Նոր Զելանդիայի ռադիոյի լրատվական կայքից (New Zeland Radio News) տեղեկանում ենք, որ Հայաստանից Նոր Զելանդիա «Յան» բնական հյութեր ներկրող ընկերությունը համաձայնվել է խանութներից հետ կանչել առաքված ապրանքը քանի, որ որոշ դեպքերում սույն հյութերում մրգային հիմքը բացակայում է, իսկ առկայության դեպքում էլ չափազանց փոքր է:
Նոր Զելանդիայի Առևտրային հանձնաժողովի կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ իրենց կողմից «Յան» բնական հյութերի նկատմամբ պատվիրվել է անկախ հետազոտություն: Նշենք, որ «Յան» բնական հյութերը Նոր Զելանդիա են ներկրվում «Super Juice» անվան տակ: Ընկերությունը Նոր զելանդիայի ավելի քան 30 խանութներում վաճառում է 100%-ով սև հաղարջից, դեղձից և նռից բաղկացած հյութեր:
Առևտրային հանձնաժողովի կողմից պատվիրված անկախ հետազոտությունը ցույց է տվել, որ սև հաղարջի և դեղձի հյութերում մրգային հիմքը իսպառ բացակայում է, իսկ նռան հյութի մեջ այն 100%-ից ցածր է:
Փորձաքննությունը նաև կասկածի տակ է առել վիտամին C-ի առկայությունը սույն հյութերում, քանի որ հյութերում եղած վիտամին C-ի քանակությունը դժվար համեմատելի է բնական վիճակում սև հաղարջի, դեղձի և նռան մեջ եղած վիտամին C-ի քանակների հետ:
Հետազոտությունից հետո առևտրային հանձնաժողովը եկել է այն հետևության, որ «Յան» հյութերը խախտում են ազնիվ առևտրի կանոնները և ներկրող ընկերորւթյան նկատմամբ կարող են կիրառվել քաղաքացիական կամ անգամ քրեական պատժամիջոցներ:
Վերջում լրատվականը նշում է, որ սույն հյութերը դեռևս վաճառվում են ընկերության կայքի միջոցով ( http://www.superjuice.co.nz ) սակայն միևնույն ժամանակ ընկերության հեռախոսները անջատված են:
Ներկա պահին ստացվել է 0 մեկնաբանություն
Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ
Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները