ՔԱՌՅԱԿՆԵՐ
Ես անիծում եմ իմ նախահորը,
Որ կերավ դրախտի անպետք խնձորը,
Ես այդ խնձորի համն էլ չեմ տեսել,
Բայց քիչ դժբախտ չեմ, քան այն ուտողը…
***
Վարդի մոտ բուսած փուշը ինքնագոհ
Կարծում է իրեն նրան համախոհ.
Մարդու հետ ապրող գոռոզ տմարդը
Կարծում է նույնն է իրենց արմատը…
***
Ես ուզում եմ սերը երգել,
Շա՜տ եմ ուզում կյանքը երգել…
Ուզում`թքել վատի վրա
Ու աշխարհի լավը երգել:
***
Ոտքերն կեղտոտ գահավորը
Ազգի գլխին փորձանք է,
Ձեռքն արյունած թագավորը
Ազգին տխուր դաջվածք է…
***
Շոգ է գլխումս, տոթ է ու տապ է,
Քամի փնտրելը խիստ հրատապ է,
Ոտքերս կապ է, կապ կա ձեռքերիս,
Փախած մի զով է հեռվից ձայն տալիս…
***
Իմ վերքին կույր աչքեր են պետք,
Որ ցույց տամ հանկարծ չլացի,
Իմ դարդին խուլ ականջ է պետք,
Որ պատմեմ` աչքը չթացի…
***
Գառը գայլին դարդը պատմեց,
Գայլը գառին խորհուրդ տվեց.
«Լաց ու կոծով չես նորոգի,
Արցունքներով չես ոռոգի:»…
***
Ճանճը սարդոստայնում սարդին ձայն է տալիս .
«Խնամի ջան բարև, մի տես ով է գալիս...»,
«Զբաղված եմ խնամի, էսօր մի արի,
Վաղը ինքս կգամ ու կտամ քեզ բարի...»
***
Շունը հաչի է տալիս, կատուն՝ մլավում,
Խոզը խռի է տալիս, հավը՝ կչկչում…
Ամեն մեկը լավ գիտի իր գործ ու անուն,
Մարդու տղեն չգիտի թե ի՞նչ է անում…
***
Եզը երդիկից պիտի դուրս ելներ,
Գողը տանից է, որ պետք է լիներ,
Բայց ոչ եզը կա ու ոչ էլ գողը,
Այսպես է դատում մեր «մտածողը»…
***
Աշխարհը մասնիկի մեջ է,
Մասնիկը աշխարհից էլ մեծ է…
Դե ասա հիմա տխմարին,
Որ Մարդը կյանքից էլ մեծ է…
***
Սխալմամբ եթե մի բուռ սև ցանես,
Հար սպիտակին սևատակ կանես.
Մի փոքր անգամ տմարդությունը
Կարող է ծածկել ողջ մարդկությունը…
***
Ամեն ցավ սրտիդ դու մոտիկ մի առ,
Ցավերը շատ են, իսկ սիրտդ մեկ հատ,
Ուրիշի ցավով դու քիչ տապակվիր,
Մի լեզու ունես, քո վերքը լիզիր…
***
Ճնճուղն օձին երբ տեսնում է
Կորցրած ձուն է հիշում.
Օձը միշտ էլ զարմանում է.
«Ետ եմ տվել ես քո ձուն...»
***
Առնետները ժողով արին,
Ժողովն պիտի «ջոջ» ընտրեր.
Ընտրվելու չափանիշը`
Երկար պոչ, երկար բեղեր…
***
«Խոպանչու» կնգան ասին.
«Մարդդ տվեց սիրածին»,
«Սիրածն ես եմ, այ կնանիք,
Թող կնիկը մտածի...»
***
Ուզո՞ւմ ես տեսնել մարդուս աշխարհը՝
Մտցրու նրան ոսկու կարասը,
Ուզո՞ւմ հասկանալ նրա երազը`
Վերցրու ձեռքից վերջին փալասը…
***
Քարի տակ պահվող ժանտ ու չար օձը
Կրկնում է իր թռչելու փորձը.
Մարդ-տգիտության գոռոզ համբակը
Վայելում է իր «փառքի պսակը»…
***
Գիտունն անգետի ճամփեն է հարթում,
Նրա համար է անդադար ճգնում,
Փշե պսակը իր գլխին առած
Դափնիներով է նրան զարդարում…
***
Պատմությունը խեղկատակ է,
Ժամանակը խայտառակ է,
Չարի ծամը հերարձակ է,
Մարդու տղեն սանձարցակ է…
***
Քո սև աչքերը ծոցս եմ պահել,
Ոչ մի օտար աչք նրանց չի տեսել,
Քո լույս երեսը սրտիս պահ տվել`
Ոչ մի օտարի այն ցուց չեմ տվել…
***
Ծամերը հյուսել է, երեսը զարթել է,
Իմ աչքի ճամփեն էլի զավթել է,
Ցնորքը մոտն է, անուրջը հետն է
Իմ կարոտ հոգին նորից թացել է…
***
Սարերի գլխին դեռ ձյուն կա
Քամին սառույց է փչում,
Գլխումս՝ վառվող կրակներ,
Բերանս հուր է փնչում…
***
Դժվար է լինել անպետք մի անբան,
Կամ լինել ոչինչ, լինել ոչ մի բան,
Կուզեի լինել գոնե մոմի լույս,
Մի քանի վարկյան ինչ որ մեկի հույս…
***
Դաժան է կյանքը, մարդը` առավել,
Ու չկա ոչինչ նրանից ավել,
Նույնիսկ չարք կոչված «անմեղ» սատանան
Վերը նշվածից մնում է զարման…
***
Խոնավ ուղեղս արդեն բորոտ է,
Վաղուց արևի, քամու կարոտ է,
Շուրջս մեծ ստի ահեղ որոտ է,
Եթերը նույնիսկ կարծես մրոտ է…
***
Մեղքը շատ հին է ու արմատացած,
Ամենուր նա է մեր դեմ ծառացած,
Դիմավորում մեզ, ճամփու է դնում
Ինքը մնում է է՛լ ջահելացած…
***
Ոչ մի մարդու էլ չպիտի հարգել
Եթե սրով է նա քո տուն մտել.
Ու ոչ մի օրենք չպիտի գործի,
Եթե այն ներսից քեզ պիտի կրծի…
***
«Բռունցքը» հպարտ է ման գալիս
Իր արժեքը բարձրացավ,
Էլ ի՞նչ էր պետք երազողին
«Գլխագին» էլ ունեցավ…
***
Դատավորը շատ լավ գիտի
Համ օրենքը, համ տառը,
Գիտի նաև՝ ի՞նչ է ուզում
Իր հագի մութ աստառը…
***
Ճիշտը թլոշ է, ճարտար չի խոսում,
Մ՛ի լսիր երբ որ ճկուն է լեզուն,
Ճիշտն ամբիոն չունի, մի՛ նայիր իզուր,
Նա հենց քո մեջ է, փնտրիր քո ներսում…
***
Ուրախ ու մեծ հարսանիքում
«Սուրբ» է այսօր մեր թամադեն.
Կարելի է… համաձայն եմ,
Բայց յոթ տարի՞ ու յոթ գիշե՞ր…
***
Գայլն է ջրել էն սարը,
Գայլն է տնկել անտառը,
Թողեք մտնի արոտը
Առնի գառան կարոտը…
***
Հաղթանակն է տոնում հիմա «հոյ ու զոռը»,
Արտասվում է մենակ թաքուն խեղճ անզորը,
Սուգը որպես սուգ չի տանում էս սգվորը,
Սպառնում նրան «վանքի կայազորը»…
***
Թե կյանքը քեզ չի հասցրել դեռ դրան
Դա շատ ուրախ, երևելի մի փաստ է,
Իսկ թե մի օր հանդիպեցրեց դեմ-դռան
Օրենք հիշելն այստեղ արդեն անիմաստ է…
***
Ստի մասին իմ կարծիքը
Չեմ թաքցրել ես երբեք,
Խելացի է, գեղեցիկ է…
Այն`ինչ մարդուն է հենց պետք…
***
Թոկից փախած գահակալը
Արձակեց իր դնչակալը,
Զգույշ կացեք. խելոք մարդիկ,
Դա չգիտի հեչ ձեր հալը…
***
Բռնաբարված է օդը,
Երկինքը կապն է կտրել,
Բերել է քամին բոթը
Մարդը շիվար է կտրել…
***
Ասում են թե վատատես եմ,
Չեմ նկատում մեր լավը,
Լրիվ զուրկ եմ բերնի համից
Չեմ հավանում փլավը…
***
Շատ մեծ հանցանք էր այդ խեղճը գործել,
Սովածությունից ձու էր գողացել,
Հետևելով հին, էն ճիշտ ասույթին
Դատեցին ինչպես ձի գողացողին…
***
Նայում են ինձ ու տեսնում են ուրիշի,
Ուրիշ պահանջ, ուրիշ է նրանց ուզածը…
Նայում եմ ինձ և չեմ տեսնում ուրիշին
