Նաիրա Համբարձումյանի «Սպիտակ տենդ» ստեղծագործությունն առաջին անգամ էլեկտրոնային տարբերակով հրապարակվում է «Նիդերլանդական Օրագրում»: Մեզ նաև պատիվ է ներկայացնել գրողի, ով նոր խոսք, ասելիք ու գրական ուրույն ոճ ունի : Նաիրա Համբարձումյանի գրական աշխատանքները արիստոտելյան ձևակերպմամբ միայն բնության առարկայական պատկերների ու մարդկային հոգու բազմաբարդ աշխարհի ընդօրինակումը չեն ու չեն էլ տեղավորվում մեզ հատկացված ժամանակի տիրույթներում: Գրողը վաղուց է իր մտածողությամբ ու ասելիքով դուրս քայլել երկրային ժամանակից: Նրա ստեղծագործությունները “դյուրամարսերից” չեն, դրանք ընկալելու համար, ինչպես դաս սերտողը, պետք է ջանա ու աշխատի, որից հետո հասկանա, որ մի նոր, լավ բան է սովորել ու հայտնագործել կյանքում :
«Սպիտակ տենդ»-ը հեղինակն անվանել է’ հեքիաթ մեծահասակների համար: Ինչպես փոքրիկներն են հավատում հեքիաթին, առավել ևս մեզ է հասցեագրվել հայությանը պատուհասած արտագաղթի ցավոտ խնդիրը :
Հեղինակի խոհափիլիսոփայական այս պատումը զուտ երևույթի նկարագրություն չէ, այն ավելի խորն է և արտացոլում է պրոցեսը ողջ էությամբ: Սպիտակ տենդը հարվածում է թե’ ներսից, և թե դրսից,չկա այստեղ փրկվող կողմ, ինչպես ոմանք են մտածում’ գնացիր էս երկրից, փրկվեցիր: Սրա ցնցող հետևանքները աստիճանաբար ու ավելի ցցուն են զգացվելու ինչպես ներսում մնացող, այնպես էլ դրսում գտնվող հայերի համար:Այս հիվանդության կրողները բոլորս ենք:
«Աշխարհն այնպիսին է, ինչպիսին սովոր ենք Տեսնել՝ դատարկ աչքերով, նման եկեղեցական նեղ - երկար - համր պատուհաններին, որ թաքցնում են սեփական ստվերները՝ ինքնության պատրանքով լի: Նրանք՝ այդ ստվերները, անխոսության վերջին պարն են պարում՝ շրջվելով արևի ճամփորդությունից: Նրանք նույնպես կիսատվում են: Նրանց ներսում նույնպես մահն է »:
Այս աշխարհին, որն անցողիկ է, Նաիրան նայում է իր աչքերով ու պոետական հայացքով:
Նաիրա Համբարձումյանի իրական այս հեքիաթը հոգևարքի ռեքվիեմ է, հոգու ճիչ, որ գրվել է մեծ ցավով ու ափսոսանքով ու որի ղողանջները հասանելի են տիեզերքում ...
Ընտրեք անաղմուկ մի անկյուն,կենտրոնացեք, կարդացեք ու խորհեք…
ՍՊԻՏԱԿ ՏԵՆԴ
(Հեքիաթ մեծահասակների համար)
Արևը մեռավ այն օրը, երբ դահիճը սկսեց իր գործը: Շրջանը նեղանում է ամեն օր, ու դահիճը լռությամբ ավարտում է գործը: Կիսատվում եմ, բայց շարունակում եմ ժպտալ:«Վե՛ր կաց ու գնա, - լսում եմ, - մահը չի կարող տեսնել հոգեվարքդ, հեռացի՛ր թափանցիկ այս դիմակահանդեսից, գնա՛ ծագող արևի երկիրը կամ որտեղ սպիտակ արջերն են ապրում, մահը կսպասի, մահը ոչինչ է, իսկ անվստահ - խուսափուկ այս շրշյունը՝ սովորական տերև:Հիշի՛ր ինձ քո աղոթքներում»:
Խաղաղությամբ կարող եմ ասել՝ վախը ձեռք է բերել նոր որակներ, բայց ավելի շատ կենդանի եմ, քան մեռած: Ու եթե հիշողությունը անցյալի վավերացումն է սոսկ, ուրեմն ինչո՞ւ ենք մոռանում հայացքը՝ սեփական պատմության այդ թափառականին, որ գրանցում է վայրկյանը ու կարևորում անկատար նյութը մեր ժամանակի մեջ՝ դեպ որը վիճակված է դառնալ մի օր մեզնից յուրաքանչյուրին: Երազնե՞րը: Երազները կգտնեն ճահիճը, կգտնեն մեզ ինչ-որ կարևոր վայրկյանի, տղմաբույր երազները անպայման մերը կդառնան: Մա՞հը: Մահը ամենևին էլ զվարթ պոռնիկ չէ, դեղնաբիբ այդ վհուկը կտանի մեզ մեր ներսի հավերժությունը դեպի, որ նույնպես մեր որոնածը չէ, քանզի աշխարհին նայում ենք հենց այնպես՝ առանց հայացքի, առանց ներքին լռության: Քրտինքի մահահոտ-սպիտակ կաթիլները, նուրբ ճիրանների պես կախվել են քթիցս ու ստիպում են երգել`
Ու քամին, որ թամբել է մահին,
ֆռռացնում է դեռ վզկապը կարմիր,
խռռացնում է մահը` աչքերով չռված,
խռռացնում է մահը` քաջության ապոկրիֆ:
Ու քամին, որ թամբել է մահին,
ձգում է երասանը մահի, ու քամին՝
հանճարեղ պոռնիկը բոլոր ժամանակների,
ֆռռացնում է դեռ վզկապը կարմիր:
Ու հնարավոր է՝ տեսնենք մեռնող արևը միայն, կույր - մոխրագույն արևը, մեր արևը, որ տեղավորվում է մեզ հետ նույն դագաղում, որ պատրաստել է դահիճը: Երբ լուսանա, նոր աշխարհի հազարավոր արևներ՝ խանձված թարթիչներով, կկուրանան: Ու հնարավոր է՝ հազարավոր ուրվականներ ելնեն գինետներից՝ բոզ շների պես հոտոտելով էգերի հետույքները: Աշխարհն այնպիսին է, ինչպիսին սովոր ենք Լսել՝ խուլ ականջներով, նման եկեղեցական համր զանգերին, որ թողնում են հոտը օտարի ճակատագրին: Աշխարհն այնպիսին է, ինչպիսին սովոր ենք Տեսնել՝ դատարկ աչքերով, նման եկեղեցական նեղ - երկար - համր պատուհաններին, որ թաքցնում են սեփական ստվերները՝ ինքնության պատրանքով լի: Նրանք՝ այդ ստվերները, անխոսության վերջին պարն են պարում՝ շրջվելով արևի ճամփորդությունից: Նրանք նույնպես կիսատվում են: Նրանց ներսում նույնպես մահն է:
Երկու անգամ նույն գետը չեն մտնում: Խորը գետը չեն մտնում նույնիսկ մեկ անգամ, առաջին անգամից հետո, իհարկե: Առաջինը Հերակլիտն է, երկրորդը՝ ես, թեպետ գուշակները առանց հղումի են արտասանում սույն միտքը: Նրանց կարելի է, հարաբերականի սահմանները նրանք մշտապես անցկացնում են հնարավորի միջով: Սահմանված կարգ է: Ոչ մի իրարանցում. ծամածռվում է սոսկ ժամանակի մռութը: Թո՛ղ ծամածռվի: Կացնի բութ թխկթխկոցը լցնում է մահադեմ այս երեկոն՝ մայրամուտե պատանքով: Կողքիս մահամերձը ալիքվող այրոցքի մեջ է, որ ձգվում է պորտից պիրկ պտուկները՝ մերթ փոխվելով սպիտակ տենդի, մերթ օգնելով վախին՝ թաքնվել կոնքերի թիթեռնաձև անձավներում, նման արևին, որ մեռավ այն օրը, երբ դահիճը սկսեց իր գործը: Ու ժամանակը բորոտավորի պես, փաթաթված ծեծկված լաթի կտորներով, հաշվում է ժամերը երկրորդ գալստյան: Ամեն օր նեղանում է շրջանը, ու դահիճը կամաց - կամաց ավարտում է իր գործը: Հիսուսը՝ մեղքերից կարկամած: Հիսուսը՝ ջղաձիգ: Ես կիսատվում եմ, բայց շարունակում եմ ժպտալ: Հսկա, սև արևը մեռավ երկրի արգանդում, մեռավ հիշողության պես, որ մերն էր: Արևը մեռավ այն օրը, երբ դահիճը սկսեց իր գործը: Մեռավ, քանզի ավարտվել է երկխոսությունը մեր ու աշխարհի, քանզի քայքայվում է տիեզերքը բառերի՝ ապակե - անգույն աչքերով ավերելով էությունը մեր: Ինչ-որ գիտենք՝ հետևելն է, նորածնի պես, որ երբեք չի գտնի մոր արգանդը, թերևս միայն՝ հողի:
Կիսատվում եմ, քանզի դահիճը շարունակում է գործը՝ թը՛խկ - թըրը՛խկ, թը՛խկ - թըրը՛խկ, կիսատվում եմ, տեղավորվում գրկաչափ այս դագաղում, ու ինձ հետ՝ արևը: Կիսատվում եմ: Մարդիկ՝ մահամերձի վերջին շնչառությամբ, սպիտակ տենդով դողդող: Կիսատվում եմ, քանզի հիշողությունս չի զորում լռեցնել դագաղագործի պողպատե հարվածները, քանզի հիշողությունս չի զորում մաքրել արյան սպիտակ հետքերը, քանզի հիշողությունս չի զորում պահպանել հայացքները, քանզի նախապաշարումը հիմարների բանականությունն է, քանզի մոլորյալների ոգեկոչումը ծնում է միայն խեղված թշվառներ: Կիսատվում եմ, բայց շարունակում եմ ժպտալ, որովհետև ժամսլաքները նույնպես գաղթում են՝ երկո՛ւ, երկո՛ւ, երկո՛ւ. դեպի ո՞ւր՝ չգիտեմ: Քրտինքի մահահոտ-սպիտակ կաթիլները, նուրբ ճիրանների պես կախվել են քթիցս ու ստիպում են երգել՝
Կգամ քեզ մոտ ինչ-որ մի օր, օ՜ հայրենիք,
սպասի՜ր ինձ, քանզի գիտեմ, որ սուրբ ես,
հիմա ճամպրուկս տանում եմ օդակայան:
Ժամանակը ոռնում է, վնգստում է տարին,
ու տեսնում եմ նորից արյունոտ կոշիկներդ հայրենի՛ք:
Թե ապրում ես գողերի հետ, ուրեմն կարի՛ր գրպաններդ, հայրենի՛ք:
Ու մոխրամանը զարթնում է քնից, ու ծանր կոնքով
խփում հոքուներից բթացած գլխիդ, ընկե՛րս:
Ժամանակը ոռնում է, վնգստում է տարին,
ու տեսնում եմ նորից արյունոտ կոշիկներդ, հայրենի՛ք:
Ամեն օր դահիճը կտրում է ոտքերիցս մեկ սանտիմետր,
սպիտակարյունության հոտ է գալիս, տրալյալյա՜, տրալյալյա՜,
ու ես կիսատվում եմ՝ տրալյալյա՜, տրալյալյա՜:
Ամեն օր դահիճը կտրում է ոտքերիցս մեկ սանտիմետր,
ու ոռնում է ժամանակը, վնգստում է տարին,
ու տեսնում եմ նորից արյունոտ կոշիկներդ, հայրենի՛ք:
Առավոտ ծեգին գնչուները հետապնդում էին՝ дай погодаю, вернешься или нет…
Անզիջում բլեֆ է այս ամենը, սպիտակ բլեֆ: Հիշի՛ր ինձ քո աղոթքներում: Օմմմմմմմմմմմմմ ու Ամմմմմմմմմեեեեեեեեեենննննննննննննն……….
Ու հնարավոր է՝ թռչունի ստվերը՝ թափանցիկ ու թեթև, խոնարհվի մինչ մայրամուտ, ու ես անցնեմ մռայլադեմ պատի միջով, ու դահիճը գտնի իմաստությունը բացակաների, որոնց ստվերները հեռանում են արևի ճամփորդությունից:
20.12. 2013
Նաիրա Համբարձումյան*
___________________________________
*)-Նաիրա Վալերիկի Համբարձումյան : Բանաստեղծ: Տեսաբան - գրաքննադատ:
Ծնվել է Երևանում։ 1996 թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը:
2003 թ. պաշտպանել է ատենախոսական թեզ և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2003 - 2011 թթ. դասախոսել է «Հրաչյա Աճառյան» համալսարանում:
2008 թ. ստացել է դոցենտի պաշտոն:
2009 թ. ՀԳՄ անդամ:
2010 թ. մինչ այսօր ՀՀ ԳԱԱ-ի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Սփյուռքահայ գրականության բաժնի ավագ գիտաշխատող:
2011 թ. մինչ այսօր «Գարուն» գրական - գեղարվեստական, մշակութային ամսագրի գրականության բաժնի պատասխանատու:
###
Նաիրա Համբարձումյանի «Սպիտակ տենդ» ստեղծագործությունն առաջին անգամ էլեկտրոնային տարբերակով հրապարակվում է «Նիդերլանդական Օրագրում»:
Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:
Ներկա պահին ստացվել է 0 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները