ՀՀԿ համամասնական ցուցակի խոսուն 17-19-րդ տեղերը Բաքվի «Եվրատեսիլի»-ի ոդիսականը
Մայ 08

Ազիան'-ի ավատարը

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #80, 2012-05-03

Երկու օր անընդմեջՙ ապրիլի 27-ին եւ 28-ին, Նիդերլանդների խոշոր քաղաքներումՙ Դեն-Բոսում եւ Ամստերդամում, օգնություն հայ երեխաներին նիդերլանդական Dear Angel կազմակերպությունը նախաձեռնել էր բարեգործական համերգ-երեկոՙ իրենց մոտ հրավիրելով երիտասարդ ու խոստումնալից արտիստներ Հայաստանից:

Dear Angel կազմակերպությունը, որի 4-ամյակը լրացավ ընդամենը մեկ ամիս առաջ, աշխատանքային իր գործունեությունը ծավալում է բացառապես սեփական նախաձեռնության ու միջոցների հաշվին, նաեւ իրագործում իր նախագծերըՙ համագործակցելով Հայաստանի եւ Հոլանդիայի համանման կառույցների հետ: Այս անգամ Dear Angel-ը, լայնամասշտաբ կերպով կազմակերպելով այս միջոցառումները, տարբեր նպատակներ էր հետապնդել: Դրանցից առաջինը օգնելն էր արվեստում ինքնահաստատման քայլեր անող երիտասարդ արտիստներին, ակնկալվող Հասույթն էլ ուղղելով հայ անապահով երեխաներին: 

Մյուս քայլը հայ համայնքի միասնությանն ուղղված ջանքերն են, միմյանց հետ հաճախակի հանդիպումներն ու սատարելը, հաղորդակից լինելը միմյանց հոգսերին ու կարիքներին: Բոլորին է հայտնի, որ ճանաչված մարդկանց նախաձեռնությունը շատ ավելի հեշտ ու լավ է ընդունվում հանրության կողմից, քան նրանցը, ովքեր արվեստում նոր, նոր են սկսում քայլեր անել: Բայց փաստը մնում է փաստ, որ արդյունքի հասնելու համար այնուամենայնիվ պետք է արվի առաջին քայլը:

Այսօր Dear Angel-ը թե՛ ինքն է անում այդ քայլը եւ թե՛ օգնում է այն անել մյուսներին: Դատելով երկօրյա միջոցառումերից, արդեն վստահաբար կարելի է ասել, որ Dear Angel-ի կողմից Նիդերլանդներ հրավիրված երիտասարդ խոստումնալից դերասան Զավեն Գեւորգյանը («Բանակում» կինոսերիալիցՙ Գարիկ) հումորային ժանրի արտիստ, ռեժիսոր Լեւոն Բեգլարյանը («Այո» շոու) եւ երգչուհի Գայանե Մուրադյանը գտնվում են ինքնահաստատման դժվարին, բայց եւ պատվաբեր ճանապարհին, նրանց ելույթները սիրվեցին եւ ընդունվեցին հայ եւ հոլանդացի հանդիսականների կողմիցՙ արժանանալով նրանց ջերմ վերաբերմունքին ու ծափողջյուններին: Ամենից կարեւորը նրանք հանդես եկան թարմ ասելիքով, համերգ-երեկոյի ծրագրերն էլ էապես տարբերվում էին միմյանցից:

Դեն-Բոսում Հայաստանի արտիստների հետ համագործակցում էր տեղի «Շիրակ»համույթըՙ դուդուկահար-կլարնետիստ Ռոստամ Հակոբջանյանի մասնակցությամբ, իսկ Ամստերդամումՙ սիրված դիջեյ Արման Աբրահամյանը (Արմանի): Համերգային եւ հումորային համարներին զուգահեռ հնչեցին ելույթներ, էկրանին ցուցադրվեցին կազմակերպության գործունեության եւ Հայաստանի մասին պատմող լուսանկարներ, ֆիլմեր: Կազմակերպության ղեկավար Փերի Կնյազյանը նվերներ հանձնեց ներկա բոլոր երեխաներին: Շատ քաջալերական է, որ հայ համայնքների ու կազմակերպությունների միջոցառումները միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Թեեւ դեսպանն, այդ օրը հարգելի պատճառով բացակայում էր միջոցառումից, այնուամենայնիվ Dear Angel-ի նոր սահմանված «Նիդերլանդների հայ համայնքային կյանքին ակտիվ մասնակցության եւ ցուցաբերած եռանդուն աջակցության երկամյա անվանական մրցանակ»-ը հասցեագրվեց հենց դեսպանին, ում ակտիվ աշխատանքը Նիդերլանդներում ակներեւ է: Այս լուրն արժանացավ ներկաների ծափողջուններին:

Dear Angel-ի կազմակերպած միջոցառումների իմֆորմացիոն հովանավորն էր «Շանթ» Հեռուստատաընկերությունը: Հայաստանից ժամանած երիտասարդ արտիստների 7-օրյա ուղեւորությունը հագեցված էր Dear Angel-ի կողմից կազմակերպած շրջագայություններով` Վիեննա, Փարիզ, Բրյուսել, Ամստերդամ քաղաքներ, կազմակերպությունը օժանդակեց նաեւ երիտասարդ երգչուհի Գայանե Մուրադյանի նոր երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքներին: Նրանք հայրենիք կվերադառնան թարմ լիցքերով ու տպավորություններով, շատ ընկերներ ու փորձ ձեռք բերած:

Dear Angel-ի մամուլի բաժին

Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:


Ներկա պահին ստացվել է 2 մեկնաբանություն

  1. Ազիան


    Պատահական չէ , որ ԱԶԳ-ի հոդվածը մեջբերված է այստեղ:Ինչ լավ է ,որ ամեն մարդ իր գործն է անում:Փաստորեն երիտասարդ արտիստներն ավելի թարմ ասելիքով են հանդես եկել, քան ավելի ճանաչված արտիստները:
    Երբ մի 2 տարի առաջ նույն երկրում հանդես են եկել ավելի փորձառու արտիստներ, մամուլում հնչել է քննադատական հոդված,որը նույնպես մեջբերվել էր մեր բլոգում:Որպեսզի ընթերցողին զերծ պահեմ փնտրտուքից համեցեք կարդացեք այս հոդվածը ևս: Ինչ լավ է , որ համատարած գորշության մեջ նշմարվում են լուսավոր կետեր ‘ գոնե արվեստների բնագավառում:

    Ապե, բան ա եղել՞

    ,,Հետք,, 13 մայիսի

    «Համարյա թե բան ա եղել, էլ բանը ոնց ա ըլնում, ըսենց ա ըլնում, որ բանը բանից անցնում պրծնում ա, դե համը հանել պետք չի էլի…»: Էսպես պատասխանեց արդեն այս նյութին վերնագիր դարձած ու թևավոր խոսքի ուժ ունեցող կատակախառն հարցիս, իմ ավտոմեխանիկ ընկերը, երբ նրան հարցմունքեցի` տեսնելով անգոհունակ, թթվածախառը դեմքով: Նրա դժգոհության արտահայտության որոշ վերծանություններ դեռ տեղ կգտնեն հոդվածում: Ուղղակի նրա մտահոգությունը ինձ էլ փոխանցվեց, քանի որ ես էլ եմ հաճախ մտածել, ինչ-որ անում են այստեղ մեր արտիստները, հեռու է իսկական արվեստի էթիկայից:

    Դեռ ոչ հեռավոր սովետական անցյալում, իսկական երազանք էր արտասահման, այն էլ կապիտալիստական երկիր մեկնելը: Մեկը մեկին երանի էր տալիս, ում հաջողվում էր ճեղքել երկաթյա վարագույրն ու անգամ ամենակարճ ժամանակով շրջագայության մեկնել:

    Ամենահաջողակները մշակութային խմբերն էին, ում հաջողվում էր դուրս գալ Հայաստանից ու իրենց արվեստը ներկայացնել արտասահմանում: Դա նրանց հաջողվում էր, պարի պետական համույթ վառ օրինակ է: Մարդիկ քրտնաջան պարապում, նոր մտահաղացումներով թարմացնում էին իրենց խոհանոցային արտադրանքը, երկրի պատվի հարցն էլ մի կողմից կար: Անխտիր բոլոր խմբերն ու անհատները նոր ասելիքով էին ներկայանում իրենց արտասահմանցի հանդիսատեսներին: Բեմի վարպետները վարձատրվում էին (խոսքը նյութականի մասին չէ: Բոլորին է հայտնի նրանց չնչին ամսավճարը), արժանանալով հանդիսատեսի բարյացկամ, հիացական վերաբերմունքին, ծափողջյուններին ու որ ամենակարևորն է «հրաժեշտ» կրկին տեսնվելու փափագով:

    Փոխվեցին ժամանակները, վարպետներին փոխարինելու եկավ նոր սերնդի աստղեր ու աստղուհիները: Արտասահման համերգների մեկնելն էլ դարձավ հալած յուղ: Ինչպես ավտոմեխանիկ ընկերս բանաստեղծորեն մտաբերեց. «Առաջ Մոհամեդն էր գնում սարի մոտ, հիմա սարն է մոտ եկել: է’հ, երբ պակասում է մեր աստղերի գրպանի փողը, դողում է նրանց տակի հողը ու վազում են արտասահման, այն վաստակելու, դեպի ի հայ համայնքն ընդառաջ…:

    Ընդհատելով ընկերոջս խոսքը` ավելացնեմ,որ բարձրակարգ արտիստների այստեղ սպասում են ու այն էլ ինչպես: Բայց ներկայանալ է պետք հավուր պատշաճի, պատասխանատվության զգացումով: Չէ՞ որ շուկայական հարաբերություններում պահանջարկն ու առաջարկը պետք է համահունչ լինեն, համապատասխանեն միմյանց, սա բացառություն չպիտի լինի շոու բիզնեսի համար: Իմ ավտոմեխանիկ ընկերը և էլի շատերը մեղմ ասած դժգոհ ու հիասթափված են: Ո՞րն է պատճառը, Ինչո՞ւ:

    -Ես ինձ խաբված, նաև փոքր-ինչ անարգված եմ զգում, և ոչ միայն ես,-ասում է նա: -Այս ասպարեզում համատարած խաբեություն է: Սա վերաբերվում է մեզ մոտ այցելող գրեթե բոլոր խմբերին: Տպավորություն է ստեղծվում, կարծես թե նրանք այստեղ են այցելում ոչ թե բարձրարժեք արվեստ մատուցելու, այլ դրամ կորզելու…:

    Կազմակերպչական հարցերն էլ մի կողմում են ստվերում մնացել, պրոդյուսերները գործարքի մեջ են մտնում գործից անտեղյակ տեղաբնակ ազգակիցների հետ,ավելի ճիշտ հակառակը,վերջիններս են համույթներին ու անհատներին իրենց շահույթից դրդված հրավիրում այստեղ` վարձելով էժան, անհարմարավետ ու անհրապույր դահլիճներ, իսկ պրոդյուսերները, հաշվի չառնելով իրենց իմիջը (եթե կա), համաձայնում են: Արման Հովհաննիսյանի համերգին գնված տոմսերի դիմաց մարդիկ կանգնած էին մնացել, շատերն, այդ թվում մի հոլանդացի ընտանիք, ետ տվեց գնված տոմսերն ու հուսալքված ետ վերադարձավ:

    -Սա դեռ լավագույն դեպքն էր, գոնե հետագայում իր երգերի լավ կատարմամբ Արմանը կոմպենսացրեց անհարմարությունները, վերջում էլ լուսանկարվեց իրեն երկրպագողների հետ: Հակառակ դեպքերն ավելի շատ են,-պատմում է ավտոմեխանիկ Մինասը: -Ավելի հաճախ գործ ենք ունենում ուղղակի հանպատրաստի կատարումների հետ, մատուցվում են արդեն հեռուստատեսությամբ բազմիցս ցուցադրված համարներ, շատ երգեր մատուցվում են ֆանագրամայով, ու դրան գումարած կազմակերպչական անհարմարությունները:
    Ցավալին նաև ստելն է: Ասեմ. Օրինակ, ակնհայտ է, զգում ես, որ երգը կատարվում է ոչ կենդանի ձայնով, հետո ձևացնում են, որ մաքուր են կատարել: Կոնկրետ չեմ ուզում նշել նրանց անունները:

    Վերջերս Հոլանդիա մեզ մոտ էր եկել «Յոթուկեսը»: Հեռուստատեսությամբ գովազդը տեսնելուց հետո երեխաներս շատ համոզեցին, պնդելով, որ սա նման չի լինի նախորդներին ու կրկնություն չի լինի: Անսացի նրանց ցանկությանը: Զոքանչս էլ մի կողմից ոգևորվեց, էլ մերժելու լիմիտ չմնաց, մտածեցի կգնանք լիաթոք կծիծաղենք ու երգիչների (ոչ բոլորի-ծ.հ.) երբևէ դիտած անմակարդակ, տաղտկալի ելույթները կմոռանանք: Պատվիրեցի 5 տոմս, յուրաքանչյուրը 45 եվրո արժողությամբ, լիցքավորեցի մեքենաս 520 կմ գնալու և ետ վերադառնալու համար, քանի որ ապրում ենք ծայրամասային պրովինցիայում: Ընդհանուր արժեքն առանց սննդի ծախսերի կազմեց 330 եւրո, որն համարժեք է մոտավորապես 500 դոլարին: Դե սա բարձր տրամադրություն ունենալու համար համապատասխան գումար է:

    Բայց կրկին հիասթափություն, դերասաններին, որոնց սիրում էինք, նոր բան ասել չհաջողվեց: Բեմ էին ելել առանց ասելիքի, հնի անհաջող կրկնությամբ: Սկզբում զոքանչիս` տիկին Ռոզային թվաց, թե սա Մենչի հերթական բլեֆն է, հետո էլ հույսեր փայփայեց, թե դեռատի թուռնուհիների հետ նրանց հետ գոնե կլուսանկարվի:
    Բայց նրա այս երազանքն էլ օճառի պղպջակների պես պայթեց, երբ բախվեց թիկնապահ «Սերոժներին»: Նրանց կարգադրված էր ոչ մեկին մոտ չթողնել: Ու այսպես, եղած տրամադրություններս էլ պոպոքի պես փչվեց: Գլխիկոր, ասես ֆուտբոլի Հայաստանի հավաքականն էր պարտվել, թողեցինք դահլիճը: Ճանապարհին, երեխաները լուռ էին, ես մտովի պրպտում էի Մենչի,Մկոյի, Դաժանիկի «կեսի» և մյուսների հեռուստատեսային հաղորդումների լավագույն դրվագները ու ինձ հարց տալիս` մի՞թե ասելու բան այստեղ նրանք չունեին, հապա ինչու՞ էին եկել` ցուցադրելու՞ իրենց ֆիզիկական ներկայությունը, այդ ժամանակ գոնե չմերժեին լուսանկարվելու բազմաթիվ խնդրանքները:

    Մտածում էի, որ սա երևի մեր վերջին ներկայությունն էր «կենդանի» համերգի: Հա, քիչ էր մնում մոռանայի, վերջում Եվա Ռիվասն էլ երգեց:

    Դժբախտաբար ասվածին ավելացնելու բան չկա, քանի որ սա համապատասխանում է համընդհանուր կարծիքներինին: Այնուամենայնիվ, լավատես պետք է լինել: Հոլանդիայում և Բելգիայում սպասված հյուրեր են նրանք, ովքեր նոր խոսք ու թարմ ասելիք կունենան, իրենց գործին կվերաբերվեն պրոֆեսիոնալի պատասխանատվությամբ: Իսկ մինչ այդ, բարի համբավը վերականգնել է պետք: Վերջում կարելի է խոստովանել,որ «բան ա եղել», բայց հուսով ենք` բանը բանից չի անցել:

  2. Jojoba

    Դե հիմա մերն էլ էդ է ... ինչ անենք՞…
    Վատ է, լավ է, էդ է ...

    Իմ համար կարող եմ ասել, որ Արմենիայով ցուցադրվող Երեւանցիներ հաղորդումը ընդհանրապես չեմ նայում - անտաղանդություն է ըստ իս: Ամիսը մեկ կարող եմ կանգնել Կ.Սերիալի վրա, այն էլ միայն ալիքները փոխելիս /սա գոնե տեղ-տեղ նայվում է, բայց կտրականապես արգելվում է երեխաներին կամ չձեւավորված կամ լաբիլի պսիխիկայով մարդկանց/.

    Մի քանի ռուսական հաղորդումներ կան հումորային բնագավառից, որոնք մեծ հաճույքով դիտում եմ /այդ թվում նաեւ ԿՎՆ-ը/.

    Բայց հարցը սրանում չէ, այլ ... նրանում, որ մեր մոտ ապաշնորհները, անտաղանդները եվ պատահապաշտները շուբիզնեսի եվ քաղաքանակության ասպարեզում /վերջին ժամանակներս գնալով համոզվում եմ, որ այս 2 բնագավառները համարյան նույն ոլորտից են, որպես վառ ապացույց է այն ռոտացիան, որն առկա է մեկից դեպի մյուս/ գնալով ավելի լավ են իրենց զգում, եվ ավելի են ամրապնդում իրենց դիրքերը…

    Ինչպես ասում է Պետրոսը՝ Աշոտյանը շռնդալից հաղթանակ տոնեց

    Պ.ս. Ամատունի ոնց ես՞ ... ի՞նչ կա

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org