Անդրանիկը, Նժդեհը և մենք Սիրուշոն՝ Եվրատեսիլում
Նոյ 18
ltp

Լավ հիշում եմ… Օրերից մի օր մեր ներկա նախագան (չարժի էլ վերջում -հ գրել) Հ1-ով եւ մյուս ստրուկ հեռուստաՀընԳերություններով թթված դեմքով հիշում էր, թե ինչ տխուր ժառանգություն է ստացել իրեն մայրաքաղաք բերած Լեւոն Առաջինից: Եւ ինչպես են իր գլխավորությամբ մի խումբ ուղեղներ կարողացել դժվարությամբ հասնել երկնիշ աճի:

Վերջին հանրահավաքում, Լեւոնը, “դակազատ” արեց եւ բացահայտեց Քոչարյանի այս “տրյուկը” (գաղութում լիներ, կասեին՝ ավտարիտետնի փչացրեց, լավագույն դեպքում՝ վերջինիս տրամադրությունը):

Մեջբերում եմ Տեր-Պետրոսյանի խոսքը եւ անհամբեր սպասում, թե ի՞նչ պատասխան պետք է տա Ռոբերտը “իր” ժողովրդին, իր տղերքին, իր կնոջը, ու, ասենք, հայելու մեջ նայելիս, ինքն իրեն…

[ընթերցել ամբողջական ելույթը]

Քոչարյանի ժառանգած ավերված երկիրը
...

Ձեզ չհոգնեցնելու համար կանդրադառնամ միայն մեզ ներ­կայացված եւս մեկ մեղադրանքի՝ դրանով ամփոփելով սույն ելույ­թում նմանատիպ հարցերի հա­մար նա­խատեսված սեղմ շրջա­նակը։ Օրեր առաջ Ռոբերտ Քո­չարյանը հանդես եկավ մի հայ­տարարությամբ, թե իբր ինքը նախկին իշխանություններից ժա­ռան­գել է ավերված եր­կիր, որը տաս տարվա ընթացքում վերա­ծել է ծաղկուն դրախտավայրի։ Թեեւ կարող է տարօրինակ թվալ, սակայն ես չեմ պատրաստվում պա­տասխանել այս անհեթեթ մե­ղադրանքին, որովհետեւ դրան սպառիչ կերպով ժամանակին պա­տասխանել է ոչ այլ ոք, եթե ոչ ինքը՝ մեր հարգարժան նախա­գահ Ռոբերտ Քոչարյանը։ Այն էլ պատասխանել է ոչ թե սովորա­կան հայտարարությամբ, կամ հար­ցազրույցով, այլ կառավարու­թյան որոշ­մամբ եւ Ազգային ժո­ղովի կողմից ընդունված օրեն­քով։ Խոսքը վերաբերում է «ՀՀ կառա­վարության գործունեու­թյան ծրագրի մասին» օրենքին, որը 1999 թ. նոյեմբերի 30-ին իր ստո­րագրությամբ վավերացրել է Քո­չարյանը։ Այդ պատմական վավերագրում նախկին իշխանու­թյուն­ների օրոք Հայաստանի սո­ցիալ-տնտեսական եւ քաղաքա­կան իրավի­ճա­կի մասին ասված է բառացիորեն հետեւյալը.

«Անկախություն ձեռք բերելուց հետո անցած ժամանակաշրջա­նում Հայաստանի Հանրապետու­թյունն ունի մի շարք կարեւոր ձեռքբերումներ՝

ա) բազմաթիվ փորձություն­ներ անցած ֆինանսական կայու­նու­թյունը, հետեւողա­կա­նորեն իրա­կանացվող կոշտ դրամա­վար­կային քաղաքականությունը, վերա­հսկ­վող ու ցածր մակարդակ ունեցող սղաճը եւ բաց տնտեսության արտաքին տնտեսական քաղա­քա­կանությունը.

բ) ոչ պետական հատվածի ձեւավորումը՝ շնորհիվ զանգվա­ծային մասնա­վորեց­ման, եւ դրա գերակշիռ դերը երկրի համա­խառն ներքին արդյունքի ձեւա­վորման գործում.

գ) տեղական ինքնակառա­վար­ման համակարգի ներդրումը, դրա զարգացման հա­մար նախա­դրյալների ստեղծումը.

դ) միջազգային, այդ թվում՝ ֆինանսական կառույցներին ան­դա­մակցությունը, այդ կազմա­կեր­պություններից արտոնյալ վար­կեր ստանալու լայն հնարավո­րու­թյուններն ու այդ կազմակերպություններում Հա­յաս­տանի դրական համբավը.

ե) տարբեր պետություններից 1992 թվականից ի վեր ստացվող նշանակալի օգնությունը, որը նույն­պես վկայում է Հայաս­տա­նին աշխարհում վստահելի գործ­ընկեր ճանաչելու մասին.

զ) էներգետիկ ճգնաժամի հաղ­թահարումն ու Հայաստանն էներ­գոդեֆիցիտ երկրից էներգիայի պո­տենցիալ արտահանող դարձնելը.

է) 1994 թվականից մինչեւ այժմ շարունակվող, իհարկե ոչ բավարար տնտեսական աճը.

ը) մարտունակ բանակի կայա­ցումը, հաղթանակը Ղարաբա­ղում եւ 1994 թվականից պահ­պանվող զինադադարը.

թ) ժողովրդավարական պե­տու­թյան եւ շուկայական տնտե­սության համար ան­հրա­ժեշտ հիմնական կառույցների առկա­յու­թյունն ու կանոնակարգված աշխատանքը.

ժ) Սահմանադրության ընդու­նու­մը եւ դրանում ամրագրված համակարգերի աս­տի­ճանական ձեւավորումը.

ժա) խոսքի եւ մամուլի ազա­տությունը.

ժբ) այլակարծության վրա խարսխ­ված բազմակուսակ­ցա­կան քաղաքական համակար­գը.

ժգ) բոլոր մակարդակների ընտ­րությունների ավելի ու ավելի ժողովրդավարական բնույթը, պե­տության կառավարման գործըն­թաց­ներում բնակչության պա­տաս­խանատու մաս­նակից դարձնելը.

ժդ) Հայաստանը ներգրավված է եւ ակտիվ մասնակցություն է ցուցաբերում միջազ­գային, եւրո­պա­կան, ԱՊՀ եւ տարածա­շրջա­նային կառույցներին: Էական դրա­կան տեղա­շար­ժեր են արձանա­գրված երկկողմ եւ բազմակողմ միջպետական հարաբերու­թյուն­նե­րի ոլորտում, որի արդյունքում ձեւավորվել են Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, եւրո­պա­կան, Մերձավոր եւ Միջին Արեւ­ելքի երկրների, ինչպես նաեւ բազ­մաթիվ այլ պետու­թյուն­ների հետ բարեկամական փոխշա­հա­վետ հարաբերություններ։ Հայաս­տա­նը կարե­ւորել է տարածա­շրջա­նա­յին համագործակցության զու­գա­կցումը հակամար­տու­թյուն­նե­րի խա­ղաղ կարգավորման գործ­ընթացներին։ Մենք հետե­ւողա­կան ենք մեր հարեւանների հետ խաղաղ, տնտեսական փոխ­շա­հավետ միջպետական կապե­րի ձեւավորման գործում»:

Ինչպես տեսնում ենք՝ ոչ մի խոսք ավերված երկրի կամ նախ­կին իշխանու­թյուն­նե­րի օրոք դրսե­ւորված որեւէ արատավոր երեւույթի մասին։ Հետո ասում են, թե ներկա իշ­խա­նությունները չեն տվել նախկինների քաղաքա­կան գնահատականը։ Սրանից ավելի լավ քաղաքական գնահա­տական չէր կարող երազել ոչ մի նախկին իշխանություն։ Քո­չար­յա­նին մնում է մեկ բան՝ անիծել շումերներին, փյունիկեցիներին ու Մեսրոպ Մաշ­տո­ցին, որ գիր են ստեղծել եւ իրեն դրել այսպիսի անհարմար վիճակի մեջ։ Գիրն, ի դժբախ­տություն Քոչարյանի, ար­ձան է՝ հավերժական ու անջնջե­լի։ Պատահական չէ, որ միջնա­դարյան հայ գրիչների ամենա­սիրած պատգամը հետեւյալն էր.

Ձեռս գնայ, դառնայ ի հող,
Գիրս մնայ յիշատակող։

...

Լեւոն Տեր-Պետրոսյան
16 նոյեմբեր 2007

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 11 մեկնաբանություն

  1. Sureyan

    Շատ լավ ելույթ էր. տրամաբանված, դիպուկ, սրամիտ:

    Ձեր բերված հատվածից հետո կողքից լսեցի. “Քոչարյանի պղտորամտության* հաշվետվությունը տվեց”:
    * - պղտորամտություն - մուտիլովշիկություն
    (թարգմանեցի)

    Մեկ էլ շատ դուրս եկավ այս հատվածը.

    Ակամայից հիշում ես Շվարցի պիեսի չարագործ թագավորին, ով իր արարքները բացատրում էր մորաքրոջից ժառանգած վատ գեներով։

  2. Ազիան

    մտածել ոչ անձի մասին…

    Գիտե՞ք ինչ, պետք չէ կրակից շագանակներ հանել, փորփրել անցյալը: Թերություններ պետք չէ փնտրել, այն ամենուրեք է, մեր կողքին:
    Լևոնին հնարավորություն արդեն տրվել էր՝ դրսևորելու իրեն: Նրա նոր ելույթում նորը բացակայում է:
    Սրանով չեմ արդարացնում 2-րդ նախագահին և «գցում» 1-ին: Պարզապես պետք է նայել առաջ, զերծ մնալ կրծող բանբասանքներից, մտածել երկրի և ոչ թէ անձի մասին:

  3. arcadi

    Փաստորեն դուք համաձա՞ն եք ՌՔ-ի այն “մարգարեական խոսքին”, թե ԼՏՊ-ն նման է “ժանգոտած գործիքի”, ճի՞շտ Ձեզ հասկացա: Անձամբ ես չեմ կարծում, թե ԼՏՊ-ի գալը նշանակում է՝ վերադարձ անցյալ: Եվ Սե՞րժն է, որ պիտի մեզ տանի դեպի “պայծառ ապագա”:

    Լավ, արի մտածենք մի փոքր.
    1. Պարոն Ռոբերտը ինչի՞ է խառնվել իրար: Եվ հակառակը, Ռոբերտի գալուց, Լեւոնը ինչի չէր խառնվում իրար:
    2. Եթե Լեւոնը “ժանգոտել է”, ապա վերանախավ կոչեցյալ թայֆան ինչի է ՌՔ-ի ասած “հիստերիկայի” մեջ ընկել
    3. Հ1-ը ինչի՞ են դարձրել 2 անձի պաշտամունքի ալիք, իրենցից բացի ուրիշ մարդ Հայաստանում չկա՞
    4. Լեւոնը առաջինն ինքն է ասել, որ Սերժը ժամանակին օգտակար գործ է արել, հիմի բոլորով քյամանչիներն իրենց ձեռքները վերցրած, նույն բանն են ասում ու Սերժի գովքը անում: Կարո՞ղ ես ասել, ո՞վ է իրեն նման կերպ պահում, իր ուժերի վրա վստահ թի՞մը, թե՞ մարդիկ, ովքեր հասկանում են, որ, մկների ժողովի պես “իրենց մահը եկել է...”

    Լեւոնը գոնե վերլուծում է, իսկ ներկա իշխանավորները, ասածիդ նման, մենակ բանբասանքով են զբաղված ու ամեն օր ավելի ու ավելի են բոլորին համոզում, որ իրենց ականջները դեռ հում են…

    P.S. մոռացա ասել, որ շնորհավորում եմ Ձեր մուտքը մեր (արդեն նաեւ՝ ձեր) բլոգ

  4. Ազիան

    Փաստորեն դուք համաձա՞ն եք ՌՔ-ի այն “մարգարեական խոսքին”, թե ԼՏՊ-ն նման է “ժանգոտած գործիքի”, ճի՞շտ Ձեզ հասկացա: Անձամբ ես չեմ կարծում, թե ԼՏՊ-ի գալը նշանակում է՝ վերադարձ անցյալ: Եվ Սե՞րժն է, որ պիտի մեզ տանի դեպի “պայծառ ապագա”:

    Ես ասել եմ.- Լևոնին հնարավորություն արդեն տրվել էր՝ դրսևորելու իրեն… ժողովուրդն էր տվել, տվեց ու հիասթափվեց, և ես չեմ կարծում, որ նույն ժողովուրդը ՀՀՇ-ի առաջնորդին սրտանց կամենում է տեսնել իրեն առաջնորդողի դերում:

    Ես համամիտ չեմ կոշտ ձևակերպումներին ու վիրավորական արտահայտություներին, ինչն առկա է երկուստեք: Ես ասել եմ, որ չեմ արդարացնում 2-րդ նախագահին և «գցում» 1-ին: Պարզապես պետք է նայել առաջ, զերծ մնալ կրծող բանբասանքներից, մտածել երկրի և ոչ թէ անձի մասին, անկախ ո՞ւմ է ընտրելու ժողովուրդը:

    Այժմ հարցերի պատասխանները.

    1. Պարոն Ռոբերտը ինչի՞ է խառնվել իրար: Եվ հակառակը, Ռոբերտի գալուց, Լեւոնը ինչի չէր խառնվում իրար:


    Լևոնը անտեսելով ժողովուրդի ընտրությունը հեռացավ սեփական կամքով, կամ էլ՝ վախից: Հեռանալով ինքն անտեսեց իրեն ընտրած ժողովրդին:

    2. Եթե Լեւոնը “ժանգոտել է”, ապա վերանախավ կոչեցյալ թայֆան ինչի է ՌՔ-ի ասած “հիստերիկայի” մեջ ընկել

    Ես համամիտ չեմ կոշտ ձևակերպումներին ու վիրավորական արտահայտություներին. սա հատուկ է նախընտրական բոլոր շրջաններին:

    3. Հ1-ը ինչի՞ են դարձրել 2 անձի պաշտամունքի ալիք, իրենցից բացի ուրիշ մարդ Հայաստանում չկա՞

    Այդպես եղել է,կա ու կմնա: Լևոնի ժամանակ նույնը չե՞ր:

    4. Լեւոնը առաջինն ինքն է ասել, որ Սերժը ժամանակին օգտակար գործ է արել, հիմի բոլորով քյամանչիներն իրենց ձեռքները վերցրած, նույն բանն են ասում ու Սերժի գովքը անում: Կարո՞ղ ես ասել, ո՞վ է իրեն նման կերպ պահում, իր ուժերի վրա վստահ թի՞մը, թե՞ մարդիկ, ովքեր հասկանում են, որ, մկների ժողովի պես “իրենց մահը եկել է...”

    Դրսից բոլորովին նման կարծիք չկա: Եվ չի երևում, որ սա վերջն է:

    P.S-շնորհակալություն նույնպես Ձեզ:

  5. Քաղաքացի

    Հարգելի պարոն Վահան Ամատունի,

    Դուք ասում եք, որ չեք արդարացնում 2-ին: Դա է ասում նաև Արտաշես Գեղամյանը, Արամ Գասպարիչը, Տիգրան Կարապետյանը: Մի պահ ձեր գրառումը կարդալիս ինձ թվաց, թե նրանցից մեկի հարցազրույցն եմ կարդում:

    Ասել թե նախկինները վատն էին, նորերը նույնպես, և պետք է մտածել ապագայի մասին, նշանակում է` մեծ հաշվով ասել ոչինչ: Եվ ավելին. նշանակում է հող ստեղծել Սերժի ընտրության համար: Ավելի հետաքրքիր բանավեճ կլինի, եթե դուք ուղղակի ասեք, որ ցանկանո՛ւմ եք, որ Սերժը ընտրվի ու անպայման ՀԻՄՆԱՎՈՐԵՔ դա: Հիմնավորելուց, շատ եմ խնդրում, աշոտյանա-գալուստ-սահակյանական «տրյուկներ» մի օգտագործեք:

  6. Քաղաքացի

    մտածել ոչ անձի մասին…

    Բա ռոբոտների մասին մտածե՞նք, թե՞ այլմոլորակայինների smile

    Զարմանալի է, իսկ ո՞վ պետք է այդ ապագան կառուցի, մի՞թե ոչ անձինք:

    Միայն դաշնակները կարող են ապանձնավորված գործել ու դրանով իսկ խուսափել պատասխանատվությունից, իրենց գործած մեղքերի ու հանցանքների համար:

  7. Ազիան

    Բնավ չեմ ցանկանում նմանվել ոչ մեկին, մանավանդ տրյուկներ անել: Ինձ նույնիսկ ծանոթ էլ չէ, թե ընդիմադիրները ինչպես է եղել, որ անցել են Սերժի կողքը:

    Ցանկալի չէ նաև, որ մեր բանավեճը երկարի:

    Վերջին հեռուստամարաֆոնի միասնական ոգին ուզում եմ բոլորիս մեջ լինի, ամենքիս մեջ մի քիչ, փոքր ինչ լինե՛նք Անդրանիկ, Նժդեհ....

    Այս աշխարհում ամեն ինչ հարաբերական ու համեմատական է: Եթե Լևոն կամ Սերժ, ուրեմն վերջինս գերադասելի է: Մեկին տեսել ենք, մյուսն էլ խոստանում է, թող փորձի… ժողովուրդը դատավոր: Ես վստահ չեմ, որ ամեն բան լավ կլինի ինչպես կամենում եմ և չեմ հիմնավորի, թե ինչու անպայման Սերժը:  Այդպես միայն Աստծուն կարելի է երաշխավորել, նման պատասխանատվություն ինձ վրա չեմ վերցնի… քավ լիցի :

    Կարելի է խորհել. “Այնուհետև մտածեցեք ձեր Հարևանի մասին, Հայ լինի նա, թուրք լինի, ռուս լինի, վրացի լինի, ով կուզե լինի, և բարի մտածեցեք...”: Սա վերաբերվում է առաջին հերթին մեզ:

  8. arcadi

    Հարգելի Վահան, լիովին համաձայն եմ Ձեզ հետ` մեզ շատ է պակասում իրար հանդուրժելու, ինչու չէ` նաեւ հակառակ կողմի կարծիքը հաշվի առնելու զգացումը: Սակայն մի հարցում Ձեզ հետ համաձայն չեմ.

    Մեկին տեսել ենք, մյուսն էլ խոստանում է, թող փորձի…

    1. Նախ, խոսքը կազինոյի ավտոմատ ապարատի մասին չէ, որ անունը դնենք՝ թող փորձի smile Այսինքն, ստացվում է՝ թող փորձի, մեկ էլ տասար - հաջողվեց: Թեեւ սահմանադրությամբ մեր նախագահին այնքան շատ բան չի մնում անելու, քան մինչեւ հիմա էր (ու է), սակայն, ի վերջո, խոսքը նախագահի՝ երկրի 1-ին դեմքի մասին է:

    2. Մեկին տեսել ենք ... այո, տեսել ենք լավն էլ, վատն էլ, թեեւ ըստ իս լավն անահամեմատելի կերպով գերակշռում է վատին:

    3. մյուսն էլ խոստանում է… Կներեք, սակայն, մինչեւ իր խոստանալը, չենք տեսե՞լ: Նորից կներեք. այս վերջին ընտրությունները, որին ամեն անուն կարելի է կպցնել, բացի ընտրությունից, կարո՞ղ է դուք էիք կազմակերպել: Կամ ո՞վ է երկիրը դարձրել մի քանի հոգու սուլթանություն, ե՞ս, թե՞ դուք: Սերժն էլ լավ կողմեր ունի, օրինակ՝ պաշտպանության նախարարությունը գլխավորած ժանամակ: Սակայն, ըստ իս, նրա մոտ, ի տարբերություն Լեւոնի, վատը գերազանցում է լավին:

    Ահա իմ համեմատությունը:

  9. Քաղաքացի

    Սերժը հիմա վարչապետ է. ո՞ւմ ստորագրությունով են ընդունվում կառավարության որոշումները, որոնք բազմաթիվ ընտանիքների անտուն են դարձնում: Մի՞թե դա հնարավորություն չէ, որ նրա տրված է:

    Կասեմ ավելին, համոզված եմ, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո Սերժը և Քոչարյանը համատեղ են «կառավարել» Հայաստանը ու այն մտայնությունը թե Սերժը ինչ-որ բան կփոխի զուրկ է որևէ տրամաբանական նույնիսկ բանական հիմնավորումից: Նա դա կարող էր անել անցած 8 տարիների ընթացքում, նա դա կարող է անել հենց հիմա, բայց չի անում մի պարզ պատճառով. իսկ ինչո՞ւ անի որ: Միևնույն է` պահանջող չկա, իրակա՛ն պահանջող…

    Սակայն ես հավատում եմ, որ արդեն պահանջողների թիվը շատանում է, բայց ոչ թե իրենից, այլ իր հեռացումը պահանջող…

  10. Bloger

    Կարծում եմ, Քաղաքացու մոտ էմոցիաները սկսել են հաղթել սաոը բանավիճելուն… smile Ասենք, թե մեկ ուրիշը չի ընդունում Լեւոնին ու իր ապագա նախագահին համարում է Սերժին, դա չի նշանակում, որ Ձեր այլախոհը զուրկ է “տրամաբանական բանական հիմնավորում” կատարելու զգացումից: Համ էլ ինչո՞ւ եք ֆիքսվել այս երկու թեկնածուների վրա, չէ՞ որ այլ հավակնորեներ էլ կան՝ դաշնակներից մեկնումեկը, Մամիկոնիչը, Կարապետիչը… Իսոյին էլ ասեմ, չնեղանա ինձնից:

  11. Քաղաքացի

    Հարգելի Բլոգեր եթե ուշադիր լինեք ես գրել էի

    Կասեմ ավելին, համոզված եմ, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո Սերժը և Քոչարյանը համատեղ են «կառավարել» Հայաստանը ու այն մտայնությունը թե Սերժը ինչ-որ բան կփոխի զուրկ է որևէ տրամաբանական նույնիսկ բանական հիմնավորումից:

    ...և իմ գրառման մեջ ոչ մի զգացմունքային տարր չկա…

    Կրկնում Սերժը եթե ինչ-որ բան փոխող էր թող էս 10 տարվա մեջ փոխեր: Փոխել է?

    Այո շատ բաներ է փոխել իր անձնական կյանքում...ավաղ միայն դա է…

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org