Կապույտ ճնճղուկների արահետը Русское быдло встало
Դեկ 12

Հեքիաթ շարքից

Նա գիտեր Կապույտ ճնճղուկների արահետի տեղն այնպես, ինչպես մեզանից յուրաքանչյուրը: Ինչպես բոլորս` նա մտածում էր, որ մի օր կգնա այնտեղ, երբ բոլոր գործերն ավարտի:

Մարդը գտնվում էր ճանապարհի կեսին: Ու, թեպետ, ենթադրաբար, ոչ ոք չգիտեր, թե նա ոնց էր մտածում, սակայն հավանականությունների տեսության համաձայն` նա հենց այդպես էլ մտածում էր:

Նման մարդիկ, սովորաբար նիհար ու բարձրահասակ են լինում` դեմքի անհետաքրքիր դիմագծերով ու անհասկանալի արժեհամակարգով: Նման մարդկանց մտահայելուց, սովորաբար, որևէ հետաքրքիր կերպար կամ միտք չեմ կարողանում երկնել:

Նրան առաջին հայացքից բարետես չէիր անվանի: Ավելին: Առաջին հայացքից պարզ էր դառնում ճշմարտությունը, որ Մարդը չափազանց անհետաքրքիր ու ամենակարևորը` անհրապույր անձ է: Բայց դա միայն առաջին հայացքից:
Մարդը մտածում էր բոլորի ու ամենքի մասին: Աշխարհն առանց նրա կդադարեցներ իր պտույտը, և այդ պարզ ճշմարտությունը չափազանց լավ հայտնի էր Մարդուն: Ամեն առավոտ նա աշխարհին բարի լույս էր ասում` նրա զարգացման ընթացքում հսկայական ներդրում ունենալու գիտակցությամբ:

Մարդը չափազանց զբաղված էր: Նրա ձեռքին էին նայում իր ընտանիքի անդամները, ընկերներն ու բարեկամները, մի խումբ այլ մարդիկ, ու, ընդհանրապես, աշխարհը:

Նա մարդ էր, որ շատ բան էր տեսել ու շատ բան` լսել: Մարդու կյանքը չափազանց հստակ կազմակերպված էր ու ամեն բան, նույնիսկ մարդիկ` նրա կյանքում ունեին իրենց տեղն ու զբաղեցնում էին իր իսկ կողմից հատկացված դերը: Երբ այդ մարդկանցից մեկը փորձում էր անցնել իր համար նախագծված սահմանը, զբաղված Մարդը նրան դնում էր իր տեղը:

Զբաղված Մարդը դա հենց այնպես չէր անում: Նրա զբաղվածությունը համամարդկային միտում ուներ, ու, նա ապրում էր հանուն բոլորի բարօրության: Նա գոռոզ չէր բնավ, այլ պարզապես զբաղված:

Մարդն, ամենայն հավանականությամբ, գիտակցում էր զբաղվածության ունայնությունը, սակայն ամենօրյա գործերը նրա հոգին լցնում էին հսկա ուրախությամբ ու իրապես պատճառաբանում էին նրա գոյության իմաստը: Բացի այդ`ինքը կարևոր մարդ էր: Այդ մասին նրան ասել էին, երբ դեռ փոքր էր տակավին, ու ինքը դրան հավատացել էր: Այդ հավատն, իրականում, ուներ չափազանց հստակ հիմք. ինչքան ապրում էր` տեսնում էր ինզինքի կարևորության հաստատումն այլոց աչքերում:

Փաստորեն, զբաղված լինելուց զատ, այդ Մարդը նաև չափազանց կարևոր մարդ էր:

Կարևոր Մարդը կանոններ սահմանելու կողմնակից էր, թեպետ նրա թաք ու բիր մտքերից կարելի էր ենթադրել, որ հենց դրա դեմ է:  Իհարկե, նա դեմ էր կանոններին ու ենթագիտակցության մեջ ձգտում էր ապրել կանոններին դեմ:  Ճիշտ այնպես, ինչպես երազում էր գնալ Կապույտ ճնճղուկների արահետ:

Թե ինչի էր ձգտում նա կամ որ արահետում էին թևածում Մարդու մտքերը, կարելի էր եզրակացնել նրա կենսակերպից: Իսկ կենցաղում Մարդը համակ օրենք էր ու օրենքի աննկուն պաշտպանը:
Մարդը կարգապահ էր, մաքրակենցաղ, խոսում էր ցածրաձայն ու մեղմ երանգներով, փայլուն դիվանագետ էր, այսինքն տիրապետում էր մտքերը վարպետորեն թաքցնելու հմտություններին, անգնահատելի աշխատող էր, գիտեր մարդկանց հետ վերաբերվելու ձևերը, հավակնոտ էր ու բոլորի կողմից հարգված...Մի խոսքով, Մարդու կերպարը որպես հասարակության բաղկացուցիչ միավոր` կարող էր մարմնավորել նույն հասարակության զարգացման հնարավոր ապագաներից լավագույն տարբերակը:

Կարևոր ու զբաղված Մարդը, սակայն կուլիսներում ասում էր, որ, իրականում, իր հոգին ձգտում է դեպի Կապույտ ճնճղուկների արահետ: Ավելի՛ն: Մարդու աչքերում գրված էր, որ նա ապրում է հենց Կապույտ ճնճղուկների արահետում ու գիտի զբաղված-կարևոր լինելու կենցաղով ապրելու կենսակերպը Կապույտ ճնճղուկների արահետում կազմակերպելու գաղտնիքները:

Ես դրան չէի հավատում, որովհետև համայն մարդկությունը ծնված օրվանից օտարված էր Կապույտ ճնղուկների արահետից, թեպետ ժամանակ առ ժամանակ նրան հնարավորություն էր տրվում այցելել այնտեղ: Ամենայն հավանականությամբ այն բանի համար, որպեսզի մարդու գիտակցության մեջ պահպանվի Արահետի գոյության մասին հեքիաթը:

Զբաղված ու կարևոր Մարդը նայեց ուղիղ աչքերիս մեջ: Նա ինձ ասաց, որ պետք չի նորեն հեծանիվ հայտնագործել: Ինձնից առաջ ինքն այդ ամենն արել է բոլորից, համենայն դեպս, ինձնից էլ լավ:

Մարդը շարունակեց պատմել իր կյանքը, ասելով որ այնքան մանրակրկտորեն է պլանավորել ու կազմակերպել այն, որ ճանապարհի առաջին կեսը զբաղված ու կարևոր մարդ լինելու համարմամբ ճանապարհորդելու գիտակցության թելադրանքով իրեն մի այդքան էլ հատկացված ժամանակը բաժանել է էտապների ու հստակ գիտի ամեն շրջանի իր անելիքը:

Ես հիացած լսում էի Մարդուն` հասկանալով, որ իրենից կարևոր ու խելացի մարդ չկա արար աշխարհում: Այո՛, այո՛, այդ ընթացքում ես հասկացա, որ նա` զբաղված ու կարևոր լինելուց զատ, նաև անչափ խելացի է:

Զբաղված, կարևոր ու խելացի Մարդը մի անգամ, երբ իր ժամանակից մի պուճուր հատկացրել էր ինձ` բերանից հանկարծ պլստացրեց, որ իր համար գնել է գերեզմանատեղ ու գիտի անգամ, թե ովքեր են գալու իր թաղմանն ու որ խանութից են գնվելու դագաղի վրա դրվող ծաղիկները:

Մարդն անտարբեր ժպտաց: Ավելի ճիշտ, նրան թվաց, թե շատ ջերմ ժպտաց: Մարդու աչքերի մեջ գրված էր, որ իր ժպիտը թևածում է Կապույտ ճնճղուկների արահետում:

***

Երբ նա մեռավ, ես գնացի Մարդու թաղմանը, թեպետ հստակ գիտեի, որ իր կազմած ցուցակների մեջ ներառված չեմ: Ես ուզում էի տեսնել զբաղված, կարևոր ու խելացի Մարդուն` դագաղի մեջ պառկած: Ուզում էի հավաստիանալ, որ զբաղված, կարևոր ու խելացի մարդը նույնպես մեռնում է:

Նա հանգիստ դեմք ուներ: Աչքերը բաց էին: Դեմքի վրա դաջված ժպիտի ենթատեքստը ենթադրել էր տալիս, որ մահը Մարդուն պատահել էր ճիշտ այն ժամանակ, երբ նա հանկարծակի գիտակցել էր, որ բոլոր կարևոր գործերը երբեք էլ չեն վերջանում, իսկ նոր գործերն ավելի կարևոր են, քան նախկինները:

Ես ուզում էի լաց լինել, սակայն չկարողացա, որովհետև թաղմանը շատ մարդ կար:

Բոլոր այդ մարդիկ եկել էին թաղում, որովհետև այդպես էր Կարգը: Նրանցից ոչ ոք լաց չէր լինում: Տխուր աչքերն ընդամենը դիմակ էին, որի հետևում թաքնված անիմաստ, անվերջանալի ու տարաբնույթ հոգսերը վստահ քայլերով նրանց տանում էին դեպի գերեզման:

Հաջորդ օրը գնացի Մարդու գերեզմանի վրա լաց լինելու: Այդ ընթացքում ես բազմիցս մտահայել էի նրա աշխարհն ու պարզել, որ Մարդու` անհրապույր ու անհետաքրքիր անձի ընկալումը իմ մեկնաբանությունն էր, որի հետ ինքը ոչ մի կապ չուներ:

Ես պառկեցի նրա գերեզմանի կողքին ու անձայն արտասվեցի: Գերեզմանի վրա նստած Կապույտ մի ճնճղուկ կար:

Ես լացեցի նրա գերեզմանի վրա, իսկ Կապույտ ճնճղուկը ոստոստալով նստեց ուսիս:

-Ինչո՞ւ ես լաց լինում,- հարցրեց ինձ Կապույտ ճնղուկը:

-Որովհետև տխուր եմ,- պատասխանեցի ես:

-Մի տխրի՛ր: Ես քեզ կտանեմ այնտեղ, որտեղ ապրում եմ,- ասաց Կապույտ ճնճղուկն ու թռավ:


Ներկա պահին ստացվել է 0 մեկնաբանություն

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org