալ չեմ եղել նրանց դրա համար: Ես հասկացա, որ իմ ազգային հիշողությունը թույլ է, որ իմ ազգային հեռատեսությունը կարճ է: Ես հասկացա, որ պետք է մտածել, ՇԱՏ ՄՏԱԾԵԼ, ԱԶԳՈՎԻ ՄՏԱԾԵԼ ու վերջապես որոշել, թե որտեղի՞ց ենք գալիս, ի՞նչ ենք ուզում ու ո՞ւր ենք գնում: Որոշենք թե ի՞նչն է մեզ օգնում և ինչը՝ խանգարում (թե՛ մեր ներսից և թե՛ դրսից):

Ես կրկին ու կրկին համոզվեցի, որ ԳՈՐԾԵԼ Է ՊԵՏՔ, ԱՆՀԱՊԱՂ ԵՎ ՀԱՐԱՏԵՎ: Դերասանները բեմադրություն են անում, այսինքն նրանք գործում են, իսկ մե՞նք ինչ ենք անում: Մենք էլ պիտի ամենքս մեր համար վերանայենք մեր սկզբունքները, արժեքները, մոտեցումները, համոզմունքները: Հետո մենք ազգովի պիտի դա անենք ու ԳՈՐԾԵՆՔ ի շահ մեզ ու միմիայն մեզ: Մենք պետք է որդեգրենք Ի ԶԵ՛Ն սկզբունքը և սրընթաց առաջ գնանք, գուցե երբեմն քիչ շեղվելով մեր ուղուց, սակայն կրկին ի շահ մե՛զ և ոչ թե ուրիշների, ինչպես արել ենք շատ անգամներ:

Կներեք մի քիչ հուզական ելևէջների համար, սակայն ես մինչ օրս ցնցված եմ այդ ներկայացումից ու մինչ օրս խորհում եմ…

Հ.Գ.
Պիեսի հեղինակ և բեմադրող-ռեժիսոր՝ Արա Երնջակյան:
Մանրամասնությունների համար խնդրում եմ այցելել այստեղ:


Գրառման հեղինակ՝ Քաղաքացի | Բաժինը՝ Հասարակություն | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հակա-ԱԼՄ

Հարգելի հայրենակիցներ,

Հաշվի առնելով.

(ա) Հայաստանում մամուլի և հատկապես հեռուստաընկերությունների ազատության և անկախության վիճակը,
(բ) Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անկհայտ կողմնակալ վերաբերմունքը հեռուստատեսային հաճախականությունների մրցույթների ժամանակ,
(գ) հեռուստատեսության, որպես հասարակության լայն շերտերի վրա ամենուժեղ և ամենաարագ ազդեցության միջոց, ինչպես նաև
(դ) ԱԼՄ-ի, որպես հայ հեռուստադիտողների վրա ամենավատ և բթացնող ազդեցության համբավ ունեցող հեռուստաընկերության գոյության փաստը

ես նախաձեռնում եմ ՀԱԿԱ-ԱԼՄ արշավը, որի մասին էլ ուզում եմ Ձեզ հետ կիսվել և իմանալ Ձեր կարծիքը:

Արշավի հիմնական նպատակն է լինելու ԱԼՄ-ի գործունեության դադարեցումը:

Շնորհակալություն մի քիչ կոպիտ խոսքս հանդուրժելու և ճիշտ ընկալելու համար:

Հ.Գ. «Էս բաժաքով էլ խմում եմ բոլօր էն ծերուքների քենածը, օվքեր ինձ չընտրելով, կորցրին իրենց հեռուստացույծները» - նախկին շոգեքարշավար Տիգրան Կարապետիչ:


Գրառման հեղինակ՝ Քաղաքացի | Բաժինը՝ Հայտարարություններ | 18 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Մի քանի օր առաջ Միչիգան նահանգի (ԱՄՆ) բանտից ազատվեց մեր հայրենակից Ջեք Կեւորկյանը՝ բժիշկ-գիտնական, որն աշխարհին ավելի շուտ հայտնի է որպես «դոկտոր Մահ»: Թող զարմանալի չթվա Ձեզ սույն բժշկի նման տարօրինակ եւ նույնիսկ սարսափազդու գնահատականին «արժանանալը». նա ակտիվ կերպով «օգնել է» 130 անբուժելի հիվանդների կյանքից հեռանալուն: Հենց այս գաղափարի կյանքի կոչելու պատճառով էլ (ավելի ճիշտ՝ վերոնշյալ դեպքերից մեկի բողոքարկման պատրվակով) դոկտոր Կեւորկյանը ամերիկյան դատարանի կողմից դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման: Եվ այժմ, բանտարկվելուց մոտ 8 տարի անց, դոկտոր Կեւորկյանն ազատ է արձակվել՝ առողջական պատճառներից ելնելով (նա տառապում է հեպատիտ C-ով) , ինչպես նաեւ ազատազրկման տարիներին բավարար վարք դրսեւորելու շնորհիվ:

79-ամյա դոկտոր Կեւորկյանը ազատվելուց հետո անգամ չի նահանջել իր գաղափարներից եւ արդեն իսկ հասցրել է հայտարարել, որ պայքարելու է ԱՄՆ-ում էվթանազիայի օրինականացման համար:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Նորություններ | 4 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Յուրաքանչյուր տարվա մայիսի 31-ը համաշխարհային հանրությունը նշում է Ծխախոտի եւ ծխախոտամոլության դեմ պայքարի միջազգային օրը: Այս տարվա կոչն է՝ «Ծխախոտից ազատ միջավայր»: Այսինքն՝ մենք բոլորս պետք է հետամուտ լինենք, որ մեր շրջապատը հնարավորինս քիչ աղտոտվի ծխախոտի մահաբեր ծխով:

Այս առիթով ցանկանում եմ բոլորիս մեկ անգամ եւս հիշեցնել, որ.

• Որպես մահացության պատճառ, աշխարհում ծխախոտը զբաղեցնում է 2-րդ տեղը
• Ծխելն աշխարհում պատճառ է դառնում յուրաքանչյուր 10-րդ մարդու մահվան
• 2006 թվականին ծխախոտից տարեկան մահերի թիվն անցել է 10 միլիոնից
• Մինչեւ 2020 թվականը ծխելու հետ առնչվող 10 մահերից 7-ը լինելու են ցածր եւ միջին եկամուտներ ունեցող երկրներում
• Աշխարհում ծխում է մոտավորապես 1.1 միլիարդ մարդ, որոնցից 650 միլիոնը համարվում են մշտական ծխողներ
• Հայաստանում ծխում են տղամարդկանց 64%-ը եւ կանանց մոտավորապես 1.3%-ը:


Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Հայտարարություններ | 5 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Էջի ձեւավորում

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom