F5 բլոգ

Թարմ մտքեր եւ կարծիքներ

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը ընտրական հանձնաժողովների շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու պարոն Սերժ Սարգսյանի աջակիցների կողմից փորձեր են արվել բոլոր մակարդակի ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» անդամների վրա ազդեցություն գործել` հանձնաժողովներում կուսակցությանը հասանելիք տեղերին տիրանալու համար: Ի պատիվ կուսակցության անդամների, գրեթե ամենուրեք արժանի հակահարված են ստացել կաշառքի ամեն տեսակի առաջարկները, սպառնալիքները, հակաօրինական մյուս գործողությունները:

Սակայն ափսոսանքով արձանագրում ենք, որ 41 ընտրատարածքներից մեկում իշխանական թեկնածուի համախոհներին, այնուամենայնիվ, հաջողվել է հասնել իրենց անբարո նպատակին: Թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողովում «Ժառանգության» ներկայացուցիչ Առնակ Սահակյանը, տակավին չպարզված հանգամանքներում, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ է նշանակել կուսակցության հետ չհամաձայնեցված անձանց: Նրանցից շատերը, ըստ տեղեկությունների, իշխանական ուժերի ներկայացուցիչներ կամ համակիրներ են եղել: Այդ փաստի հիմքով «Ժառանգության» վարչությունը հունվարի 29-ին որոշում ընդունեց իր շարքերից Առնակ Սահակյանին հեռացնելու եւ նրան անվստահություն հայտնելու` որպես ԸԸՀ անդամ: Առնակ Սահակյանը հրաժարական է տվել թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողովի անդամի պաշտոնից:

Հաշվի առնելով հանգամանքը, որ կուսակցության արդեն նախկին անդամի արատավոր արարքի հետեւանքով էապես նվազել է թիվ 23 ընտրատարածքում (Սեւան, Ճամբարակ, Վարդենիս) ընտրությունների օրինականության վերահսկման եւ արդարության ապահովման հնարավորությունը, «Ժառանգությունը» պատրաստ է իր կուսանդամներին տրամադրել` հանդես գալու որպես նշված ընտրատարածքում ընդդիմադիր թեկնածուների վստահված անձինք: Նմանատիպ փորձ արվել է նաեւ թիվ 38 ընտրատարածքում, որը ժամանակին կանխվել է: Ուստի կուսակցության կենտրոնական գրասենյակը ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին իրազեկել է արտաքին ազդեցության փորձերը շարունակվելու դեպքում օրենքի շրջանակներում ձեռնարկվելիք անհրաժեշտ գործողությունների մասին:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Մտահոգ | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Կարծում եմ, Ձեզ հետաքրքիր կլինի, թե ի՞նչ հարցումներ են առաջադրում մեր կայքերը:

Եվ այսպես, սկսենք հենց F5 blog-ից (տե՛ս աջ սյունակը)
Ընտրություններ-2008. Ո՞ւմ եք տալու Ձեր ձայնը

Այժմ եկեք տեսնենք, թե ի՞նչ է կատարվում այլ կայքերում (01.02.08, 23:50-ի դրությամբ):

a1plus.am | Հետեւում եք արդյո՞ք հեռուստաքարոզարշավին (պատասխաններ՝ Այո, Ոչ, Մասամբ), հնարավոր չէ քվեարկել՝ տեխնիկական պատճառներից ելնելով:
panorama.am | Իսկ ո՞ր նախընտրական արշավը կհամարեք որպես ամենայուրահատուկ Քվեարկողներ`անհայտ (պատասխաններ. Ամենամեղայականովը՝ 43%, Ամենամեղադրողը՝ 10%, Ամենահայհոյականը՝ 10%, Ամենամիտինգայինը՝ 36%):
persons.am | ՀՀ Նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուների ինտերնետային քվեարկություն ընդհանուր քվեների քանակը՝ 3176 (պատասխաններ.  Լեւոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ` 1543/48.6%, Ա.Գեղամյան` 512/16.1%, Ս.Սարգսյան` 385/12.1%, Վահան Հովհաննիսյան` 306/9.6% ... ):
echannel.am | Ի՞նչն է կարեւոր նախընտրական քարոզարշավում - ձայների թիվը`150 (պատասխաններ. Ֆինանսական ռեսուրսներ` 26/17%, Կարգախոսը` 6/4%, Նախընտրական ծրագիրը` 12/8%, Հանդիպումները քաղաքացիների հետ` 14 /9%, Աշխատանքը ԶԼՄ-ների հետ`27/18%):
expert.am | Եթե ՀՀ Նախագահի առաջիկա ընտրությունների 2-րդ փուլ անցնեն Սերժ ՍԱՐԳՍՅԱՆՆ ու Լեւոն ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ո՞ւմ օգտին կքվեարկեք 2-րդ փուլում։ ակտիվացված է՝ 2007-10-28 06:47:15, Քվեարկել են 14768 հոգի (պատասխաններ. Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻ` 8319 /56%, Լեւոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` 5569/37%, դժվարանում եմ պատասխանել` 880/5%)
akumb.am/showthread.php?t=12025 | Նախագահական ընտրություններ - 2008 Ո՞ւմ եք ընտրում - Քվեարկողներ` 95 (պատասխաններ. Լեւոն Տեր-Պետրոսյան` 36/37.9%, Վազգեն Մանուկյան` 17/17.9%, Դեռ չեմ կողմնորոշվել` 14/14.7%, Սերժ Սարգսյան` 12 / 12.6%):
forum.openarmenia.com/index.php?showtopic=19164 | ՈՒմ կցանկանայիք տեսնել Հայաստանի Նախագահ - Քվեարկողներ` 62 (պատասխաններ. Լեւոն Տեր-Պետրոսյան` 23/37.1%, Սերժ Սարգսյան` 20/32.3%, Հովհաննեսյան Վահան` 10/16.1%, Վազգեն Մանուկյան` 8 /12.9% ...):
media.am | Մասնակցելու՞ եք 2008թ.-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին: Քվեարկողներ`անհայտ (պատասխաններ. Այո` 66%, Ոչ` 16%, Դժվարանում եմ պատասխանել` 18%):

Հարցումներ չեն տեղադրվել (սակայն ցանկալի կլիներ տեսնել) հետեւյալ կայքերում՝ panarmenian.net, hetq.am, lragir.am, azg.am, mitq.org, iravunk.am, armenpress.am, new.aravot.am…

Որոշ կայքերում (օրինակ՝ hayastan.com-ի եւ jigyarov.net-ի ֆորումներ) հարցումներ կան, սակայն քվերակողների թիվը չի անցնում 20-30-ից, ուստի եւ նպատակահարմար չեմ համարում անդրադառնալ արդյունքներին:


Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Առօրյա | 6 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ը Ն Տ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք

Հոդված 6. Գաղտնի քվեարկություն (խախտվելու է)

Ընտրություններում քվեարկությունը գաղտնի է: Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն: Քվեարկողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է և հետապնդվում օրենքով:

Հոդված 18. Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները (խախտվում է)

Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`

1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև դրանց աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս.
2) սահմանադրական դատարանի անդամներին, դատավորներին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, դատախազության մարմինների աշխատակիցներին (ծառայողներին), զինծառայողներին.
3) բարեգործական և կրոնական կազմակերպություններին.
4) օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին.
5) ընտրական հանձնաժողովի անդամներին:

7. Նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին (կուսակցություններին) արգելվում է անձամբ կամ նրա անունից կամ որևէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:

Հոդված 20. Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով (խախտվում է)

3. Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոն պարտավոր են հավասար պայմաններ ապահովել ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար:

Հոդված 21. Քարոզչական պաստառների և այլ նյութերի օգտագործման կարգը (խախտվում է)

4. Արգելվում է հատուկ տեղերում փակցված քարոզչական պաստառները պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը:

Հոդված 22.1. Քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական, քաղաքացիական, տեղական ինքնակառավարման մարմինների ծառայող հանդիսացող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները (խախտվում է)

Քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական ծառայող հանդիսացող թեկնածուները նախընտրական քարոզչությունը իրականացնում են ընդհանուր հիմունքներով, սույն հոդվածով սահմանված սահմանափակումների հաշվառմամբ.

1) արգելվում է նախընտրական քարոզչության իրականացումը պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար.

2) արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով իրենց ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ ՙՀատուկ պետական պաշտպանության ենթակա
անձանց անվտանգության ապահովման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող միջոցառումների:

3) արգելվում է զանգվածային լրատվության միջոցներով այս թեկնածուների գործունեության լուսաբանումը, բացառությամբ Սահմանադրությամբ սահմանված դեպքերի, պաշտոնական այցերի և ընդունելությունների, ինչպես նաև տարերային աղետների ընթացքում վերջիններիս իրականացրած, ձեռնարկվող միջոցառումների:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ինչո՞ւ պետք է հավատամ, որ ընտրություններն այս անգամ կանցնեն նորմալ: Չէ՞ որ մինչեւ հիմա ինչ տեսնում եմ, փաստում են հակառակը: Խնդրում եմ նախօրոք կարդալ իմ վերջին երկու գրառումները՝ ժողովրդավարության եւ լեգիտիմության վերաբերյալ:

1. Ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում գործող վարչապետը «լարել է» իշխանական բոլոր լծակները:

Հավաքվում են անձնագրեր, պետական հիմնարկների մարդկանց հետ կատարվում են «անհատական եւ խմբային աշխատանքներ»՝ զգուշացումների, հավաստիացումներ ստանալու, նաեւ՝ բռնի կերպով հանրահավաքներ տանելու, այնտեղ ներկա-բացակա անելու իմաստով: Ըստ որում, աշխատողները պետք է «պատասխան տան» ոչ միայն իրենց, այլ նաեւ իրենց ընտանիքի անդամների կատարած ընտրությունների համար: Խոսքս հիմնականում հետեւյալ հիմնարկների մասին է՝ մանկապարտեզներ, դպրոցներ, թաղապետարանի ենթակայությամբ գործող այլ հիմնարկներ, ինչպես նաեւ՝ հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ եւ այլն: Մի խոսքով՝ ինչքան պետական հիմնարկ կա, բոլորը աշխատում են հանուն «Առաջ Հայաստանի»: Փաստորեն, մեզ անհրաժեշտ է ոչ թե ժողովրդի, այլ վախեցած կամ պարտադրանքի ուժով նվաստացած մարդկանց ամբոխի «պտիչկաները»: Այս մասին փաստում են թե ընդդիմության ներկայացուցիչները, թե իշանության ներկայացուցիչները (ի դեմս Վահան Հովհաննիսյանի եւ իշխանամետ ՀՅԴ կուսակցության, եւ թե եվրոպացի դիտորդները):

2. Հեռուստատեսությունը աշխատում է միմիայն ի օգուտ գործող վարչապետի:

Ցուցադրում են Ս.Սարգսյանի հետ ժողովրդի հանդիպման ընթացքը՝ շեշտը դնելով «օրգազմի» մեջ ընկած եւ «Առաջ Հայաստան» ղժժացող ամբոխի բազմաքանակությանը (թեեւ նման ամբոխին ժողովուրդ անվանելը մի քիչ շատ կլիներ), իսկ մյուս թեկնածուների դեպքում՝ ինչ-որ կտրտված հատվածներ, ոչ ամբողջական նախադասություններ, մի քանի ծերունիների զարմացած աչքեր: Բոլոր ալիքներն՝ անխտիր, կամ վախեցած են, կամ կաշառված, կամ էլ ստրկացած:

3. Գործող նախագահը եւ իր իմացությամբ՝ Ռուսաստանի պաշտոնյաները կոպտորեն միջամտում են նախընտրական ընթացքին:

Քոչարյանը պաշտպանել կարող է թեկնածուներից յուրաքանչյուրին, սակայն ոչ նման անմակարդակ ձեւով: Նախագահ է վերջապես, երկրի առաջին դեմքը, եւ ոչ թե ինչ-որ մեկը: Բանը հասել է նրան, որ հեռուստատեսությամբ հայտարարում է, որ թեկնածուներից Տեր-Պետրոսյանը պարտության դեպքում չի հետապնդվի եւ կարող է Դուբայ չփախչել: Նախ՝ փախչող լիներ, կփախներ: Ներկայիս վարչակազմն էլ բռնող լիներ՝ Վանոյին կբռներ: Եվ երկրորդը, ինքն ո՞վ է, որ որոշի, թե ում եւ երբ պիտի հետապնդվի: Դատախա՞զ է, ոստիկանապե՞տ, թե՞ նախագահ: Ռուսները չգիտեմ ինչու որոշում են հենց հիմա «ռեւերանսներ անել» ու ակնհայտորեն ասել, թե ում կնախընտրեին նախագահի պաշտոնում: Իրենց թողնենք, ավելի լավ կլիներ, որ Մեդվեդեւը լիներ ՀՀ նախագահ:

4. Ժողովուրդը խորը անվստահությամբ է վերաբերվում այս ընտրություններին:

Մարդկանց մեծ մասը համոզված է, որ իրականում ընթանալու է ոչ թե ընտրություն, այլ նկարչություն՝ իրենց իսկ մասնակցությամբ եւ իրենց իսկ հերթական անգամ «ոչխարի տեղ» դնելով: Ասեմ անկեղծ՝ ես ինքս չեմ հավատում, որ սկսած ընտրատեղամասերից, վերջացրած՝ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովից ոչ թե ընտրության արդյունքների անաչառ ու ազնիվ արձանագրողներին են լինելու (որի համար կոչված են), այլ՝ այդ իսկ արդյունքները կեղծողները: Թող փորձեն՝ չկեղծեն, գլուխները կջարդվի:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 8 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Վարդենիսում եւ Մարտունիում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումները տեղի բնակիչների հետ կարելի է համարել հաջողված: Չնայած տեղային չինովնիկների (գյուղապետեր ու էլի մանր-մունր -պետեր) ճնշումներին, հանդիպումներից յուրաքանչյուրին մասնակցել են մի քանի հազար բնակիչներ:

Vardenis meeting Levon Ter-Petrosyan Martuni meeting Levon Ter-Petrosyan

Կարդացեք մանրամասն Վարդենիսում եւ Մարտունիում հանդիպուների մասին Ա1+ում:


Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Երեկ (0530 GMT) Երկիր մոլորակից մոտ 538000 կմ հեռավորության վրա անցել է մոտ 250 մետր տրամագծով 2007 TU24 անվանումը ստացած մի աստերոիդ: Վերջին 2000 տարվա ընթացքում ոչ մի աստերոիդ այդքան չէր մոտեցել Երկրին:

NASA-­ի վկայությամբ Երկրի հետ աստերոիդի բախման հետեւանքները աղետալի կլինեին եւ ամբողջ տարածաշրջաններ կկործանվեին: Աստերոիդը տեսանելի է եղել սովորական հեռադիտակով:

Հ.Գ. Այս անգամ էլ “պլստացինք”:

Աղբյուր (անգլերեն)


Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Նորություններ | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Վեյկ ան Զեեի շախմատային սուպերմրցաշարում 2-րդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում 8-ական միավորով հայտնվել են Արոնյանը եւ Կառլսենը: Լրացուցիչ ցուցանիշներով Լեւոնը ճանաչվել է հաղթող:


Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Մարզաշխարհ | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Խոսքերն, ինձ թվում է, ավելորդ են, դիտեք ինքներդ: Միայն ավելացնեմ, որ հանդիպումն անցել է խիստ ջերմ մթնոլորտում (չհաշված 1 անդուր եւ չհաջողված դրվագի): 1500-ից ավելի բնակիչներ ՒՆՔՆԱԿԱՄ եկել էին հանդիպելու նախագահի թեկնածուին: Եվ հեռացան հրապարակից՝ չփոշմանելով, որ եկան ու լսեցին Լեւոնին:




Տեսահոլովակի բնօրինակը


Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 5 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ողջույն, բարեկամներս…

Կներեք, որ վաղուց է չէի երեւում: Ինչպես միշտ՝ մտահոգված եմ: Ու ասեմ, թե ինչու:

Նախ, ինձ մտահոգում է այն անկենդանությունը, որ պատել է ամբողջ հայությանը: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ ընտրվելու է ոչ թե Հայաստանի, այլ, չեմ իմանում, ասենք, Տանզանիայի նախագահը: Անկենդանություն՝ բոլոր իմաստներով: Ինչ-որ շոու է հիշեցնում այս ամենը: Շենքում ակտիվացել են մարդիկ, ովքեր մինչ հիմա սկի չէին էլ երեւում: Հարցնում եմ՝ ի՞նչ խաբար է, պատասխանում են՝ բա մեր լավ օրից հո չի՞: Նրանք ոչ թե երկրի մասին են ասում, այլ իրենց: Մեղմ ասած՝ ակնկալիքներ ունեն: Անձնական ակնկալիքներ: Ու ինչ, սա կենդանության նշա՞ն է:

Ում հարցնում ես՝ կողմնորոշվե՞լ ես, պատասխանում է՝ իմ կողմնորոշվելը քանի՞ կոպեկի արժեք ունի: Որոշողը հո մե՞նք չենք, իրենք արդեն վերեւներում որոշել են: Ու կողմոնորշվել են դեպի Սերժ Սարգսյանը: Ու ի՞նչ կապ ունի՝ ես Արթուրին կընտրեմ, թե Պողոսին:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Մտահոգ | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն՝ վերջի՜ն քնար. –
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու։
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի –
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի։
Կանգնել են, լուռ, իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու։
Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող։
Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,
Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ –
Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա։
Եւ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան –
Ու լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեց – մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտեր երկու։
Գուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի…

Երթամ հիմա։ Ու կարոտով անմխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով, –
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ –
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր…
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եւ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա, –
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա…

1920թ. հոկտեմբերի 6


Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Չափածո գործեր | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Էջի ձեւավորում

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom