Պեկին-2008-ն ու հայ մարզիկները Թուրքիա-Հայաստան 10:0
Օգ 20

Այսօր (արդեն երեկ) Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը հաղթեց Թուրքիայի իրենց հասակակիցներին 2 : 1 հաշվով:
Որեւէ մեկդ սպասու՞մ էիք…
Ինքս եղել եմ մարզադաշտում: Հաճելիորեն զարմացած ու ոգեւորված եմ մեր տղաների մտածված կոմբինացիաներից, լավ խաղից եւ գեղեցիկ գոլերից:

Հայ ֆուտբոլիստները խաղն սկսեցին փոքր-ինչ պասիվ. խաղում էին երկրորդ համարով: Բայց արդեն առաջին խաղակեսի միջնամասում խաղը լիովին հավասարեցրեցին, ապա եւ սկսեցին մեկը մեկից վտանգավոր պահեր ստեղծել թուրքերի դարպասի մոտ: Պետք է նշել, որ թուրքերն առաջին խաղակեսում վտանգավոր որեւէ գործողություն մեր տուգանային հրապարակի մատույցներում չձեռնարկեցին: Մերոնք ունեին երկու-երեք մաքուր գոլային պահեր, որոնք չօգտագործեցին. կամ հարվածն էր շեղ կամ էլ թուրք դարպասապահն էր փրկում իր թիմին:

Երկրորդ խաղակեսն էլ նույն պատկերն ուներ: Սակայն մեր պաշտպանների ցավալի սխալից հետո թուրք կիսապաշտպանը խաղի 66-րդ րոպեին գոլ խփեց: Բաց թողած գոլից հետո մեր տղաները մի քիչ ընկճվեցին, խաղը մի փոքր խամրեց: Թուրքերն էլ սկսեցին “թրքություն"(սադրանք չէ, հիշաչարություն չէ, ատելություն չէ բառիս հիմքում ընկած) անելը: Մանր, կեղտոտ ստոր, ոչ սպորտային քայլեր էին անում, որոնցով փորձում էին հայերին հունից հանել:
Ի ուրախություն մեզ, հայ ֆուտբոլիստները “հավաքվեցին” եւ խաղի վերջին րոպեներին կերպարանփոխվեցին եւ սկսեցին բզկտել թուրքերի պաշտպանությունը: 89-րդ րոպեին Կարեն Մկրտչյանը տուգանայինի խաղարկումից հետո, գտնվելով դարպասային հրապարակում, խփեց առաջին գոլը: Այնուհետեւ` այդ ոգեւորության ալիքի ազդեցության տակ, մեր ֆուտբոլիսները պարզապես քարը քարին չթողնելով թուրքերի պաշտպանությունից, կազմակերպեցին անչափ գեղեցիկ կոմբինացիա, որի արդյունքում Հենրիկ Մխիթարյանը` վաղամեռիկ Համլետ Մխիթարյանի որդին, երկրորդ անգամ գրավեց թուրքերի դարպասը: Աննկարագրելի է, թե ինչ էր կատարվում մարզադաշտի տրիբունայում:

Ասեմ, որ չնայած, հանդիպել էին երիտասարդական հավաքականները, սակայն արեւելյան եւ հարավային տրիբունաները լեփ-լեցուն էին ֆուտբոլասերներով:

Հաղթանակ մաղթենք նաեւ մեր ազգային հավաքականին:smile


Ներկա պահին ստացվել է 5 մեկնաբանություն

  1. ALIS

    Ես էլ եմ շնորհավորում մեր Հայաստանի երիտասարդական հավաքականին փայլուն խաղի առթիվ, իսկապես շատ լավ արդյունք էր: Մեկնաբանը (խոսքս հեռուստատեսային մեկնաբանի մասին է) չգիտեմ թե ով էր , բայց ինչպես միշտ շատ խեղճ ու կրակ էր խաղը վարում, դե երբ հայերը չեն խաղում, դա մի կերպ հասկանալի է, բայց երբ լավ են խաղում, կարծում եմ դրանից մեկնաբանն էլ պետք է ոգևորվի:

  2. Ազիան

    Բռավո, լավն էր:

  3. Jojoba

    Նույնիսկ չգիտեմ ինչպես մեկնաբանեմ այս խաղը, կամ ավելի ճիշտ՝ Հայաստանում ֆուտբոլի նկատմամբ պետական վերաբերմունքը:

    Խաղից հետո Նվերը կանչել էր Զանազանյանին եւ հարցեր էր տալիս խաղի վերաբերյալ: Ամենահետաքրքիր հարցն էր՝ «Ինչպե՞ս եք համարում այս հաղթանակը՝ օրինաչա՞փ, թե՞ պատահականություն»:

    Լավ չեմ հիշում, թե ինչպես նա պատասխանեց, բայց ամեն դեպքում պատասխանը ընդհանրապես չէր վերաբերվում հարցին. խոսեց ժողովրդական խանդավառության մասին, թե ինչպիսին էր «Արարատը» ժամանակին, բայց ոչ մի խոսք բուն հարցի վերաբերյալ:

    Հիմա կասեք, էլի «Թայիթի, Թայիթի» եմ կանչում, բայց պետական աջակցությունը պետք էր տեսնել Սահակաշվիլու փթած-նեխած Վրաստանում. Ամեն մի փախած գյուղ ուներ իր ֆուտբոլի դաշտը: Ֆուտբոլի դաշտ ասելով նկատի չունեմ ինչ-որ հարթ տարածություն, որի 2 եզրերին դրված են քարերով սարքված դարպասներ: Իհարկե՝ ոչ:

    Մանր կտրված խոտի ծածկույթով, բոլոր կողմերից ցանկապատված, գեղեցիկ եւ համապատասխան չափի դարպասներ… եւ այս ամենը ոչ միայն մեծ քաղաքներում, այլ ամենահեռավոր գյուղերում:

    Հետդարձի իմ ճանապարհը անցնում էր սարերով, ճանապարհը այնքան անանցանելի էր, որ տեղացիների պնդմամբ անձրեւից հետո միայն Գազ-66 զինվորական ամենագնացը կարող էր անցնել նման ճանապարհով. Ձյան գալուստից հետո նրանք դառնում են անանցանելի բառի բուն իմաստով. Ես կիսածիծաղ-կիսակատակ հարցրեցի, այս դեպքում ինչպես եք կապվում երկիր մոլորակի հետ. հետեվեց պատասխան - իսկ մեր ինչին է պետք - ամեն ինչ տեղում ունենք՝ լավաշը /մեր մոտ այն կոչվում է պուրի/ թխում ենք ամառը բերված ցորենից եւ… մնացածը նույնպես ունենք:

    Պատասխանից կարելի էր եզրակացնել, որ ՄՆԱՑԱԾ ասելով զրուցակիցս շատ բան նկատի չուներ, քանի որ անասնապահությունը ի տարբերություն Ախալքալակի կամ Ախալցխայի այստեղ զարգացած չէր, գյուղատնտեսությունը, իմ կարծիքով՝ նույնպես: Օրինակ, գինին իրենց մոտ բերում են այլ շրջաններից, հավանաբար, միայն կարտոֆիլ եւ բանջարաբոստանային այլ տնտեսություն…

    ԵՎ ԱՅՍ ԱՄԵՆԻՑ ՀԵՏՈ, պետք էր տեսնել այս գյուղի (կամ մնացած 3-4 գյուղերի, որոնք տեղակայված էին մոտակա սարերում) ֆուտբոլի դաշտը .. Հավատացեք Վ. Սարգսյանի մարզադաշտին միայն զիջում էր չափսերով… խոտի ծածկույթը նույնիսկ ավելի լավն էր. Խախաղողների մեծամասնությունը վազում էին ոտաբոբիկ ... հատուկենտն էին՝ բուտսիներով.

    Եվ այս ամենը մի պայմաններում, որ գյուղը ինքն գտնվում էր սարի լանջին: Թե ինչպես էին այդ ֆուտբոլի դաշտերի տարածքը հարթեցվել, միայն աստված գիտի… հավանաբար ամբողջ գյուղով քցվել-արել էին պետական փողերով (ամեն դեպքում գյուղերից մեկում ինձ այդպես ասեցին):

    Դե հիմա պատկերացրեք, ինպիսին կարող են լինել այս դաշտերը քիչ թե շատ նորմալ գյուղաքաղաքներում կամ շրջկենտրոններում: Ասել, որ ես նախանձով էի նայում ... կնաշակի ոչինչ չասել:

    Համարյա ամեն մի բակ քաղաքներում ունեին իրենց գեղեցիկ ձեւավորված եվ խնամված ֆուտբոլի դաշտերը: Արդեն սովորական էր դարձել ծովի ափին, ինչ-որ մի անկապ տեղ (բնակելի գյուղերից կամ քաղաքներից ամենաքիչը 10-15 կմ հեռավորության վրա) տեսնել 10-15 տարեկան երեխաների, որոնք իրենց թիմով եկել էին պարապմունքի: Քիչ հեռվում կանգնած է իրենց տեղափոխող միկրոավտոբուսը, իսկ երեխաները իրենց մարզիչի ղեկավարության տակ անց են կացնում պարապմունք ուղղակի ծովի ափին:

    Սա միայն մի փոքր մասն է, որը ես կարողացա հանձնել թղթին (կամ ինտերնետին), դե հիմա պատկերացրենք մենք ինչքան հետ ենք ֆուտբոլի նկատմամբ մեր վերաբերմունքով: Չնայած, ինչու եմ զարմանում, եթե IT տեխնոլոգիաները մեր երկրում հանդիսանում են պետական հովանավորչության կենտրոնում, եւ այս վիճակում են, էլ ի՞նչ ենք մենք պահանջում ֆուտբոլի համար:

    -
    Սրանից հետո, իզուր ձեզ մի խաբեք, որ սեպտեմբերի 6-ին էլ հրաշք կարող է լինել:

  4. Ազիան

    Մեկ-մեկ հրաշքներ լինում են: Լավագույն հրաշքը ոչ-ոքի անելն է:

  5. Philosopher

    Ժոժոբա, ինչ դու ներկայացրիր, դա միայն վերաբերվում էր նյութականին: Որը, բնականաբար, մենք չունենք:

    Մեզ մոտ նույնիսկ բացակայում է հոգեւոր անդորրը: Այո, հենց հոգեւորը:

    Ասում ես՝ Զանազանյանին էր կանչել Նվերը: Անկեղծ ասած Մարտի 1-ից հետո դրա եւ մյուսների տափակ եւ քծնողական հաղորդումները անձամբ ես չեմ դիտում: Բայց կանչել էր Զանազանյան կոչվածին եւ հարցեր էր տալիս ֆուտբոլից: Միգուցե, ժամանակին Զանազանյանը եղել է ֆուտբոլիստ: Բայց էդ մարդը, փոխանակ զբաղվի ֆուտբոլով, ընկել է Ս.Սարգսյանի ստեղծած «Հանրային խորհրդում»: Էլ ո՞նց լսեմ ես այդ մարդուն, որը սեփական շահը գերադասում է ազգայինից: Ինչո՞ւ պետք է ինձ ուրախացնի նա եւ մյուս «մտավոՌականների» ազգային-սուտ հեքիաթները:

    Ինչ վերաբերվում է նրան, որ Հայաստանը հաղթեց երիտասարդներին, ապա դա դեռ ոչինչ չի նշանակում: Անկեղծ ասած, իրոք ուրախացա եւ զարմացա, որ հաղթել են: Բայց, հետո տեղեկացա, թե ինչ այլանդակ մթնոլորտ է տիրել դաշտում՝ ազգային օրհներգների հնչեցման ժամանակ:

    Թուրքերի օրհներգի հնչեցման ժամանակ տրիբունաները սուլել են, բղավել… մի խոսքով լիակատար լկտիություն: Ապա, խաղի վերջում թուրք մարզիչը չի սեղմել ՀՀ-ի մարզիչի ձեռքը: Բա, էդպես կարելի՞ է:

    Իսկ սեպտեմբերի 6-ին, եթե կռիվ-մռիվ չլինի, լավ կպրծնենք…

    Իսկ ինչ վերաբերվում է արդյունքնին, չեմ կարող ասել, բայց եթե Հայաստանը կարողանա ոչ-ոքի խաղալ, դա կլինի հայերի համար հաղթանակ: Ուշադիր. «շնից մազ պոկելն էլ քյար է» սկզբունքի եւս մեկ գործածություն: Կարելի է ասել, որ այդ ասույթը դարձել է Հայ ժողովրդի ապագայի կարգախոսը.....

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org