Զարմանում եմ. «ի՞նչ է սրանց ուզածը»…
***
Ստի այս ահեղ հորձանուտի մեջ
Կեղտոտ է արդեն մեր խիղճն ու հոգին…
Եվ ճշմարտության ուրվականն անգամ
Դառնում է ոմանց սարսափ անմեկին…
***
Ախ այսպես էլ անիմաստ կյանք…
Ժամի համար մուծենք փրկանք,
Օրվա մեջ էլ միայն զրկանք,
Կանցնի տարին, մեկ էլ՝ չկանք…
***
Ոտքի տեղ գլուխ, գլխի տեղ ոտք է,
Ոնց դասավորենք, էլի անպետք է,
Տան տեղը գոմ է, գոմի տեղը տուն
Ներսում ապրողը՝ ասուն անասուն…
***
Ճառել է պետք՝ խոսք չունեմ,
Փայլել է պետք՝ բոց չունեմ,
Սիրտս լի է արցունքով,
Դրանք թափելու տեղ չունեմ…
***
Ցավը լալիս է, ցավը ճչում է,
Խեղճը շարունակ անվերջ տնքում է,
Արցունք չմնաց անհատակ ծովում,
Բայց ցավը էլի, էլի ձգվում է…
***
Ո՞ւր է թռչում ժամանակը,
Ո՞ւր է անվերջ շտապում…
Ինչպե՞ս անենք, որ նրա հետ
Լինենք միշտ նույն կանգառում…
***
Կյանքը երկու երես ունի,
Մեկը մյուսի հետ, ախ, հեչ չունի,
Մեկի լավը, մեկի բարին, ուրախը,
Էն մյուսին` գայլը մտավ փարախը…
Ներկա պահին ստացվել է 12 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները
Խոսքեր չկան… Լավն են: Բայց մի քանիսն ուղղակի արտակարգ են:
Այ, օրինակ՝ այս մեկը.
Կամ սա.
27-02-10 • 03:22 AMԱյս մեկն էլ է հզոր.
27-02-10 • 03:24 AMԷս էլ ա շատ լավը.
27-02-10 • 03:27 AMՇատ շնորհակալ եմ Մարատ ջան: Դու գիտես չէ՞, թե քո կարծիքը որքան կարևոր է ինձ համար: Ցանկություն ունեմ մոտ օրերս պոեմներից ինչ որ մեկը տեղադրեմ: Ի՞նչ կարծիքի ես…
27-02-10 • 03:36 AMՄեծ հաճույքով կընթերցեմ, հարգելի Ալիկ…
27-02-10 • 03:38 AMՏղաներ ներողություն եմ խնդրում, ոչ այսպես անսպասելի ընդհատում եմ ձեր մտերմիկ /ես կասեյի կասկածելի գողտրիկ/ պոեզիայի երեկոն, բայց ստիպված եմ…
Ալիկ. Խնդրում եմ պոեմներն դնելիս հաշվի առ, որ «Body» բաժնում միայն դրվում է հակիրճ /մի քանի տողից կազմված / մասը, իսկ այ քո բոլոր չհրապարակված ստեղծագործությունները տեղադրի «Extended Text» /կարծեմ այդպես է կոչվում/ հատվածում.
27-02-10 • 06:17 AMՇնորհակալություն Ժոժոբա , հուշումդ՝, ի դպ, տեղին էր, որովհետև առայժմ դեռ շատ դժվար եմ օգտվում այս կայքից: Ճիշտը որ ասեմ, ամեն ինչ երկու անգամ եմ անում, բայց ոչինչ շուտով կսովորեմ
27-02-10 • 06:34 AMԻնձ էլ դուր եկան Ալիկի քառյակները… Ըստ իս, սահմանափակված լինելով չորս տողերում, հեղինակը ստիպված է լինում առավելագույնս հակիրճ լինել, եւ դիմում է այնպիսի ստեղծագործական միջոցների, որ հանկարծ հինգերորդ տողի կարիքը չզգացվի… Ու, ըստ իս, ահագին ստացվում է բավարարվել եղած չորս տողերով…
27-02-10 • 09:13 AMԴե կայքից օգտվելը դա մի շնչով բանաստեղծություն գրել չէ. Այստեղ մտքի ճկունություն է պետք.
27-02-10 • 17:08 PMԱյ սա էր լավը.
Ուղակի բան ես բաց թողել՝ կրակված մազերը…
Այ սա էլ՝
Գագաթնակետն էր՝
Ապրես Ալիկ ջան, իրոք հավանեցի…
28-02-10 • 00:52 AMԸնկերներ ջան, հուզվելու չափ ազդվեցի: Ճիշտ եմ ասում, շատ շնորհակալ եմ:
28-02-10 • 01:46 AMԶեզ նայեցի՝ լցվեցին աչքերս ...
Մտքիս ասեցի - ուր կորավ սերս ...
Այստեղից արժե փախչել,
28-02-10 • 05:35 AMՔանի ես էլ չեմ կապտել: